23 12 2024

Քա՞նի հոգի հավատաց ու քանիսը ծաղրեց Փաշինյանի վերջին գրածին․ «Կարճ ասած»



 

Նիկոլ Փաշինյանը կրկին փորձել է արդարացնել Արցախը իր կողմից հանձնումը ու կրկին հիշել է նախկիններին, հետ գնացել մինչև անկախության սկիզբ։ Ասել է, թե՝ 1994 թվականից ի վեր, հենց հրադադար հաստատվեց, բանակցային գործընթացը սկսվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Կասեք՝ տրամաբանություն չկա․ և իրոք չկա․ բա ինչի՞ էին հաղթում, եթե պետք է այդքան զրկանքներ կրեինք, զոհեր տայինք, հաղթեինք ու հաջորդ օրը բանակցեինք վերադարձնելու մասին։ Հենա չէինք հաղթի, քո նման կտանեին պարտության ու կոտորածի ու կսկսեին արդարանալ՝ Գորբաչովն էր մեղավոր, Խրուշչովն էր մեղավոր, Էնգելսն էր մեղավոր, Սովետը նոր էր փլուզվել, զենք չունեինք, բանակ չունեինք․ լիքը արդարացման տեղ կար։ Բա ինչի՞ էին հաղթում, եթե պետք է հաղթելուց հետո Ադրբեջանին խնդրեին, որ վերցներ, նա էլ ուղիղ 24 տարի չեմ ու չում աներ, մինչև դու գայիր, ջոկեին որ ահավոր լուրջ մարդ ա դեմները, այլևս ու էլ չկարողանար չեմ ու չում անել։ Հա՞, մոտավոր սենց լապշա է կախու՞մ հանրության ականջներին։

Մեռել ենք բանակցային փաստաթղթերը բերելով, մեռել ենք ցույց տալով Նիկոլի՝ տարբեր տարիներին ունեցած ելույթները՝ իր իսկ խոսքերը հերքելու համար։ Նա շարունակում է նույն ոճով, կարծես փորձում է, գոնե ինքն իրեն համոզել։ Բայց, իր գրառումը, իմ կարծիքով, մեզ ուղղված չէ, ո՛չ լրագրողներին է ուղղված, ո՛չ քաղաքական դաշտին է ուղղված, ո՛չ ընդդիմադիրներին է ուղղված, ո՛չ իշխանականներին է ուղղված, ո՛չ Ալիևին կամ միջազգային հանրությանն է ուղղված։ Իմ կարծիքով, քանի որ նա նախընտրական պայքարի մեջ է մտել բոլորից մի ոտ շուտ, նա ուզում է ընդամենը էն մարդկանց, էն փոքր խմբին, որին հաջողվում է հիմարի տեղ դնել և պահել իր կողքը, այ էդ կարծրացած մասին պահել։  Հայաստանում չկա բանակցային փաստաթուղթ, մինչ Նիկոլը բանակցած, որի մասին համացանցում չկա, ու հանրությունը տեղյակ չէ։ Կրկնում եմ՝ մինչև 2018 թվականը բանակցած բոլոր փաստաթղթերի մասին հանրությունը գիտի, հրապարակված են։ Բայց դուք չեք կարող  իմանալ, թե Նիկոլը ինչ է բանակցում, որովհետև այ դրա մասին բան չկա․ կա երկու թուղթ ընդամենը, որոնք էլ բանակցությունների հետևանքն են՝ նոյեմբերի 9-ի հանձնումների թուղթը և հոկտեմբերի 5-ի Պրահայի հանձնումները, որով Ադրբեջանի կազմում ճանաչեց Արցախը։ Դուք կարող եք համացանցում փնտրել ու կիմանաք թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցությունները, թե՛ Ռոբերտ Քոչարյանինը, թե՛ Սերժ Սարգսյանինը և էդ փաստաթղթերից ոչ մեկում չեք գտնի այն, ինչ գրել է Նիկոլը։ Բայց մի հարց տամ գրառման հեղինակին․ ասենք թե Հայաստանի նախագահները բանակցել են հանձնելու շուրջ ու ձեզ խաբել են․ բա միջնորդ երկրները ի՞նչ էին անում, բա Ալիևը ի՞նչ էր անում։ Էն, որ Քի-վեսթում, 2000-րի սկբներին, որ Հեյդարն ու Քոչարյանը հանդիպում էին, ԱՄՆ միջնորդությամբ, ի՞նչ է, Քոչարյանը հանձնում էր Արցախը, Հեյդարը մի օր մտածեց, ասեց՝ - նյե՞տ, հետո էլ դե տղեն դառավ նախագահ ու ասեց, ո՛չ, չեմ վերցնում՞։ Բա էդ Մադրիդյան սկզբունքները որ գրում էին, բանակցում էին, ձևակա՞ն էին բոլոր երկրները հավաքվում։ Ալիևը իմիտացիա՞ էր անում, տալիս էին, չէր վերցնո՞ւմ։

Իր գլխավոր սխալը համարում է հետևյալը՝ 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, այդ մասին չի պարզաբանել ժողովրդին։ Մի աբսուրդ էլ էդ ա։ Նախ չեմ կարծում, թե նա բանակցություններին ծանոթացել է 2018 թվականին։ Նա Ազգային ժողովի պատգամավոր էր ու հնարավորություն ուներ ծանոթանալու բանակցություններին․ էդ հիմա են պատգամավորներին արգելում ծանոթանալ․ էն ժամանակ չէին արգելում․ դու կարողացել ես ծանոթանալ ու չես ասել՝ ժողովուրդ, խաբում են, հանձնում են և այլն։ Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ քո դժգոհությունն այն էր, թե՝ ինչու է Սերժ Սարգսյանը խոսում փոխզիջումներից, պետք է չխոսի, եթե Ալիևը չի խոսում։ Դու դատապարտում էիր փոխզիջումը, հիմա ասում էս բանակցում էին, որ հանձնեին։

Ասենք թե 2018 թվականին ծանոթացար․ հիշեցնեմ, 2018 թվականին դու խոշորացույցով ման էիր գալիս, որ նախկինների դեմ մի վատ բան գտնես ու վարկաբեկես, սևացնես, էդ կարևոր՝ Հայաստանի անկախությունից ի վեր ամենակարևոր հարցի շուրջ նման սկանդալ ես գտել ու բան չես ասե՞լ, ընդհակառակը, ամեն օր խոսել ես ինքնորոշման մասին։

Ընդ որում, դու իմացել ես, որ ըստ քեզ, բանակցել են Արցախը հանձնելու մասին, բայց դու պատերազմ ես հրահրել՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ ու 5 հազար զոհ ես տվել։ Եթե ընդունենք, որ իր ասածն է, նախկինները բանակցում էին հանձնելու շուրջ, ստացվում է՝ 2018թ․ եկավ, ծանոթացավ բանակցային ամբողջ փաստաթղթերին ու որոշեց, որ ինքը դիվանագիտության ու ռազմական գործի ամենաուժեղ մասնագետն է, որ կկարողանա դիվանագիտությամբ, եթե ոչ՝ ռազմական գործողություններով «դավադիր» և «պսևդո հայրենասեր» նախկինների վարած քաղաքական գիծը հետ պտտել։ Բերեց զրոյական կետի, որ իր զրոյական կետից լուծի՝ դիվանագիտությամբ հաղթի ու պատերազմ կրի,  բայց գցեց ոտքին։ 

Լավ, ասենք թե 2018-ին իմացել ես, որ բանակցում էին հանձնեու շուրջ, որտեղ նստել կանգնել ես, ասել ես, թե՝ ինքնորոշումը պետք է ճանաչվի, մենք էլ էնքան ուժեղ ենք, որ Ադրբեջանը մռութին կուտի, ես բանակցում եմ, եթե չստացվեց, ուրիշ բան կբանակցեմ․ հարցրել են ինչ ես բանակցում, ասել ես՝ ինչ պետք է, էն էլ բանակցում եմ։ Իրականությունը չես ասել, նախկինների բանակցություններից չես ասել, պատերազմից հետո՝ 2021 թվականի ընտրություններում, ի՞նչ ես ասել․ ասել ես ինձ ընտրեք, որ Շուշին ու Հադրութը հետ բերեմ։ Այսինքն՝ 2018 թվականին իմացել ես, որ 1994 թվականից բանակցում են Արցախը հանձնելու շուրջ ու ասել ես ինձ ընտրեք Շուշին հետ բերե՞մ։

Նիկոլն իր սեփական կետով մի բան է կարողացել անել ընդամենը՝ 2020թ․ հուլիսին Տավուշում մեկ դիրք առաջ տալ դեպի չեզոք գոտի ու մի քանի միլիոն դրամի մեդալ տպել դրա առիթով։ 2018 թվականին շատերս էինք պնդում, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու․ իր գրքում էլ էր դա գրում, որ պետք է հանձնել։ Ըստ երևույթին, եկել-տեսել ես, որ էդ բանակցային թղթերով հանձնելը անհնար է, դրանք դրել ես մի կողմ ու բանակցել ես քո սեփական, այսինքն՝ հանձնելու կետից։ Էն որ ասում էիր Արցախը Հայաստան է և վերջ, էդ ժամանակ ծանոթացել էիր չէ՞, փաստթղթերին բանակցային ու գիտեիր, որ էնքան լավ են դիրքերը, որ Արցախը անհնար է Ադրբեջանի կազմ գնա։ Մի հատ հիշեք ձեր խոսքերը 2018-ից սկսած՝ Ալենն ու Պապիկանն ասում էին Աղդամը մեր հայրենիքն է․ Տոնոյան Դավիթն ասում էր՝ նոր պատերազմ նոր տարածքներ, Նիկոլն ասում էր՝ Լավրովը պտի հաշվի նստի նոր իրողությունների հետ, Արայիկի ինաուգուրացիայի ժամանակ Շուշիում զուռնա-դհոլի տա պարում էիք, Շուշիից իջնում էիր Ստեփանակերտ ու գոռում Արցախը Հայաստան է և վերջ։ Պատերազմի ժամանակ սաղ օրը դուք էիք տարածում, թե հաղթում ենք, անգամ թշնամու՝ Շուշի մտնելուց հետո, Աննան բունկերներում բարոյական աջակցություններ էր իրականացնում: Էդ սաղ արեցիք, պրավալ տվեցիք ու հիմա, թե՝ դե էն գլխից հանձնած է՞ր։

Նիկոլը խոսում է նրանից, թե՝ ներքաղաքական շահերից ելնելով այլ բան են ասել բանակցությունների մասին։ Նախ կրկնում եմ՝ բանակցային փաստաթղթերը բոլոր հասանելի են, բայց հիմա արդյո՞ք դու  ինքդ չես ներքաղաքական քո շահերից ելնելով ֆռացնում ու ստում։ Քո ներքաղաքական հաշվարկների համար չէ՞ր, որ ասում էիր երկու ամսից գերիներին կբերեմ, Շուշի հետ կբերեմ։ Քո ներքաղաքական հաշվարկներից ելնելով չէ՞ր, որ Արցախը հանձնե ես ու 20 հատ տարբեր թվականներ ես ասում, թե այսինչ թվին են հանձնել։

Ըստ Նիկոլի, 1994-2018 թվականը, այսսինքն 24 տարի բանակցել են, բայց չեն կարողացել Արցախը վերադարձնել Ադրբեջաբնի կազմ, Ադրբեջանը չի վերցրել կամ էլ վատ են բանակցել, չեն կարողացել հանձնել, իսկ ինքը էնքան ուժեղ էր, որ 2 տարում հանձնեց այն, ինչ նրանք 24 տարի չէին կարողանում։ Նախկիններին ասում էիր ոչ մի թիզական, հիմա ասում ես հանձնում էին, իսկ դու որ գրում էիր պետք է հանձնել, պահողն էի՞ր։

Ու զավեշտ է, որ Արցախի պահելը, զարգացնելը, կայացնելը Փաշինյանը համարում է ներքաղաքական խնդիրներ․ պահել են, Նիկոլ, թող դու էլ ներքաղաքական խնդիրներ լուծեիր ու պահեիր։ Թող 2020 թվականի պարտությունից հետո գնայիր, գար Քոչարյանը, էլի ներքաղաքական խնդիրներ լուծելու համար Արցախը հետ բերեր ու պահեր։

Կարճ ասած՝ որքան էլ սաղ խառնես իրար ու թվականներ նշես, մեկ է՝ իրականությունն այն է, որ մինչև քո իշխանությունն Արցախը մերն էր, հազար տարիներ հայաբնակ էր, անկախության միջազգային ճանաչման ճանապարհին էր․ քո գալուց հետո ամեն ինչ փոխվեց, ու հիմա այնտեղ թուրքերն են։ Հիմա քանի հատ էլ գրառում անես, լայվ մտնես, ինչ ելույթ էլ ունենաս, մեկ է՝ իրականությունը դրանից չի փոխվում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ