28 06 2024

«Կարճ ասած»․ Շուրջ 3 մլն դոլար․ ամեն օր այսքան պարտք է վերցնում կառավարությունը 



 

236 մլն եվրո․ սա այն գումարն է, որը կառավարությունը վերջին նիստում որոշեց պարտք վերցնել 24 կիլոմետր ճանապարհ, մի քանի թունել-կամուրջ կառուցելու համար։ Հայաստանի պարտքը հասնում է աննախադեպ ու ռեկորդային թվին՝ 13 մլրդ դոլարի, որից մոտ 7 մլրդը արել է Նիկոլ Փաշինյանի կառավարույունը։

Կառավարության երեկվա մեկ այլ որոշում էլ կարդամ․ որոշեց, որ Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ի ջրհեղեղի պատճառով աղետի գոտի դարձած շրջաններում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների վարկի մարման ժամկետը երկարաձգի, տոկոսադրույքն էլ լրացուցիչ ժամանակ սահմանի։ Այսինքն, մարդիկ վերցրել են վարկ, որ գործ անեն, հեղեղը քշել է, հիմա կառավարությունը ոչ թե վարկը ջրում է, այլ ասում է՝ մի տարի կերկարաձգեմ, մի տարի հետո վճարի։

Նորմալ երկրներում որ վարկ եք վերցնում, կա ֆորս մաժոր հասկացությունը․ իսկ աղետը հենց ֆորս մաժորն է, պետք է էդ վարկը ջրեն, պետությունը վերցնի իր վրա։ Մեր կառավարությունը չի չեղարկում, բայց զուգահեռ վերցնում է բազմամիլիոնանոց վարկ, որը նաև հենց էդ ջրհեղեղից տուժած անձանց հաշվին է։ Կառավարության նախորդ նիստում էին 70 քանի միլիոն եվրո վարկ վերցրել, հիմա էլ, դեռ նախորդը չհաստատված, նորն է վերցնում։

Ժողովուրդ ջան, կարծում եմ, որ պետք է այս պարտքերին մեծ ուշադրություն դարձնեք, քանի որ դրանք ձեր հաշվին են, ձեր անունից են, ձեր միջոցներով է փակելու։ Հարևանս ասում է՝ Սևակ ջան, իմ թոշակից մի անգամ էլ խոսա, որ դա խոստացավ բարձրացնել ու չբարձրացրեց։ Խոսում եմ՝ քո թոշակը ոչ միայն չի բարձրացնի, այլև քո անունով արդեն վարկ է վերցրել, պարտքը շատացրել ու էդ փողը ծախսել այնպես, որ ոչ մի բարիք չես ստացել դրանից ու չես էլ ստանա։ Որովհետև ոստիկանությանը բաժանած պարգևավճարից ու ՔՊ-ականի առած հերթական տնից քեզ ոչ մի օգուտ չկա։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարտքն ավելացրել է 7 մլրդ դոլարով, այսինքն, Հայաստանի 2,5 մլն բնակչության հաշվով, յուրաքանչյուրիդ հաշվին ավելացրել 2800 դոլար։ 5 հոգանոց ընտանիքի հաշվով 14 հազար դոլար։ Փաշինյանը իշխանության է 6 տարի, մոտ 2200 օր, իր վերցրած գումարը բաժանում ենք իր պաշտոնավարման օրերին, ստացվում է, որ ամեն օր էդ մարդը 3 մլն դոլարից ավելի պարտք է վերցնում։ Ամեն օր։ Մենակ երեկ կառավարության նիստում արդեն առաջիկա 78 օրվա տեղը լրացրել է՝ 236 մլն դոլարի համաձայնություն տալով։ Նա ձեզ 10 դրամի օգուտ չի տալիս, բայց օրը 3 մլն դոլարից շատ վերցնում է։

Ժողովուրդ ջան, կրկնում եմ, դա յուրաքանչյուրիս հաշվին է, անկախ նրա նկատմամբ մեր դիրքորոշումից ու վերաբերմունքից․ ինչպե՞ս է յուրաքնաչյուրիս հաշվին․ կառավարությունն ասում է բյուջեն աննախադեպ աճել է, կրկնակի է 2018 թվականի համեմատ։ Բայց մի կարևոր բան չի ասում՝ էդ կրկնապատկված բյուջեի մի ահռելի մաս հատկացնում է վերցրած պարտքի տոկոսներին ու սպասարկմանը։ Դրա համար էլ քեզ այս տարի թոշակ չի բարձրացնում, նպաստ չի բարձրացնում, նվազագույն աշխատավարձ չի բարձրացնում, քեզ վրա խնայում է, քո կյանքը ծանրացնում է՝ կարմիր գծեր թանկացնելով, գույքահարկ թանկացնելով, նոր տուգանքներ սահմանելով, ամեն ինչի համար տուգանելով, որ քո գրպանից քերեն տանեն ու վճարեն։ Որովհետև իրենք իրենց գոտիները ձգելու սովորություն չունեն էս 6 տարի է, չնայած որ ձգած գոտիներով են եկել։ Հարևան ջան, այ սրա համար չեն բարձրացնում թոշակդ։ Վերցրել են, պարգևավճար են բաժանել, իրենց աշխատավարձ են ճոխ-ճոխ տվել, տներ են առել, ու դուք պետք է փակեք։ Կրկնում եմ՝ ամեն մեկիդ հաշվով 2800 դոլարի սրանք պարտք են ավելացրել։

Արտաքին պարտք են վերցնում, որ բյուջեի ճեղքվածքը փակեն ու օրինակ պարտք վերցրած փողից, կողքից նայողի ու ուսումնասիրողի անաչառ գնահատմամբ, անիմաստ ծախսեր անում։

2140 հոգին երկու միջին գյուղի բնակչության չափ է։ 2140 հոգու հաշվով արտաքին պարտք է վերցրել իշխանությունը ու տվել է օրինակ մի արտասահմանցի երգչի, որ գա Հայաստան երգի։ Պայմանական եմ ասում, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի, ուր ապրում է 15 մարդ, Տավուշի մարզի Դովեղ գյուղի, ուր ապրում է մի 500 մարդ ու էլի մի երկու գյուղի ամբողջ բնակչության հաշվին 2800-ական դոլարներ են պարտք գրել-տվել ու ուղղել այդ երգչին։ Օրինակ՝ Վայոց ձորի մարզի Ախտա, Աղնջաձոր, Արատես, Արին և այլ 6 գյուղերի բնակիչների հաշվով պարտք են գրել, որ մի տարի Երևանում դնեն ճոխ տոնածառ ու նշեն նոր տարի։

Արենի, Վահան, Կութ, Վերին շորժա, և ևս 7-8 գյուղի բոլոր բնակիչների անվան դիմաց դուրս են գրել 12 մլն դոլար, որ պարեկների համար ավտո առնեն։ 3 քաղաքի՝ Սիսիան, Արթիկ, Աշտարակ քաղաքների բոլոր բնակիչների թվով, օրինակ, 2800 դոլար գումար է հաշվառվել, որ Նիկոլ Փաշինյանը Սու СУ-30  գնի ու ոչ մեկին պետք չգա։ Հայաստանում կա 900-ից ավելի համայնք, ամեն համայնքաի ժողովրդի հաշվին գումար է դուրս գրվել, պարտք է արվել, որ մի անգամ նոր տարի նշեն, մի անգամ Քննչական կոմիտեի շենքը սարքեն, մի անգամ՝ հակակոռուպցիոնը ավտոներ առնի, ՔՊ-ականները աշխարհ գնան տեսնեն ու այդպես շարունակ։ Այնինչ եթե էդ գումարները դրվեին ձեր գյուղերի ու քաղաքների վրա, հիմա ծաղկել էին։

Գնացել էի Կոտայքի մարզի Ֆանտան գյուղ․ բազմաթիվ մարդիկ ապրում էին անմխիթար պայմաններում, լիքը բլբլած տներ, որոնցում ապրում են․ բայց էդ տների բոլոր բնակիչների հաշվին 2800-ական դոլար պարտք է դուրս գրվել, որ կառավարական դաչան վերանորոգեն, որ Փաշինյանն ապրի այնտեղ եկած-չեկած։ Ձեր տունը վերանորոգված չէ, բայց դուք վերանորոգել եք Նիկոլի ամառանոցը։ ճոճկան գյուղի բնակիչների հաշվին պարտք են կուտակել ու լուծել են էս մի հարցը, Գավառ քաղաքի բնակչության անունով՝ մյուս հարցը, վանաձորցիների անունից ուրիշ նվեր են արել կառավարությանը, Արգավանդի բնակիչների հաշվին, օրինակ պարգևավճար տվել ոստիկաններին ու այսպես շարունակ։

Երեխա է ծնվում, կառավարությունը 300 հազար դրամ տալիս է ծննդյան նպաստ, բայց էդ երեխեն արդեն 2800 դոլար պարտքի տակ է ծնվում։ 

Պապիկյան Սուրենը տուն է առել, ասենք արժե 170 հազար դոլար․ դա առել է իր՝ պաշտոնյայի աշխատավարձով, իսկ աշխատավարձը վճարելու համար կառավարությունը վերցնում է արտաքին պարտք։ Այսինքն՝ դուք, հարգելի քաղաքացիներ, ձեզանից 60 հոգի մարդա 2800 դոլար գցվել եք, որ Պապիկյանը տուն առնի։ Ես չգիտեմ էդ 60 հոգիդ տուն ունեք թե չէ, վերանորոգված է, թե չէ, բայց դուք առել վերանորոգել եք Պապիկյանի տունը։ Ո՛չ վարկի վերահսկողությունից ենք տեղյակ, ո՛չ աուդիտից, ոնց ուզում ծախսում են։

2018-ին որ եկան իշխանության, կրպակների պարտքերի տետրերում անունները գրած էր, դե հիմա նայեք ինչ են դարձել։

Բա էն երկնիշ տնտեսական աճը, որ դուք ձեր մաշկի վրա չեք զգում, պատճառն էն է, որ էս իշխանություը, էս կառավարությունը ի վիճակի չէ բարիք ստեղծել հա՛մ ձեզ համար, հա՛մ իր համար միաժամանակ․ դրա համար էլ այդ բարիքները միայն իր համար են։ Ժողովուրդ ջան, տնտեսագիտական ու քաղաքագիտական գնահատականներից դուրս, պետական պարտքի՝ մեր մաշկի վրա ազդեցությունը սա է։

Կարճ ասած՝ Դու քո պարսպորտով գնում ես վարկ վերցնելու, քեզ չեն տալիս, բայց ձեր սաղի պասպորտով Նիկոլին արդեն 7 միլիարդ տվել են՝ քո հաշվին։ Հաշվեք՝ մի «քցողի» եք հանդիպել, որ ձեր անունով վարկ է վերցրել ու թռել։ Այ նույն կերպ ձեր վարչապետը ձեր անունով վարկ է վերցրել ու վերցնում ամեն օր՝ 3 մլն դոլար, ձեզ գցում է պարտքի տակ․ վաղը-մյուս օրը նա էլ է թռնելու, բայց դու իր էսօրվա վայելքների համար հատուցելու ես։ Փողը դուք եք տալու։ Որովհետև նա սաղ գիտակցական կյանքն ապրել է հենց ձեր հաշվին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ