Հայաստանի խորհրդարանականների իշխանական թևը որոշեց, որ հանրությունը ստիպված է հանդուրժել կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի այս նախարարի պաշտոնավարումը։ 83 պատգամավոր դեմ քվեարկեց նրա պաշտոնանկության հարցին, գտան, որ շատ լավ նախարար է։ Թեման փակված չէ, բողոքի ակցիաները շարունակվում են։ Բայց իշխանությունն ասել է իր խոսքը։ Թիմը պահեց իր անդամին։
Թե ինչու պետք է հրաժարական տա Արայիկ Հարությունյանը, պատճառները մեկը կամ տասը չեն՝ ոլորտում ձախողումներ, ակնհայտ հետընթաց, Հայոց լեզվի, պատմության ու եկեղեցու նկատմամբ վատ վերաբերմունք և այլն։ Ծնողներն ունեն շատ լուրջ մտահոգություն, որ այսօրվա կրթական չափորոշիչներով վաղը իրենց երեխան կրթվելու է որպես հայրենասեր և նորմալ քաղաքացի, բարոյական ու մտավոր անկումներ չի ունենալու։ Արայիկ Հարությունյանը, որպես իշխանավորի տեսակ, հայտնի է որպես մեծամիտ ինքնասիրահարված նախարար։ Եվ մարդն այսօր կանգնում-ասում է՝ հեղափոխությունը ես եմ արել, հեչ որ չէ՝ դրա համար պտի մնամ։ Ով իմ հրաժարականն է պահանջում, բան չի հասկանում։ Ես բարեփոխում եմ անում։
Արդեն քանի ամիս Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կա, բայց «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց պահել իր նախարարին, ասացին, որ վայելում է թիմի աջակցությունը՝ լավն է, վատն է՝ մերն է սկզբունքով։ Հայաստանում շարունակում է գործել ՀՀՇ-ական՝ «պոլի փետի սկզբունքը»։ Ավելին, վարչապետ Փաշինյանն այն ամենը, ինչ կատարվում է կրթության ոլորտում, համարում է բարեփոխում, կողմ է Արայիկ Հարությունյանի գծին ու ըստ էության՝ դեմ ժողովրդի պահանջին։
Գիտե՞ք որն է տարօրինակը․ Արայիկ Հարությունյանի մնալուն բացահայտ կողմ է արտահայտվել ընդամենը 87 մարդ՝ 83 խորհրդարանում, Արայիկ Հարությունյանն ինքը, Նիկոլ Փաշինյանը, կրթության փոխնախարարն ու նրա՝ Հ1-ում աշխատող ամուսինը։ Այլ մարդ ես չգիտեմ, որ կողմ է արտահայտվել Արայիկ Հարությունյանի մնալուն։ Բայց ընդդեմ նրա բողոքողները, հայհոյողները բազմաթիվ են։ Երբ այս թիմը գալիս էր իշխանության, մեզ ասում էին, որ այսուհետ ժողովրդի կամքով են շարժվելու։ Բայց հիմա ժողովրդի ընտրյալները դեմ են գնում ժողովրդի կամքին ու նկատենք՝ էլ ժողովրդի անունից չեն խոսում։ Նախ ասում են՝ բոլոր որոշումները կկայացնենք հրապարակում՝ ձեր համաձայնությամբ, հիմա, երբ պահանջում են հրաժարական, նույն իշխանությունն ասում է՝ չէ, մենք ենք որոշելու։ Աբսուրդը միայն սա չէ․ երկրի ղեկավարն ասում է՝ մենք կրթական բարեփոխումներ ենք անում, շատերը դեմ կլինեն, բայց անում ենք։ Բա դուք ասել եք, որ այսուհետ շատերի կարծիքը հաշվի եք առնելու, հիմա ասում եք՝ շատերը դեմ կլինեն, բայց կանե՞նք։
Մարդը մնում է, ու իր այսպես ասած՝ բարեփոխումները կանի։ Բայց ինձ հարց է հետաքրքրում, ժողովուրդ, ինչո՞ւ եք ընկել մեծն բարեփոխիչ Արայիկ Հարությունյանի հետևից։ Ինչի Արայիկ Հարությունյանն էս իշխանության առաջին ու վերջին ամո՞թն է։
Ինձ կարո՞ղ եք ասել, թե ինչու պիտի Արայիկ Հարությունյանը գնա, բայց, ասենք, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մնա։ Մարդը հարցազրույց է տալիս՝ գլուխդ կախում ես, կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, չես կարողանում բռնացնել, չի կարողանում բանակցել, որ քո երկիրի քաղաքացիները կարողանան տեղաշարժվել ազատորեն, Արցախի հարցում տարօրինակ հայտարարություններ է անում։ Ինչո՞ւ պետք է Արայիկ Հարությունյանը գնա, Զոհրաբ Մնացականյանը մնա։ Ինչո՞ւ պետք է պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը, բայց, ասենք, չպահանջել Արսեն Թորոսյանի հրաժարականը, պակա՞ս մեծամիտն է։ Առողջապահության համակարգում նման անառողջ մթնոլորտ հիշո՞ւմ եք։ Բժիշկները բողոքում են, մասսայաբար դիմումներ են գրում, լավ մասնագետների է գործից հանում, կորոնավիրուսի թվերի հարցում կասկածներ կան, 1200-ից ավելի մարդ մահացավ վիրուսից, ալկոհոլային թունավորումից մահացան, ծննդատներ են փակվում, էլ չեմ խոսում աբսուրդ շատ այլ հրամանների մասին։ Ինչո՞ւ Արսեն Թորոսյանի հրաժարականը չեք պահանջում։ Եթե մարդկանց կրթությունը ձեզ հետաքրքրում է, բայց չէ՞ որ, մարդը նախ պետք է առողջ ու կենդանի մնա, նոր հնարավորություն ունենա ստանալ կրթություն։
Ամեն մեկն իր ոլորտում ձախողել է։ Ինչի տարածքային կառավարումի՞ց եք գոհ, խոստանում էին մարզերը համաչափ զարգացնել, տնտեսությունի՞ց եք գոհ, սոցիալական ոլորտի՞ց եք գոհ, սպորտի, մշակույթի։ Բոլոր ոլորտներից էլ դժգոհ ենք։ Եվ ուրեմն, ինչի՞ եք որոշել, որ պետք է միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել։ Իմ կարծիքով, պետք է ամբողջական փոփոխությունների պահանջ դրվի։ Ասենք՝ Արայիկ Հարությունյանը գնաց, նրա փոխարեն եկավ Հրաչյա Հակոբյանը․ մարդը պատգամավոր է, վարչապետի աներորդին, մինչ պատգամավոր դառնալը դերասանություն է արել մի շարք ֆիլմերի մասսայական տեսարաններում։ Ասենք նրան դարձրին կրթության նախարար, բայց օրակարգում մնաց Ստամբուլյան կոնվենցիան, Լանզարոտեի կոնվենցիան, Հայոց լեզուն կրճատվեց դպրոցներում և այլն, հանգիստ կնստեք տեղնե՞րդ։ Էդ հակապետական քաղաքականությունը Հարությունյան Արայիկը չի բերել, նա ընդամենը իրականացնում է։ Դա ծրագիր է։
Կարճ ասած՝ էս մարդիկ ունեցել են երկու նախընտրական ծրագիր․ մեկը ընտրությունների ժամանակ ցույց են տվել ձեզ, մյուսը գաղտնի ձևով սեյֆում պահ են տվել, չնայած ինչ էլ տային դուք էդ համընդհանուր կուրության ժամանակ կողմ էիք քվեարկելու, որովհետև միևնույն է՝ խաբում էին։ Մարդիկ եկել են իշխանության, սեյֆից հանել են էդ երկրորդ ծրագիրը ու դա են իրագործում։ Բայց մեկ է՝ դու ես ընտրել, դու ես խաբվել․ խաբողին ի՞նչ, չխաբվեիր։ Հինգհազարամյա ազգ ես, էդքան բան ես տեսել, բայց մնացել ես միամիտ․ ո՞վ է մեղավոր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը