21 07 2020

«Կարճ ասած»․ Օրվա մեջ քանի՞ անգամ է ստում Նիկոլ Փաշինյանը



 

Ամերիկյան գործընկերները հաշվել են, որ իրենց ղեկավարը երդմնակալության պահից ի վեր 20 հազար անգամ սուտ է խոսել, օրը մոտ 16 սուտ՝ տարբեր բաների վերաբերյալ։ Ու դա արել է առաջին օրից սկսած։ Ամերիկայի ու Հայաստանի ղեկավարները թերևս մեկ բանով են շատ նման՝ ստով։ Ընդամենը կես ժամում հիշեցի 60 սուտ, որ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանրահավաքներում, տարբեր ելույթներում, հարցազրույցներում, ասուլիսներում, ֆեյսբուքյան գրառումներում, արտերկրյա հանդիպումներում, համաժողովներում, ճեպազրույցներում։ Օրինակ՝ երբ վարչապետն ասում է՝ «հայտնի շրջանակները» շահագրգռված են, որ կորնավիրուսը Հայաստանում տարածվի, դա կատարյալ սուտ է․ այլապես գոնե մեկ անուն կհնչեր, թե ով է շահագրգռված և ինչպես է դա արտահայտվել։ Կամ երբ ասում է, որ լրատվամիջոցների 90 տոկոսը փող է վերցնում, ու տակը անուն չկա, ուրեմն կատարյալ սուտ է։ Ասում է, որ Բաղրամյան 26 ճամպրուկով փող են տարել, հետո ինքն էլ իրեն արձագաքում, թե պատկերավոր խոսք էր։ Կարճ ասած՝ սուտ էր։ Երբ վարչապետն ասում է՝ դատավորները վնգստում են, դա, բնականաբար, սուտ է, որովհետև այդ դեպքում, իր սրտի դատավորը որևէ մեկի բակում կապած կլիներ, այլ ոչ թե ատամները սրած կսպասեր, որ դառնա ՍԴ նախագահ։ Երբ ասում է, որ Հայաստանի տնտեսությունը Վրաստանին տվել-անցել է, Ադրբեջանին էլ հիմա կանցնի, սուտ է։ Կամ որ ասում է՝ ջուրը չի թանկանում, ՀԴՄ տպեք, որ տնտեսությունը զարգանա, սուտ է։ Բազմակի սուտ է, երբ ասում է, որ ժողովրդին տված գրեթե բոլոր խոստումներս կատարել եմ։ Ստերը շատ են, բայց խոսքս չի վերաբերում այս հասարակ, միամիտ, «գեղական» ստերին։

Կան նաև լկտի ստեր այ դրանց համար դատի են տալիս։

Նիկոլ Փաշինյանը այս առումով միջազգային ռեկորդակիր է։ Աշխարհում չկա ղեկավար, որի դեմ ժողովուրդը երկու տարում շուրջ 25 դատական հայց ներկայացնի։ Չեք գտնի։ Հայաստանի լրատվամիջոցներից մեկը օրերս հաշվել էր 23 քաղաքացիական և վարչական հայց։ Մինչ այս տեքստն էի պատրաստում, ևս մեկը դատի տվեց վարչապետին։ Ու այս պահին կարծես կա 24 հայց։

Օրինակ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարը, տեղակալը, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը և տասնյակ այլ անձինք պահանջել են անվավեր համարել իրենց աշխատանքից ազատելը, փոխհատուցել ու վերականգնել պաշտոնին և այլն:

Բայց սրանք էլ մանր հարցեր են։ Շուրջ 10 հայց գիտե՞ք ինչի մասին է՝ զրպարտությունը հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում և այլն: Հիմա Արարատ Միրզոյանը լիներ՝ կասեր՝ բա էս ա՝ իրական ժողովրդավարություն ո՛չ, սիրելիներս, սա իրական խայտառակություն է, իսկ վարչապետը՝ պարզապես անզուսպ սուտասան։

Պատկերացնո՞ւմ եք։ Պետության վարչապետի դեմ դատական հայցեր են վիրավորանքի, զրպարտության պատճառով։ Մարդը նստած օրն ի բուն ուրիշ անելիք չունի, քան սեփական քաղաքացիներին զրպարտելը, վիրավորելը։ Մի քանիսը թվեմ։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, օրինակ, պահանջում է, որ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունների համար ներողություն խնդրի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պահանջում է, որ վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրի և հերքի զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Փաստաբան Արամ Օրբելյանը պահանջում է հերքել զրպարտություն համարվող հայտարարությունը։ Վարչապետը պահի տակ ոգևորվել-հայտարարություն է արել, թե «էն ժամանակներում, երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան»։ Գնացել է քարոզարշավի, ու որպեսզի ձայն հավաքի սկսել է սրան-նրան զրպարտել։ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ևս պահանջում է հերքել ու փոխհատուցել զրպարտության համար․ նա էլ դատի է տվել ոչ միայն Փաշինյանին, այլև խոսնակին:

Ի՞նչ է ստացվում․ մարդը մի տեղ զրպարտելով, սպառնալով, թերթ է պահել այդ մասին եղավ հայտարարություն ու չհերքվեց, մի այլ տեղ ստերով, զրպարտելով դարձել է պատգամավոր, հետո զրպարտել-վիրավորել է, դարձել է վարչապետ ու դեռ վարչապետի պաշտոնում շարունակում է նույն գործելաոճը։ Բայց ամենաուշագրավը դատական գործերի ելքն է․ իր խոսքից պարզապես թռնում է։ Օրինակ բերեմ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցը։

Վարչապետը Ֆրանսիա այցի ժամանակ երկրորդ նախագահի մասին հայտարարություններ է արել․ նախագահը դիմել է դատարան։ Ու դատական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պաշտպանի միջոցով հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանի մասին ստելիս Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել։ Այսինքն, տղամարդը պետք է խոսքի տերը լինի արտահայտությունն այս դեպքում չի աշխատում։ Բայց բանն այն է, որ դա էլ դաս չեղավ․ ամիսներ անց վարչապետը դարձյալ երկրորդ նախագահի հասցեին արեց սուտ հայտարարություններ ու շալակեց հերթական գործը։ Այս անգամ խոսքը վերաբերում է ունեցվածքին․ արդեն երկու տարի իշխանությունը խոշորացույցով Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան ունեցվածքն է քրքրում, բայց ամեն քայլին հայտնաբերում են, որ ունեցվածքի մասին ընդամենը հեքիաթներ են հյուսվել։ Բայց, չնայած դրա շարունակում է այդ թեմայով խոսել։ Նախագահը դարձյալ դատի է տվել, ու վստահ եմ, դարձյալ Նիկոլ Փաշինյանը կդիմի իր իմացած ամենադիպուկ մեթոդին՝ խոսքից կթռնի, թե՝ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս նրան նկատի չեմ ունեցել։

Դեռ չեմ խոսում հայցերի մասին, որոնց ելքը վճռվել է կամ որոնք վարույթ չեն ընդունվել։ Իհարկե, ամաչել կարելի է, որ երկրի ղեկավարին դատի են տալիս զրպարտության ու վիրավորանքի համար։ Բայց դե, եթե ինքը չի ամաչում, մե՞նք ինչու ամաչենք իր փոխարեն։

Կարճ ասած՝ ստացվում է, որ վարչապետի դեմ միջինը ամեն ամիս մեկ դատական հայց է ներկայացվում նա պետություն կառավարելու փոխարեն զբաղված է զրպարտելով, վիրավորելով, գործից հանելով՝ խնդրահարույց կերպով։

Տեսակի հարց է։ Պաթոլոգիկ սուտասանի մասին ենք խոսում եթե մարդ սովոր է ստին, անհնար է նրան փոխելը բայց դա մի վատ տեղ է տանում՝ նրանք սկսում են հավատալ իրենց իսկ ստերին ու դա ընդունում արդեն որպես բացարձակ ճշմարտություն։ Ու այդ ստերով, ի վերջո, ո՞վ է կերակրվում։ Դուք, սիրելի ժողովուրդ, երբեմն ստերին հավատում եք այնքան, որ թիվ 1 ստախոսին դարձնում եք ոչ ավել, ոչ պակաս՝ վարչապետ։

Ցավում եմ, իհարկե, բայց է՛ս կառավարող որակն ունենք։ Ու դրել-խոսում ենք պետությունից, ազգային անվտանգության ռազմավարությունից, հայ ժողովրդի հարատևությունից, կորոնավիրուսի դեմ պայքարից, պատերազմից․․․

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ