11 12 2020

«Կարճ ասած»․ 5 միլիարդ դոլար. սա՞ է այն գինը, որը հայրենիքի ու մեր արժանապատվության դիմաց է վերցվել



Առավոտ կանուխ Երևանի մետրոյի կայարանները փակ էին, ակցիա էին անում մեր երկրի արժանապատիվ քաղաքացիները, երիտասարդները ու պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կային մարդիկ, որոնք ոգևորվել էին, բայց կային նաև դժգոհները․ գիտե՞ք ովքեր էին․ տեսանյութերում հանդիպեցի երեք հոգու, որոնք դժգոհ խոսում էին․ գործից էին ուշանում՝ գնամ-աշխատեմ-հաց առնեմ-ուտեմ։ Մյուսները թեև դժգոհություն չէին արտահայտում, ավելին կասեմ, խոսում էին համակրանքով ցույց անողների մասին, բայց մենակ խոսում էին, չկար մասնակցություն։ Դա ևս, այս պարագայում, մեղմ ասած տարակուսելի է։ Էդ ցույց անողները բոլորիս համար են անում՝ ինձ համար, որ ներկայացնում եմ իրենց աշխատանքը, ձեզ համար, որ նստած ինձ եք լսում, բոլորի համար, ում համար հայրենիք և արժանապատվություն, թասիբ ասածը բա՛ն է նշանակում։

Գիտե՞ք, մտածում եմ, եթե ցույցը չղեկավարեին գիտակից, կայացած․ լուրջ մարդիկ, այլ անեին պոպուլիսները, ստախոս սրիկաները, քանի՞ մարդ կմասնակցեր։ Եթե Վազգեն Մանուկյանը բեմ դուրս գա ու գոռա՝ գնդակահարելու եմ բյուջեից պարգևավճար տվողներին, կտոր-կտոր եմ անելու Արցախը 5 մլրդ դոլարով ծախողներին, ծնկի եմ բերելու Թուրքիային, Ամերիկային, բոլորը պետք է հաշվի նստեն այս հրապարակի հետ, ժողովուրդն է այսուհետ որոշելու, վարկերը չեղարկել, հարկերը զրոյացնել, հարուստներին ունեզրկել, բաժանել ժողովրդին և այլն, մարդիկ կես ժամում փողոցները կփակեն։ Չէ՞ որ 2018-ին այդպես խաբվեց միամիտ ժողովուրդը։ Բայց, այսօր, դա պե՞տք է, պե՞տք է նորից խաբվել, պե՞տք է նորից տուրք տալ սուտնիկոլությանը, նիկոլիզմին։ Այս երիտասարդները, մարդիկ, դուրս են եկել հենց դա մերժելու համար, որը բոլորիդ խաբեց ու հազարավոր քառակուսի կիլոմետրերով հանձնեց հայրենիքը՝ տալով հազարավոր զոհեր։

Մարդիկ տրամադրություն չունեն, երեսներին գույն չկա, չեն շփվում, ամեն մեկը իր ցավի մեջ պարփակվել է։ Բայց ժողովուրդ ջան, դուք հիմա հա՛մ ձեզ եք վնասում, հա՛մ բոլորիս, մենք շարունակում ենք ապրել այդ մթնոլորտի մեջ։ Երեկ Բաքվում զորահանդես էր, ո՞ր մեկդ լավ զգաց իրեն մեր հարյուրավոր խփված տեխնիկայի համարները տեսնելով, ո՞վ դուխավորվեց։ Էրդողանն ու Ալիևը խոսում էին իրենց հաջորդ պատերազմական պլանների մասին՝ Սևանը, Զանգեզուրը, Երևանը գրավելու մասին։ Նրանց Հայաստանից պատասխան եղա՞վ։ Ո՞ւր էր Նիկոլ Փաշինյանը, որը պետք է պատասխաներ, մռութներին գար․․․ Իսկ կարո՞ղ է, պատասխանել, դա էլ չի կարող։ Գիտեք, այս օրերին շատ ենք լսում, որ մի գուցե համաձա՞յն է, որ Երևանը Ադրբեջանի պատմական հողն է․ գուցե համաձա՛յն է։ Մեջը փող կար, 5 միլիարդ դոլարի մասին են խոսում ամեն օր ու բոլորը, դրա համար էլ չի պատասխանում։ Ոչ բարով ղեկավարն անտարբեր է, բա լավ, մե՞նք, դո՞ւք։ Դուք տեսնում ե՞ք Սյունիքում ինչ է կատարվում։ Պետական սահմանի հսկողություն չկա, թշնամին գալիս ու ասում է սա իմն է, գյուղապետն է պաշտպանում։ Սիրիայից ահաբեկիչներ էին Արցախում կռվում հայերիս դեմ, նրանք պատերազմից հետո չեն վերադարձել․ դուք վստահ ե՞ք, որ Սյունիքի մարզի բաց սահմանով չեն ներթափանցում Հայաստան, Երևան։ Այսօր արդեն մեկ ադրբեջանցու են հայտնաբերել Բերդավան գյուղում․ բա որքանի՞ն չեն հայտնաբերել, և հնարավոր է՝ Երևանել են հասել արդեն։ Իսկ մեր ընկերները էսօր ասում են, թե գործի եմ գնում, թող։ Մյուսը մեքենայով քշում է ակցիա անողի վրա, թե՝ առաքում եմ անում՝ ճանապարհը բաց․․․ Այ, իմ թանկագին հայրենակից, երկիրը հանձնել են, զոհեր ունենք հազարավոր, դու քո առաքման դարդն ե՞ս։

Ժողովուրդ, չի կարելի այլևս այս ամենը հանդուրժել։ Սահմանին՝ թշնամուն ծախած հողի վրա 15 հազարից ավելի մեր տղերքի արյունն է թափվել, որոնցից 5 հազարն այլևս չկան, զոհվել են։ Մեր եղբայրներին սպանել են դաժանաբար, ասում են՝ դավադրության արդյունքում, նրանց վաճառել են հողով հանդերձ, բա չե՞ք ուզում իմանալ դա այդպե՞ս է, թե՞ ոչ։ Նորմա՞լ է։ Թույլ տանք մարսե՞ն։ Նստենք տա՞նը, մտածենք էսօր էլ կուշտ ուտելու մասի՞ն։ Նոր տարի անելու ու բուդ առնելու մասի՞ն։

Ժողովուրդ, մենք չենք կարող ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչև սեպտեմբերի 27-ը։ Իսկ այսպես ապրել էլ չի լինում, իմանալով որ մի բան այն չէ, մենք պետք է դուրս գանք այս վաստացած, դեպրեսիոն վիճակից։ Իսկ դրա պետք է պայքարենք, դուրս գանք մեր կոմֆորտ միջավայրերից, առօրյա ռեժիմից, սա այլևս այն կյանքը չէ, այդպես տեսանելի ապագայում չի լինելու։ Ոստիկանական համակարգից ծառայողներ են դուրս գալիս, խոսք է գնում 100-ից ավելի ծառայողի մասին։ Մարդիկ չեն ուզում, սովորականի պես մնալ իրենց տեղերում, այնպես, իբր բան էլ չի եղել, չեն ուզում պաշտպանել պետությունը որը ներկայացնում է դավաճանի պիտակ ունեցողը։ Բնականաբար՝ չեն ցանկանում բերման ենթարկել արդարություն պահանջող, հատուցում պահանջող ժողովրդին։ Նկատել ե՞ք, բոլորը ողջունում են այն քաջ ոստիկանների կեցվածքը, որոնք դուրս եկան համակարգից ու այդ մասին հայտնեցին ի լուր բոլորի։ Նրանք չմտածեցին իրենց ապրուսի և այլ բաների մասին, որովհետև այն ապրուստը էլ չկա, երբեմնի հպարտ ժողովուրդը, իր իրավապահը էլ հպարտ չեն, հաղթած չեն։ Այո, կան ոստիկաններ, որոնք բռնություն են կիրառում, կա ոստիկան, որը վարորդին ասում է՝ քշի ցուցարարների վրայով անցի։ Ինձ համար, դա ոստիկան չէ, դա նույն խուժանն է, Նիկոլի խուժան ֆեյքը, որը պատրաստ է սեփական երկրում սեփական քաղաքացիներին կոտորել, իսկ Շուշին հանձնել 30 արծաթով։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում մեր թշնամիներին միակ ձեռնտու ղեկավարն է, երբեք չի եղել ու վստահ եմ․․․ լավ՝ հուսով եմ՝ էլ չի լինի։ Ես նրանց տեղը լինեի՝ ամեն բան կանեի, որ Փաշինյանը որքան հնարավոր է՝ երկար մնա, հրաժարական չտա, որ իրենց գործերը հանգիստ անեն։ Իսկ միգուցե հենց իրենք էլ անում են այդ ամենը, որ սա չգնա, որ մենք շարունակենք մռայլ դեմքերով ապրել, դառնանք վերջնականապես դժբախտ ու դժգույն, գորշ մասսա, արտագաղթենք այնպիսի երկրներ, որտեղ մեզ վրա չխնդան անդադար։ Ժողովուրդ, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան կանգ չեն առնելու, նրանք, կրկնում եմ, իրենց պլանների մասին ասել են, այնպես ինչպես այս 2,5 տարիների ընթացքում էին ասում։ Ինչ ասել են, արել են, բնականաբար՝ ոչ առանց Նիկոլի օգնության։ Հիմա ի՞նչ, էլի՞ թողնենք անել ինչ ուզում են։

Մի տեսեք այս իշխանություն կոչվածների արտահայտածն ու մտադրությունները։ Իշխանության ներկայացուցիչ Քոչարյանն Անդոնն ասում է, որ պարտվել ենք բարոյապես, հոգեպես, ֆիզիկապես, ռազմի դաշտում։ Մե՛րսի։ Ու սա այն մարդկանցից է ով այդ «բարիքները» մեզ պարգևել է, ու շարունակում է պադավատով Երևանի փողոցներով երթևեկելով գնալ-մտնել խորհրդարան, գնալ խանութ գնումների։ Աբսուրդ է այս ամենը։ Նա ոչ միայն չպետք է խայտառակ պարտությունից հետո պաշտոնավարեր, ոչ թե պետք է եթերներ գնար ու բարբաջեր, նա պետք է այնպես պախկված լիներ վախից, որ այդքան ստի ու կեղծիքի արդյունքում այդքան հող ու արյուն է տրվել, և այդ ամենը միմիայն իրենց պատճառով։ Իսկ գիտե՞ք ինչու՞ են կարողանում իրենց կյանքը նույնպես շարունակել, ինչպես սեպտեմբերի 27-ից առաջ էր, որովհետև մենք նույնպես շարունակում ենք մեր կյանքը սեպտեմբերի 27-ի առաջվա պես։ Մենք, ավելի ճիշտ, շատերը դա հանդուրժում ենք։ Դուք էս թիմի դեմքին, իրենց ղեկավարի դեմքին մի գրամ անգամ անհանգստություն տեսնում ե՞ք, անտրամադիր վիճակ տեսնում ե՞ք։ Էս մարդիկ Ղարաբաղ են հանձնել ու պարգևավճարներ են ստանում։ Էս մարդիկ տունը կորցրած հազարավոր ընտանիքներին, ասում են՝ դժավար ենք համոզել մեր երեխային խաղալիքները տա ձեզ։

Դուք կարծես չեք գիտակցում կորուստը։ Ինչպե՞ս կարող է մարդ անտարբեր լինել իր կյանքի, իր էրեխեքի ապագայի, անվտանգության նկատմամբ։ Մենք ասում ենք՝ 2018-ին ժողովուրդը զարթոնք ապրեց, արթնացավ։ Ի՞նչ օգուտ, արթնացավ, իր կյանքը հանձնեց սրիկաներին ու էլի քնեց։ Թույլ տվեցինք, որ մեզ բթացնեն, ուղեղները լվանան ու ծախեն մեր երկիրը։ Մեր երկիրը մեր արժանապատվությունը 5 միլիարդ դոլա՞ր արժեր, ծախեցին, դրեցինք սեյֆն ու բանալին նվիրեցինք Նիկոլին․ բա չպարզե՞նք այդ ամենը, համակերպվե՞նք, շարունակենք էլ այլևս մեզ չպատկանող կյանքով ապրել։

Մենք ունենք փայլուն երիտասարդություն, որն այս պահին ստիպված բոլորիս փոխարեն է անում, չի ուզում ունենալ կներեք արտահայտությանս, «չմո» ղեկավար և նրան արժանի ժողովուրդ։ Մենք Նիկոլի ու իր անհասկացող թիմի հետ կարող ենք ապրել այնքան հաշտ ու համերաշխ, որքան ադրբեջանցիների հետ կապրեք համերաշխ։ Սրանք թշնամու ջրաղացին են ջուր լցրել տարիներ շարունակ։

Կարճ ասած՝ Ժողովուրդ, ուզո՞ւմ ես Հայաստան պետություն ունենալ, ուզո՞ւմ ես անվտանգ երկիր դարձնել, պետք է ընդվզել։ Պետականությունն ու Նիկոլը անհամատեղելի են, դա այլևս փաստ է, ոչ թե վերլուծություն։ Յուրաքանչյուրդ ձեր մեջ պետք է որոշեք՝ կա՛մ ես լինեմ, կա՛մ Նիկոլը։ Կա՛մ Նիկոլը շարունակում է իշխել ու 5 հազար զոհը հարյուրապատկվում է կամ Նիկոլը գնում է, որ ազգը փրկվելու շանս ունենա։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ