28 05 2020

«Կարճ ասած»․ Ովքե՞ր են 100-ից ավելի մահերի մեղավորները․ պատասխան տալու ժամանակը



Հայաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հատեց 100-ը։ Սարսափելի թիվ։ 113 մարդ հրաժեշտ է տվել կյանքին, վարակակիրների թիվն անցել է 8 հազարը։ Մեկ միլիոն բնակչի հաշվով մենք առաջ ենք Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Ադրբեջանից։ Մի քանի օրից առաջինը կլինենք աշխարհում։ Տեղի է ունենում վարչապետ Փաշինյան սիրած աննախադեպը․ մենք աշխարհում գոնե ինչ-որ բանով առաջինն ենք։ Ամենավատ կանխատեսումներն են իրականանում։ Վարչապետն ասում է՝ գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ։ Չգիտեմ այդ ո՞նց եք հաշվել, իմ կարծիքով՝ մենք առաջին ալիքը դեռ չենք հաղթահարել։

Հնարավո՞ր էր այս ամենից խուսափել։ Ամբողջությամբ խուսափել երևի թե հնարավոր չէր, բայց ավելի քան 80 տոկոսով նվազ ցուցանիշ հնարավոր էր ունենալ, եթե ժամանակին արվեին համապատասխան ճիշտ քայլեր: Այս մասին էլի ենք ասել ու էլի կասենք, քանի դեռ իշխանությունն իր պատասխանատվության աստիճանը չի ընդունում և շարունակ գցում է ժողովրդի վրա։ Ասում է՝ մեր միակ սխալն այն է, որ հավատացել ենք, թե ժողովուրդը գիտակից է։ Վե՞րջ, այլ սխալ չունե՞ն։ Իսկ արդյո՞ք մեղավոր չէ Նիկոլ Փաշինյանը, որ համավարակը արդեն երկրում կար, բայց ինքը միտինգ էր անում Հրայր Թովմասյանին գործից հանելու խաթեր․ թե՞ այստեղ էլ եք ասելու՝ թող ժողովուրդը չմասնակցեր, այդ ա՛նգիտակից ժողովուրդը։

Հայաստանում կորոնավիրուսի մահերի մեղավորը իշխանությունն է՝ պարետը, առողջապահության նախարարն ու վարչապետը՝ անձամբ։ 

Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալը փոքրիկ խմբագրատուն է ղեկավարել, նա պետություն ղեկավարելու համար համապատասխան կարողություն չունի, բայց ի հակառակ դրան, մասնագետներին գործից հանեց, բերեց իր համակիրներին, մնացած բոլորին հանել տվեց ու հետևներից ընկավ, ու հիմա նորմալ խորհուրդ տվող էլ չունի։ Ճգնաժամանյին պայմաններում արագ վարի տվեծ պետությունը, մարդկանց կարծես մատաղ է անում։ 

Մեկ օրում 15 մահ, պատկերացնո՞ւմ եք։ Ժողովուրդ, սա այլևս աղետ է։ Հիմա էլ չենք հավատում անգամ, որ 8000 վարակակիր կա ընդամենը, ոչ, առնվազն 15 անգամ ավելին է, որովհետև հիմա, արդեն, գրեթե բոլորը անձամբ ճանաչումն են մարդկանց, որոնք վարակվել են։

Մարտի 1-ից ի վեր, երբ հաստատվեց առաջին դեպքը, իշխանությունը կոնկրետ քայլերի փոխարեն, մեզ վրա միայն փորձարկումներ է արել։ Ի սկզբանե անհասկանալի էր որոշումների կայացման տրամաբանությունն ու շարժառիթը։

Մեր երկրի ղեկավարը որոշումներ կայացնում է մտածելով՝ եթե սա անեմ, ժողովուրդը ինչպե՞ս կընդունի։ Մարդը ի սկզբանե մտածել է միայն, թե ի՞նչ կմտածեն, ի՞նչ կասեն, ի՞նչ կգրեն։ Կա՞ աշխարհի երեսին մի պատասխանատու իշխանավոր, որ համաճարակի պարագայում մարդկանց առողջականի մասին մտածելու փոխարեն սկզբից մտածի, թե այսինչն անելուց վարկանիշն ինչքան կիջնի, ինչքան կբարձրանա։

Նա պարտավոր էր պատրաստ լինել իր կոշտ քայլերի արդյունքում սեփական հեղինակությունը հասցնել 0-ի, բայց երկիրը և մարդկանց կյանքերը փրկեր։

Կորոնավիրուսը խժռում է ամեն ինչ, վարչապետն ու առողջապահության նախարարը դիմակ կրել են սովորեցնում, իբր թե գործ են անում։ Ինչի դուք դրա՞ համար եք։ Ասում եք՝ դիմակ չեք կրում՝ դրանից է, մենք ամեն ինչ արել ե՞նք։ Ի՞նչ դիմակ։ Ինչպե՞ս եղավ, որ օրեկան 20-30 դեպք էր, սահմանափակումներ մտցրեցիք, դեպքերի թիվը հասավ օրը 300-ի, սահմանափակումները հանեցիք։ Որովհետև գործողությունների տրամաբանությունը, ի սկզբանե էլ, վարակաիրների առատությամբ չեր պայմանավորված, այլ բացառապես ձեր թանկագին վարկանիշով։ 

Որովհետև մարդիկ փող չունեին, ասում էին՝ թողեք գնանք գործի կամ փող տվեք էնքան, որ կարողանանք ապրել։ Բնականաբար՝ փողը չտվեցին, իրենց պարգևավճարները բա ո՞նց ստանային։ Ասեցին՝ բացում ենք սահմանափակումները, բայց էլ մեզանից բան չուզեք, քարը ձեր գլուխը, բայց միևնույն է՝ բոլորիդ շատ սիրում ենք։

Ի սկզբանե չկար մշակված ծրագիր, հանրությունը այդպես էլ մեկ միասնական մեսիջ չստացավ․ վարչապետն ասում է՝ ամեն ինչ վերահսկվում է, նախարարն ասում է՝ ամեն ինչ ձեռքից գնում է, իսկ պարետն ընդհանրապես ոչինչ չի ասում, խորհրդարանն ավելի հեռուն է գնացել՝ սահմանադրական հանրաքվե է չեղարկում՝ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որը համավարակի այս ընթացքում զբաղված է ամեն ինչով, բառիս բուն իմաստով, կեռաս հավաքելուց սկսած։ 

Հիմա ազգովի նստած մտածում ենք՝ այս իշխանության պարագայում մենք, ե՞րբ կհաղթահարենք սա, 100-ավոր մահերո՞վ, թե՞ 1000-ներով։ Կարճ ասած՝ Իրավիճակի հաղթահարման ընդամենը մեկ տարբերակ կա․ եթե առաջ կոչ էինք անում իշխանությանը, վերադառնալ բանական դաշտ, գիտակցել, որ պետության ղեկավար են, հիմա պնդում ենք, որ իրավիճակը մեկ ելք ունի՝ կառավարողները հրաժարական են տալիս, շտապ ձևավորվում է նոր կառավարություն, շարքերից արագ հեռացվում են բոլոր անփորձները, պոռոտախոսները, շարիկ գլորողները, հավաքվում են բոլոր ժամանակների լավագույն կադրերը՝ առողջապահության, տնտեսական, ուժային բլոկների, և իրավիճակը փորձում են փրկել։ Հուսամ՝ դեռ շանս կա։ Այդ շանսը առանց Նիկոլի է, առանց այս անբանների թիմի։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ