30 06 2023

«Կարճ ասած»․ Իսկ հայրենիքը դիլիմ-դիլիմ անողին ի՞նչ է հասնում



Շուտով ուժի մեջ կմտնի օրենքը, որի համաձայն՝ օնլայն տաքսի ծառայությունները պետք է ոչ միայն տուրքեր վճարեն, այլ հարկ՝ յուրաքանչյուր ուղևորի համար։ Տաքսիով գնացիք գործից տուն՝ դրա համար պետք է հարկ վճարի տաքսին, ու առաջիկա երեք տարին էլ կմեծանա։ «Բարի լուրը» հայտնեց տարածքային կառավարման փոխնախարարը։ Հարցնում են՝ բա տաքսու գները կաճեն, ասում է՝ հա, կթանկանա, բայց առանց մեզ էլ մեծացել են։ Ոչինչ, որ տաքսիստներին մեծ-մեծ խոստումներ էին տալիս, հիմա «ժողովուրդը» իրենց է ընտրել, ինչ ուզում՝ անում են։ Բայց, մի րոպե, չէ՞ որ էդ գումարը տաքսիստները նույն ժողովրդից են վերցնելու, իսկ ժողովրդի հետ նման բան չէիք պայմանավորվել։ Այո՛, չէին պայմանավորվել։ Բայց, ժողովուրդ ջան, այն, ինչ հիմա նրանք անում են, ոչ մի բանն էլ չէին պայմանավորվել, այլ՝ անվտանգություն, խաղաղություն, ապագա․․․ դա չկա՛, ձեզ խաբել են։ Իսկ որ ասում ես, ասում են՝ դե թող մյուս անգամ չընտրեն, բայց հիմա ստիպված պետք է դիմանաք, դե հիմա էդ ա։

Վաղը հուլիսի 1-ն է, մեզ համար՝ ամառվա թեժ ամսվա սկիզբը, իսկ միկրոբիզնեսի համար՝ սև օր, քանի որ այս ոլորտում գործատուները 20% եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի համար։ Առաջ դա կազմում էր 5 հազար դրամ։ Եթե մենք հաշվենք, թե այս կառավարությունը որքան հարկ ու տուրք է սահմանել ժողովրդի վրա, ինչ որոշումներով է մտել առանց այն էլ աղքատ ժողովրդի գրպանը, սարսափելի թիվ է կազմելու։ Ժողովրդի ուսերի վրա իշխանության եկածներն Աստված գիտի քանի հատ օրենք ու որոշում են անցկացրել, որով մտնում են հենց այդ ժողովրդի գրպանը։ 2019 թվականին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե՝ քաղաքացիները նպաստ են ստանում, դրա համար չեն ուզում աշխատել և այլն, մենք կանենք այնպես, որ նպաստ ստացող քաղաքացին չի զրկվի աշխատանքից, կշահագրգռենք, որ աշխատեն։ Իսկ մի քանի օր առաջ ասում է՝ ինչի՞ պետք է նպաստ տանք, եթե կարող է աշխատել։ Լրիվ ուրիշ բան ասաց։ Իսկ մենք հո գիտենք, որ եթե աշխատում է, դա չի նշանակում, որ աղքատ չէ․ ավելին, աղքատների կեսից ավելին հենց աշխատանք ունեցողներ են։

Սրանք ասում էին՝ մենք ուսուցիչների աշխատավարձը կտրուկ կբարձրացնենք։ Ուսուցիչները ուրախացան, ասացին հալալա էլի։ Հետո ասացին՝ կբարձրացնենք, բայց պետք է ատեստավորվեք, որդ անցավ՝ բարձր կվարձատրվի, որդ չանցավ․․․ դուրս կգա համակարգից, այսինքն կդառնա անգործ։ Հիմա խրոխտ դեմքերով ասում են՝ 1300-ից ավելի ուսուցիչ ընդամենը մեկ ամսից կդառնա գործազուրկ։ Հիմա ի՞նչ, հալալ չի չէ՞։ Բայց պատկերացնում ե՞ք ինչ մեծ թիվ է։ Լավ, բա ո՞նց, ոչմեկ չի անցնում, բոլորը անգրագետ ե՞ն այդ 1300-ից։ Ո՛չ։ Որովհետև իրենց գծած չափորոշիչներով չեն անցնում։ Մի բան ասել են՝ ընտրել եք, հիմա ընտրվել են, ու նստել-որոշել են, որ միջին մասնակգիտական կրթություն ունեցողները՝ տեխնիկում և այլն, չպիտի լինեն։ Էդքան բան։ Ասենք ուսուցիչը աշխատել է 20 տարի, փորձված մասնագետ է, բայց կհեռացնեն, որովհետև տեխնիկում է ավարտել։ Ու զավեշտը գիտե՞ք որն է, որ որոշումը կայացրել է մի կառավարություն, որի ղեկավարն ընդհանապես ոչ մի տեղ չի ավարտել, ունի ընդամենը դպրոցական կրթություն։ Նա կապրի մեր՝ հարկատուներիս հաշվին, իսկ 1300 ուսուցիչ ու նրանց ընտանիքները կզրկվեն ապրուստի միջոցից, որովհետև տենց մի քանի քպականով նստել-որոշել են՝ ով ապրի, իսկ ով՝ ոչ։ Օրենք էին ընդունել, որ 500-ից ավելի բնակիչ ունեցող գյուղի գյուղապետը պետք  է ունենա բարձրագույն կրթություն․ բայց, փաստորեն, 3 մլնանոց բնակչություն ունեցող երկրի վարչապետը կարող է և չունենալ։

Տարբեր որոշումներ են կայացրել, որով մեծանում է փոքր բիզնեսի հարկային բեռը, պարտադիր կուտակային ֆոնդերին վճարվելիք գումարները, աճել են ակցիզային հարկերը մի շարք ապրանքատեսակների, աճել են անգամ արտաքին գովազդի տուրքերը, շինթույլտվության տուրքերը, բնակարանի վարձակալության համար հարկեր են գանձում, անշարժ գույքի հարկի դրույքաչափերը բարձրացրել են․ շուտով լինելու է հմընդհանուր հայտարարագրում, բժշկական ապահովագրություն և այլն։ Ոչինչ չեն անում հոգսերը թեթևացնելու, կյանքներս բարելավելու համար, բայց մեր գրպաններում հարմար տեղավորվել են ու ամնդադար ժողովրդին են վկայակոչում։

Կաթիլային ոռոգումը շատ կարևոր բան է։ Բայց դա հսկայական ծախսեր է պահանջում, գյուղացին ի վիճակի՞ է դրանք ներդնելու․ ոչ, ի վիճակի չէ անգամ զրո տոկոս վարկով դա անել, ռիսկերը շատ մեծ են։ Փոխանակ գյուղացուն օգնելուն, նախարարն ասում է՝ պետք է ջրի վճարն այնքան բարձրացնել, որ ստիպված անցնեն կաթիլայինին։ Գյուղացուն չեն օգնում  ծիրանը մթերել, կաղամբը մթերել, խաղողը մթերել, բայց գրպանը հեշտությամբ մտնում են, որովհետև դե գիտեք՝ ժողովուրդը իրենց քվե է տվել։ Բա՛։

Բայց միայն հարկ ու տուրքերը չեն ավելացնում, այլև տուգանքներ են մտցնում։ Մեծացրել են առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը․ եթե մինչ այս նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով էր, այսինքն 200 հազար ՀՀ դրամ, հիմա յուրաքանչյուր ավել տոննայի համար է մեծացել այդքան։ Ունենք լիքը ծխող քաղաքացիներ։ Այո, ժողովուրդ, առողջությանը վնասակար է ծխելը, բայց հա՛մ սիգարետը թանկացել է, համ էլ բացօդյա տարածքներում հանկարծ մոտենում են ու անիմաստ տեղը մարդկանց տուգանում 50 հազար դրամով։ Ով հավես արեց բողոքարկեց դատական կարգով, շահում է դատը։ Բայց բանն այն է, որ հա՛մ գիտեն, որ ձեր իրավունքները ոտնահարում են, հա՛մ էլ այնպես են արել, որ հնարավորինս քիչ բողոքեք․ բարձրացրել է դատարան դիմելու պետական տուրքը նաև։ Առաջ պետտուրքը 4 հազար էր, հիմա 20 հազար, վերաքննիչ դիմելու տուրքը 10 հազարից դարձրել են 30 հազար դրամ։ Ամեն օր մի հարկ ու տուրք է շատանում, մի տուգանքի ձև են մտածում․ հենց էսօր, էս նյութի վրա աշխատելու ժամանակ աչքովս ընկավ, որ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տուգանել կտրած ձմերուկ-եմիշ վաճառողներին: Ինձ մնում է ընդամենը Քերոբյանին հարցնել՝ իսկ երկիրը կտոր-կտոր անողներին ի՞նչ է հասնում, թե՞ դա ոչինչ, կարևորը ձմերուկ-եմիշն է։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է քաղաքացին, հարկ վճարողը պետական բյուջեն համարի իր գրպանը։ Բայց արդյո՞ք կառավարությունը էդքան վստահություն ներշնչում է։ Արդյո՞ք մենք վստահ ենք, որ մեր փողերը քամուն չեն տալիս։ Էսքան տուգանվում ենք, էսքան հարկ ու տուրք են ավելացնում, 10 միլիարդ դոլար են հասցրել պետական պարտքը, ո՞ւր են գնում էդ փողերը։ Մեր հարկերից թարմացվում է քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահի ավտոպարկը, մեր հարկերից պարգևավճար է ստանում քաղաքացուն սպանող Նիկոլի ավտոշարասյունը, մեր հարկերից դաչաներ ու տներ են առնում ՔՊ-ական ձրիակեր չինովնիկները, մեր հարկերից օլիգարխ ՔՊ-ական դեպուտատի նախկին աշխատողը, որ հիմա նախագահ է մեր երկրի գլխին, պետական ինքնաթիռով թռչում է այլ երկիր դաշնամուր նվագելու։ Մեր հարկերով դուք մեզ համար ի՞նչ եք անում։ Մենք ինչի՞ համար ենք հարկ տալիս, նրա համար, որ ունենանք ամուր, ուժեղ կազմակերպված պետություն․ բա ու՞ր է։ Հարգելի հարկատուներ, դուք ինչի՞ համար եք հարկ մուծում, նրա համար, որ թողնեն աշխատե՞ք, թե՞ որ ունենանք նորմալ ու հավասար պայմաններով անվտանգ պետություն։ Բա էդ ո՞նց է լինում, որ Ալենին կամ մյուսին 3-4-5 ախրանիկ է հսկում անգամ իր աշխատավայրի միջանցքներում, իսկ սահմանս պահող զինծառայողին ադրբեջանցին առևանգում-տանում է գերի, որովհետև․․․ Դե չբացատրեմ, բոլորդ գիտեք ինչ վիճակում են հիմա մեր սահմանները, Նիկոլը ընդդիմադիր ժամանակ կերազեր Պապիկյանի կամ Վաղարշակի պես Պաշտպանության նախարար ունենայինք, շալակներից չէր իջնի։

Հիմա, հարկերդ վճարում ես ու տեսնում՝ մի 15 տոկոսը գնաց ոստիկանության վրա, որ քպականները իրանց անվտանգ զգան, մի 10 տոկոսը՝ քպականների և իրենց լոյալ մնացողների պարգևավճարների վրա, մեկ այլ տոկոս էլ՝ էլի իրենց գործուղումների, իսկ ավելի ճիշտ՝ շրջագայությունների վրա, բայց պետությունը որը պետք է անվտանգ ու խաղաղ լիներ, հավասար բոլորի համար՝ դիլիմ-դիլիմ հանձնում են։

Կարճ ասած՝ թվում է, թե էս բոլորը ավելորդ եմ ասում, որովհետև դուք ինքներդ տեսնում եք, թե ձեզ հետ ինչպես են վարվում։ Բայց տարօրինակ է, որ թվարկածս բոլոր հարկերը, տուրքերը, տուգանքները, որ մեկ դրամով թանկանալու պարագայում նախկինում ակցիաներ էին լինում, հիմա հանգիստ անցնում են։ Հարկերը ավելանում են, տուրքերը ևս, ասում են հլը տեսեք ինչքան հարկ ենք հավաքում, ուրեմն տնտեսական աճը աննախադեպ է, բայց նաև պետական պարտքերն են ավելացնում աննախադեպ․ իսկ թե ու՞ր են գնում էդ փողերը, ի՞նչ ասեմ, ուզում եք մի հատ նայեք ՔՊ-ականների հայտարարագրերը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ