18 02 2021

«Կարճ ասած»․ Նիկոլը կստորագրի կապիտուլյացիայի երրորդ ակտը



 

Կապիտուլյացիայից հետո արդեն երկու անգամ հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը․ վերջին հանդիպումը նախորդ ուրբաթ էր։ Հանդիպումների թեման Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի բացումն է, տնտեսական հարաբերությունների հաստատումը։

Վերջին շրջանում մի քանի պրովակացիոն տրյուկներ է անում իշխանությունը՝ արդարացնելու համար իր կապիտուլյացիան։ Մեկն այն է, թե տարածքները, որ տվել ենք Ադրբեջանին, իրենցն էին, այդ մենք ենք հանցագործություն արել, էնտեղ հայրենիք ենք սարքել, այգի հիմնել, ապրում ենք, մի հատ էլ տուրիստ հրավիրում։ Սրանց ասածով՝ ո՛չ Շուռնուխն էր մերը, ո՛չ Շուշին, ո՛չ Հադրութը․․․ Սա չանցավ, նման միտք հնչեցնող մի քանի հոգին էլ դավաճանի պիտակ դաջեցին իրենց ճակատին։

Մյուս թեզը, որ ակտիվորեն շրջանառում են սրանք, շատ ավելի վտանգավոր է։ Ժողովրդի զգոնությունն ուզում են բթացնել, թե՝ սահմանները կբացվեն, Ադրբեջանի հետ առևտուր կանեք, տնտեսությունը կվերականգնվի, լավ կապրեք։ Մարդկանց հասցրել են ծայրահեղ աղքատության ու հիմա հույսը թշնամու վրա դնելով՝ գլուխը պահելու խոսակցություն են տանում։ Սրանք ուզում են բթացնել ձեր զգոնությունը, թե՝ մենք հեսա սահմանները կբացենք, ու կգնաք Ադրբեջան, միայն թե պետք ա, որ ընդդիմությունը միտինգ չանի, ռևանշիստները չասեն, թե՝ հետ կբերենք մեր հողերը։

Միայն ապուշը չի ուզենա հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ունենալ։ Բայց ի՞նչ երկրների մասին ենք խոսում և ի՞նչ գնով։ Մենք սահմաններն ուզում ենք բացել երկրների հետ, որոնք ոչ միայն ցեղասպանություն են արել, այլև ընդամենը վերջերս մորթում էին մեր հայրենակիցներին, գլուխներ կտրում, ֆոսֆորային արկեր թափում ու բայրաքթարերով պայթեցնում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ամեն օր ահազանգում է Ադրբեջանում հայատյացության մասին, որոնք ամեն օր ատելություն են քարոզում, հայերին սպանելու ու վերացնելու կոչեր։

Այդ ո՞ր երկրի հետ եք ուզում հարաբերություներ հաստատել, որը պատերազմից հետո հայտարարում է, թե Երևանն էլ է իրենը, Սևանն էլ, Զանգեզուրն է՞լ։ Հայաստանի մայրուղու մեջտեղում դրել են ցուցանակ՝ «բարի գալուստ Ադրբեջան» գրառումով, ու իրենց քարտեզներում Հայաստանից հսկայական տարածք Ադրբեջանի կազմում է ներկայացվում: Թշնամին քո երկրի մեջ քեզ ծաղրում է, ու դու որպես երկրի ղեկավար մեխի գլուխ ես։ Ալիևը մտնում է օկուպացրած «Հայկազյան» գյուղ, հանում է հայկական ցուցանակը, գցում ոտքի տակ։ Հիմա էդ հայատյացության, ատելության ֆոնին մենք կարող ենք բարեկամաբար ապրե՞լ։ Չէ, ես հո չեմ ասում Նիկոլն ու իր քայլածների խմբակը չի կարող, Նիկոլին ձեռքների վրա էլ կտանեն ադրբեջանցիները, արձան էլ կդնեն, բայց խոսքը իր մասին չի, չէ՞։

Դու ուզում ես ասել, որ տնտեսական հարաբերություն կհաստատես մի երկրի հետ, ու մեր քաղաքացիները երկաթուղով կզբոսնեն մի երկրում, որտեղ գերի՞ ունես։ Ո՞ր մի հայն է գնալու Բաքու, ո՞ր մեկն է իրեն ապահով զգալու, էս ի՞նչ հիմարություններ եք դուրս տալիս։ Փոխվարչապետդ, որ գնում է նրանց փոխվարչապետի հետ հանդիպման, ես անհանգստանում եմ արդեն, որ հեսա դրան էլ են գերի վերցնելու։ Նիկոլը գերիների հարազատներին է հիմարացնում, աղքատ մարդկանց է կտեր տալիս։ Լավ ա էլի, մինչև հասկանաք, որ կուտ էր, արդեն կերած կլինեք։

Նիկոլը ուղիղ եթերում ասում էր, թե կապիտուլյացիոն համաձայնագրով օգտվում ենք, Էկոնոմիկայի նախարարը հույս է տալիս, թե բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռնվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար։ Նախ կասկածում ենք, որ կբացվեն, բայց դրանից ի՞նչ օգուտ կարող է լինել մեզ։ Մի՞թե էկոնոմիկայի նախարարը չի հասկանում, որ իրենց իշխանության պարագայում, երբ տնտեսական զարգացման որևէ ծրագիր չկա, ռազմավարություն չկա, տո սկի խեքը գլխին մարդ չկա մեջներդ, Թուրքիայի հետ սահմանների բացումը նշանակում է, որ մեր շուկան պարզապես նվաճելու է մեր թշնամին, թուրքական կապիտալը Հայաստանում կմեծանա։ Կլանելու են մեզ։

Եթե սահմանները բացվեն, Հայաստանում թուրք-ադրբեջանական բիզնեսն է զարգանալու, մերոնք էլ գնալու են աշխատեն թուրքերի ձեռքի տակ, ու միակ փրկությունը լինելու է արտագաղթը։ Ով տոմսի ու մի ամիս կեցության փող ունենա, կարտագաղթի։ Հայաստանը ընկնելու է տնտեսական կախման մեջ։ Թշնամուց։ Գյուղատնտեսական երկիր Հայաստանը մեր երկրում անգամ չի կարողանալու մրցակցել թուրքական ու ադրբեջանական գյուղապրանքների դեմ։ Տակ են տալու մարդիկ։ Արդե՛ն տակ են տալիս, հենց թուրքական ինչ-որ ապրանք է գալիս մեր շուկա։

Վահան Քերոբյանը Բաքվի շուկայում առևտուր կանի ադրբեջանցիների հետ, որ նրանք էդ գումարով նոր բայրաքթար արտադրեն և հարձակվեն Հայաստանի վրա։

Սրանք՝ էս չեղած իշխանությունները, ասում են՝ ոչինչ, ժողովուրդ, հողը տվել ենք, բայց կբարեկամանանք, գերիների հարցը չլուծեցինք, բայց հեչ, զաթո՝ ճանապարհի հարցը լուծեցինք, ներուժը թուլացել է, ոչինչ, աշխատատեղ կբացեն թուրքերը։ Հեսա կսկսեն, տարածել թե ի՞նչ տարբերություն, ռուսների մոտ եք գնում աշխատելու, թե՞ թուրքերի։

Էս մարդը տեսնում է ճար չկա, արդեն իր ենթականերին եթերներ է գործուղում, որ Ադրբեջանի հետ շահավետ տնտեսական կապերի գովքն անեն։ Նիկոլի նախկին լրագրողը, որ Սերժի վախտ ներմուծված թուրքական լոլիկից պատմություն էր սարքում, հիմա ասում է՝ վատ բան տեսնում ե՞ք, որ առևտուր անենք։ Հա, տեսնում ենք ու ասացի, թե ինչ։ Ի դեպ, նպատակահարմարությունն էլ հասկանալի չէ, ոնց եք տնտեսապես օգտվելու Ադրբեջանով Ռուսաստան երկաթուղուց սկսած՝ ճանապարհի երկարությունից, տևողությունից, հնարավոր բարձր սակագնից մինչև անվտանգություն։

Ի՞նչ եք կարծում, որ մեր տնտեսությունը 2020-ին 7,5 տոկոս անկում ունեցավ, որ մեր երկիր ներդրում չի գալիս, տրանսֆերտները նվազագույն մակարդակի վրա են, պատճառը Ադրբեջանի հետ սահմանի փակ լինե՞լն է։ 2000-ականներին, որ ունեինք երկնիշ տնտեսական աճ, 2017 թվականին, որ ունեինք երկնիշ տնտեսական աճ, Ադրբեջանի հետ էլի հարաբերություն չկար։ Բա ո՞նց էր, որ անկախության տարիներին տնտեսական զարգացման ամենալավ շրջանում սահմանները փակ էին։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները հիմա շատ վատ են, սպասում էիք, որ սահմանները բացվեն, որ ոլոր-մոլոր ճանապարհով չերեզ Բաքու գնայիք Ռուսաստա՞ն։  

Ամբողջ հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ սրանք չեն ասում Ռուսաստանի փոխգործակցությունը խորացնենք, առևտուրը խորացնենք, օգտվենք ԵՏՄ շուկայից, ի վերջո, խելացի մարդկանց լսեն, խելքներին զոռ տան, ոչ թե ինչպես իշխանությունը պահեն, այլ երկրին լավ լինի, մի բան զարգանա, այլ քանդում են էդտեղի կապերն ու ասում՝ դեպի Թուրքիա, Ադրբեջան։ Հիմա, ինձ ասեք, ինչո՞վ դավաճանական պրոյեկտ չէ։

Արդեն երրորդ դեպքն է, որ ադրբեջանցիները Մառնելուլում ջարդուխուրդ են անում հայկական ավտոմեքենաները․ Ադրբեջանի հետ հարաբերություն հաստատող Հայաստանի ղեկավարները չեն կարողանում էդ հարցը լուծել, էդ ո՞վ պետք է մտնի Ադրբեջանի տարածք, ո՞ւմ անվտանգությունն է երաշխավորված լինելու։ Թշնամին օտար երկրում հարձակվում է քո քաղաքացիների վրա, չես կարողանում օգնել։ Եթե այսպես շարունակվի, վաղը անգամ Վրաստանով կհրաժարվեն բեռնափոխադրումներից։ Թե՞ դիտմամբ եք անում, որ միակ ճանապարհը մնա Ադրբեջանը։ Ասում եք՝ ժողովուրդ Բավրայով գնացեք, վտանգավոր է Բագրատաշենը։

Ու այս ամենը նրանից հետո, երբ երկուսուկես տարի սրանք հայ ադրբեջանական եղբայրություն էին քարզում, Աննա Հակոբյանն արդեն թնդանոթն ականջի օղ էր սարքում ու ի՞նչ եղավ, էդ խաղաղասերները չկոտորեցի՞ն, 5 հազար հոգին իրենց իրենց մահացա՞ն։ Մահացան, որ դրանց հետ վահանքերոբյանները գնան առևտուր անելո՞ւ։

Թշնամու հետ հարաբերություն են հաստատել ցանկանում, երբ ո՛չ մենք ենք պատրաստ, ո՛չ իրենք։ Արդեն ակնհայտ է, որ այստեղ կարևորը ոչ թե հայ-ադրբեջանական սահմանի բացումն է, այլ՝ Նախիջևանն Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապելը, որից օգտվում են Ադրբեջանը, Թուրքիան։ Իսկ մենք ստանում ենք այն, որ թշնամին հա՛մ մեր սահմաններն է վերցնում, համ մեր երկրով հանգիստ երթևեկում է։

Կարճ ասած՝ Սրանց օրոք, Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացումը Հայաստանի կապիտուլյացիայի երրորդ դրվագն է լինելու՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի պայմանագրերից հետո, եթե մինչ այդ ուրիշ պայմանագրեր չոստորագրեն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ