06 06 2023

«Կարճ ասած»․ Նիկոլը Արցախը միայնակ չի հանձնել, օգնողների շարքը մեծ է



Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը և Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը աշխատանքից ազատման դիմում են գրել։ Պատահական մարդիկ չեն այս երկուսը․ հանուն Նիկոլ Փաշինյանի հոգեկան հանգստության և ծրագրերի իրականացման՝ նրանք կրծքով, քրտինքը ճակատներին պաշտպանել են նրա կապրիզները, մինչ չպարզվեց, որ հակասահմանադրական էր ի սկզբանե։ Հանուն ու նաև այդ գործի շնորհիվ նրանք վստահ եմ լիուլի վարձատրվել են ու դարձել էին այն, ինչ կային մինչև այսօր։

2018-ին ի՞նչ արվեց իշխանությունը վերցնելուց հետո․ հարուցեցին մի շինծու քրգործ, որի գլխավոր նպատակն էր Ռոբերտ Քոչարյանին մեկուսացնելը։ Հայաստանի միանգամից 3 գեներալ-գնդապետ հայտնվեց քրեական հետապնդման տակ, նրանցից ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց, Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ ղեկավարելու լիազորությունը։ Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով գրեթե 2 տարի պահեցին կալանքի տակ․ իսկ վերջում պարզվեց, որ գործը հակասահմանադրական է, ի սկզբանե հակաօրինական էր իրենց արածը։ Կարճվեց գործը։ Իրավաբանները, փաստաբանները ասում էին, որ հակասահմանադրական է, իսկ քաղաքական դեմքերը, վերլուծաբաններն ասում էին, որ սա նպատակ ունի շեղել, թուլացնել զգոնությունը, վարկաբեկել Արցախն ազատագրողներին, մեկուսացնել, մաշել նրանց նյարդերը, ջանքերը, որպեսզի չկարողանան այլևս քաղաքական կյանքում դերակատար լինել, իսկ դրա արդյունքում հանձնել Արցախը։ Որտեղի՞ց գիտեին, որ ուզում է Նիկոլը հանձնի։ Վերլուծում էին, հասկանում էին։ Դեռ պատերազմից առաջ ենք ասել՝ այդ քրեական գործը Արցախը հանձնողների գործն էր Արցախն ազատագրողների նկատմամբ։

Ժողովրդին երկար ժամանակ մատուցվեցին շոուներ․ որ դատավորը ազատ էր արձակում Քոչարյանին, պետականորեն հարձակում էր կազմակերպվում նրա վրա, շրջափակվում էին դատարանները․ հետո գործը գնաց ՍԴ, հարձակվեցին այդ կառույցի վրա, կազմը փոխեցին։ Այդ ընթացքում Նիկոլը Ալիևին խնդրում էր չկրակել սահմանին, մինչև էս խառը հարցերը լուծի երկրի ներսում, Քոչարյան դատի, նստեցնի։ Սա զբաղված էր իր փայ հարցերը լուծելով, իսկ Ալիևը մեծացնում էր ռազմական հնարավորությունները։ Ամեն մեկն իր մասով էր պատրաստվում։ Ու դա պայթեց 20 թվականի սեպտեբերի 27-ին։ Էդ ընթացքում դատախազները, այդ թվում՝ այսօրվա պաշտոնանկ եղածները, գործի հետ կապված տարբեր անձինք պաշտոնի առաջխաղացում էին ունենում։ Գևորգ Բաղդասարյանը ստացավ մեդալներ, վարչության պետից դարձավ կարևոր գործերով դատախազ, հետո՝ գլխավոր դատախազի տեղակալ։ Մյուս՝ իրեն կոտորելով մեղադրողը՝ Կարեն Բիշարյանը, որ վարչության պետի տեղակալ էր, նշանակվեց դատախազ, հիմա նա վերաքննիչի դատավոր է։ Պատկերացնու՞մ եք, հակաօրինական գործը դոշով պաշտպանածը, փոխարենը արդարադատության համակարգից վտարվեր, դարձավ դատավոր։ Պետրոս Պետրոսյանը դարձավ Կոտայքի դատախազ։ Սասուն Խաչատրյանը, որը այդ գործի հիմնական լոկոմոտիվն էր, դարձավ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Արթուր Դավթյանը, որ էս վերջերս կարծեմ Արցախում պաշտոն էր ուզում, էն դատական նիստերին, որտեղ Քոչարյանի խափանման միջոցի հարցն էր քննվում, անձամբ էր մասնակցում, ամեն կերպ պնդում էր, որ նախագահը պետք է պարտադիր ԱԱԾ պադվալում մնա, ոչ մի դեպքում չպիտի ազատ արձակվի, անգամ մեծ գրավի դիմաց։ Ոչինչ, որ նախագահը չէր հրաժարվում դատական շոուին մասնակցելուց, ոչինչ որ իրենց հույսերին հակառակ՝ չէր փախչում, չէր նվնվում, չէր խնդրում, վստահ գալիս էր, ու ասում էր ինչքան պետք գա՝ գալու եմ ու ապացուցեմ անմեղությունս։ Բայց ոչ, Դավթյանը անձամբ համարում էր, որ նախագահ Քոչարյանը պարտադիր պետք է այդ ամենի միջով անցնի, կալանավորվածի կարգավիճակով։ Այդ ամենի արդյունքում, այս մարդիկ կարիերա էին անում, առաջխաղացում, պռախոդ, ժողովրդի վարչապետի աջակցություն։ Դա էլ հլը մի կողմ։ Քոչարյանի դեմ բողոքի ցույց անողին դատավոր էին նշանակում, ԲԴԽ նախագահ էիք նշանակում, որ դատարանների վրա ճնշում բանեցնի, որ ամեն բան անի, որ Քոչարյանը հանկարծ չգա իշխանության։ Էն կարգի պարզ քաղաքական հետապնդում էր, որ Շվեյցարիան հրաժարվել էր աշխատել մեր կառավարության հետ՝ ասելով, թե գործը քաղաքական է, Ինտերպոլը հրաժարվել էր նույն պատճառով։

Ի՞նչն է միավորում Սասուն Խաչատրյանին, Գևորգ Բաղդասարյանին, Պետրոս Պետրոսյանին, Կարեն Բիշարյանին, Արթուր Դավթյանին ու էլի շատ մարդկանց․ նրանք իրենց որոշումներով, գործունեությամբ, հակասահմանադրական գործով մասնակից են Արցախի հանձնմանը, Հայաստանի անվտանգության քանդմանը։ Ու երբ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, այսինքն ասաց, որ այդ ամենը ապօրինի է, այս մարդկանցից ոչ մեկը ոչ հրաժարական, ոչ էլ պատասխան չտվեց։

Կրկնում եմ՝ մեր անվտանգային էսօրվա լուրջ պրոբլեմները, պատերազմում պարտվելը, Արցախի հանձնումը սկսել է հենց Քոչարյանի գործով դատավարությունից և այդ առումով Արցախը հանձնլու մեջ մասնակցություն ունեն նաև այս հաղորդման մեջ թվարկված ու չթվարկված շատերը։

2021 թվականի հունվարի 19-ին դատական նիստ տեղի ունեցավ, որտեղ դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, թե՝ ե՞ս եմ հանձնել Շուշիին, Ռոբերտ Քոչարյանը գլխով հավանության նշան արեց։ Դատախազը իրեն չէր տիրապետում, որովհետև երևի հասկանում էր, որ ճիշտ են ասում։ Կազմակերպվում էր այնպես, որ Դանիբեկյանը հենց մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, նիստ անի։ Երբ փաստաբանները հայտնեցին, թե այդ ո՞նց է ստացվում, որ հենց ա՛յդ օրն եք նիստ նշանակում, թշնամու պատվե՞ր է, թե՞ ինչ, նույն դատախազ Բղդասարյանն ասում էր՝ նրանց Շուշին ազատագրելու համար չենք դատում։ Իսկ ընթացքը ցույց տվեց, որ հենց դրա համար էր․ նրա համար, որ ազատագրեց, որ խաղաղ պահեց ու 2008-ին իշխանությունը չհանձնեց փողոցին։ Քոչարյանը պետք է նստեր, պետք է այդ հաղթանակները, այդ սիմվոլները արժեզրկվեին, որ Արցախում պարտությունը մեկից մեկ լիներ։ 

Պատերազմի ավարտից ամիսներ անց, երբ այլևս Քոչարյանի գործը պետք չէր, երբ արդեն հանձնել էին, 2021թ․ մարտին Սահմանադարական դատարանը որոշեց, որ քրեական գործը հակասահմանադրական է։ Շուրջ 3 տարի մեր երկրի իրավական, տնտեսական, քաղաքական կյանքը կանգ էր առել այդ գործի պատճառով, իրենց ամեն մի սրիկայություն մեկնաբանում էին Քոչարյան նստեցնելով, այդ գործը շատ թանկ նստեց պետության վրա, հայրենիք արժեցավ, հողեր, որդիների կյանք։ Ու մենք դուրս եկանք այդ գործից դատախազական համակարգը խայտառակված, դատարանները խայտառակված, ՍԴ հեղինակությունը գցած ու թշնամու քմահաճույքին հանձնած սահմաններով։ Շուշին հանձնելուց հետո գործը ավարտվեց արադարացման հիմքով․ Արցախը չկար, քրգործ պետք չէր էլ։

Կարճ ասած՝ պատկերը հետևյալն է․ Քոչարյանի դատական գործի սկզբում Շուշին մերն էր, Արցախը մերն էր, երբ գործն ավարտվեց, արդեն Շուշին մերը չէր, Արցախի մնացածն էլ պայմանավորվում էին հանձնել։ Այսօր Քոչարյանն ազատության մեջ է, այդ գործով արդարացվածի կարգավիճակով, բայց դուք դեռ պատասխան եք տալու մեր սիրուն երկիրը քանդելու համար։ Պաշտոնանակություն լինի, կանցնեք այլ ոլորտ, թե ձեր ոլորտում այլ աշխատանք կկատարեք, մեկ է՝ արդարադատությունը ձեր մասով լիքը անելիք ունի։ Պետք է էդ պատասխանը տրվի, որովհետև մենք նոյեմբերի 9-ից հետո էլ շարունակ հաձնում են հենց նրա համար, որ պատասխան տվող չեղավ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ