Կուզենայի, իհարկե, եթե մեր երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանք վերաբերեին անվտագային քայքայված համակարգը փոխելուն։ Կուզենայի, որ մեր երկրում եթե կառավարության շենք են շրջափակում քաղաքացիները, դա լիներ Արցախը հանձնելուն չհաշտվելու պատճառով, Հայաստանից օկուպացիա թույլ չտալու համար։ Բայց այսօր հինականում մարդկանց սոցիալական, երկրի տնտեսական վիճակի մասին են ակցիաները։ Կառավարության գործունեության պատճառով վերևի թվարկածս քայքայվել է, տնտեսության հերն էլ անիծվել է։ Հիմա եթե մի հատ հանրահավաք հրավիրես ու անունը դնես եկեք բողոքենք ու ամեն ձախողումից բողոքող մի 5 հոգու հրավիրես, հրապարակ կլցվի․ էդ ժամանակ իրար կողք են կանգնելու հա՛մ Արցախի հանձնման դեմ ըմբոստացողը, հա՛մ Կիրանցի հանձնման դեմ ըմբոստացողը, հա՛մ տրանսպորտի թանկացման դեմ պայքարողը, հա՛մ գույքահարկի, հա՛մ շրջանառության հարկի, համընդհանուր հայտարարագրման և այլն։ Սրանք ասում էին՝ Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք, հիմա ջոկում են, որ իզուր են տվել․ որովհետև էն ժամանակ, որ Արցախը դեռ չէին տվել, սոցիալական թեմայով բողոքի ցույցերը տասնապատիկ ավելի քիչ էին։ Հիմա բողոքի ցույցերը, փաստացի, էն թեմայով են, որ վատ ենք ապրում Ղարաբաղը տալուց հետո։
Երկրի անվտանգությունը իրականում ո՞րն է․ Հայաստանի երկրորդ նախագահը մամուլի ասուլիսում ասում է՝ երբ տնտեսությունդ աճում է, հարկերով չես խեղդում ժողովրդին, թողնում ես բիզնեսը կայանա, ունես լավ դաշնակիցներ, հակառակորդներիդ հետ բանակցում ես առանց զիջելու, սահմանին ապահովում ես անվտանգություն, երկիրդ զարգանում է, սահմաններդ մնում են անխախտ։ Սա անվտանգությունն է, եթե անգամ չունես խաղաղության պայմանագիր թղթի կտոր․ ավելին, իրենք էին ձգտում մեզ հետ խաղաղության հասնել, ոչ թե մենք։ Իր օրոք այդպես էր։
Ոսկերիչները բողոքի ակցիա են անում, ասում են՝ չենք կարող 10 տոկոս շրջանառության հարկ վճարել, մեր ամբողջ եկամուտը էդ 10 տոկոսն է, դա են ուզում։ Հագուստ վաճառողներն ասում են՝ չենք կարող էդ բեռի տակ մտնել։ Կառավարությունն ասում է՝ չէ, բա պետք է տնտեսություն զարգացնենք, ձեր ուսերին է, ձեր մի գրպանը մերն է, բայց հաշվեք ձերն է։ Հնարավոր չէ՞ տնտեսական աճ ունենալ՝ առանց մտնելու քաղաքացու գրպանը։ Երբ ժողովրդին աշխատանք չես տալիս, աշխատելու հնրավորություն չես տալիս, ու ինքն է իր գլխի ճարը տեսնում ինքնազբաղվածությամբ, մեկը մեկնում է արտագնա աշխատանքի, մեկը փոքր կրպակ դնում և այլն ու նրանց հարկային բեռը շատացնում ես, գույքահարկը շատացնում ես, տրանսպորտ ես թանկացնում, հայտարարագրման համակարգ ես մտցնում, նա աղքատանում է, դու քո քայլերով ասում ես ժողովուրդ հելեք իմ դեմ բողոքեք։
Ռոբերտ Քոչարյանին հարց են տաիս՝ դուք ի՞նչ կանեիք։ Պատասխանում է՝ այն, ինչ արել եմ իմ նախագահության 10 տարում, ու ՓՄՁ-ն, որ ՀՆԱ-ի 13-14 տոկոսն էր, 2008 թվականին արդեն դարձել էր 46 տոկոս, մտցրել եմ պարզեցված հարկ ու ասել եմ՝ վճարում ես դա, ու քեզ հարկայինը չի անհանգստացնում։ Որովհետև չի կարող փոքր ու միջին ձեռներեցն ունենա մի հատ էլ հաշվապահական, իրավաբանական ծառայության վճարելու փող։ Իսկ հիմա ո՞նց է․ փոքր գործարարն ասում է ամեն եռամսյակը մեկ հարկայինը գալիս է հենց տուգանելու նպատակով ու մի հնար գտնում է տուգանելու, կամ առնվազն տանել-բերելու։ Նիկոլի ասածը, թե՝ փոքրերի բեռը շատացնում ենք, որովհետև խոշոր բիզնեսմեններ կան, որ պետությանը խաբում են, հիմնվորում չէ։ Խաբում են՝ գտի։ Ոնցոր մեկ հանցագործ թաքնվի քաղաքում, դու նրան բռնելու համար քաղաքի ամբողջ բնակչությանը կալանավորես։ Գտի էդ մեկին, ոնց ուզում ես, բա էլ ինչի՞ համար ես։ Հետո, մի տեսակ դա էլ համոզիչ չէ, չէ՞, ինչ է նշանակում հիմք վերցնենք, թե Դու ասում ես ինչ-որ բան։ Ախար դու ինչ ասում ես, սուտ ես ասում, ո՞վ է էդ խոշորը, ինչքա՞ն է թաքցնում, դա ի՞նչ տվյալ է, թե էն 6 ոգու մեքենայի տակ գցած, չգիտեմ ինչ քեզանից ուզող քաղաքացու պես բան ես ասում, որը շատ արագ պարզվեց սուտ էր։
Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես իմ կառավարման 10 տարում ունեցել եմ միջինը 10 տոկոսից ավելի տնտեսական աճ՝ տարեկան աճ, ու դա արել եմ առանց նեղելու գործարարին, տնտեսական աճը չի եղել հարկերը շատացնելու հաշվին։ Սրանք միայն ու միայն մտածում են սաղին քերելու մասին, որպեսզի այդ բյուջեն ծառայի իրենց անձնական նպատակների համար։
Դուք կարո՞ղ եք ասել մի մանր բիզնես, որ այս տարիներին դարձել է միջին ու խոշոր․ ոչ, հազիվ գոյատևում է։ Իսկ եթե բիզնես է մեծանում, ուրեմն սերտ կապ ունի ՔՊ-ական իշխանության հետ, բացվում է ու միանգամից փայլատակում։ Մյուսները, ոչ ՔՊ-ական, «օպելատեր» բիզնեսները կամ գոյություն են քարշ տալիս կամ սննկանում են։
2022 թվականին ռուս ուկրաինակա պատերազմով պայմանավորված Ռուսաստանից Հայաստան փոխանցումները 2,5 անգամ աճել են ու հասել 5 մլրդ դոլարից ավելի։ Հիմա կտրուկ իջել է։ Իշխանության պատճառով։ Վաղը պատերազմը ավարտվեց ի՞նչ ես անելու, տնտեսությունը մինուս է գնալո՞ւ։ Ու հարցն այն է, որ հանրությանը քերում են հարկերով, զանազան տուգանքներով, թանկացումներով, դրա հետ մեկտեղ 7 մրդ դոլարով պարտքը շատացրել են, մեկ տարում դուք վերցնում եք ավելի շատ պետական պարտք, քան Քոչարյանը 10 տարում։ Դու 7 տարում այնքան ես ավելացրել ՀՀ պարտքային բեռը, ինչքանը Քոչարյանը կավելացներ 70 տարում։ Ու դեռ Քոչարյանին դուք ասում էիք թալանչի՞, դուք էլ ազնի՞վն եք․․․ քաղաքացին չի հասկանում էդ սաղ փողերը ուր է գնում։ Մենակ տեսնում ենք, որ ՔՊ-ականները հարստանում են։ Դա էլ ասում են արդար ենք հարստանում, չենք թալանում։ Քաղաքացին էլ ասում է՝ է ես էլ չեմ թալանում, բայց ոչ մեկ ինձ 100 մլնի նվեր չի տալիս, բայց ձեզ տալիս ա, էդ ո՞նց ա լինում։ Ասե՛ք, դե, ո՞ւր են գնում փողերը, որը պարտքով բերում եք։ Երկրորդ նախագահի ժամանակ հարկերը չէին մեծանում, գնաճը աննշան էր, տրանսպորտը չէր թանանում, գույքահարկն էլ, արտաքին պարտքը չէր ավելանում, ռուս-ուկրաինական պատերազմ էլ չկար, որ բերեիք ստեղով ապրանք տանեիք, տուրիստ-բան գար, բայց տնտեսությունն աճում էր երկնիշ։ Բա դուք էսքանն ունենալով, ո՞նց եք հաջողացնում էսքան վատացնել։ Կարո՞ղ եմ մտածել, որ թալանում եք։ Դուք հարստանում եք, մարդիկ մնում են աղքատ․ ուսուցչին խոստացել եք աշխատավարձի եռապատկում, բայց ոչինչ չեք ավելացրել, մատերի վրա կարելի է հաշվել բարձր վարձատրվող ուսուցիչների թիվը, զինվորներին խաբել եք բարձր աշխատավարձ խոստանալով, թոշակառտուներին թոշակով եք խաբել, գործարարներին խաբել եք՝ ասելով, թե ձեզ չենք նեղի, ճամպրուկներով փող չեք տանի Բաղրամյան 26։ Հիմա ճամպրուկով լցնում են պետական բյուջե, գնում է ՔՊ-ի գրպանը։ Տենց էլ չիմացանք թե այդ ովքեր էին ճամպրուկներով նախագահական փող տալիս, բայց որ քպականները իրենց անձնական բոլոր հարցերը լուծել են, փաստ է։ Հլը հետո կերևա, թե ինչ թալան եք արել․ թող իշխանափոխություն լինի․․․
Հարց՝ ձեր էս թանկացումները տնտեսական զարգացմանն օգնո՞ւմ են, թե վնասում են։ Հայաստանում կտրուկ պակասել է ռուս տուրիստների թիվը, որոնք նախկինում մեր տնտեսաան աճին օգնում էին իրենց այցերով, ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական երկու տարում այստեղ բնակվելով, տնտեսական գործունեություն ծավալելով։ Ուղղակի գնացել են։ Իրանցիները, որ գալիս էին հազարներով, քչացրել են այցը։ Ասում են՝ թանկ ա։ Փաշինյանի կառավարությունը փոխանակ մեղմեր գները, վերահսկեր, երբ ամեն մեկը գլխից դուրս բնակարանի վարձ ու տաքսու փող էր վերցնում, այլ ասում էր՝ շատ լավ ա, վարձով տվեք։ Վարձերն աճեցին, տաքսիները թանկացան, սնունդը թանկացավ, ռուսները գնացին՝ խոստանալով էլ հետ չգալ, ու էդ թանկացված բեռը մնաց ՀՀ քաղաքացու վրա, որի համար հիմա վարձերը թանկ են, տրանսպորտը թանկ է, սնունդը թանկ է։
Տրանսպորտի հարցը․ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ երբ դու ունես 25 տոկոս անապահով խավ, չես կարող տրանսպորտի գինը սահմանել նրանց գրպանից մեծ գին։ Ժողովրդի հաշվին իրավունք չունես ավտոբուս բերելու։ Մի 30 հատ թող բերեիր Սնուփ Դոգի վրա ծախսած փողով, մի 100 հատ բերեիր ԱՆԻՖ-ի մսխած գումարներով, մի 200 հատ՝ արտաքին պարտքից կերած այդ փողերով, մի այդքան՝ ձեր անիմաստ, ոչինչ չտվող շրջագայություն-գործուղումներով։
Ժողովուրդ ջան, այ էս ա պատճառը, որ էն ժամանակ երկիր էր կառուցվում, տնտեսություն էր զարգացվում, ինստիտուտներ էին ստեղծվում, իսկ հիմա քանդվում են։ Ու էս ցուցանիշներին ի պատասխան, նաև՝ անվտանգային, ՔՊ-ականները պատասխանում են՝ բա Մեղրին որ փոխանակում էր։ Բայց դե, իհարկե, չեն ասում, որ նույն Մեղրին էլ էր զարգանում ու ավելի շատ։
Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանին ասում են՝ հիշենք ձեր տարիների եղածը, ասում է՝ է եկեք, իմ կառավարման տարիներից հիշում եմ, որ միջին աշխատավարձն աճել է 5,5 անգամ, ուսուցչի մեկ դրույքն աճել է 10 անգամ, ինֆլյացիան եղել է 3 տոկոսի ճափով, Հայաստանը տվել է ամենաքիչ զոհերը առաջնագծում, եղել են ամենից խաղաղ տարիները։ Իսկ Նիկոլի կառավարման ժամանա՞կ ինչ ունենք՝ թանկացրել են ինչ կարողացել են ու ինչքան կարողացել են, հանձնել են ինչ կարողացել են, հարստանում են որքան ուժ ունեն։ Բայց մի կախարդական խոսք են ասում՝ սիրում ենք ձեզ, հպրտանում ենք ձեզանով, եթե անգամ չեք հավատում, հայհոյու՞մ եք, ոչինչ, մեկ է՝ մենք ձեզ շատ ենք սիրում, հարկերն ենք բարձրացնում։ Ժողովուրդը ջան, ի՞նչ ես մտածում, արժե՞ թողնել, որ Փաշինյանը ձեզ էլի սիրի, թե՞ կուշտ եք նրա սիրուց։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը