Նախորդ չորեքշաբթի կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի տված իրարամերժ պատասխանները իրար կողք դրեցի ու զարմացա դրանց առատությունից։ Այսօր էլի չորեքշաբթի է, էլի խոսել է, բայց հավատացեք, որ այս մարդը կատարելագործվում է ելույթից ելույթ։ Նրա մտքերը այսօր ևս մեկը մյուսին հակասում էին, նաև՝ նախկին ելույթների հետ էին խորը հակասության մեջ։ Անկախ էն բանից, թե ինչի մասին է խոսում, անվստահելի է այդ խոսքը։ Այսօր Սփյուռքից եկած մեր հայրենակիցները բացառիկ հնարավորություն ունեցան ստերը լսելու անձամբ, առաջին ձեռքից, կենդանի խոսքով։
Նախ կարճ այդ միջոցառման մասին, որի անունը դրել են Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողով։ Էդպես էլ չհասկացա դա ինչ է, ինչով էր համահայկական, ինչով էր համաշխարհային, ում էին հրավիրել, ովքեր էին եկել։ Անհասկանալի է։ Նախորդ տարի անցկացրեցին առաջինը ու իմացանք, որ բազմաթիվ սփյուռքահայերի՝ թե անհատ, թե կազմակերպություն, ականավոր դեմքերի հրավիրել են, մերժել են, չեն եկել։ Ինչևէ, դա մեկ ուրիշ առիթով, այժմ թեման այդ մասին չէ։
Անդրադառնամ այսպես ասած՝ գլխավոր ելույթ ունեցողի մտքերին․ նույն ելույթի ընթացքում հարցերից մեկին ի պատասխան ասում է, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանում մեզ, դրա համար անվտանգային համակարգեր ենք ման գալիս։ Մեկ այլ հարցի ի պատասխան ասում է, թե՝ մենք անվտանգության վերաբերյալ հույսը մենակ մեզ վրա պետք է դնենք։ Մեկ ասում է՝ փնտրում ենք անվտանգության երաշխիքներ, մեկ ասում է՝ մենք ենք երաշխիքը, հետո ասում է՝ այլ երկրների հետ ենք փորձում աշխատել, հետո ասում է՝ աշխարհում չկա երկիր, որն ի վիճակի է ապահովել ՀՀ-ի անվտանգությունը ու աշխարհում չկա մի երկիր, որ կարող է իր անվտանգությունը պահել։ Բոլոր իշխանությունների թիվ 1 պարտականությունն է անվտանգության ապահովումը․ հիմա սա հավաքել է հայերի Հայաստանից ու Սփյուռքից ու նրանց ասում է, որ ինքը 6 տարի իշխանություն է, ու չունի անվտանգային բանաձև, 6 տարի չի կատարել իր՝ որպես իշխանություն գլխավոր պարտավորությունը։
Ասում է՝ Հայաստանի 29․743 քառակուսի կիլոմետրը մեզ համար կարմիր գիծ է․ բայց հետո ասում է՝ մենք ունենք 200 քառակուսի կիլոմետրից ավելի օկուպացված տարածք, բայց մենք դրանք ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չենք դրել․ բայց էդ կետն էլ չգիտենք խաղաղության պայմանագրում կա թե չէ, որովհետև բոլոր կետերը չէ, որ պետք է լինեն այդ պայմանագրում։ Անգամ գերիների վերաբերյալ կետը այդ պայմանագրում չկա, քանի որ ասում է՝ այդ պայմանագրում հո ամեն ինչ չե՞ն գրի։ Այսինքն՝ գերիներն այդ մարդու համար սովորական են և կարելի է նաև հատուկ չանդրադառնալ։ Բայց նաև չկա վստահություն, որ Ադրբեջանը կվերադարձնի։ Որ գերիների մասին կետ կար գրված նոյեմբերի 9-ի թղթում, Ալիևը չկատարեց, հիմա չգրեցիք, կատարելու է՞ չգրված բանը։
Անվտանգության ոլորտից մեկ այլ աբսուրդ էլ զենքի ձեռքբերման հարցն է․ Նիկոլն ասում է՝ ամենատարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում ու ըստ էության` պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում։ Կողքից ԱԽ քարտուղարն ասում է՝ Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք ՌԴ-ի հետ, այսօր այդ թիվը 96-ից իջել է 10 տոկոսից էլ ցածրի: Դրանից ուրախանում է։ Ես չգիտեմ՝ դրանից ուրախանամ, թե չէ, որովհետև էդ 96 տոկոսը եթե իջել է 10 տոկոսի, մտավախություն ունեմ, որ նաև 90 տոկոսով պակասել է զենքի ձեռք բերման ինտենսիվությունը։ Մենք այսքան ժամանակ միայն լսել ենք, որ Հնդկաստանից զենք են ձեռք բերում, բայց խոսակցությունների մակարդակից չի անցել, լսել ենք, որ Ֆրանսիայից զենք են ձեռք բերում, բայց Հայաստան չի հասել։ Սրանք զենքը Հայաստան հասցնելու լոգիստիկ խնդիրներ ունեն։ Այսինքն, ըստ էության, ոչ միայն ՌԴ-ից ես դադարեցրել զենքի ձեռք բերումը, այլ ընդհանրապես զենք գնելն ես դադարեցրել, չնչին բացառություններով։
Խաղաղության պայմանագրի մասին․ ասում է ես Ադրբեջանին ասում եմ, որ եկեք որ կետը համաձայնեցրել ենք, ստորագրենք։ Մեկ տարի առաջ՝ 2023թ․ մարտ ամսին տված ասուլիսում, հայտարարում է՝ հո էսի բան չէ, որ կետ-կետ ստորագրենք, քանի ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ․ քանի մինչև վերջին ստորակետը համաձայնեցված չէ, չենք ստորագրելու։
Նիոլ Փաշինյանի բաժակի ընկեր քաղաքական ուժերը քննարկում էին անում ԱԺ-ում Եվրամիությանն անդամության հայտ ներկայացնելու մասով։ Նիկոլն ասաց, թե մեր օրակարգում նման հարց չկա։ Այսօր ասում է՝ հենց տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու մի քիչ շանս կա, այդ պահը հաստատ բաց չենք թողնի։ Այսինքն՝ սրանք, որ արևմուտքի ցուցումով, պահանջով կամ խոստումներով հարաբերությունները փչացրել են դաշնակցի հետ, հիմա ասում են, որ մեզ ոչ մեկ պատրաստ չէ ընդունել Եվրամիությունում, հենց պատրաստ լինեն, կգնանք։
Այս օրերին Հայաստանում շատերն են պահանջ ներկայացնում Փաշինյանին չմասնակցել Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, բազմաթիվ պետություններից էլ տարբեր քաղաքական, հասարակական, փորձագիտական դեմքեր պահանջում են չեղարկել Բաքվում անցկացնելը։ Փաշինյանը հայտարարում է՝ դեռ որոշում չունեմ՝ կմասնակցեմ թե չէ։ Բայց մի կարևոր բան չի ասում, ըստ էության՝ շատերն էլ մոռացել են․ այդ գագաթնաժողովը ընդունելու հայտ էին ներկայացրել Հայաստանն ու Ադրբեջանը․ հօգուտ Ադրբեջանի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մեր հայտից, ու այդ պատճառով է անցկացվում Բաքվում։ Աշխարհի տարբեր երկրներից Հայաստանի բարեկամ դեմքեր պահանջում են չեղարկել մի միջոցառում, որը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ տեղի է ունենում Բաքվում։ Ու նա էլ դեռ մտածում է մասնակցել, թե չէ։ Ի՞նչ տարբերություն արդեն՝ կմասնակցես, թե ոչ։
Մյուս աբսուրդը․ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չեմ բացառում, որ Հայաստանը գազ կգնի Ադրբեջանից խաղաղության հաստատման դեպքում: Ժողովուրդ ջան, սա աբսուրդի ժանրից է։ Քանի որ այս մարդիկ բացարձակ հեռու են պետության կառավարումից, ինչպես տեսնում ենք 6 տարի է, ըստ երևույն չգիտեն նաև, թե էդ գազը ոնց է գալիս։ Ըստ երևույթին, Փաշինյանը մտածում է, որ Ալիևը Բաքվից վինտիլը բացելու է, աննա Հակոբյանը կառավարության դաչայում լոբին էդ գազի վրա եփի։ Եթե կարծում եք, որ դուք կարող եք էդ Ադրբեջանի գազը Հայաստանում տարածել Ռուսական խողովակաշարով կամ իրանականով, չարաչար սխալվում եք։ Գազ բերելը նշանակում է միլիարդավոր դոլարների ծախսեր։ Երբ ձեր տանը ռոստելեկոմի ինտեռնետը ուզում եք փոխել Յուքոմով, օրինակ, ի՞ նչ եք անում, զանգում եք, միացնում ե՞ն, թե գալիս են իրենց գիծն են փռում։ Ու հիմա հարց՝ մի կառավարություն, որ մեկ փողոց ասֆալտելու համար միջազգային բանկից վարկ է վերցնում, էդ կառավարությունը 29․743 քառակուսի կիլոմետր երկրում գազ է քաշելո՞ւ։
Հաջորդը՝ Հազար անգամ Ադրբեջանն ու Թուրքիան խոսել են Հայաստանի ատոմակայանի փակման մասին, պահանջներ դրել, Թուրքիան անգամ ՄԱԳԱՏԷ է դիմել։ Ու հիմա Նիկոլը ընդառաջ է գնում և ասում՝ պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը շրջակա երկրների համար որևէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք։ Այսինքն՝ ասում է՝ հենց ատոմակայան կառուցողները լինեն, փողը լինի, ձեր պահանջը կկատարեմ։
Իհարկե, նաև ներքին կյանքի վերաբերյալ գնահատականներն էին հակասական, միայն ու միայն կենացներ՝ առանց լուրջ հիմքի։ Ասում է՝ մարդու երջանկության համար էլ կարևոր են խաղաղությունը, բարեկեցությունը, նաև հոգևոր կյանքը։ 6 տարի երկրի ղեկավար ես, ո՞ր մեկով ես ապահովել, խաղաղությա՞մբ, բարեկեցի՞կ է ժողովուրդը, թե՞ հոգևորչ կյանքն է փայլում։
Մյուս աբսուրդները մի կողմ դնելով՝ վերջում անդրադառնամ այսպես կոչված հայրենասիրությանը։ Ասում է, որ իր ամենամեծ պրոբլեմը հայրենասիրությունն է․ ես կխմբագրեի՝ հայրենասիրության բացակայությունը։ Միայն այն, որ դու 40 հազար քառակուսի կիլոմետրից ավել երկրից թողել ես 29․743 կիլոմետր, քո հայրենասիրության մասին շատ բան է ասում։ Չէ, կներեք, 29,543 քառակուսի կիլոմետր, 200 քառակուսի կիլոմետրից ավելի էլ ես վարի տվել։ Իսկ եթե իսկապես քեզ համարում ես հայրենասեր, ապա բացատրի, այդ դեպքում ո՞րն է քո հայրենիքը, Հայաստա՞նը, թե՞ հարևան երկու պետություններից որևէ մեկը։ Հայրենասեր ղեկավարը հազարավոր զոհեր կտա միայն այն պատճառով, որ իրեն չասե՞ն դավաճան։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, քո երկիրը ղեկավարում ա մարդ, որը մի կոնֆերանսում իրար հակասող հարյուր միտք է՝ հայտնում։ Երկիրը ղեկավարում է մարդ, որը գիտի միայն խոսել, ասել կենացներ, ուրիշ ոչ մի բան։ Իսկ կենացը միայն ցանկությունների ժողովածու են։ Դուք կենացներ եք լսում արդեն 6 տարի։ Բայց եթե կենացների իրականացում են մաղթում, Փաշինյանի պարագայում չգիտես որը պետք է իրականություն դառնա, քանի որ մեկը մյուսին խիստ հակադիր է։ Ու իրականանում է սովորաբար վատագույնը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը