10 12 2020

«Կարճ ասած»․ Արցախը Փաշինյանի կողմից 5 մլրդ դոլարով ծախելու լուրերը չեն հերքվում



 

Մեր հանրության մեջ մի այսպիսի դիրքորոշում կա արմատացած՝ հողերը ծախեցին։ Արցախի մասին խոսելիս միշտ երբ փոխզիջումներից էր խոսք գնում, դա հանրությունը ձևակերպում էր որպես հողերը ծախել։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ բոլորը հասկանում էին, որ սեփական կամքով հնարավոր չէ հայրենիքը տալ։ Մյուսն այն էր, որ համոզված էին, որ մենք ունենք մարտունակ բանակ և միայն մի ճանապարհով է հնարավոր որևէ հող տալ՝ ծախելու։ Դա, կրկնում եմ, արմատացած է հանրության մեջ։

Ժողովրդի մեջ Նիկոլական զանգվածն արմատացնում է տեսակետը, թե՝ նախկինները տվել են հողերը, ծախել են, խեղճ Նիկոլի գլխին կոտրվեց։ Ու չնայած այդ տեսակ ցնդաբանություններ տարածելուն, վերջերս արդեն շատ-շատերն ասում են՝ Նիկոլը հողերը փողով է ծախել։ Օրերս մի զրույց համացանցում հայտնվեց։ Հետևյալն էր բովանդակությունը․ Հայաստանում հեղաշրջումից առաջ Բելառուսի նախագահը պատմում է մի դրվագ և Սերժ Սարգսյանին առաջարկում համաձայնվել ազատագրված 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, որի դիմաց Ադրբեջանը պատրաստ է 5 մլրդ դոլար վճարել։ Սերժ Սարգսյանն էլ ասում էր՝ թող Ադրբեջանը հրաժարվի 7 շրջանների մտքից, ես 6 մլրդ դոլար կտամ։ Ու մեկնաբանում էր, որ դա մեր հողերն են, այնտեղ զոհեր ենք տվել, ո՞նց կարող է նման խոսակցություն լինել։

Ձայնագրությունը շատ ուշագրավ է հատկապես հիմա․ հանրության մոտ, ինձ մոտ անձամբ հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանը Ալիևին մերժեց, իսկ Նիկոլ Փաշինյա՞նը։ Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանին էլ է առաջարկ եղել և չի՞ մերժել։ Չէ, իսկականից, ինչո՞ւ չպետք է առաջարկե՞ր, որ։ Թեկուզ նույն այն վերելակում։ Ժողովրդի մոտ արդարացի հարցեր են առաջանում, որոնց պատասխանը չստանալով՝ փնտրում ու փաստերի վրա հիմնվելով՝ ենթադրուններ ենք անում։

Բերեմ տասնյակ փաստեր, ու փորձենք հասկանալ՝ Նիկոլը հողերը ծախե՞լ է, թե՝ ոչ։

Փաստ է, Նիկոլ Փաշինյանին զեկուցվել էր մեր բանակի իրական վիճակը, որը չի կարելի ասել վատ էր, սակայն հնարավոր պատերազմի համար անհրաժեշտ սպառազինությունը չի համալրվել, համալրվել է այլ՝ ոչ պետքական բաներով, օրինակ՝ ելակ ենք գնել, ուղարկել զորամասեր և այլն։ Բայց այդքանից հետո նա սադրում է հուլիսյան բախումներ հայ-ադրբեջանական սահմանին, գազազացնում է թշնամուն իր մեդալներով ու ելույթներով։ Մենք տեսնում էինք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ հրահրում էր պատերազմ՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», «եթե տեսնեմ չեմ կարողանում խոսել Ալիւևի հետ, կխոսեմ Ադրբեջանի ժողովրդի հետ», «հեղափոխություն կանեմ էնտեղ», «Էնպիսի բան կասեմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կտապալի Ալիևին» և այլ խոսքերով ։ Սրանք ի՞նչ էին, եթե ոչ պատերազմի հրահրում։ Ինչու՞, էն գլխից հարց էր առաջանում։

Հաջորդը․ Բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվում, համացանցն ուղղակի լցված է լուրերով, որ այս ամենը նման է դիտավորյալ պարտության, թշնամին չէր կարող Շուշի հասնել, Շուշին չէր կարող էդքան հեշտ վերցնել, ասում են, որ շատ վայրերում կարծես դիտմամբ զենք չի հասել, որոշ տեղերում հնարավոր էր առաջխաղացումը, բայց նահանջել ենք, անգամ պատմում էին, որ իրենց առջևից թշնամին էր խփում, հետևից՝ հայկական զորքը։ Դա պատերազմի ժամանակ։

Հաջորդը․ Խոսվում է սխալ մարտավարության մասին, այն մասին, որ կանոնավոր բանակ ունենք, բայց չգիտես ինչու կամավորականներով էինք փորձում կռվել կամ որ զորահամալրումը երրորդ օրից դադարեցրել է։ Ինչու՞։ Ինչպե՞ս կարող էր պատերազմի երրորդ օրը բանակի ռեզերվը, եթե կարիքը կար, չհամալրեր սահմանը։

Երկուսուկես տարի ամեն օր բանակը թուլացավ ու նվաստացավ, գեներալներին վարկաբեկեցիք․ ասում էինք, որ այստեղ մի բան կատարվում է, բայց է՞ս կարգի դավադրություն։

Հաջորդը, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անհնար է հանկարծ ժողովուրդը զարթնի ու տեսնի, որ Արցախի հարցը լուծվել է։ Ժողովուրդը գիշերվա կեսին իմանում է, որ Արցախը հանձնել ես, բա չմտածի՞ որ ծախել ես։ Ասում եք հաղթում ենք, պարզվում է ադրբեջանցիներն են հաղթում, իրե՞նց անունից էիք ասում։

Հաջորդ փաստը․ թշնամուն հանձնում ենք նաև տարածքներ, որոնցում մեկ կրակոց անգամ չի հնչել։ Ինչու՞։ Ինչե՞ս ստացել տեղը որ դրանք նույնպես հանձնում ես։

Հաջորդը․ Թշնամին գալիս-մտնում է ոսկու հանք, ասում է՝ իմն է, մտնում է Սյունիքի մարզի գյուղերն ու ասում է, որ իրենն է։ Դուք ասում եք՝ այո, իրենն է ԽՍՀՄ քարտեզով։ Հայաստանում հանքի կռիվ է, իսկ դուք Հայաստանի խոշոր հարկատուի հանք եք հանձնում թշնամուն։

Սրանք բաներ են, որոնք լիարժեք տեղավորվում են փողով ծախելու տրամաբանության մեջ։

Հաջորդը․ Հայաստանի Հանրապետությունից հողեր է վերցնում թշնամին, զորք չկա, պետությունը չկա, գյուղացին է մենակ կանգնած թշնամու դեմ, փոխվարչապետն ասում է՝ դեռ չենք բանակցել, թե դա ումն է։ Բայց արդեն նահանջել ենք մենք։ Ուզում եմ հասկանալ՝ հող տալն էդքան հեշտ է՞։

Ընդամենը օրեր առաջ քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը հետևյալ սենսացիոն հարցը բարձրացրեց․ «2019-ին արդո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյո՞ք  Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է  նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյո՞ք  երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, ասելով՝ տես թե էդ անասունները ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»։

Հանրության մեջ զրույցներ են տարածվում, որ հողերը ծախել է Նիկոլ Փաշինյանը, բայց որպեսզի այդ փաստը թաքուն մնա, չստացվի հենց-նենց տվեցինք, հրահրել է պատերազմ։ Հատուկ արվել են դիվանագիտական կոպիտ սխալներ և այլն և այլն։

Մեր գլխում չի տեղավորվում այն, որ Ադրբեջանի նախագահն ամեն օր Նիկոլ Փաշինյանին հավասարեցնում է հողին, նվաստացնում է, իսկ սա չի արձագանքում․ ինչո՞ւ, ի՞նչ ունի թաքցնելու։ Հենց Հայաստանում մի բան են խոսում, գիշերը չի քնում, մտնում է եթեր, բայց թշնամուն չի արձագանքում։

Հաջորդը․ Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանի ամբողջ հողերի վրա աչք չունի, պետք է տարածքն արդար կիսեն, Ադրբեջանը Զանգեզզուրն է ուզում, 50 միլիարդ դոլարի հայց է ներկայացնում միջազգային դատարան։ Ստացվում է, որ էդ 5 միլիարդ դոլարը համ Արցախի համար է, համ Հայաստանից ճանապարհ տալու, համ էլ Արցախից ավելի մեծ հողերի՞։

Կարող եմ, չէ՞ մտածել, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց հողերը տալ էդ գումարով, հետո Ադրբեջանը մտածեց, թե ում բերի, որ հողերը վերցնի, իր բարեկամ Սորոսի միջոցով արեց դա, բերեց մարդու, որը պատրաստ էր փողի դիմաց ամեն ինչի։ Ինչպես ասում են՝ եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք․ մենք քանի՞ պատմություն ենք լսել այն մասին, Նիկոլ Փաշինյանին խմբագիր եղած ժամանակ գործարարներից մեկը խոզերի ֆերմա է նվիրել, մեկն ուրիշը Ավանում հող է նվեր, մեկ ուրիշը՝ կահույք։ Նվիրած-վառած Նիվայի մասին չեմ էլ խոսում։ Ուրեմն մենք 2018-ին մի մարդու ընտրեցինք, որն փողի համար պատրաստ է իր հայտարարածին, սկզբունքներին հակառակվել։ Հիմա էս թեմայով, պետք է զարմանա՞նք։

Էս ամենի կողքին դնում եմ Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի հայտնի հատվածը՝ այդ՝ մեզ համար չպետքական հողերը Ադրբեջանին տալու և խաղաղ ապրելու մասին։ Էս ամենը համադրում եմ ու հարցնում ինքս ինձ՝ իսկ ինչ ենք ուզո՞ւմ, որ։ Մեր լրագրողը գնում է Ազգային ժողով՝ իմքայլական պատգամավորներին հարցնելու, թե էս ի՞նչ է կատարվում, ձեր Նիկոլին չենք կարողանում գտնել, գոնե դուք պարզաբանեք, հարցրեք իրեն։ Ում բռնում ենք՝ պարզվում է Նիկոլից բեթար են։ Մատաղացու գառներ, ոնցոր լինեն։ Մի կողմից Միքայել Զոլյանն է գազանանոցից փախածի նման հարձակվում կամերայի վրա, էն կողմից էն գայիշնիկ պատգամավորն է գալիս քթի տակ բլբլացնում, կողքից էն բեղավոր Քոչարյան Անդոնն է փսփսում զրուցակիցներիս ականջներին։ Լավ, մտածում եմ, դրանց մեջ մեկը չկա՞, ասի, այ Նիկոլ, էս ինչ է կատարվում, էս ի՞նչ թվերի մասին է խոսում ամբողջ ժողովուրդը։ Հարցեր չունեն, կարծես։ Կարծես իրենց համար նորմալ է որ կարողա իրենց լիդերը 5 միլիարդ վերցրած լինի, բայց կոծկելու համար մի 5000 հայ էրեխեք վարի տա, Արցախի 2/3 հանձնի թղթով ու մի օր էլ միամիտի դեմքով ասի՝ դե ես գնացի։ Ի՞նչ է, սպասում եք էդ օրվա՞ն, որ խոսեք, հարցեր տաք։

Կարճ ասած՝ Ես այս ամենը դնում եմ իրար կողքի ու ստացվում է թիմային դավաճանություն՝ մի մասը գիտակցաբար, մի մասը անգիտակցորեն, գուցե։ Էս հարցերը պետք է պարզաբանվեն։ Բայց ո՞վ պետք է անի, ո՞վ պետք է քննի հայրենիքի կիլոմետրերով վաճառքը, Նիկոլ Փաշինյա՞նը։ Պարզ է, չէ՞, որ պետք է նա գնա, գա ուրիշը, որ կարողանա էս բոլոր մութ հարցերը բացահայտել։ Ժողովուրդ, եթե էս ամենին անտարբեր ենք, ուրեմն պատրաստվենք Սյունիքից, Գեղարքունիքից, Տավուշից փախստականներ ընդունելու։ Սա՛ է լինելու մեր ճակատագիրը, եթե այս ամենը նորմալ է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ