01 12 2020

«Կարճ ասած»․ Պատերազմը կարող էինք հաղթել, եթե․․․



 

Գրեթե ամենօրյա կտրվածքով Նիկոլ Փաշինյանը մարդկանց մեջ սերմանում է հետևյալ կարծիքը՝ պատերազմը անխուսափելի էր, պարտությունը՝ նույնպես։ Ուղղակի հարցը այն էր՝ հողերը տայինք պատերազմո՞վ, թե՞ առանց դրա։ Նիկոլը հողերը տվեց պատերազմով, որ չասեն դավաճան։ «Պարտությունն անխուսափելի էր» նախադասությունը ասում են մարդիկ, որոնք պատերազմից գլուխ չեն անում, հայրենիք էլ չունեն սրտներում։ Իսկ ես ասում եմ՝ պատերազմում կարող էինք հաղթել։ Այո, եթե Հայաստանի ու Արցախի ոչ բարով ղեկավարությունը հենց սկզբից ճիշտ որոշումներ կայացներ, երկրի մասին մտածեր, ոչ թե՝ ինչ կասեն իր մասին։ Պնդում եմ, պատերազմը ոչ միայն չէինք պարտվի, այլ կարող էինք հաղթել։

Մանրամասնեմ։ Հայտնի է՝ պատերազմում զինվորը կարող է կռվել խիզախ և անձնուրաց, բայց հաղթանակը առաջին հերթին պայմանավորված է ճիշտ հրամանատարությամբ, այն էլ՝ այսօրվա պատերազմները, որ զինվորի կռիվը նվազագույն է։

Արցախում երբ մեկնարկեց պատերազմը, ո՞վ էր գերագույն գլխավոր հրամանատարը տեղում․ Արայիկ Հարությունյանը։ Ի՞նչ կապ կամ գիտելիք ունի Արայիկ Հարությունյանը պատերազմ վարելու մասով։ Ոչ մի։ Արայիկ Հարությունյանը արցախյան առաջին պատերազմին գրեթե չի մասնակցել կամ ընդհանրապես չի մասնակցել։ Պաշտոնական կենսագրականում անգամ, մինչև 2015 թվականը բացակայում էր պատերազմին մասնակցության մասին տեղեկությունը, միայն դրանից հետո մի կետ ավելացրին, թե «1992 թ.- անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին»։ Կարծում եմ՝ սուտ է, նախագահի պաշտոնին ձգտող գործիչը հասկանում էր, որ մի կարևոր կետ չունի կենսագրականում, ուղղակի մտցրել է։ Այդքան բան։ Իսկ սա նշանակում է, որ եթե անգամ հանգամանքների բերումով նա ընտրվել է նախագահ և գերագույն գլխավոր հրամանատարն է պատերազմի ժամանակ, ըստ պաշտոնի, մեկ է՝ որպես ռազմական կառավարիչ նա զրո է, ինչ ուզում ես պաշտոնի անունը դիր, ինչ հագուստ ուզում ես հագցրու։ Այս ամենի մասին բազմիցս զգուշացվել է, որ արցախցիները չեն կարող իրենց թույլ տալ ղեկավար ընտրել ռազմական գործից բան չհասկացող մեկին, պատերազմական երկրում են ապրում։ Բայց ընտրեցին, ու եղավ այն ինչ պետք է լիներ։

Արայիկ Հարությունյանը պետք է ոչ թե գնար ու կանգներ քարտեզների մոտ, մարտական դիրք ու գործողությունների պլան մշակեր, հրամաններ տար, որոշումներ կայացներ, հա՛ կամ ո՛չ ասեր նրա վերաբերյալ, որից գլուխ չէր հանում՝ երբեք նման բան արած չլինելու պատճառով, այլ ավելի օգտակար բան աներ։ Պատերազմի սկսելուն պես, անհապաղ պետք է ունենար պատերազմում մեր հաղթանակի ապահովման համար անհրաժեշտ գործիչների ցանկ՝ Արցախում, Հայաստանում ու դրսում։ Պետք է նայեր՝ ով հիմա ուր է։ Պետք է  կազմակերպեր մի մարմին, որը կոմպետենտ կլիներ կառավարելու թե՛ պատերազմը, թե՛ պետության ընթացքը պատերազմական վիճակում։ Պետք է հիմներ՝ պաշտպանության պետական կոմիտե և կառավարումը հանձներ պատերազմից գլուխ հանողներին Պետք է այդ ցանկն առած՝ խոսեր Նիկոլ Փաշինյանի հետ՝ ասելով, պարոն Փաշինյան, պատերազմ է, դրանից ո՛չ ես, ո՛չ դուք գլուխ չենք հանում, բայց կան մարդիկ որոնք կարող են պատերազմ ղեկավարել։ Ես հիմնում եմ այստեսակ մի մարմին, որը պատասխանատվություն կվերցնի և կկառավարի Արցախը պատերազմական վիճակում՝ այն վերջանալուն պես, վայր դնելով իր լիազորությունները։ Պետք է բացատրեր, որ օրինակ՝ այս պահին Ռուսաստանում կադրային գեներալ-գնդապետ ունենք, Միքայել Հարությունյանը, որն ուզում է գալ, բայց ձեր դատախազությունը թույլ չի տալիս, եկեք հրավիրենք, նա մեզ շատ պետք է։ Պետք էր խնդրել, ոչ թե խոչընդոտել, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ներգրավվի այդ կոմիտեի աշխատանքներին, պետք էր խնդրել Սեյրան Օհանյանին մասնակից լինել կոմիտեի ռազմական որոշումների ծրագրավորմանը և կայացմանը։ Պետք էր վերադարձնել պատերազմի գլխավոր շտաբ՝ գեներալներ Լևոն Մնացականյանին, Վիտալի Բալասանյանին, Արշավիր Ղարամյանին, մյուսներին, չէ՞ որ նրանք ողջ են, մեր կողքին են, փա՛ռք Աստծո, նրանք են, որ արցախյան դիրքերի ամեն թուփ ու քարը անգիր գիտեն, նրանք են, որ ժամանակին այդքան դժվարությամբ ազատագրել են այդ հողը, այդքան դողում են դրա վրա․․․

Այդ մարդկանց պետք է հավաքեր ու ասեր՝ Ես, Արցախի նախագահս, ինչո՞վ կարող եմ օգնել, սպասում եմ ձեր հրահանգներին։ Էդ մարդիկ՝ ռազմական գործի գիտակները, նրան ու Փաշինյանին ճիշտ խորհուրդներ կտային։ Կասեին, օրինակ, որ պետք չէ կամավորներ տանել-լցնել սահման՝ առանց ղեկավարի, առանց հրամանատարի, առանց նպատակի։ Կբացատրեին, որ այս պատերազմում ավտոմատ չի կրակում, զինվոր չի կրակում, ճիշտ հաշվարկների հարց է, օդային գրոհի ու հակաօդային պաշտպանության հարց է։ Չէ՞, որ պատերազմը ավարտվելուն պես մենք բոլորս իմացանք այդ ամենի մասին։ Իմացանք, որ այն ամենը, ինչ արվել է, անիմաստ է եղել․ դեմ- դիմաց քանի՞ զինվոր են կռվել։ Համարյա չեն կռվել, ով վերադառնում է, դա է ասում։ Հիմնականում վերադարձածները ասում են, որ ադրբեջանցի կամ թուրք զինվոր չեն էլ տեսել։

Չեն հասկանում այդ գործից, բայց քանի որ այդ պաշտոնին են, հրահանգներ են տվել՝ առանց հասկանալու։ Սրանց թվում էր, թե եթե զորքը շատ է, ուրեմն հաղթելու ենք ու բոլորին կանչում-տանում էին մսաղացի մեջ նետելու։ Ու կապ չունի՝ դա պայմանագրային զինծառայո՞ղ է, թե՞ 50 անց կամավորական, բանակում ծառայած՝ ավտոմատ տեսա՞ծ է, թե՞ միայն ֆիլմեր է նայել։

Նիկոլ Փաշինյանը հպարտ ու ճղճղան ձայնով հայտարարում էր, որ մեր հակաօդային պաշտպանությունը ամենաբարձր մակարդակի վրա է, անգամ թշնամու ծիտիկը չի կարող հասնել Հայաստան ու Արցախ, նույն Արայիկ Հարությունյանն ասում էր՝ երբեք մեր երկինքն այսքան պաշտպանված չի եղել։ Փաշինյանից անձամբ երեք անգամ լսել եմ, որ 80-ականների զենքի էջը փակել ենք, նորագույն զենքեր ենք բերել։ Ուրեմն պաշտպանության պետական կոմիտեի կազմի մեջ մտնող զինվորականները կասեին Արայիկ Հարությունյանին, թե ինչ զենք է պետք, Նիկոլ Փաշինյանից ինչ զենք ուզել։ Կոնկրետ այստեսակ ռազմամթերք կուզեին, ոչ թե կամավորներ։

Զենք էր պետք, որը չունեի՞նք, պակա՞ս էր անում, կդիմեինք Ռուսաստանին։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ կոնտակտ չունի, ՌԴ նախագահը արդեն 13 ամիս դեմ առ դեմ չի հանդիպել, կապ չունենալու պատճառով անգամ այցերն է չեղարկում Ռուսաստան, բայց կար չէ՞ մարդ, որն ուներ այդ ուղիղ կապը։ Միայն թե չասեք՝ օրը քանի անգամ է հեռախոսով խոսել հետը, ով էլ լիներ, կխոսեր․ հարց է, թե իրականում ինչ օգուտ կարող է տալ Փաշինյանի որակի վարչապետի հետ խոսելը։ Եվ ուրեմն, Արայիկ Հարությունյանը կդիմեր Ռոբերտ Քոչարյանին, չէ՞ որ նախագահ Քոչարյանը առաջին իսկ օրերից այնտեղ էր։ Ախար, ինչպե՞ս կարելի է չհասկանալ, մի հատ պատկերացրեք, մեր երկրում, մեր կողքին կա մարդ, որին Ռուսաստանի նախագահն իրեն ընկեր է համարում, եղե՞լ է այդպիսի բան պատմության մեջ, կարծում եմ՝ ոչ։ Կլինի՞ էլի նման դեպք մեր պատմության մեջ, խիստ կասկածում եմ։ Պատկերացնում ենք՝ մենք ո՜ւր, ժողովրդի լեզվով ասեմ՝ ռուսաց թագավորն ուր։ Ուրեմն, այդ կապը պարտադիր պետք էր հնարավորինս օգտագործել՝ հանուն հայրենիքի։ Նրան, այն էլ այս օրհասական օրերին, չօգտագործելը, իմ կարծիքով, հանցագործություն է հայրենիքի նկատմամբ։ Բոլորն ասում են՝ Իսկանդերը, Իսկանդերը, այ մարդ ի՞նչ Իսկանդեր, դու ռուսաց թագավորի ընկեր ունես քո հայրենակից, քո կողքին, որը առաջին իսկ օրերին եկել-այդտեղ նստել է, դու փոխարենը նրան ընդունես, գնաս-դիմես, լսես ինչ է ասում, հազար ու մի հարց ունես, Աննա Հակոբյանին ու Արարատ Միրզոյանին էիր տանում պատերազմող Արցախում էքսկուրսիայի՞։

Այս անմեղսունակները, պատերազմը սարքեցին սելֆիի ֆոն։ Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանի կինը Արցախի Գլխավոր շտաբում, 40 օր ո՞ւմ էր խորհուրդ տալիս, ո՞ւմ էր բարոյապես աջակցում։ Ինքը ո՞վ էր, որ որոշում կայացներ, ինքը ո՞վ էր, որ իրեն թեթև նկատողություն անելու համար գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին վտարեիք Արցախից։ Պատերազմը դրա՞ ժամանակն է։ Աննա Հակոբյանն ուզում էր աջակցել զինվորին, թող գնար ճաշ պատրաստեր, շորերը լվանար։ Մյուսն ասեմ։ Ի՞նչ էր անում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Արցախի գլխավոր շտաբում, նա ի՞նչ կապ ունի պատերազմ վարելու հետ։ Նա մանր գործարար էր մինչև 2018 թվականի հեղափոխությունը, ոռոգման ջրերով էր զբաղվում, զարգացման ծրագրեր էր կազմում։ Նա անգամ բանակում չի ծառայել, նա ի՞նչ գործ ուներ Արցախում, հրամանատարական շտաբում։ Ի՞նչ էր նրան ցույց տալիս Ջալալ Հարությունյանը պատերազմի ժամանակ։

Արարատ Միրզոյանը ի՞նչ կապ ունի ռազմական գործողությունների հետ, ի՞նչ գործ ուներ նա այնտեղ այդ օրերին։ Նա ընդամենը պատմաբան է, իր պես հազարներն ունենք։ Նա չի ծառայել բանակում ու անհասկանալիորեն ՊՆ պատվոգիր է ստացել։ Որ ԱԺ նախագահ է, ուրեմն հրամանատա՞ր է, ստրատե՞գ է, ինչ է՞։ Պատերազմող Արցախը էքսկուրսիաներ գնալու վա՞յր է։ Մեր տեսածը էս չի՞ եղել ամբողջ ընթացքում։ Սե՞նց էինք ուզում պատերազմ հաղթել, Աննայի խրատներով կամ Ավինյանի ու Միրզոյանի էքսկուրսիաներո՞վ, թե՞ համայնքապետերի հավաքած ջոկատներով։

Էս մարդկանց, Արայի՛կ Հարությունյան, դուք թողնում եք, որ գնան շտաբ, պատերազմ հաղթած Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, Մովսես Հակոբյանին, Լևոն Մնացականյանին, չեք թողնում, հետևներից խոսում եք ու ուզում էիք պատերա՞զմ հաղթել։

Նիկոլ Փաշինյանն էլ պատերազմից ընդհանրապես գլուխ չի հանում, բանակից փախել է, ապրիլյան պատերազմի ժամանակ իբր ջոկատ է կազմել, որը պատերազմի ավարտից ուղիղ 40 օր հետո նոր հասել է սահմանի 3 գիծ փոս փորելու։ Նա ո՞վ է, որ Արցախի հերոս, գեներալ, մարտի դաշտում անուն վաստակած Վիտալի Բալասանյանը գա ու թույլտվություն վերցնի Շուշիի պաշտպանության համար և չստանա թույլտվություն։

Պատերազմ ամեն օր չի լինում, պատերազմը պետությունները վարում են այնպես, որ երկարատև հարց լուծեն։ Ստալինը որ Ստալինն էր, պատերազմի ժամանակ աքսորից ու բանտերից հետ բերեց բոլոր գեներալներին, հրամանատարներին, գիտնականներին և այլ օգուտ բերող գործիչներին, չնայած որ հենց իր ձեռքով էին նրանք հայտնվել այնտեղ։ Ու դրա շնորհիվ էլ հաղթեց։ Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոն է, մերը՝ 2,5 միլիոն։ Ալիևը բավարար թվով զինվոր ուներ, բայց նա բերեց ահաբեկիչների Սիրիայից, Թուրքիայից գեներալների, օգտագործեց Պակիստանի, Իսրայելի, Ուկրաինայի, անգամ՝ Վրաստանի հնարավորությունները։ Արեց դա։ Իսկ մերոնք բոլոր կարող ուժերին վտարեցին դաշտից, դիլետանտներով կանգնեցին քարտեզի գլխին ու հանգեցրին կապիտուլյացիայի։

Կարճ ասած՝ Հարգելիներս, համոզված եմ, այս պատերազմը կարող էինք հաղթել։ Զինվորը քաջ էր, բանակը պատրաստված, զենքն էլ ունեինք, թող ստից բաներ չխոսեն։ Պատերազմը նորմալ կառավարել էր պետք, ոչ թե էքսկուրսիաներ անել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ