12 10 2023

«Կարճ ասած»․ Զգուշացում՝ սահմանամերձ գյուղերին․ անկլավներից շատ ավելի վատ թեմա է առաջ գալիս



Շատերիս է հետաքրքրում, թե այս պահին ինչ են մտածում այն գյուղերի բնակիները, որոնք զրկվելու են տներից շատ շուտով, Նիիկոլ-Իլհամ մի երկու հանդիպումից հետո (չնայած՝ Նիկոլը ցույց տվեց, որ տարածք հանձնելու համար իրեն Ալիևն էլ պետք չէ)։ Որ երևանցիները, հրազդանցիները, աշտարակիցները այդքան շատ անհանգստացած չեն նոր հանձնումներով, համակերպվել ենք, էսօրվա տրամաբանության մեջ է, քանի դեռ այդ քաղաքները պլանի տակ չեն․ բայց որ չեն արձագանքում հանձնվելիք գյուղերի բակիչները, զարմացած եմ։ Տիգրանաշենից ուսուցչուհին, որ հավատում էր Նիկոլին, աչքի առաջ ունի արդեն արցախցիների թարմ օրինակը և գիտի ինչ է լինելու իրենց հետ, նստել սպասում է իր փայ բախտին։ Ձեր օջախից դուրս եք գալու, ինչ-որ գիշերօթիկի սպորտզալում քնեք, խմբակային։ Ու ձեր տառապանքների դիմաց, օրինակ՝ վճարելու են 100 հազար դրամ, հետո գլուխ գովան, թե՝ սաղ աշխարհը ցնցված է, թե ինչպես կարողացա բոլորիդ կարիքները հոգալ։ 

Հանձնվող գյուղերի ու դրանք պարունակող մարզերի հանգստությունը տարօրինակ է։ Շատերն ասում են՝ եթե նրանք, որ վաղը կամ պետք է փախչեն գյուղից կամ կոտորվեն կամ ընդունեն մուսուլմանություն, չեն անհանգստանում, երևանում ինչի՞ ինձ ճղեմ, բռնվեմ, ծեծվեմ, դատվեմ, դե հիմա մարդիկ մահն են ընտրում, ինչքան ուզում ես ասա։ Էլ չեմ ասում, որ դժվար, չէ՞, էս  իշխանությունը գնա Տավուշի մարզկենտրոն Դիլիջանի մեջտեղը հանրահավաք անի ու ժողովրդին ասի՝ ինչ է գալու իրենց գլխին։ Նիկոլն ասում է՝ ով ինձ քվեարկել է 2021 թվականի ընտրություններում, մանդատ է տվել, որ իր գյուղը հանձնեմ։ Կապ չունի, որ իր նախընտրական ծրագրում նման բան գրված չի եղել, նա ասում է, ու ամենահետաքրքիր ի՞նչ է՝ անում է, ու ոչ մեկ ձայն չի հանում․ խոսում ու բորբոքվում են նրանք, ովքեր այ այս ամենը դեռ 2018-ից կանխատեսում էին, իսկ մնացածը կարծես քնած լինեն, մարդ ա՝ իր աշխարհում։  

Փաստացի՝ Գրանադայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Ադրբեջանին գյուղեր հանձնելու մասին․ Եվրոպական միությունը, Ֆրանսիան, Գերմանիան Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանից հանձնել են, գյուղեր որոնք Հայաստանի տարածքի մեջ են մեր օրենքներով․ այսինքն՝ խախտել են մեր տարածքային ամբողջականությունը։ Ո՞վ է ստիպել հանձնել, եթե էդ հանդիպմանը Ալիև չկար։ Իսկ Ադրբեջա՞նը ինչ է տալիս դրա փոխարեն․ արդեն հայտարարել է, որ ոչ մի բան չունի տալու։

Սա դիվանագիտական ձախողում է, կատարյալ կռախ։ Գնում ես բանակցությունների, հենց սկզբից սաղ խաղաքարտերը դնում ես սեղանին՝  պատրաստ եմ Ղարաբաղ տամ, անկլավներ տամ, ու թշնամիդ ասում է՝ դե լավ, դե արի բանակցենք, տեսնեմ էլ ինչ ես տալու, որովհետև դու էդ սաղ արդեն տվեցիր առանց բանակցության, ուրեմն դա ի սկզբանե էլ իմն էր։ Ժողովուրդ ջան, ձեզ մոտ հարց չի՞ առաջացել՝ 2020 թվականի պատերազմը Արցախի համար էր, ավարտվեց Արցախի օկուպացիայով։ Փաշինյանը թուղթ ստորագրեց ու ասաց՝ խաղաղություն եմ բերել․ բա Արցախից էդ ո՞նց հասան Տավուշ․ Արցախը ուր, Տավուշը կամ Տիգրանաշենը ուր։ Եթե պատերազմը կանգնել է Արցախում, եթե զիջումները արվել են Արցախում, կապիտուլյացիան ստորագրել է Արցախի մասին, ի՞նչ կապ ունի հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Ոսկեպարը։

Որովհետև, կրկնում եմ, ձախողակ են սրանք։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին արտաքին գործերի նախարարն ասում է՝ մեր ժամանակ դուք անլավների մասին լսել ե՞ք․ 30 տարի լսել ե՞ք։ Շատ տեղին հարց է բարձրացնում, ժողովուրդ ջան, օրինակ՝ Քոչարյանի կառավարման որևէ տարում, որևէ բանակցությունների ժամանակ լսել ե՞ք անկլավ բառ, իմացել ե՞ք դա ինչ է։ Ոչ մեկ չի խոսել էդ մասին։ «Անկլավները հանձնենք, որ ինքիշխան լինենք»․ ո՞նց կարող ես քո ինքնիշխան տարածքից զիջես քո ինքնիշխանության համար։ Ավելին ասեմ, մտեք ադրբեջանական սայթերը ու քրքրեք անկլավ բառը․ Քոչարյանի կառավարման տարիներին, Ադրբեջանում չի հնչել։ Կամ նույն ինքնիշխանություն բառը․ էդ ե՞րբ ենք մենք կասկածել, ինքնիշխան ենք, թե ոչ, ե՞րբ ենք մենք դրա մասին խոսել, կասկածել, ինչ-որ պայքար մղել։ Մենք գիտեինք, որ 1991-ին հռչակել ենք անկախ լինելու մասին, էդպես էլ ապրում էինք, չէինք ճղում մեզ, թե մենք մեր ինքնիշխանությունը չենք զիջի․․․ Այ ընկեր, մի հատ հանգստացեք, ձեր գործն արեք, թե կարողանում եք․ չեք կարողանում՝ հելեք ու գիտե՞ք ուր ու ինչ եղեք, հերիք ա, բոլ ա․․․

Այս պահին պատերազմ է Իսրայել-պաղեստինյան, Գազայի համար արդեն հազարավոր զոհեր կան․ բառիս բուն իմաստով մի թիզ հող ա․ շատ ավելի փոքր ա էն տարածքներից, որի անունը դրել են անկլավ, ու Նիկոլը հանձնում է։ Տավուշի մարզից հանձնվող տարածքից ավելի փոքր կտորի համար Իսրայելն ու Պաղեստինը սպառնում են երրորդ համաշխարհային սարքել, մեզ մոտ ծպտուն չկա։ Որևէ մեկդ հույս ունի, որ մեր էդ մյուս տարածքները հանձնելուց հետո լավ եք ապրելո՞ւ, ձեզանից Ադրբեջանն ու Նիկոլը յան կտա՞ն։ Սխալվում եք։

Էն եվրոպական երկրները, որոնք Գրանադայում քավոր կանգնեցին էդ դավաճանական թղթի ստորագրմանը, նրանց բացատրեցի՞ր, որ դրանք հանձնելով՝ միջպետական մայրուղի ես տալիս թշնամուն, ասացի՞ր․ որ վաղը ադրբեջանցի զինվորը կանգնելու է իմ մայրուղու մոտ, որ նայի ես ինչ եմ ներմուծում, հո զենք չեմ բերում։

Ու ցավն էլ այն է, որ անգամ այսքանից հետո Արբեջանը չի ճանաչում քո տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվով, ինչքանով դու ես ուզում, Ադրբեջանն է որոշում, թե դու քանի քառակուսում մեջ պետք է տեղավորվես։ Կարող ա ասի՝ ճանաչում եմ, բայց ոչ 29,800-ի սահմաններում։ Կամ ասի՝ հլը գյուղերը տուր, միջանցքը տուր, հետո արի կխոսենք․․․ կբանակցենք։

Լավ, ո՞նց կարող է վարկանիշ ու լեգիտիմություն չունեցող մեկ հոգին օկուպացնի վարչապետի աթոռը ու ինչ-որ անձնական բաների խաթր անի ինչ ուզում է։ Հլը մի հատ գոնե ձեռքբերում ունենայիր, ասեինք էս մարդը էսքան բան ա գրավել, թող մեկն էլ հանձնի․ ուրիշի՝ արյունով հետ բերածը, ազատագրածը ո՞նց ես գնում ու հանգիստ ստորագրում-հանձնում։

Հիմիկվանուց ասում եմ՝ ժողովուրդ ջան, էս անկլավների թեման ձեզ սպասվող պրոբլեմների մի փոքր մասն է․ շատ ավելի մեծ վտանգ դրանից հետո է առաջանալու՝ սահմանազատման- սահմանագծման արդյունքում։ Էն որ ասում էր զիջելու սահմանը չգիտեմ, այ հիմա այ էդ սցենարով նոր հարցեր են առաջանալու։ Ադրբեջանի հետ մեր սահմանը շատ է երկարել ու էդ բոլորը պետք է սահմանագծվի․ էդ ժամանակ լիքը սահմանամերձ գյուղեր կդատարկվեն, որովհետև Նիկոլի շնորհիվ կարող է չեզոք գոտին կամ թուրքի սահմանը ձեր տներ հասնի․ մի մոռացեք, որ սրանք GPS-ով են գծում։ Երեք օր առաջ ֆեյսբուքով նամակ էր գրել Վերին Շորժա գյուղից մի տղամարդ ու հարցնում էր՝ ի՞նչ խորհուրդ կտամ՝ աշնանացան անի, թե չէ, իրենց գյուղը հո պլանի տակ չէ։ Կարող է գյուղը հանձնի մինչև հունձը, պարզվի՝ թուրքի սահմանն անցնում է իր ցորենի դաշտով։ Ասացի՝ Կոնջորյանին ու Արայիկ Հարությունյանին գրի, իրենք են ասել Գրանադայում համաշխարհային հաղթանակ ենք տարել։

Քարտեզագիրները նստել լուրջ լուրջ բացատրում են, որ Ադրբեջանի պահանջը իրավական հիմք չունի, որ Ոսկեպարը Ադրբեջանից տարիքով շատ ավելի հին է, այդ տարածքները պատմական հայկական են, անկլավ չեն և այլն։ Դրանք օգուտ կտային մեկ այլ ղեկավարի պարագայում, որը պահելու կողմնակից էր։ Թե չէ՝ սա պատմական մեկ հայրենիք արդեն հանձնել է։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է մի այնպիսի փուլի մեջ, որ ամեն զիջում դեռ չկատարած՝ նոր պահանջ է ստանում։ Այս տարեսկզբին հայտարարում էր՝ ես պատրաստ եմ զիջել, բայց սահմանը չգիտեմ, չգիտեմ մինչև ուր պետք է զիջեմ, որ էս ամենը կանգնի։ Էս ամենը կանգ չի առնելու հենց նրա համար, քանի դեռ դու ես, որը պատրաստ է զիջել․ մեր մեջ ասած՝ դու այլ բանի ընդունակ էլ չես, պարտության ու նվաստացման խորհրդանիշ ես։ Եվ ուրեմն, գալիս եմ իմ առաջին մտքին՝ առաջին ասելիքը էն մարդկանցն է, որոնք արդեն զրկվել են հողից ու տնից ու նրանցը, որ հիմա են զրկվելու։

 

Սևակ Հակոբյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ