12 01 2021

«Կարճ ասած»․ Դատարկաձեռն, դատարկախոս և դատարկագլուխ



Մոսկովյան հանդիպումից տպավորություն ունեմ, թե ևս մեկ անգամ Նիկոլը կապիտուլյացիա ստորագրեց։ Ես էլի տեսա նրա խեղճությունը, մեղկ վիճակը։ Դա ընդգծվեց չորսժամանոց հանդիպումից հետո Ալիևի խրոխտ ու ժպիտով կեցվածքի ֆոնին։ Ալիևն ասաց, որ հանդիպումը իր երկրի համար օգտակար է եղել, Պուտինն էլ էր գոհ, Նիկոլն էլ ասաց, որ տապալվել է․ մեզ համար կարևոր երկու հարցերը՝ գերիների, անհետ կորածների հարցն ու Արցախի կարգավիճակի հարցը բաց են մնում․ բայց ասաց, թե կարևոր հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունն այն մասին է, որ Հայաստանը ճանապարհ կտա, որ Ադրբեջանը Նախիջևանին կապվի։ Նիկոլը հունվարի 8-ին, բանակցություններից երեք օր առաջ, ասում էր՝ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում, գնում է, որ դա քննարկի: Հիմա ասում է, որ դա չի եղել։

Կարդացե՞լ եք եռակողմ հայտարարությունը․ դե ասեք՝ կա՞ այդտեղ մի բառ գերիների անհապաղ վերադարձի մասին, անհետ կորածների մասին, փախստականներին տեղավորելու մասին, հայկական վերահսկողության տակ մնացած Արցախի կարգավիճակի մասին։ Երկու ամիս շարունակ՝ նոյեմբերի 11-ից սկսած, ծնողները ընդդիմությանը լռեցնում են, մեզ լռեցնում են, թե թողեք Նիկոլը զբաղվի մեր երեխեքի հարցով, որովհետև Նիկոլն էլ նրանց է ասում՝ ասեք թող ցույց չանեն, որ հանգիստ զբաղվեմ ձեր գերիներով ու անհետ կորածներով։ Այդ մարդիկ ցույց չեն անում․ խնդրեմ՝ արդյունքը։ Գերիների հարազատներ, էս արդյունքի մեջ ձեր մեղքն էլ կա, որ էդքան փափուկ եք ու հանդուրժող էդ դահիճի նկատմամբ։ Ձեր տղաները չեն վերադարձվում Նիկոլի պատճառով։ Էդքան բան։

Հարց․ հնարավոր չէ՞ թեկուզ պարտվող կողմ լինելով՝ քո երկրի համար օգտակար բանակցություն վարես։ Հնարավոր է, բայց, ախար, նախ բանակցողը պետք է ուզենա իր երկրի համար օգտակար բան անել։ Մոռացե՞լ ենք, որ Նիկոլը քննարկում էր Ադրբեջանի ժողովրդի համար ձեռնտու տարբերակ։ Դու անգամ չես էլ փորձել մի գերու հարց լուծել, չես էլ ասել՝ գոնե մի 10 հոգու վերադարձրեք ինձ, որ ես կարողանամ գոնե մի արդյունքով մտնեմ իմ երկիր, գոնե ինձ համար պահպանեմ վարչապետի աթոռը, ձեր ուզածն էլ ստորագրեմ։ Անգամ դա չես կարողացել։ Գնացել-նստել ես, մարդիկ ռուսերենով խոսել են, դու կեսն էլ չես հասկացել, ժամերն ես հաշվել, թե երբ է ավարտվելու, ինչ տվել են, գլուխդ կախ ստորագրել ես, անգամ երևի էդ պահին ես ծանոթացել հայտարարությանը։ Ասում է՝ ռազմագերիների հարցը չի լուծվել, կարգավիճակի հարցը չի լուծվել, բայց ստորագրված հայտարարությունը շատ կարևոր է։ Ինչի՞ համար է կարևոր, ո՞ւմ համար է կարևոր, Ալիևի՞։ Դու էնտեղ Ալիևի շահերի ներկայացուցիչն էի՞ր, ա՛յ տղա։ Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է Նիկոլը գնացել Մոսկվա։ Չհասկացա։ Ոնց կոպիտուլյացիոն թուղթն էիր ստորագրել, էնպես էլ սա, էն անգրագետ մեկի նման որ կարդալ չգիտի, բայց փաստաթղթեր է ստորագրում։

Երեկվանից խորհրդարանի ուսապարկերիդ մեջտեղ ես բրդում, նրանք էլ հրճվանքով ասում են, թե՝ երկաթուղով չերեզ Ադրբեջան՝ Ռուսաստան կգնանք, այս հայտարարությունը ձեռքբերում է։ Բա հիմա դրա ժամանակն է՞, մեզ դա՞ է հետաքրքրում։ Ուզում եք ասել, էն որ հայրենիք ենք կորցրել դա հեչ, էդքան զոհեր ունենք՝ հեչ, մարդիկ անտուն են մնացել, անգերեզման, գերիներ ու անհետկորածներ, էդ սաղ հեչ, զատո կարանք մի 5 տարուց Ադրբեջանով Ռուսաստան խոպան գնա՞նք։ Էս պահին մեր գերիներին Ադրբեջանում տանջում են։ Ադրբեջանից դեկտեմբերի 9-ին 3 գերի էին բերել ու մի սպանվածի։ Էդ ո՞նց էր մահացել, հը՞, գուցե տանջամա՞հ էին արել։ Ու այդ պայամաններում գնում ես հայտարարություն ես ստորագրում որ Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքը կատարվի՞։

Էն, որ դու Ադրբեջանով երկաթուղու ճանապարհ կունենաս դեպի Ռուսաստան, տարիների հարց է․ դու հիմա տնտեսապես զրո ես, երկնիշ անկում ունես, պարտքերով ու օգնություններով ես ապրում ու Աստված գիտի, թե երբ երկաթուղի կառուցելու փող կունենաս։ Էս մարդիկ քանդել են Հայաստանի տնտեսությունը, արտաքին տնտեսական կապերը վարի են տվել ու ինչ-որ անորոշ ապագայում թշնամու հետ առևտուր են անելո՞ւ։ Էն էլ ո՞ր երկրի հետ, մի երկրի, որտեղ ունեն 100-ից ավելի գերիներ, որը մեր եկեղեցիներն է պղծում ու քեզ ծաղրածու անվանում։ Մարդ տնից դուրս է գալիս խանութ գնա, գերի է ընկնում, դու գերի վերցնողի հետ էդ մարդու հարցը չլուծած, քննարկում ես տնտեսական զարգացման հեռանկարնե՞րը։ Մարդկանց հիմարացնում են ադրբեջանական երկաթուղով, նրանք էլ ասում են՝ կգնանք Ռուսաստան․ մթոմ հիմա չենք կարողանում գնալ։

Իմքայլականները հպարտանում են, որ Նիկոլը կարողացավ չորս ժամ բանակցել ու հող չտալ։ Դրա համար էլ ասում են, որ երեկվա հանդիպումը հաղթանակ էր Հայաստանի համար։ Ձեռքբերում էր։ Բա որ ձեռքբերում էր, ինչո՞ւ էր Ալիևը հրճվում, Նիկոլն էլ հազիվ զսպում իրեն, որ բեմի վրա չողբա։ Լուրջ եմ ասում, կարծես գժանոցում ապրենք։

Ժողովուրդ, նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից սկսած՝ ասում ենք, որ մեզ շտապ նոր բանակցող է պետք, ասում էիք՝ էդտեղ բանակցելու ի՞նչ կա, հենա պետք ա գնա, գերիներին վերցնի, գա, էլի։ Տեսա՞ք ինչե՜ր կան բանակցելու։ Քեզ պետք էր նորմալ բանակցող, տղամարդ էր պետք, լուրջ մարդ էր պետք, որը կարողանար երկու երկրի ղեկավարի հետ բանակցել, Ալիևին տեղը դներ։ Դա Պուտինը մեր փոխարեն չի անելու, մե՛րը պետք է լինի որ անի, ասի, տեղը դնի։ Եթե էդ մարդու համար առաջնային լիներ գերիների հարցը, կասեր՝ ստոպ, ոչ մի բան չեմ բանակցում, ստորագրում, քանի դեռ գերիներին չես վերադարձրել։ Պետք էր մարդ, որ էդ դուխը կունենա, ոչ թե կասեին՝ կգաս, սա կստորագրես․ հա ու չմոռանաս՝ կթրաշվես նոր կգաս, որ վիրուսներդ չտարածվեն։ Էս ի՞նչ խայտառակություն է։

Ինձ հետաքրքիր է, դու վաղը ի՞նչ ուղերձով ես դիմելու քեզ դեռևս հավատացող էդ մի քանի հոգուն, ասելու ես բանակցություններում պարտվեցի, բայց թալանածը կոպեկ-կոպեկ հետ եմ բերելո՞ւ, մարտի մեկ եմ բացահայտելո՞ւ։ Էլի կտեր ես տալո՞ւ։ Դու չես տեսնո՞ւմ, որ բանակցության գնալու բան չես, թե՞ գուցե էդ 5 միլիարդ ենթադրյալ կաշառքի պայմաններից մեկն էլ հենց դա է, որ քո պոստին մնաս այնքան, մինչև ինչ իրենց պետք է, թուրքերը պոկեն-տանեն։

Դու հա՛մ բանակցող չես, հա՛մ խորհուրդ չես ընդունում։ ԱԱԾ նախկին պետդ ասում է՝ չգիտեմ ինչու պատերազմը չկանգնեցրեց, թիմակիցներդ ասում են՝ չգիտենք, թե ինչու Մոսկվա մեկնելուց առաջ չխորհրդակցեց, ոչ ոք ոչինչ չգիտի։ Բայց նաև դու չգիտես, ասում են՝ սենց արա, անում ես, երևի էդ մեկը գիտես ինչի համար։

Կարճ ասած՝ Ժողովուրդ, էլի ասում եմ, հարյուրերորդ անգամ, էս տղեն հարց լուծող չէ։ Դուք համոզվեցիք ևս մեկ անգամ։ Վաղը էլի էն պայուսակը դնելու է թևի տակ, գնա-բանակցի, ու պարզվի, որ 10 գերի բերելու համար Հայաստանից 20 գյուղ ու քաղաք է տվել։ Դու էլ տեսնելով ելք չկա, ասելու ես՝ հա, ոչինչ, հո՞ղն ա կարևոր, թե՞ կյանքը։ Բայց կարող էիր ո՛չ հողը կորցնել, ո՛չ կյանքը։ Ձեր մեջ էդ մազոխիստական հակումները ե՞րբ առաջացավ, չգիտեմ։ Ժողովուրդ, անգամ այս վիճակում, կարելի էր նորմալ բանակցել, եթե ունենայինք նորմալ ղեկավար։ Չունենք, որովհետև դեռ չենք հասկացել դրա արժեքը։ Իսկ Նիկոլը էնպես է անում, որ իրենից հետո եկողը չկարողանա այլևս ոչինչ փոխել ու իրոք ոչ ոք ցանկություն չունենա իրենից հետո գալու։ Առանց այն էլ հիմա ստիպված են գալիս, որ գոնե մի բան փրկեն։ Եթե սա շարունակի մնալ, ուրեմն, հաստատ քեզ պետություն ու Հայրենիք չի հասնում․ տանդ բանալիները տար տուր թուրքին ու փախիր երկրից։ Մեկ ա՝ սա տալու է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ