22 05 2023

«Կարճ ասած»․ Փաշինյանը հրապարակեց, թե ինչի համար է իշխանության



Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսը կարծում եմ հրավիրված էր մի քանի կարևոր ու անկարևոր հարցերի պատասխանելու համար։ Նախ պարզ դարձավ, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, կմնա բանտում, եթե վերաքննիչ դատարանում գործը քննող դատավորը լինի Նիկոլի հրահանգները կատարող մեկը։ Այսօր այդ հրահանգը հասկանալի տվեց։ Ըստ Նիկոլի, այո, Գայանե Հակոբյանը հերոսածին մայր է, բայց Աննա Հակոբյանն էլ է հերոսածին մայր։ Իսկ արդարադատությունը բոլորի համար է, և եթե ինքը կոչ անի տղային դիմումը հետ վերցնել, կնշանակի կոռուպցիա։ Արդարադատությունը բոլորի համար է, ասող Փաշինյանին հիշեցրին, որ իր շարասյունը իր ներկայությամբ այսինքն՝ նաև իր մասնակցությամբ, սպանեց Սոնա Մնացականյանին ու իր չծնված երեխային, իսկ վարորդը ազատ ֆռֆռում է։ Պարզվեց՝ տեղյակ էլ չէ գործի ընթացքից։ Դե ի՞նչ է եղել որ, ջահել աղջիկ էր, ընկավ մաշնի տակ՝ մեռավ, խեղճ Փաշինյանը հիմա ի՞նչ անի։ Այ որ իր որդուն նստեցրել են մեքենայի մեջ, այ դա ահավոր վտանգավոր երևույթ ա, պետք ա կանխել, մեկուսացնել ա պետք։ Իհարկե, կարելի էր արդարադատության շարքը շարունակել՝ հիշելով փոխգնդապետին, որը մինչև հիմա կոմայի մեջ է, իսկ ծեծելու մեջ կասկածվողը դարձավ դեպուտատ ՔՊ-ից, կարելի էր հիշել ՔՊ-ական դեպուտատներին, որ հարձակվել են քաղաքացիների վրա, կարելի էր հիշել Հակոբ Արշակյանին, որ հարցակվում էր լրագրողի վրա, կարելի էր հիշել թքող Ալենին, խուլիգանի պես իրենց պահող մյուս դեպուտատներին․ էդ բոլոր դեպքերում նրանք թռան պատասխանատվությունից ու բնականաբար՝ կոռուպցիոն երևույթների օգտագործմամբ։

Ասուլիսի ամենակարևոր մեսիջը․ Նիկոլ Փաշինյանը հստակ, հատուկ նրանց համար, ովքեր դեռ կասակցծներ ունեն, թե միամիտ հարիֆ է, նախկիններն էին ջեբը գցել, հայտարարեց՝ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ այո, ասաց՝ դրա մեջ մտնում է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իհարկե՝ Հանրապետություն բառը ինքը չասաց, իր համար Արցախը Հանրապետություն կարծում եմ չի էլ եղել։ Ինչպես նաև Ադրբեջանին ասաց, որ կհանձնի գյուղեր Հայաստանից, այդ թվում՝ Տիգրանաշենը։ Հետո մի հատ էլ հավելեց՝ ախր սրանից պարզ ո՞նց ասեմ։ Ժողովուրդ ջան, իրոք, էլ ո՞նց ասի, ո՞ր լեզվով ասի, որ հասկանաք, թե ինչի համար է եկել։ Փաշինյանը այսօր կատարեց Ալիևի հրահանգը․ Նա ասել էր՝ Հայաստանը, որ ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, հիմա պետք է հայտարարի՝ Արցախն Ադրբեջան է և վերջ։ Նիկոլը էսօր դա հայտարարեց։ Նրանք, այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության, ինչի՞ համար են բերել, ըստ ձեզ, որ հայերի կյա՞նքը լավանա, Արցախի հարցը ի նպաստ հայերի լուծում ստանա՞, Երևան-էջմիածին ճանապարհը ասֆալտապատի՞, թե՞ այլ՝ իրենց համար կարևոր բանի համար, օրինակ Արցախը նվիրի Ադրբեջանին։

Առաջ ասում էր նախկիններն են, կապ չունեմ և այլն, էսօր լրագրողը հարց է տալիս՝ նախկինները ի՞նչ տարածքով են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասում է՝ չգիտեմ։ Կան տեսանյութեր, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հստակ ադրբեջանցի լրագրողին, այնուհետև Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, հետո Հայաստան այցելած Լիտվայի նախագահի հետ ասուլիսում, հետո ադրբեջանցի պաշտոնյայի, ասում է՝ Լեռնայն Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Նիկոլը ինքը մեղադրում է նախկիններին, բայց ինքը ասում է՝ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղն էլ մեջը, Հայաստանից էլ լիքը գյուղեր մեջը։ Ու ասում է՝ գիտեմ, որ էթնիկ զտման են ենթարկվելու, ցեղասպանության վտանգ կա, բայց դե թող նստեն իրար հետ երկխոսեն, որ չկոտորի։ Հայաստանը, որ թղթի վրա անկախ է, ՄԱԿ-ում ծածանվող դրոշ ունի, եվրախորհրդարանում էլ, չի կարողանում բանակցել, ջարդված Ղարաբա՞ղը պետք է բանակցի։ Ու՞մ հետ բանակցի, իրենց ցեղասպանել ցանկացողի՞։

Կան մարդիկ, ու ցավոք քիչ չէ նրանց թիվը, որ խոսում են Նիկոլի պես՝ դե ղարաբաղցիները իրենք թող իրենց գլխի ճարը տեսնեն, մեզ համար կարևորը Հայաստանը ապահով լինի։ Հարց, արդյո՞ք դու ունենում ես երաշխավոր, որ Ադրբեջանը չի մտնելու քո տարածք, խաղաղության պայմանագիրը չի խախտվի։ Նախ արդեն մտել են, դեռ 2 տարի առաջվանից ու կարողացել են մտնել, հենց Արցախի 80 տոկոը հանձնելուց հետո, հետո Նիկոլը դրան էլ պատասխանեց՝ չկա ոչ մի երաշխավորություն ու չկա ոչ մի երկիր, որ պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել։ Այսինքն՝ գործընթացի մեջ մտած ոչ մի կողմ, ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Բրյուսելը և ընդհանրապես, հավաքական արևմուտքը չի տալիս էդ երաշխիքը։ Այսինքն՝ գործընթացը զուտ Ղարաբաղը հանձնելու համար է։

Հայաստանում կան մարդիկ, որ ասում են՝ մեկ է՝ ինչ ուզում է ստորագրի, նշանակություն չունի, որովհետև մեկ է՝ պետք է բերվի, դրվի հանրաքվեի, պետք է մտնի սահմանադրական դատարան և այլն։ Ժողովուրդը չի վավերացնի։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հանրաքվե չի էլ լինելու։ Ըստ երևույթին՝ ինչ-որ քարտեզով դրանք կհանձնեն, որոնցով Հայաստանից բոլոր հանձնվող տարածքներն էլ Ադրբեջանին են ու հանրաքվե չի լինի։ Իսկ ո՞վ է որոշել, որ Հայաստանի տարածքը հենց 29,800 քառակուսի կիլոմետր է, որ տարածքներն են մտնում դրա մեջ, այս հարցի պատասխանը դեռ ոչ մեկ չի տվել։ Ասում է Փաշինյանը, հանրաքվե չենք անի, որպեսզի պատասխանատվությունը իմ վրայից չգցեմ ժողովրդի վրա․ մարդ, որը կապիտուլյացիա ստորագրելուց հետո ինչ է թե ինքը մնա անվնաս, բոլորին մեղավոր ու պատասխանատու հանեց, հիմա ասում է՝ չի ուզում ուրիշի վրա գցել։

Ըստ երևույթին, նա տեսավ, որ էդքան բանն անելուց հետո, հանձնելուց հետո, 5 հազարին գերեզման տնելուց հետո, 10 հազարին վիրավոր տալուց հետո դեռ մնում է, դեռ ինքն է պատժում, արդեն՝ հերոսների հարազատներին ու արդեն ոգևորված բաց խոսում է։ Զոհված զինվորի մայրը այսօր հարց է ուղղում Փաշինյանին՝ բա եթե Արցախը Ադրբեջան էր և վերջ, ինչի՞ մեր տղերքին տարար սպանեցիր։ Այս հարցի պատասխանը այսօր չտվեց։ Իրե՞նք էին խանգարում քո խաղաղության դարաշրջանին։ Հարցի պատասխանը չկար։

Իհարկե՝ Փաշինյանի ասուլիսում այլ վտանգավոր բաներ էլ կային, ինչպես օրինակ՝ այն, որ հնարավոր է ՀԱՊԿ-ից դուրս գա։ Շատ հարցերի ցրողական պատասխան էր տալիս, իբրև տեղյակ չէ, կոռուպցիոն թեմաները շեղում էր, իր կուսակցության ներսում կոռուպցիայից հարց էին տալիս, խոսում էր պղնձամոլիբդենային կոմբինատից, ուրիշ թեմայով հարցին պատասխանում էր, թե հազար քանի հարյուրով ծնունդները շատացել են, ուրեմն կառավարությանը վստահում են և այլն։ Փաշինյանի ասուլիսները վաղուց իրադարձություն չեն, հետաքրքրությունը շատ փոքր է հանրության մոտ, դա կարելի է չափել դիտումներից, իսկ մեկնաբանեութունների մեծամասնությունն էլ, եթե ֆեյքի վարձատրվող գովք չէ, ուրեմն հայհոյանք է պարունակում։

Հայաստանի իշխանությունը գնում է մի գործընթացի, որը ոչ մի հնարավորություն չունի հօգուտ մեզ լինելու, և ոչ մի երաշխիք չունի, որ նոր աղետի թուղթ չէ։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես չեմ ասում խաղաղության պայմանագիրը բխում է հայ ժողովրդի շահերից, ես ասում եմ խաղաղությունն ա բխում հայ ժողովրդի շահերից։ Այո, խաղաղությունը բխում է հայ ժողովրդի շահերից, բայց ու՞ր է խաղաղություն, այդ ո՞վ պետք է ապահովի այդ խաղաղությունը՝ Նիկոլը՞, այն Նիկոլը որը երդվում էր որ չի եկել Արցախը հանձնելու՞։ Այն Նիկոլը, որը ասում էր Արցախը Հայաստան է և վե՞րջ, այդ Նիկո՞լն է ասում, որ գնում ա բան ստորագրի, որ խաղաղություն լինի։

Փաշինյանին բերողները հասել են էն կետին, ինչի համար բերել են։ Բանակցությունները մոտենում են ավարտին։ Ամեն մեկը կարծես ստանում է այն, ինչ ուզում էր։ Մե՞նք ինչ ենք ստանում, ի սրտե ոտքի ելած ժողովուրդը ի՞նչ է ստանում, բացի փաստացի տարածքային կորուստներից, զավակների մահից ու բռնագաղթից։ Դե երևի ժողովրդի ստանալիքն էլ դա էր․ ըստ պլանի։

Կարճ ասած՝ Փաշինյանը այսօր մի քանի անգամ, տարբեր ձևերով արձանագրեց, որ Արցախի, Արցախի ապագայի, Հայաստանի և առհասարակ հայ ժողովրդի հետ կատարվածների և դեռ կատարվելիքների պատասխանատուն ինքն է, և ուրեմն մեղավորն էլ է ինքը։ Եվ ուրեմն այսուհետ էլ թող ոչմեկի անունը չտա։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս իրեն որևէ կերպ պաշտպանողներն էլ ականջներին օղ անեն, նրանք բոլորը եթե շարունակում են Նիկոլ պաշտպանել, նույն մեղքի բաժին ունեն։ Թող հայռելու մեջ նայեն իրենց, հետո նայեն Կառավարության շենքի դիմաց ծնողներին ու հասկանան, որ նաև իրենք են մեղավոր նրանց այդ վիճակի համար։

 

Սևակ Հակոբյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ