07 08 2020

«Կարճ ասած»․ Տղերք, ձեր դեմ քրեական հոդվածները ամեն օր շատացնում եք



 

Հերթական ամիսն է լրանում ու նաև սկսում է հերթական ամիսը, որի ընթացքում իշխանությունը շարունակելու է սահմանափակել ու ոտնահարել քաղաքացու իրավունքները՝ որքան հնարավորություն ունի։ Արտակարգ դրությունը երկարաձգվում է ևս մեկ ամսով։ Ինչպես նախորդ 5 անգամները, այժմ էլ անհասկանալի է այս ավտոպիլոտ գործընթացը։

Ինչո՞ւ եք անիմաստ երկրաձգում արտակարգ դրությունը, ինչո՞ւ եք խախտում սահմանադրությունը։ Չէ՞ որ մայր օրենքը հստակ սահմանում է, որ արտակարգ դրություն կարող եք սահմանել այն դեպքում, երբ երկրի սահմանադրական կարգին անմիջական վտանգ է սպառնում։ Ի՞նչ վտանգ է սպառնում կորոնավիրուսը սահմանադրական կարգին։ Ելույթ են ունենում վարչապետն ու պարետը, ասում են, որ ամեն ինչ կարգավորվում է, վիրուսը նահանջում է, բայց պետք է երկարաձգենք։ Իմա՜ստը։

Եթե մենք տեսնենք, կամ լավ, մենք՝ անգրագետ պողոսներս, չենք հասկանում, դուք գոնե մեզ բացատրեք, թե այդ ռեժիմը ինչ է փոխում կորոնավիրուսի պլաններում, կհասկանանք կառավարությանը, բայց չէ։ Ինչպես ցույց տվեց իրականությունը, կորոնավիրուսը ոչ թե նահանջում է իշխանության քայլերի արդյունքում, այլ այն բանի արդյունքում, որ բավականին մեծ թվով մարդիկ վարակվել են ու արդեն բուժվել, մի մասն էլ մահացել է, էլ ընդլայնվելու տեղ էլ չկար երևի։ Բայց մեկ է՝ արտակարգ դրություն պահելը, ակցիաներ թույլ չտալը ի՞նչ կապ ունի։

Արտակարգ դրության միակ սահմանափակումը հավաքների ազատության խոչընդոտումն է, բաց տարածքներում դիմակ դնել պարտադրելը, քեֆ-ուրախություն և մյուս բոլորը սահմանվել են պարետի որոշմամբ, արտակարգ դրությունը դիմակի հետ կապ չունի։ Հայաստանում արտակարգ դրության հաստատումը 5 անգամ եղել է մեկ նպատակով՝ կառավարությունը չի կարողացել պատշաճ օգնել իր քաղաքացուն, հասունացրել է դժգոհություններ և մտցրել է այդ սահմանափակումները, որպեսզի գլուխն ազատի լայնամասշտաբ ակցիաներից, որոնք կարող են շատ արագ թափ հավաքել։ Ասեք խնդիր, որ կառավարությունը այս 6 ամսում լուծել է ժողովրդի համար, որ մեկի մատից է փուշ հանել։ Ամենուր ստեղծել է սոցիալական, բիզնես խնդիրներ ու անգամ չի թողնում բարձրաձայնեն։ 5 հոգով գալիս են կառավարության դիմաց ակցիայի, հավաքում-տանում են, թե՝ կորոնավիրուս եք տարածում, բայց 50 հոգով որ միաժամանակ մտնում են սուպերմարկետ, վիրուս չկա՞։ Պինդ փակել է հրապարակը, որ մարդիկ չկարողանան ծպտուն հանել, ով էլ ծպտուն է հանում, դառնում է տուգանքների գերի․ արդեն 2 միլիոն դոլարի տուգանք են հավաքել քաղաքացու կաշին քերթելով։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է, բայց ընդամենը մատերի վրա հնարավոր է հաշվել երկրները, որոնցում արտակարգ դրությունը տևել է 6 ամիս։ Դուք՝ իշխանություն, տեղյա՞կ եք, որ աշխարհում արդեն մարզադաշտերն են բացում հանդիսատեսների համար, սահմաններն են բացում։ Ո՞ր մի երկիր սահման կբացի քեզ հետ, եթե դու ասում ես, որ ինձ մոտ աղետալի վիճակ է, ես արտակարգ դրության մեջ եմ։ 100 հազար մարդ զրկվել է աշխատանից, աշխատավարձեր են պակասել, սահման բացեք, թող գնան-աշխատեն։ Չեք պահում ձեր քաղաքացիներին, թողեք գնան իրենց գլխի ճարը գոնե տեսնեն դրսում, մեկ է՝ ձեզանից էլ հույս չունեն։

Դուք արդեն երկար ժամանակ է մոռացել եք մարդկանց օգնելու մասին, մեկ անգամ օգնություն տվեցիք ու վերջ։ Բայց սահմանափակում եք, սահմանափակում եք ու տուգանում։ Օգնություն էիք իբր թե տալիս, կոմունալ էիք փոխհատուցում, կեսից հրաժարվեցիք, մի հասարակ կոմիունալի հարցը դարձրիք Ղարաբաղի հարց։ Հարևան երկրում, որը մեզանից շատ ու շատ ավելի լավ պատկեր ունի, որը ընդամենը մեկ ամիս արտակարգ դրության ռեժիմ պահեց, ունի այնքան վարակված, որքան Հայաստանում մեկ օրում է գրանցվում, բայց լսե՞լ եք՝ ոնց է քաղաքացիներին նայում։ Կորոնավիրուսի համաճարակը գրեթե վերացել է այնտեղ, բայց Վրաստանի կառավարությունը որոշել է երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը վճարել նաև նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների համար, երկրի մինչև 17 տարեկան բոլոր քաղաքացիներին գումար հատկացնել, 33 000 ուսանողի ուսման վարձ վճարել։ Դա՛ է ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը։ Այդտեղ է երևում իսկական կառավարչի ու պոպուլիստի տարբերությունը։ Գլուխ էիք գովում, թե աշխարհը մատով է ցույց տալիս մեզ, թե ոնց ենք մեր քաղաքացիներին պահում, ժողովուրդը մատով է ցույց տալիս։ Մի հատ ուշադիր նայեք, թե որ մատով են ցույց տալիս։ Գումարը Վրաստանը տրամադրում է կորոնավիրուսի համավարակի ժամանակ ստեղծված հիմնադրամից: Դուք ձեր հավաքած փողերի մասին հաշվետվություն չեք տալիս, որ իմանանք՝ ինչի վրա եք ծախսել։ Չնայած, ավելի լավ է՝ չիմանանք, էլ ավելի չհիասթափվենք։ Հերիք է, էլ տեղ չկա։

Արտակարգ դրությունը որևէ դրական ցուցանիշի չի բերել կորոնավիրուսի դեմ պայքարում, ոչ էլ դիմակները։ Այսօր դեպքերը ավելի շատ են, քան այն ժամանակ, երբ դիմակը դարձավ պարտադիր, այսօր դեպքերը ավելի շատ են, քան արտակարգ դրություն հաստատելու սկզբում։ Որովհետև արտակարգ դրությունն իշխանությունն օգտագործեց միմիայն իր խնդիրները լուծելու համար՝ անցկացրեց կոնվենցիաներ, լուծեց ՍԴ հարցը իր ուզածով, պետության համար աղետալի կրթական չափորոշիչներ սահմանեց, պարգևավճարների մեջ լողացրեց քայլարածների թիմին ու ասաց՝ իմ հպարտ ժողովուրդ, իրավունք չունես բողոքելու։

Պե՞տք է մեխանիզմ լինի, որ քաղաքացին իր ձայնը հասցնի տեղ, եթե բողոքել չեք թողնում։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, տարածքային կառավարման նախարարությանը կից ստեղծեց հանձնաժողով, որը պետք է բողոքի ակցիա անող բոլոր քաղաքացիների խդիրները ուսումնասիրեր և լուծում տար։ Ի՞նչ եղավ հանձնաժողովը։ Բոլոր հարցերը լուծել է՞։ Դուք այլ տարբերակ չեք թողել քաղաքացուն, քան փողոց փակելն է։ Դուք արդեն մարդկանց հասցրել եք դեպրեսիոն վիճակի, որից դուրս գալը շատ դժվար է։ Գիտե՞ք վատը որն է, ժողովուրդ, որ արդեն նախապատրաստում են մեզ կորոնավիրուսի երկրորդ ալիքին, այսինքն՝ ևս կես տարի արտակարգ դրության։ Դե գնա ու տանը փակված վայելիր քո ընտրած ժողովրդավար իշխանությանը։

Կարճ ասած՝ ժողովուրդ, ինչքան հարմարվում եք, այնքան նստում են ձեր գլխին։ Հարգելի իշխանություն, որքան արտակարգ դրությունը երկարացնում եք, այնքան մարդու իրավունքների խախտումներն եք բազմապատկում, այնքան ձեզ վրա ծանրացնում եք քրեական հոդվածները։ Ի վերջո, վստահ եղեք, որ մեկ առ մեկ ուսումնասիրվելու են բոլոր որոշումները, դրանց իրավաչափությունը, բոլոր մահերը, ամեն ինչ, ու պատասխան եք տալու։ Չկա որևէ բան, որ կարող է արդարացնել քաղաքացիների իրավունքների այս տեսակ խախտումները ու կյանքից զրկելը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ