12 01 2024

«Կարճ ասած»․ Հանձնել պատերազմո՞վ, թե՞ դավաճանությամբ․ Փաշինյանի ընտրությունը



 

Անցել է երկու օր Ադրբեջանի նախագահի վտանգավոր, Հայաստանին սպառնացող, ծաղրող, մեզ վիրվորող ելույթից։ Թշնամի պետության ղեկավարի՝ հեռուստատեսությամբ հարցազրույցը տեքստային վերծանմամբ 37 էջ էր, որից 30-ը Հայաստանի մասին էր։ Վստահ եմ, շատերը չեն կարդացել ամբողջությամբ, դժվար էլ դիտած լինեն․ իրենց լեզվով է, բայց համացանցում հաստատ ռուսերեն գոնե թարգմանությամբ կգտնեք, խորհուրդ եմ տալիս ընթերցել, որքան էլ տհաճ լինի։ Խորհուրդ եմ տալիս, հատկապես նրանց, որոնք որևէ կերպ դեռ արդարացնում են Փաշինյանի արած ու չարածները, մի հատ նայեք, էլի, որ չշարունակեք մոլորության մեջ ապրել և դադարեք վարդագույն ակնոցների միջից ընկալել իրականությունը, որը ցավոք, վարդագույն չէ և չի էլ սպասվում։ Ու այս ֆոնին, մեր, այպես ասած պետական մարմիններից որևէ արձագանք, հակադարձում․․․ Որը գալիս է ապացուցելու, որ ասելիք չունեն էլ։ Ոչ մի արձագանք, ոչ մի պատասխան, ոչ մի հակադարձում՝ ո՛չ ԱԳՆ, ո՛չ ՊՆ, ո՛չ ԱԽ քարտուղար, ո՛չ պատգամավոր, ո՛չ վարչապետ․ հատկապես իրենց, ցավոք մեր իշխանություններին առավելապես է վերաբերում․ ոչ մեկը չարձագանքեց։ Ալիևին պատասխանելու գործը պետության փոխարեն անում էին ոչ իշխանական դաշտից մի քանի անձինք։ Պատկերացրեք, դա էլ բավականին սակավ էր, քան պետք է որ լիներ։

Լավ․․․ Իսկ, ինչո՞վ էր զբաղված իշխանությունը այս ընթացքում։ Հարցազրույցի հաջորդ առավոտյան կառավարության նիստ էր, ու կարծես բան չի էլ եղել, քննարկում էին՝ երթևեկության տուգանքները քաղաքացիներին թղթով ուղարկեն, թե էլեկտրոնային փոստով։ Նիկոլի սանիկին նշանակում էին Արմավիրի մարզպետ, երևի ԽԾԲ համակարգը «ոչնչացնելու» ծրագրի շրջանակներում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, էն որ ֆեյք լուրեր տարածելու չեմպիոն է, ձմեռային խաղերի կոմիտեի նիստ էր անում։ Հայաստանը համահայկական ողբերգության մեջ է, երկիրը կռախի առաջ, սա համահայկական խաղեր է տալիս։ Ազգային ժողովը քննարկում էր վաստակավոր կոչումներ տալ-չտալու հարցը։ Հայաստանի պաշտպանությանն է կպել Ալիևը, մեր ԱԺ պաշտպանության հանձնաժողովը քննարկում էր օրինագիծ, որ մարդիկ փող մուծեն, ու իրենց տղաներն ազատվեն բանակից։ Արտաքին գործերի նախարարն ընդհանրապես բան չի արել էս օրերին, հրապարակային որ՝ զրո։ Բայց էս սաղ սաստավը, երեկ երեկոյան հավաքվել-նստել է ՔՊ գրասենյակում դրված տոնածառի տակ ու քննարկել գաղափարական բնույթի հարցեր։ Սրանք Ալիևին պատասխանել են իրենց գրասենյակից թարմ լուսանկարներով, նա 30 էջ խոսել է, թե էլ ինչ ախորժակներ ունի մեր մասով, սրանք 50 հատ նկար են հրապարակել, թե տես՝ իշխանական «էլիտան» «նստած տոնածառի տակ, նկարում է նապաստակ»։ Էդ քննարկման լուսանկարներն շատ խնդալու էին, տեսնել է պետք․ Փաշինյանի աջ թևի տակ նստել է նախկին հանրապետական Գևորգ Պապոյանը, ձախ թևի տակ նստել է նախկին ԲՀԿ-ական Վահանգն Ալեքսանյանը, դիմացը նստել էին մի քանի կուսակցության, այդ թվում՝ Նիկոլի պարտնյոր «Լուսավոր Հայաստանին» անդամակցած  Հայկ Կոնջորյանը, նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը ու ․․․քննարկել են ՔՊ գաղափարական հարցերը։

ՔՊ-ն։

Գաղափարական հարցեր։

Պետությունը վարի է տվել, սա տարբեր կուսակցություններում կոնկուրսից դուրս մնացած մարդկանցով ուզում է իր խմբակը սարքել գաղափարական կուսակցություն։

Ժողովուրդ ջան խնդալու է, իսկ իրականում, արդեն էլ խնդալու էլ չէ։  

Հիշեցնեմ՝ Ալիևն ասել է՝ էն որ 2021 թվականի մայիսի 12-ին մտել եմ Հայաստան ու տարածքներ եմ գրավել առանց մեկ փամփուշտ կրակելու, էն որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին մտել եմ Հայաստան ու օկուպացրել եմ, զորքերս մնալու են էնտեղ, տանելու ուրիշ տեղ չունեմ։ Ալիևն ասել է՝ խաղաղության պայմանագիր Փաշինյանի հետ կկնքի, միայն եթե Զանգեզուրի միջանցքը տա, ու էդ պայմանագիրն էլ պետք է կնքվի առանց երաշխավորի, ու պետք է չհսկվի Հայաստանի տարածքում իմ տեղաշարժը, ինչ ուզեմ՝ տեղափոխեմ առանց հսկողության։ Դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի խոսնակը ասել էր, թե Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Ալիևն ասում է ոչ, խոսել ենք միայն Հայաստանից տրվող անկլավների մասին։ Դա էլ ա, իհարկե, խաղաղության պայմանագրի մեջ, բայց սրանք քննարկում են միայն այն, ինչը Ալիևին է պետք։ Ասում է՝ հաջորդ հանդիպմանը էլի քննարկելու ենք միայն անկլավների հարցը։ Այսինքն՝ գերի, պատանդ, օկուպացված տարածքներից հետ քաշվել, էլի ու էլի մեզ հետաքրքրող հարցերից չեն խոսել, խոսել են միայն Ալիևին հետաքրքրողը։

Լավ, Նիկոլ, Ալիևին դուխդ չի հերիքում հակադարձել, մերժել, մեզ պատասխանի, ասա՝ տեսնենք ինչ է կատարվում։ 2020 թվականի նոյեմբերից բանակցում ես, 2024 թվականի հունվարն է, 3 տարի երկու ամիս պատերազմից անցել ա, բանակցում ես, մի 15 անգամ իրար հանդիպել եք, բանակցել եք, ամեն անգամ հայտնել եք, թե կետերից մեծամասնության շուրջ առաջընթաց կա, արդեն պայմանավորվել ենք․ ո՞ւր է, ո՞րոնք են էդ կետերը․ ձեր բանակցությունների ընթացքում մենք 3 անգամ ապրել ենք լայնածավալ ներխուժում մեր երկիր, մեր տուն։ Դուք Հայաստանի օգտին մի բանի հասել ե՞ք էսքան ժամանակ։ Էդ պայմանագիրը պետք է լինի կոմպրոմիսի արդյունքում․ եթե դու գնացել ես կոմպրոմիսի ու Ղարաբաղի մասին ոչ մի բառ չես գրել պայմանագրում, եթե դու գնացել ես կոմպրոմիսի ու 8 գյուղ հանձնում ես, եթե դու գնացել ես կոմպրոմիսի ու հերթով բաներ ես տալիս ու հլը էլի ուզում են, ամեն անգամ՝ տվածիդ կրկնակին, եռակին, դա կոմպրոմիս չեղավ, դա ուղղակի զիջում է, մեր պետության շահերից հրաժարում է։ Չկա բանակցություն, կան պահանջներ ու երևի դուք ընդամենը խնդրում եք, որ մի քիչ քիչ ու ուշ ուզեն, մինչև ՔՊ իր գաղափարական հենքը մտածի։

Բանակցեցիր, մտան Հայաստան, բանակցեցիր, Ղարաբաղը վերցրին, բանակցեցիր՝ միջանցք են ուզում, բնակցեցիր՝ հողեր ես տալիս, այ ընկեր, պարզ չի՞, որ քեզնից ա։ Վրադ մի կես տոն ձենը բարձրացնում է, թարս նայում է, ինչ կա հանձնում ես։

Պատերազմից հետո Նիկոլը զոռբայությամբ, երեսին պադոշ քաշած մնացել է, հետո ընտրություններով էլի զոռբայությամբ մնացել է․ լավ, իր ընտրողին, մեզ էլ, ինչո՞ւ ոչ, ի՞նչ արդյունք է ցույց տալիս, մնալու դիմաց իր արած աշխատանքի, խոսք տվածի արդյունքը ո՞ւր է։ Անվտանգությունը դզե՞լ եք, բանակ վերականգնե՞լ եք, որևէ հարցում թշնամու հետ համաձայնության եկե՞լ եք, որևէ երաշխիք ստացե՞լ եք, որ տենց հանգիստ ժողովներ ես անում, քո կատու ճղող խմբակի հետ։ Ինչի՞ եմ ասում կատու ճղող, որովհեև էստեղ ա, որ ախրանիկների հետևից գոռում, հաթաթաներ են տալիս, բայց որ Ալիևը կամ իր շնիկները մեզ, հայերիս ցեխի հետ են խառնում, ձեռք են առնում, բերաններդ ջուրդ եք հավաքում-նստում։ Իսկ դա նրանից ա, որ դուք Ալիևից ավելի շատ եք վախենում, քան ժողովրդի ցասումից, քան իրավապահներից, որովհետև ձեր մոտ են աշխատում, բայց հա՝ Ալիևից սարսափում եք, ոնցոր նախկին ձեր շեֆերից։

Ժողովրդին շարունակ հիմարի տեղ եք դնում, ձեզ թվում է՝ ոչ մեկ ոչինչ չի ջոկում։ Հույսներդ էդ ա, չէ՞։ Գնում-հանդիպում, գալիս ասում են նորմալ է, առաջընթաց կա, համաձայնեցրել ենք, մի երկու կետ է մնացել, վերջում պարզվում է՝ հլը որ միայն տալու մասին եք խոսում։ Սրանք ասում են Զանգեզուրի միջանցք չի լինելու, Թուրքիան արդեն միջանցքի բացման ժամկետ է նշել՝ 2028 թիվ։ Ի՞նչ ենք անելու, ասելու ենք հլը 4 տարի կա, չխառնվե՞նք իրար։ Բա ասում էիք թեման փակ ա, դրանք-քնում հելնում, մեր երկրի տարածքով պրոեկտներ են անում, դե հելեք իրենց ասեք, ի՞նչ եք ստեղ կատու ճղում։

Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ ապացուցում է, որ ինքը մեր պետության հնարավոր արդյունավետ կառավարման ամենամեծ խոչընդոտն է, վերջացած, սպառված մարդ է։ Մենք նստել ենք թաղտին, սպասում բախտի։ Ամենաշատը ինքն է խոսում խաղաղության մասին ու աչոկներ հավաքում, բայց քանի որ էդ խաղաղության ձևը չգիտի, ստանում ենք տարածքային կորուստներ, մի մասը՝ կրակոցով, մի մասը պատերազմով, մի մասը առանց պատերազմի, մի մասը գրավոր կամ բնավոր։ Տալիս, է հանձնում է ու հետո նոր մեզ ասում է, թե ոչ մի բան հնարավոր չէր։ Գիտե՞ք ինչի։ Որովհետև ինքը պետություն կառավարել չգիտի, այ մարդ ոնց ասեմ, եթե անգամ նա գործակալ չէ և ուզում է մի բան անել, չի կարող, չի հասկանում, չի պատկերացնում։ Հա, բան չունեմ ասելու, կարողանում է ներսում խաբելով, ֆռացնելով, իր հարցերը լուծել-մնալ, մեկը իր դեմ մի բան ասի՝ ֆեյքերով, մամուլով հարձակվեն վրան, բայց չի կարողա նում պետություն կառավարել։ Ալիևին մերժել չի կարողանում, որովհետև պարտվել է, երես չունի, նա սրան խայտառակ է արել քանիցս և քանի որ չի կարողանում, թույլ է տալիս, որ մտնի վերցնի ու ավելի լավ է՝ էն տարբերակով, որ իրեն չասեն դավաճան։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերջացած․ որովհետև նա կորցրել է բոլոր հնարավորությունները որևէ դրական բան անելու, որևէ ձեռքբերում ունենալու, ու հիմա նրանից մենակ կարելի է սպասել մեկ բան՝ կհանձնի պատերազմո՞վ, թե առանց դրա։ Նա լիքը բաներ հանձնել է առանց պատերազմի, հիմա վաղուց արդեն կարմիր ու բոլոր մյուս գծերը հատել է։ Ալիևը ծաղրում է, ասում է՝ բախտս բերեց, որ Նիկոլը առանց կրակոցի Լաչին ու Քելբաջար տվեց, թե չէ պատերազմեինք՝ կրկնակի, եռակի զոհեր էինք ունենալու։ Նա էդ տեսակն է, տվող տեսակ է։ Ու որ առանց կրակոցի Լաչին է տվել, Քելբաջար է տվել, Սև լիճ է տվել, Տեղ գյուղի հողերն է տվել, Շուռնուխ ու Որոտան, Գորիս-Կապան ճնապարհ, ի՞նչն է խանգարում, որ Սևանը տա, Սյունիքը, Երևանը։ Ի՞նչ է, հնարավոր չէ՞, իսկ 5 տարի առաջ Արցախը այ էսպես բանտիկ կապապած հանձնելը էդ բեղավոր սրիկային հնարավո՞ր էր։

Կարճ ասած՝ շատ հնարավոր է, որ Հայաստանի վարչապետի ու իր թիմի՝ Ալիևին չարձագանքելու պատճառը կոմպրոմատներեն են։ Թե ինչ կոմպրոմատ են, կարծում եմ՝ մի օր ի հայտ կգա։ Հիմա վախենում են արձագանքից, որ դեմները չդնի։ Բայց հանրությունը, կարծում եմ, պետք է պահանջի պատասխան, թե ինչ է կատարվում։ Արդեն պարզ է, որ բանակցութուններում չկա որևէ առաջընթաց, պարզ է նաև, որ Ալիևն իր պահանջներից ոչ մի գրամ չի զիջել, ախորժակն էլ ավելացնում է, և պարզ է, որ Հայաստանն է անընդհատ փափկացնում դիրքորոշումը։

Նաև պարզից էլ պարզ է, որ որքան սրանք մնում են իշխանության, էնքան մոտենում է պատերազմը։ Որովհետև քաղաքական և դիվանագիտական ճանապարհով ևս անզոր են, տապալվել են վերջնականապես։

Բա ինչի՞ էին ասում, պետք է պարտադիր բանակցող փոխվի․ էս օրվան չհասնելու համար․ այ էս օրվան։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ