07 09 2020

«Կարճ ասած»․ Դատական շոուն կշարունակվի առանց գլխավոր դերասանների



 

Վերջ հերթական հեղափոխական արարին․ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը կշարունակվի առանց դերասանական կազմի․ տուժող կողմը, այսինքն՝ Մարտի մեկի զոհերի հարազատներն ու նրանց փաստաբանները, հրաժարվում են մասնակցել դատական գործընթացին ու ոչ ավել ոչ պակաս՝ դա որակում են շոու։ Այո, հենց այդպես, էժանագին թատրոն։ Գլխավոր շոումեններից Քլոյան Սարգիսն էլ հայտարարում է, թե կատաղած է։

Որ դա իսկական շոու է, այդ մասին մենք, ես անձամբ ու շատ-շատերը խոսում ենք արդեն երկու տարի։ 2018 թվականի հուլիսից ի վեր հատուկ քննչական ծառայությունն էր ջուր ծեծում, նրան պատվեր տվողները, հետո հասավ դատարան, ու թողած բոլոր գործերը, երկու տարի շարունակ հիանում ենք օսկարի արժանի խաղով, որը ցուցադրում է մեղադրող կողմն ու հուզիչ խաղով միանում են այսպես ասած՝ զոհերի հարազատներն ու նրանց փաստաբանները։ Պետական ռեսուրսը մսխվում է երկու տարի։ Ջուր են ծեծում։ Բա որ գործը ջուր է, էլ ի՞նչ անեն, որ չծեծեն։

Սկզբում անհիմն քրեական գործեր հարուցեցին, հետո կարվեց գործը, հետո պատվերով տեղի ունեցավ կալանավորում, հետո վարչապետը այսպես ասած՝ հեղափոխական բեմից հայտարարեց, թե գործը ամբողջ ծավալով բացահայտված է։ Այդ հայտարարությունից երկու տարի արդեն անցել է, ու ոչ մի բան չի բացահայտվել, զենք էին գտել, կրակող էին գտել, հետո պարզվեց բոլորը սուտ է։ Այս նույն տուժող կոչվածներն ու իրենց փաստաբաններն էին մեզ ասում, թե հեսա դատաքննությունը սկսի տեսեք ինչեր են բացվելու․ ոչինչ էլ չի բացվելու, որովհետև չկա ոչինչ, որը հայտնի չէ, կամ էլ աշխարհն է ցնցելու։  

Էդ շոուն սկզբում իրենց սրտով էր, էն որ Ալեքսանդր Ազարյանին հետապնդում էին, իրենց սրտով էր, որ դատարանի դռներն էին փակում, սրտով էր, որ Դավիթ Գրիգորյանի բնակարանի հասցեն համացանց գցելն էլ, ՍԴ հերն անիծելն էլ։ Հիմա սրտով չէ։ Ինչի՞, որովհետև իրենց նպատակն էր ֆոն ապահովելը, որը չի անցնում էլ, գումարած դրան՝ լրագրողները ավելի հաճախ իրենց հարցնում են, թե կառավարության տված 30 միլիոնները ինչի վրա եք ծախսում։

Ի սկզբանե անհասկանալի էր, թե ինչ գործ ունեն դատական դահլիճում տուժողների հարազատները, եթե զոհերի մասին ո՛չ քրեական գործում տող կա, ո՛չ էլ իմաստ կա ներկայանալու։ Նրանք գալիս էին, նստում, անկապ ռեպլիկներ բաց թողնում, լրացնում ժամանակը, դատավորը հարց է տալիս, նրանք էլ բոլորովին այլ բաներ են խոսում, անցնում վիրավորանքի, խախտում անմեղության կանխավարկածը։ Սա փիարվելու ձև էր, թեման թեժ պահելու ձև էր, երևի թե ստացած 30 միլիոն դրամի դիմաց երախտագիտություն հայտնելու ձև էր։ Մեկուկես տարի տաֆտալոգիայով է զբաղված, ասում եք․ բա դուք եք ապահովել էդ տաֆտալոգիան։

Ի՞նչ կտուժի կամ կշահի այս ջուր գործը դերասանների բացակայությունից։ Ոչինչ չի կորցնի ու ոչինչ չի շահի, այն նույնությամբ կշարունակի լինել անբովնդակ։ Որովհետև քննելու բան չկա։

Այսպես ձևակերպած՝ տուժած կողմը դժգոհ է իշխանությունից, մինչ այս դրոշակ պարզած Նիկոլ Փաշինյան էին սատարում, հիմա դժգոհ են, իրենց ուզածը չի լինում։ Արդար քննություն են ուզում։ Արդար քննություն է ուզում մարտի 1-ի զոհի հարազատը, որը Քոչարյանին հարց էր տալիս, թե ինչո՞ւ ձևի համար մարդու չդատեցիք։ Արդար քնությո՞ւն եք ուզում, եթե դժգոհ եք նախկինում եղած դատական ակտերից, նորից մեղադրյալի աթոռին նստեցրեք մարտի 1-ը հրահրողներին ու գլխավոր մասնակիցներին, որոնց թվում այսօր լիքը պաշտոնյաներ կան, այդ թվում՝ բարձրագույն պաշտոնյա։

Պահանջում են վերադառնալ ժողովրդի իշխանափոխության ժամանակներին, ի՞նչ դատ ու դատաստան, ժողովուրդը ինչպես ուզում է, անենք։ Լավ, իսկ ժողովրդին հարցրե՞լ եք, թե մարտի 1-ի վերաբերյալ ինչ է ուզում։ Ժողովուրդն ուզում է իրեն ազատեք այդ անիմաստ գործից։ Ժողովուրդը պահանջում է կատարել նախընտրական խոստումները, աշխատատեղեր բացել, տնտեսությունը արդեն վաղուց վարի է գնացել, մարդիկ ապրելու հնար չունեն, մարդկանց սոցիալական նվազագույն հարցերն անգամ չեք կարողանում լուծել, սահմաններն էլ փակել եք, ու չեն կարողանում գոնե դուրս գնալ։ Ու շարունակ խաղում եք մարդկանց նյարդերի հետ։ Քաղաքացիներին դա՛ է մտահոգում։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման այս գործը քաղաքական է, թեման քաղաքականացված է, ու այսօր էլ քաղաքական շահի փոփոխություն կա։ Դանիբեկյան հերոս էին գոռում, հիմա ասում են՝ մեկ դատավորի ուսերին պետք չէ թողնել։ Պատվիրատո՞ւ է փոխվել, թե ուզումեք փոխել, սրանք տապալել են։ Բոլորն էլ տապալելու են։

Կարճ ասած՝ այս քաղաքական դատավարության ու ընդհանրապես՝ գործի մեջ եղել են մի շարք շահեր ու ցանկություններ․ Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է եղել բանտարկել Ռոբերտ Քոչարյանին և վերջ։ Մարտի 1-ի զոհերի հարազատների կամ նրանց մի մասի ցանկությունն է, ըստ այս ամբողջ ընթացքից մեր ստացած տպավորության, գումար աշխատել, որը բավարարվել է, մեղադրող դատախազները, իշխանության կամքն ամբողջությամբ կատարելու արդյունքում ստացել են պաշտոնների բարձրացում։ Բայց այս բոլորը միասին ջուր է, արժեք չունեցող, քանի որ գործում չկա մեկ դետալ, որը նոր բացահայտում է, չկա մեկ հարց, որի հնարավորության դեպքում արդեն չեն մոլորեցրել հանրությանը։ Հիմա երևի թե եկել է ժամանակը այդ բոլոր փուչիկները պայթեցնելու։ Էդ գործում իրենք ավելի լավ է դահլիճում չլինեն, դատախազները թող խայտառակ լինեն։ Ոնց կարել են, էդպես էլ թող տակից դուրս գան։

 

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ