10 01 2020

Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

News.am-ը գրում է․ «ՀՔԾ-ում ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նշենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին։

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին եւ նրանց պաշտպաններին։

Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս` ծանոթանալու համար:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ՀՀԿ-ն հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ փաստաբանական թիմը նշեց, որ չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը եւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոք է ներկայացրել ինչպես դատախազություն, այնպես էլ` դատարան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ