Հայաստանը ցնցել է ողբերգական իրադարձությունների շարքը․ 15 օրում 21 մարդ է մահացել թունավոր սպիրտից։ Խմելու, մաշկին քսելու համար չթուլատրված սպիրտը բացվել է, տարածվել է շուկայում, դարձել օղի, բժշկական սպիրտ ու ալկոգել ու վաճառվել։ Անցել է 15 օր, ու այս ընթացքում չենք լսել ցավակցական խոսք, բնակչությանն ուղղված կոչ, թե ինչպես վարվեն, ինչ անեն, որտեղից ինչ ապրանք գնեն-չգնեն։ Բայց չկա նաև տեսանելի աշխատանք, որ, ասենք, հսկում են, առգրավում են խմբաքանակներ։ Լավ, ում կալանավորել եք, նրանց տանից հավաքել եք, բայց ախր դա արդեն մուտք է գործել շուկա․ այդ մասո՞վ ինչ եք անում։ Գուցե անում եք, բայց ձայն հանեք՝ իմանանք, մարդկանց մոտ վախ կա։
Տպավորություն կա, թե պետության ղեկավարությունը՝ իր տեսչական, վերստուգիչ մարմիններով, հանգիստ նստած լրահոսին է հետևում, թե ով կթունավորվի, ով կպլստա։ ԱԱԾ-ն ի՞նչ է անում։ Քար լռություն է, վիճակագրություն են կազմում՝ մահացավ ևս մեկ մարդ, մահացավ ևս մեկ մարդ։ Հետո՞։ Մեր ժողովուրդն էս պահին վտանգի տակ է։ Այդ սպիրտից ախտահանիչ նյութ է պատրաստվել և մտել շուկա։ Ժողովուրդ, սա ազգային անվտանգության հարց է, մարդիկ ալկոգել են առնում, փոխանցում միմյանց, մի սրվակով երբեմն տասնյակ մարդիկ են ձեռքերն ու դեմքը շփում, էլ չասեմ, որ նույն սպիրտը մի քանի հոգի խմում են։
Որևէ դեղատանը ստուգում արվե՞լ է, սպիրտի, ալկոգելի պարունակությունը հետազոտվե՞լ է։ Մասնագետներն ասում են, որ Խորհրդային Միության տարիներին էլ չեն լսել նման բան, որ սպիրտի օգտագործումից այսքան մարդ մահանա։ Հիմա ես կարող եմ գոնե իմ լսարանին խնդրել, որ ձեռնպահ մնան կասկածելի ծագման նյութերի օգտագործումից, բայց, ախար, պետք է պետություն լինի, ոչ թե մենք էսպես ասենք։
Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցի կլինիկայի ղեկավարը խոսում է հանցավոր անտարբերության մասին․ նա ասում է, որ իրավապահ համակարգը բացասական է արձագանքել թունավորումներով իրենց մոտ տեղափոխվածների նկատմամբ ինչ-ինչ գործողություններ անելու առաջարկին՝ նման պարագայում պրոտոկոլի բացակայության պատճառով։ Արդյունքում երկու քաղաքացի մահացել է։ Անտարբեր չլինեին, կամ պրոտոկոլի ետևից չընկնեին, գուցե հնրավոր կլիներ փրկել երկու կյանք։
Իշխանությունը լուռ է, այնքան լուռ, որ թվում է, թե իշխանության ներկայացուցիչներից մեկնումեկի մատը խառն է այս ամենին։ Եթե խառը չէ, ինչո՞ւ ծպտուն չեք հանում, ոնց նայում ենք, տարբեր տեղեր լավ ժամանակ են անցկացնում՝ մեկնում անհոգ հանգստի, վերադառնում-անցնում սովորական աշխատանքային ռեժիմի, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց չէ՞ որ դուք պարտավոր եք, անմիջապես ստուգել շուկան, հայտնաբերել բոլոր փոխկապակցված անձանց՝ սպիրտ բերողից, սկսած՝ ո՞նց է մտել Հայաստան, ու՞մ տված թղթով, ո՞վ է ստուգել ուր և ինչպես պետք է օգտագործվեր, ո՞վ պետք է վերահսկեր այդ ամենը։ Հնարավոր արագ հասարակությանը պետք է տրվեր բոլոր հարցերի պատասխանը, զգուշացումներ անել, թե կոնկրետ ինչից զգուշանալ։ Այս ամենը քանի չկա, կարող ենք եզրակացնել որ մարդիկ են մեր երկրում մահանում պետական անտարբերության արդյունքում։
Տեսեք, Հայաստանում կորոնավիրուսի մեծ այսպես ասած՝ ավերածությունների պատճառը իշխանության ոչ նորմալ քայլերն են, դա արդեն գիտեն անգամ դպրոցականները։ Վստահաբար՝ մահերը քիչ կլինեին կամ գուցե չլինեին, վիրուսը այսքան չէր տարածվի, եթե ժամանակին կանխեին։ Վիրուսը տարածվեց, հետո պարզվեց, որ երկրի ներսում մաքրող, ախտահանիչ նյութերը բավարար չեն, սկսեցին պատրաստել ու շուկա լցնել ով ինչ կարող է ու այդպես էլ բաց մնաց հարցը՝ արդյո՞ք այդ ամենը պատշաճ ստուգվում է։ Հիմա էլ չգիտենք՝ այդ ախտահանիչ միջոցները արդյո՞ք ախտահանում են, թե ուղղակի սպիրտի հոտով անիմաստ նյութեր են, իսկ մի գուցե դրանք վնասակա՞ր են, կամ վտանգավոր առողջության ու կյանքի համար։
Հիմա մի զավեշտի մեջ ենք ազգովի․ ստացվում է՝ կառավարության ոչ բավարար ուշադրության արդյունքում մարդիկ վարակվել են վիրուսով, ու հնարավոր է՝ էլի ոչ բավարար հսկողության արդյունքում էլ մահանում է կորոնավիրուսը կանխարգելելիս։ Ստացվում է որ այս դիլետանտների իշխանությունը, էն ամեն նվազագույնին, որ մեզ թվում էր, թե տիրապետում է ու միջոցներ է ձեռնարկում, ոչինչ էլ չի տիրապետում, չի էլ անում։ Ես այդ եզրահանգման եմ եկել։
Մի հարց էլ տամ էն գլուխները ճոճելով մարդկանց կյանքերի թեմաներով խոսողներին․ բա էդ ինչի՞ Հայստանի վաստակավոր փաստահավաք Անդրանիկ Քոչարյանը մի հանձնաժողով չի հավաքում՝ քննելու համար 15 օրվա մեջ 21 մահերի առեղծվածը։ Սեդա Սաֆարյանն ու Տիգրան Եգորյանն էլ միանգամից չեն ստանձնում մահերի իրավահաջորդների պաշտպանության գործը։ Բա էդ 12 տարի շահարկեցիք, ստից լեգենդներ հորինեցիք մարտի 1-ի թեմայով, թե անմեղ-խաղաղ ցուցարարները և այլն։ Որ այդ ձեր ցուցարարները խաղաղ չէին, դա մենք գիտենք․ բա ա՛յս մարդիկ, որոնք մեղք չունեն, որ ձեր տեսչական մարմինները իրենց գործով չեն զբաղվել, խանութում արաղ է եղել, առել-խմել են, մահացել են, բա ինչի՞ մի հատ չեք ուսումնասիրում։ Կարող է այդ սպիրտի ներկրման ակունքներում բարձաստիճան պաշտոնյաներ են։ Իրենց էլ կանչեք ձեր փաստահավաքներին։ Էն Մարտի 1-ի մասին ֆիլմի հեղինակներին էլ կանչեք, թող մի սրտաճմլիկ սցենար էլ այս թեմայով գրեն ու ցույց տան Հ1-ով։ Ուշադրությունն եմ հրավիրում այս տարվա արդեն երկու խոշոր ողբերգություններին, որոնց մեջ, անշուշտ, իշխանության մատը խառն է։ Եվ ուրեմն, անմեղ զոհերի համար, ակնկալում եմ, որ հիմա պետք է արդեն կինո նկարահանվի։ Պասկևիչյանա-Արաշիրինյանախառը մտավորականները, հույս ունեմ, կորոնավիրուսի և ալկոհոլային թունավորման զոհերի մասին արդեն ֆիլմի սցենար են գրում։ Վերնագիրն էլ գուցե արդեն որոշել են՝ «Հայաստանի կորսված գարունը, ամառը, աշունը․․․»։ Ձմեռն էլ դեռ առջևում է ու անհասկանալի է, թե էլ ինչ դժբախտություններ կգան։ Հիմա արդեն ունեք պետական ռեսուրսներ, գումար՝ ինչքան կա, ու հանգիստ կարող եք էս անգամ գոնե լավ ֆիլմ նկարել, իրականությանը մոտ։
Կարճ ասած՝ Աբսուրդային վիճակում ենք գտնվում, որ մեզ էլ ո՛չ վիրուսն է անհանգստացնում, ո՛չ մահը, ոչ էլ որևէ բան․ սովորեցինք ամեն ինչին նայել թեթև։ Թող չօգտագործեին՝ չմահանային սկզբունքով․ բայց մեր քաղաքացիական պարտքն է պահանջել իշխանությունից սթափություն։ Վատն այն է, որ այսքանից հետո էս ամենի վերջը չի երևում։ Հիմա քաղաքացին ստիպված է հույսը դնել ոչ թե պետության կառավարիչների վրա, այլ՝ իր վրա, որովհետև իր կյանքի համար պատասխանատվություն կրող չկա, գուցե անգամ հետաքննություն չի ընթանում։ Մարդու կյանքն այսքան անարժեք երևի չէր եղել երբեք։ Հիմա համատարած անտերություն է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը