11 01 2024

«Կարճ ասած»․ Ալիևը Փաշինյանին «վառեց» 



 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դարձյալ սպառնալից, վտանգավոր, Հայաստանի իշխանության համար հոռետեսական հայտարարություններ է արել հեռուստատեսային հարցազրույցում։ Իսկ ինչո՞ւ էր միայն իշխանության համար հոռետեսական, որովհետև ընդդիմությունը քայլ առ քայլ ամեն օր ասել է, թե ինչ է լինելու սրանց մնալու պարագայում։ Ալիևը խոսեց պատերազմի մասին, Շուշիի մասին, Քարվաճառի ու Լաչինի մասին, անկլավների մասին ու այլ բաների մասին։ Մի ՔՊ-ական հլը գլուխը դուրս չի հանել, որ մի բառ ասի, արձագանքի, երևի անակնկալի են եկել։ Էսօր կառվարության նիստ էր, թեմաները էնպես շրջանցեց, կարծես երեկ իր մասին չէր խոսում։ Մի քանի ամիս Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի անուն չտվեց, ասացին՝ Իրանով ենք ճանապարհ սարքում, սրանք արդեն խոսում էին իրենց հզոր դիվանագիտությունից։ Երեկ Ալիևն ասում էր՝ եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, մոռացեք Հայաստանի հետ սահման բացելու մասին։ Չենք բացի, թող Հայաստանը հավերժ մնա տարածաշրջանի փակուղում։ Մինչ Նիկոլը ԱԱԾ-ին կից հատուկ ստորաբաժանում է բացել, որ պետք է հսկի իր հորինած խաղաղության խաչմերուկը, Ալիևն ասում է՝ իմ քաղաքացիները պետք է առանց ստուգումների անցնեն-գնան, բեռներին էլ պետք է ձեռք չտան Հայաստանով անցնելիս, ինչ ուզեմ՝ տեղափոխեմ։

Նիկո՞լ, բա ոնցոր ասում էիր Ալիևի բառապաշարից դուրս է եկել Միջանցքի թեզը։ Սրանք ասում են՝ բանակցում ենք, թղթեր են փոխանցում, պայմանագրի տարբերակներ, բայց պարզվում է՝ Հայաստանի շահերի պաշտպանության առումով գոնե մեկ միլիմետր առաջ չեն 2020 թվականի հետպատերազմյան ժամանակից։  Ավելին, ասում է՝ զորքերը չեմ հանելու 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանից օկուպացրած տարածքներից։

Գիտե՞ք սա ինչ է նշանակում, նշանակում է՝ Ալիևի քարտեզով գնալու դեպքում կապիտուլյացիա, չգնալու դեպքում՝ փակուղի ու էլի դեպի կապիտուլյացիա, եթե սրանք են մնում։ Այ էստեղ են հասցրել էս «խելոքները»։

Մի քանի անգամ ասել եմ՝ Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը պետք չէ, նա արդեն ստացել է շատ ավելի շատ բաներ, քան կարող էր երազել, երեկ հենց դա էլ ասում էր, խոստովանում, իրեն չկարողանալով զսպել, նա գնացել է բանակցությունների՝ ակնկալիքով, որ մի լավ կխնդա Նիկոլի վրա, վերջում միևնույն է՝ ամենը արդեն ստացել է բանակցություների հենց սկզբում ու էլ հետաքրքիր էլ չէ, ոչ մի առումով։ Սակարկելու բան էլ չունես, ինչը մնացել է, որ տաս, վստահ է, որ կարող է վերցնել առանց քո տալու։ Հիմա կարող է չկնքել որևէ խաղաղության պայմանագիր կամ ինչ-որ ձևական թուղթ ստորագրի, որ ճանաչում եք իրար տարածքային ամբողջականությունը, խնդիրները կլուծեք խաղաղ ճանապարհով, բայց արդյունքում տեղի չունենա ո՛չ ադրբեջնական զորքերի դուրս բերում Հայաստանից, ո՛չ սահմանների բացում, ո՛չ Թուրքիայի հետ սահմանների բացում, քանի որ Թուրքիան ասել է, որ առանց Ադրբեջանի հետ խնդիրների վերջնական կարգավորման, սահման չի բացելու և ոչ էլ խաղաղություն է խոստանալու։

Սրանք չէի՞ն, որ ասում էին՝ Ղարաբաղը տանք, սաղ խնդիրները կլուծվեն։ Ղարաբաղը տվել են, էս թազա առաջարկների մեջ ոչինչ չեն գրել Արցախի ու արցախցիների մասին, Հայաստանից տվել են 200 քառակուսի կիլոմետր, բանակցում են, որ անկլավներ տան, բանակցում են, որ թշնամու այսպես կոչված փախստականները գան ապրեն Հայաստանում, բայց խնդիրները չեն լուծվում, Ալիևն ասում է՝ հլը ո՞ւր ես, միջանցք էլ պտի տաս, էդ միջանցքում ինչ ուզեմ կանեմ, կտեղափոխեմ, իմ զորքերն էլ որ քո տարածքում են, ոչ մի միլիմետր հետ չեմ տանի։

Հիմա ես ինձ մի քանի րոպեով դնում եմ ինձ լսող ու չլսող նիկոլականների տեղը։ Ասենք ես  2018 թվականի դեկտեմբերին գնացել եմ Նիկոլ եմ ընտրել, որ Ղարաբաղի հարցը մի ձև լուծի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահման բացի, ես լավ ապրեմ։ Պատերազմ է եղել, հանձնել է կեսը, մտածել եմ դե լավ, ասում է՝ Ղարաբաղը մերը չէր, Քոչարյանն էր գրավել Վազգենի ու մյուսների հետ։ 2021 թվականին գնացել ընտրել եմ Նիկոլին, ասել եմ իր ասած ապագայից եմ ուզում, խաղաղություն ա բերելու։ 2022 թվականին Ղարաբաղը հանձնել ա, ասել եմ՝ ոչինչ, կարևորը Հայաստանի անկախությունն ա, ինքնիշխանությունն ա, անվտանգությունն ա, բարեկեցությունն ա, շարունակել եմ մնալ նիկոլական։ Պետք է գան թուրքե՞ր ապրեն Հայաստանում, է ջհանդամը չեն գա, էն սովետի թվին որ ապրում էինք, ի՞նչ էր լինում, Քերոբյանին դաժե շաքարաքլոր են հյուրասիրել։ Հիմա լսում եմ, որ Նիկոլի հետ բանակցող Ալիևն ասում ա՝ ոչ մի սահման չի բացվելու, Նիկոլն էլ ձեն չի հանում։ Սկսում եմ մտածել՝ Եթե Ղարաբաղը տվել եմ, որ Ադրբեջանի հետ սահման բացվի, եթե անկլավները տալիս եմ, որ սահման բացվի, թուրքերին բերում են Հայաստան, որ սահման բացվի, բայց միջանցք են ուզում, թուրքի զորքը մնում ա մեր հողերի մեջ, սահմանն էլ մնում ա փակ, ոնց որ նախկինում էր, նշանակում ա 2018-ից սկսած ես սրիկայաբար խաբվել եմ, Ղարաբաղն էլ իզուր ենք տվել։ Ասում էիր 30 տարի փակ սահմանը բացելու եմ, էդ 30-ից 6 տարին դու ես, ու սահմանը էլի փակ ա։ Ու հարց կտամ՝ բա որ էն բեմին կանգնում գոռում էիր «ապագա կա», մենք էլ պատասխանում էինք գոռալով «կա ապագա», էս ա՞։

Ասել ես էս տանք, էն տանք, սաղ տանք լավ ապրենք, սաղ տվել ես, ու հիմա որ արդեն մեր դարաշրջանն է եկել, որ պետք է լավ ապրենք, պարզվում ա՝ ամեն ինչ մնալու է նենց, որ կար 94 թվից հետո, ուղղակի չկա հաղթանակ, չկա Արցախում հայ, կա մեծացած Եռաբլուր, Հայաստանի 29,800-ն էլ վաղուց էդքան չէ։ Եքա փող ծախսեցին, սիրուն նկարեցին խաղաղության խաչմերուկի ծրագիրը ու դա մոտավորապես դարձավ հայկական ավտոմեքենայի ու տեխնիկայի գաղափարի նման մի բան, այսինքն՝ զրո, բուկլետ, պլակատ։

Ժողովուրդ ջան, բայց հարցն այն է, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը միջանցք չտա, խնդիրները չեն վերանում․ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակում, Հայաստանից օկուպացրած տարածքից էլ իր զորքը չի հանում, ասում է հո Բաքու հետ չեմ տանելու, նրանք խնդիր ունեն լուծելու։ Իսկ ի՞նչ խնդիր է, կարող է՞ ուժով է ուզում բացել միջանցքը։ Բացեց՝ բացեց, ո՞վ պետք է թույլ չտա, Սուրեն Պապիկյա՞նը, եվրադիտորդնե՞րը, թե՞ Ֆրանսիան իր տված մի երկու վիլիսով։ Ֆրանսիան իսկի իր կալանավորված քաղաքացուն չի կարողանում Ադրբեջանից հանել։ Ադրբեջանում Ֆրանսիացի են բռնել, ասում ա իմ քաղաքացուն հետ տուր, Ալիևը պատասխանում ա՝ դու ինձ մի ասա ինչ անեմ, սա իմ երկիրն ա, ես եմ որոշում։

Նորից եմ ասում՝ Փաշինյանն ասում էր Ղարաբաղը հանձնում եմ, սահմանները բացեմ, լավ ապրենք։ 6 տարի իշխանության ես, ո՞ւր ա քո բացած սահմանը, ո՞ւր ա քո խաղաղությունը։

ԱԺ նախագահն ամանորյա ուղերձում ասում է՝ 100 երեխա նամակ է գրել ձմեռ պապիկին, 93-ը խաղաղություն է ուզել, մնացածը՝ ավտո, տիկնիկ։ Ու զարմացել է։ Ինչի՞ ես զարմացել, առաջ 100 երեխայից 100-ը ուզում էր հեռախոս, տիկնիկ, ավտո, խաղալիքից հրացան, հիմա սաղ խաղաղություն են ուզում, որովհետև անգամ մանկապարտեզի երեխաները զգում են, որ դա պրոբլեմ ա։ Էդ անվստահությունը օդում կա ամենուր։ Այսինքն, երբ երեխան իր մանկությունը ապրելու փոխարեն ասում է խաղաղություն եմ ուզում, էն մի երեխան խնդրում է ձմեռ պապիկից, որ հոր դիակը բերի Հայաստանի սահմանից, որ մնացել է տարիուկես առաջ թուրքի գրավելուց հետո, երրորդ երեխան խնդիրում է վերադարձնի իր հայրենի Արցախ, սա լրիվ ապացույցն է, որ դուք մնալու բան չեք։

Կարճ ասած՝ երևի հատուկենտ մարդիկ են մնացել, որ չեն հասկանում, որ սա լրիվ ձախողել է, վարի է տվել։ Ու հատուկենտ մարդիկ են մնացել, որ չեն հասկանում, որ հատկապես հիմա պետք է ունենալ ուրիշ իշխանություն, նորմալ դաշնակից, զարգացնել հարաբերությունները, վերականգնել կապերը ու մանրից վերականգնել երկիրը, թե չէ արհավիրքներ են սպասվում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ