08 05 2020

«Կարճ ասած»․Տպավորություն է, թե Արցախն ազատագրելու համար են դատում



Մայիսի 8-ն է, Շուշիի ազատագրման օրը։ Կլսենք շնորհավորական խոսքեր, ոգևորություններ, ազատամարտիկները կներկայացնեն գլխներով անցածը` ինչպե՞ս եղավ ազատագրումը, ովքե՞ր էին ղեկավարում, իրենք ի՞նչ դեր էին ստանձնել: Միաժամանակ, մարդիկ, որոնք այդ հաղթանակների հետը որևէ կապ չունեն, ավելին՝ պատերազմի ծանր ժամանակ իբրև թե օրինական պատրվակ բռնելով, մնացել են տանը, հանդես կգան ողջույնի խոսքով, ու չի բացառվում, որ անգամ համազգեստ հագնեն ու գնան դիրքեր։ Հայրենասիրություն խաղալու օր է հատկապես հենց նրանց համար։ Ու հենց Մայիսի 8-ին, մեկնարկելու է երկամսյա դադար վերցրած աղմկահարույց դատավարությունը՝ ոչ մի բանի մասին։ Մենք այդտեղ իրար կողքի նստած կտեսնենք Հայաստանի գեներալ գնդապետներից երկուսին՝ Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, մեծ վաստակ ունեցած, պատերազմում ոչինչ չխնայած մեր հերոսներին, նրանց կողքին՝ պատերազմի ժամանակ Պետական Պաշտպանության Կոմիտեի նախագահ ըստ էության՝ պատերազմող Արցախի Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանին, որի ավանդը ոչ միայն հաղթանակի, այլև ընդհանրապես՝ երկու հայկական պետությունները կայացնելու գործում անգնահատելի է: Մայիսի 8-ը մեր հաղթանակների օրն է, ընդ որում, ոչ թե այդքան շատ տարած բարոյական, այլ իրական ազատագրական հաղթանակի։ Ու այդ՝ արցախյան ազատամարտում հաղթանակը կերտողներն այսօր խայտառակ մեղադրանքի ու խափանման միջոցի տակ են։ Պատկերացնում եմ ադրբեջանցիների հրճվանքը:

Հայաստանի այսօրվա ղեկավարությունը կարծես մեր երկրից չէ, օտար է, խորթ է, ա՛յլ արժեքներով է առաջնորդվում: 

Արդեն երկրորդ անգամ վարչապետը Ադրբեջանի նախագահին ՀՀ թիվ մեկ քաղաքական ամբիոնից համարում է կիրթ ու կառուցողական։ Այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ սահմանին վիրավոր ունեինք, դրանից միքանի օր առաջ 60 միլիմետրանոց ականանետերով գնդակոծում էին սահմանները։ Նույն Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանը բանակցում է, իսկ մեզ ասում է՝ ինչ ուզում, այն էլ քննարկում եմ, հարցե՞ր ունեք: Անկեղծ ասեմ՝ շա՜տ: Այսօրվա դատական նիստը կարծես տեղի է ունենալու կիրթ ու կառուցողական Ալիևի պատվերով։ Հենց այդ օրը միանգամից մի քանի հերոսների ենք դատում։ Շուշիի հաղթանակի օրն ենք նշանակում երկամսյա դադարից հետո առաջին նիստը՝ մի տեսակ ազդակ հղելով, որ միգուցե հենց այդ հաղթանակի համար ենք դատում, երկիր փրկելու, պահելու ու կառուցելու համար: Ստացվում է՝ մենք ականատես ենք մեր հաղթանակի դեմ դատական գործընթացին։ Սա կարծես խաղաղասիրական ժեստ լինի՝ առնվազն ուրախություն պատճառելով 1992-ի մայիսի 8-ին Շուշիից փախած ադրբեջանցիներին։

Հայաստանն ունի զինվորական 4 գեներալ-գնդապետ: Նրանցից երեքը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Արցախի հերոսներից ողջ են 16-ը, որոնցից նույնպես 4-ը մեղադրյալի կարգավիճակ ունեն այսօրվա Հայաստանում: Սա ազգային ամոթ է, ազգային ողբերգություն:

Ի տարբերություն, մեկ-մեկուկես տարի առաջվա, շատերին է արդեն ակնհայտ, որ տեղի է ունենում բարոյահոգեբանական և արժեքային համակարգի պախարակում:

Սա արդեն ծիծաղելի չէ: Սա դատական գործընթաց չէ, սա արդեն ծաղր է: Արդյո՞ք հանրությունը 2018-ի իշխանափոխությունից հետո պահանջում էր քննել սահմանադրական կարգի հարցը (մի կողմ թողնենք՝ մեղադրանքը շինծու է, թե՝ ոչ), հանրության համար դա՞ էր կարևոր այդ ժամանակ, ո՞վ է հաղթել 10 տարի առաջ՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: 10 զոհերի հարազատները դա՞ են պահանջում բացահայտել, թե՞, ի վերջո, ում դավադիր գնադակին զոհ գնաց իրենց հարազատը: Ինչ որ չեմ հիշում, թե այսպես ջանասիրաբար քննել տային, օրինակ, զինված ուժերում ոչ ծառայողական պայմաններում հարյուրավոր զինծառայողների մահվան հանգամանքները՝ սկսելով այդ օրվա իշխանության կամ նախորդող ընտրությունների լեգիտիմությունից: Իհարկե ոչ, չի էլ լինի երբեք: Այս կարգի գործերը դատապարտված են լինելու խայտառակության, ազգային, համակարգային ամոթի առարկա:

Ավելի հաճախ ենք լսում, որ այսօր իշխանությունն ընդամենը ուշադրություն է շեղում, փորձում են թուլացնել այն մարդկանց զգոնությոնը, ովքեր կարող են դեմ դուրս գալ հակաարցախյան օրակարգերին: Իսկ որ այդ նվիրվածության և ծառայության օրը մոտենում է, արդեն հասկանալի է: Գուցե մինչ այդ հող ու տուն պահելու, հայրենիք ազատագրելու ու պետությունը վերականգնելու համար էր պետք, բայց հիմա, ցավոք, դարձյալ երկիրը փրկելու համար՝ Ալիևին ժեստեր անողներից: 

Այսօր դատական նիստ է, այն այնքան է ձգձգվել, որ այլևս չկա հնարավորություն ձգելու, բայցև անում են՝ խորհրդանշական օրը, Շուշիի ազատագրման օրը: Արդյոք ազգային ամոթ չէ՞, որ Նախագահ Քոչարյանի խայտառակ կալանքից ազատ արձակելու համար, պետք է երաշխավորեն Արցախի ներկա ու նախկին ղեկավարները, Հայաստանի ու Արցախի նախկին վարչապետները, բազմաթիվ հայտնի մարդիկ Հայաստանի ու արտերկրից, Հայոց Հայրապե՞տը պետք է հորդորներ հղեր։ Այս ամենը մտնում է պատմության մեջ, կգրվի գրքերում որպես խայտառակություն:

Կարճ ասած՝ եթե դատավորը ունի հրահանգ և պետք է աչք փակի արդարադատության, մարդու իրավունքի վրա, այս խայտառակության վրա, ապա պարտավոր է մտածել գոնե ազգային հարցերի շուրջ, փորձի հասկանալ, թե ինչու են այսքանից հետո իրեն պարտադրում գնալ նման որոշման: Դատավորը պետք է որոշի՝ իր հայրենիքի սահմանը որտեղից որտեղ է գծվում: Կրկնվեմ, այս ամենը գրվելու է պատմության մեջ:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ