Էկրանում ձախից երկրորդը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն է։ 2023 թվականի հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում քննարկման ժամանակ, որը նիրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակմանը, հայտարարեց․ «Առաջին անգամ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում։ Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով»։ Եվս մեկ անգամ շեշտեց, որ դա միանշանակ էր։ Բորելը շատ խորությամբ տեղյակ է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի բոլոր բանակցություններից։
Երրորդը Իլհամ Ալիևն է, որը Նիկոլի հետ բանակցությունների շատ հարուստ փորձ ունի, նրանք բանակցել են հնարավոր ու անհնար ամեն տեղ՝ մի քանի մայրցամաքում, վերելակից մինչև օպերատիվ ուղիղ կապ։ Իլհամ Ալիևը, ի տարբերություն Բորելի, անմիջական մասնակիցն է նաև Հայաստանի նախորդ երկու ղեկավարների հետ բանակցությունների ու սրանից երկու օր առաջ օկուպացրած Շուշիում հայտարարել է․ «Բոլոր այն միջազգային խաղացողները, որ հիմա ասում են Ղարաբաղն Ադրբեջան է, նախկինում երբեք չեն ասել։ Նրանք դա ասում էին հետխորհրդային տարածքում մի քանի այլ ձգձգվող հակամարտությունների մասին, բայց ոչ Ադրբեջանի մասին։ Երբ խոսքը վերաբերում էր Ադրբեջանին, ասում էին՝ «դուք պետք է համատեղեք տարածքային ամբողջականություն և ինքնորոշումը» Այժմ իրավիճակն այլ է»: Իլհամ Ալիևն ասում է՝ Փաշինյանն այն առաջին մարդն է, որից սկսվեց Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմ և հիմա մնում է, որ նա բանավոր պայմնավորվածությունները հանձնի թղթին և ստորագրի։
Սրանք այն ելույթներն են, որոնք, կարծում եմ, պետք է վաղը դրվեն Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրական ճառի հիմքում։ Մեղադրանքն ամբողջական լինելու համար, կարծում եմ, պետք է ավելացնել ևս երկու ելույթ, այս անգամ՝ Նիկոլ Փաշինյանից։
Երեք տարի առաջ այս օրերն էին՝ Հայաստանի զինված ուժերը փայլուն ռազմական գործողություն իրականացրեցին Տավուշում՝ հաղթանակ տանելով։ Նույն թվականի օգոստոսի 28-ին՝ 44-օրյա պտերազմից ուղիղ մեկ ամիս առաջ, նիկոլ Փաշինյանը Սարդարապատում մինգամից 55 զինծառայողի պարգևատրեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Մեկ զինվորի տվեց Ազգային հերոսի կոչում ու հայտարարեց, որ սա աննախադեպ էր, երբ ինքը մեդալ ու կոչում է տալիս միանգամից այսքան զինվորի, որոնք բոլորը ողջ են, անգամ Ազգային հերոսի պարգևն է տալիս ողջ մարդու։ Փաշինյանն ասաց, որ դրա պատճառը մեր մարտունակ բանակն է։ Ասաց, որ Ադրբեջանն ուզած-չուզած պետք է կառուցողական դաշտ գա։ Ասաց, որ անհեռանկարային է Հայաստանի հետ խոսել ուժի լեզվով ու դա հասկացան բոլորը։ Ասաց, որ եթե փորձեն ուժի լեզվով խոսել, դառնորեն կզղջան: Ասաց՝ Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են և ճշգրիտ: Ասաց մեր բանակը որքան հզոր է և հիմա էլ բարեփոխումներ են գնում լայնածավալ՝ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական։ Ասաց նաև Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ: Ասաց՝ ապացուցվեց սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը:
Այս հայտարարությունը շատ կարևոր է, պետք է մանրակրկտորեն քննել, թե էդ ի՞նչ արվեց հայկական բանակի հետ, որը այդքան մարտունակ էր, գործով ապացուցել էր դա մի քանի անգամ, իսկ հուլիսյան դեպքերի ժամանակ՝ ընդամենը թեթև վիրավորներ ունեցավ, բայց դրանից երկու ամիս անց պարտվեց պատերզմում։ Այդ ի՞նչ արվեց հայկական բանակի հետ, այդ լայնածավալ բարեփոխում ասածը իրականում ի՞նչ էր և ինչպես ստացվեց, որ հայկական բանակը, որ ինքնուրույն կարող էր պաշտպանել, հիմա ինքն ունի պաշտպանվելու կարիք։ Այս ելույթը պետք է տող առ տող դառնա դատախազության քննության թեմա։
Եվ վերջապես, դատախազության 4-րդ փաստը պետք է լինի պատերազմից ընդամենը 2 օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի 5 էջանոց ճառը ՄԱԿ-ի ամբիոնից։ Այստեղ ևս անդրադարձավ հուլիսին Ադրբեջանի սադրանքներին, արդյունքին ու ասաց՝ «Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»: Թուրքիային էլ մեղադրեց տարածաշրջանն ապակայունացնելու փորձի, տարածաշրջանում խաղաղությունը վիժեցնելու մեջ․ իսկ արդեն հետո պետք է Թուրքիայի մոտ Ադրբեջանին մեղադրեր նույն բանի մեջ, թե՝ չի թողնում հարաբերություն հաստատենք։
Վաղը նա ասուլիս է հրավիրել, ինչպես էլ արդարանա հերթական անգամ, ում վրա գցի մեղքը, քանի հատ էլ թվական բերի, թե՝ Ղարաբաղը հանձնել էին 91 թվականին, 97 թվականին, 2007-ին, 2013-ին և այլն, փաստերը խոսուն են։ Ինչքան էլ ասի, թե մենք սխալ ենք արել, որ բանակի վրա հույս ենք դրել, մեր բանակը թույլ էր, քանդված էր, այս ելույթներն ինքն է ունեցել, մարտական խաչ շքնշանն էլ ո՛չ Շիշ բռնողին է տվել, ո՛չ Կոնջորյանին, այլ՝ զինվորներին։ Այս ելույթները Նիկոլ Փաշինյանի դեմ դատավճիռ են։ Կրկնում եմ՝ այս փաստերը պետք է դրվեն Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործի հիմքում։ Նա 100-րդ անգամ երկու օր առաջ էր ասում, թե պատրաստ է կրել պատասխանատվություն։ Պե՞տք է, ի վերջո, կրի այն։
Ու հիմա պատրաստ է գնալ ստորագրելու մի փաստաթղթի տակ, որով՝ Արցախն ամբողջությամբ դառնում է ադրբեջանական, փաստացի անկախ արցախցին ստանում է Ադրբեջանի քաղաքացիություն և կոտորվելու երաշխիքներ։ Էն որ ասում են՝ թող Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն, դուք հասկացեք՝ թող ամեն մեկը իր գլխի ճարը տեսնի։ Եվ անհասկանալի է, թե ինչ է ստանում Հայաստանը, որովհետև Փշինյանն ասում է՝ պատերազմը շատ հավանական է, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր։ Բայց խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում, որ պատերազմ չի լինելու։ Ասում է՝ ես հավատում եմ, որ Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն հնարավոր է, բայց իմ հավատը ասնավանի չէ, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ։
Փաշինյանի թիմակից Արարատ Միրզոյանը շատ սթափ հայտարարել է․ զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Իրենք գնում են այդ հերթականությամբ զիջելու ճանապարհով։ Բոլորիս անունից կայացնում են որոշումներ, որոնք Նիկոլի հեռանալով՝ ավտոմատ չեն չեղարկվելու։ Նա բեռի տակ է գցում սերունդներին։
Կարճ ասած, այդ անպարտելի բանակը, որը 2020 թվականին ադրբեջանցիքի ջարդը տվեց՝ ընդամենը մեկօրական մարտերում, մինչ այդ էլ 25-30 տարի պետք եղած տեղը ջարդները տալիս էր, խաղաղությունն էլ կար, Շուշին էլ, Արցախն էլ զարգացող, սիրուն երկիր էր, հազարավոր կիլոմետրերով անվտանգության գոտիով։ Սահմանին կանգնած զինվորը բավականին հեռու էր թշնամուց: Այ այդպիսի բանակ էր 2020 թվականին, որ անգամ իր կոտրած լեզվով Փաշինյանն էր ասում, ու հենց իր ղեկավարությամբ այդ նույն փայլուն բանակը դարձավ այն, ինչ հիմա է մնացել: Այ սա պետք ա Արթուր Դավթյան դատախազը, եթե լիներ հայրենասեր, նոյեմբերի 9-ին առներ քննության հիմքում՝ իհարկե, անմիջապես ձերբակալելով ու կալանքի միջնորդությամբ դատարանին դիմելով: Անմիջապես, հենց հրապարակվեց այն ինչ 20 թվականի նոյեմբերին ստորագրել էր Փաշինյանը, պետք է միջոցներ ձեռնարկվեին նրան ու նրա շրջապատին մեկուսացնելու՝ և՛ հատ-հատ բոլոր գործողությունները, և՛ հայտարարությունները, հեռախոսային խոսակցությունները, նամակագրությունները և հրահանգները ազատ քնելու համար: Թե չէ՝ երեք տարի անց մի տեսակ զարմացած, «այս ո՞նց եղավ որ Արցախը հանձնում են թուրքերի քմահաճույքին» դեմքի արտահայտությամբ, եկել-կանգնել էր որպես ակցիայի մասնակից։ Ո՞ւմ է պետք, քո ի՞նչն է հայրենասեր, դու ինչո՞վ ես հայ:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը