29 05 2020

«Կարճ ասած»․ Շինծու քրգործը պետք է կարճվի․ Եվրադատարանի որոշումը՝ պարզ լեզվով



Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ի վերջո, հրապարակեց որոշումը, որին այդքան անհամբեր սպասում էին մեր երկրում շատ-շատերը, և որից իսկզբանե սարսափում էր իշխանությունը։ Կարճ՝ ինչի մասին է խոսքը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը դիմել էր Եվրադատարան՝ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի վերաբերյալ: Հայաստանի երկրորդ նախագահին նորացված ՀՔԾ-ն և Դատախազությունը մեղադրում են սահմանադրական կարգը 2008 թվականին իբրև թե տապալելու մեջ․ սակայն քրեական հոդվածը, որով մեղադրում են, ընդունվել է 2009 թվականին։ Այսինքն, ՄԻԵԴ-ն ի՞նչ է ասում․ ասում է՝ եղբայր, կարող ես այդ հոդվածով մեղադրել, եթե այն, գոնե, գոյություն է ունեցել այդ ժամանակ, երբ կատարվել է հանցանքը, իսկ եթե այդ ժամանակ գոյություն չի ունեցել, չես կարող հետադարձ օգտագործել հոդվածը: Բավական չէ, որ մի շարք նախկին բարձր պաշտոնյաների գոյություն չունեցող հոդվածով, հոդվածին ապօրինի կերպով հետադարձ ուժ տալով դատում են, դեռ մի հատ էլ կալանք են տվել։ Սակայն, ՄԻԵԴ-ը նոր բան չի ասել, որը չգիտեր լայն հասարակությունը։ Համենայն դեպս՝ գաղտնիք չէր։ Սա բազմիցս ասել են թե՛ երկրորդ նախագահի փաստաբանները, թե՛ այլ, հիմնականում՝ որակյալ մասնագետները։ Բայց մի տեսակ սովորել ենք, որ օրենք-օրինականությունը, փաստորեն, ստորին մակարդակում են, եթե կա իշխանության այլ ցանկությունը։ Եվրադատարանն արձանագրում է՝ հանցագործություն համարվող արարքը պետք է լինի հստակ, իսկ 300․1 հոդվածը հստակություն չի ապահովում․ սա մեկ։ Այստեղ ուզում է ասել՝ եղբայր Սասուն, կամ Արթուր Դավթյան, եթե ուզում ես այս հոդվածով մեղադրես, գոնե պետք է դրա մեջ հստակ գրված լինի, թե ո՛ր կոնկրետ գործողություններն են, որ համարվում են հանցանք և ամենակարևորը՝ ապացուցես, որ, օրինակ, Քոչարյանը կամ Խաչատուրովը կատարել են հենց այդ գործողությունը, նոր մեղադրես։

Անցնեմ հաջորդին․ Հիշում ե՞ք որ Սասուն Խաչատրյանն ասում էր՝ այդ հոդվածը չկար բայց կար մեկ այլ հոդված, որը փոխվել դարձել է 300․1, հիշեցի՞ք։ Եվ այսպես, ՄԻԵԴ-ը հստակ նշում է՝ 300․1 հոդվածը նոր հանցակազմ է պարունակում, այսինքն՝ նույնը լինել չի կարող, իսկ եթե նույնն էլ լիներ, բայց ավելի խիստ պատիժ նախատեսեր, չի կարող կիրառվել, որը այս դեպքում այդպես է․ 300․1 հոդվածը ավելի խիստ պատիժ է սահմանում, քան եղել է 300-րդ հոդվածը։

Հետադարձ ուժով, հոդվածն օգտագործելու մասով․ Եվրադատարանն ասում է, որ պետք է քո երկրում նախադեպային որոշմամբ շարժվես, իսկ մենք ունենք նախադեպը, երբ հենց նույն հոդվածի 2008-ից հետո ի հայտ գալու պատճառով 7+1 անձանց վերաբերյալ մեղադրանքը հանվեց, գործը կարճվեց․ այդ անձանցից մեկն այսօր վարչապետ է, մյուսը՝ դեսպան, երրորդը՝ պատգամավոր և այլն։ Հիշեցի՞ք մարտի 1-ի հայտնի «Յոթի գործը»։ Տրամաբանությունը հուշում էր, որ եթե գործ ես հարուցել, նույն հոդվածով, բայց էլի 2008-ին տեղի ունեցածի մասով, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի վրա, պարտավոր ես գործը վերաբացել և դատել Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Սասուն Միքայելյանին և մյուս անձանց, որոնց դեպքում գործը կարճվել էր։ Բայց այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվեին այն ժամանակ գործը կարճող դատախազները ևս։

Այս մասին տարի ու կես է՝ տարբեր իրավաբաններ, մասնավորապես՝ երկրորդ նախագահի փաստաբանները մեռան ասելով, ու այս պարզ բանը որպեսզի մեր իշխանությունը հասկանար, պետք էր ՄԻԵԴ-ի կարծիքը, որը մեկին մեկ հաստատում է Քոչարյանի փաստաբանների ասածները։

Կարճ ի՞նչ է նշանակում սա․ նշանակում է, որ պետք է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը արագ կարճվի, քրեական հետապնդումը դադարեցվի։ Սա ո՛չ իմ ցանկությունն է, ո՛չ՝ Փաշինյանի կամ Սասուն Խաչատրյանի, սա այլևս միջազգային ամենահեղինակավոր կառույցի գնահատականն է՝ Հունաստանից, Իսլանդիայից, Դանիայից, Խորվաթիայից, Բելգիայից, Իռլանդիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից ընդհանուր հաշվով՝ 17 երկիր երկայացնող կազմից։

Բայց այստեղ կա մեկ այլ բան ևս․ Եվրադատարանի որոշումը կայացվել է մայիսի 29-ին, հունիսի վերջին կայացվելու է Վենետիկի հանձնաժողովի որոշումը, որից հետո նոր սահմանադրական դատարանը վերսկսելու է սառեցված հարցի քննարկումը։ Սա արդյո՞ք նշանակում է, որ այս ապօրինությունը պետք է շարունակվի դեռևս տևական ժամանակ, մինչև Սահմանադրական դատարանը որոշում կայացնի։ Իմ կարծիքով, այստեղ պետք է վարույթը քննող դատարանը անելիք ունենա։

Կարճ ասած՝ երկրորդ նախագահը պետք է ազատ արձակվի, պետք է գործը կարճվի, բայց սա բավարար չէ՝ պետք է պատասխան տան մարդիկ, որոնք չեղած հոդվածով գործեր են հարուցել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, փոխվարչապետի, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և մյուսների վրա, դրա հիմքով կալանքի տակ պահել Հայաստանի երկրորդ նախագահին։ Մեկը պե՞տք է պատասխան տա այս ամենի համար։ Անշուշտ՝ այո, բայց, կարծում եմ, դա մեկը չէ, մի քանիսն են, և բավականին հայտնի են։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ