27 03 2023

«Կարճ ասած»․ 15 մլրդ դոլարանոց ներդրումներ, հարյուր հազարավոր աշխատատեղեր․ «Нью-Васюки»-ն շարունակվում է



Ուղիղ երեք տարի առաջ Երևանի քաղաքապետ, «Կարգին» հաղորդման դերասան Հայկոն մի հոլովակ հրապարակեց, թե ոնց են արագի մեջ քանդելու Երևանի Հալաբյան փողոցի շենքերը ու սիրուն շենքեր կառուցելու։ Ասաց, որ ներդրողների հետ քննարկել են։ Հետո այս նկարը առավ ու գնաց Նիկոլի մոտ։ Այդ մասին վերջին անգամ լսեցինք հենց այդ ժամանակ։ Ո՞ւր է հիմա Կարգին Հայկոն․ քաղաքական բեմից վերադարձավ թատերական բեմ․ իսկ ո՞ւր է նախագիծը, ներդրողները, պատասխանատվությունը։ Երևի հետը տարել է։

Դրանից մի 4 ամիս անց՝ 2020 թվականի օգոստոսին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում մի հատ լուսանկար դրեց ու գրեց․ Չինաստանը Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կանի՝ «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։ Ասում էր, թե հուշագիր են ստորագրել Հայաստանն ու Չինաստանը։ Պարզվեց՝ ոչ Հայաստանում, ոչ Չինաստանում որևէ պետական կոռույց դրանից տեղյակ չէ։ Իսկ ներդրում բերող ընկերության կայքը «նախկիններից» հետո չէր էլ թարմացվել։ Ներդրումը գրեցին սառույցին, որը հալվեց-գնաց, իսկ Ո՞ւր է հիմա ֆեյք լուրեր տարածած իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Ոչ, քաղաքական աղբանոցում չէ, Գերմանիայում ՀՀ դեսպանն է։ Երևի հիմա էլ Բեռլինում՝ գիտական քաղաք է սարքում։

2018 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե Վանաձորում կբացվի գազաբալոնների գործարան, 150 աշխատատեղ կստեղծվի։ Ժողովուրդը ուրախացավ։ Հակահեղափոխականների պորտները տեղն էին դնում, թե տեսեք ինչեր ա անելու՝ թողեք, թող աշխատեն, այ չուզողներ։ Ամիսներ անց՝ 2019թ․ մայիսին, Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակեց լուսանկար Վանաձորի գազաբալոններ արտադրող գործարանից, թե՝ «Հայ-իրանական գազաբալոնների գործարանում բուռն աշխատանքներ են իրականացվում»: Պետք է օրը 800 հատ բալոն արտադրեին, 95 տոկոսն էլ արտահանեին։ Նիկոլն էլ բացեց դեռևս գոյություն չունեցած գործարանը։ Անցավ համարյա 5 տարի․․․ Ի՞նչ բալոն, ի՞նչ արտադրություն․․․ Ոչինչ չկա մինչ օրս, խաբել են։ Այսպես կոչված ներդրողները իրար մեղադրեցին խարդախության մեջ, դատի տվեցին, անցավ գնաց։

2018 թվականի նոյեմբերին, Նիկոլ Փաշինյանն ընդունեց գործարարի, հետո հայտարարեց, թե Հայաստանում 2 հատ տրակտորի գործարան կբացեն, տարեկան մինչև 5 հազար տրակտոր կարտադրեն, տրակտոր արտահանող երկիր ենք այլևս։ Իբր 20 մլն դոլարի ներդրում էին անելու։ Ո՞վ է տեղյակ էդ ծրագրից, ի՞նչ եղավ, 4,5 տարի անցել է։

2018 թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում Նիկոլ Փաշինյանը կտրեց հերթական չբացված գործարանի լենտը ու շուքով «բացեց» հայկական կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան: Թե բա հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է, 70-80 աշխատատեղ, տարեկան 126 հազար հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և այլն։ Հայաստանի ու ողջ ԱՊՀ շուկան պետք է ողողեր։ 2019թ․ մայիսի 23-ի կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասում էր՝ ասացին արի նայի գործարանը, 15 հոգի աշխատում ա, ասացի քանի դեռ 80 հոգի չի աշխատել, չեմ գալու։ Որևէ մեկիդ աչքով ընկել է՞ հայկական էդ արտադրանքը։ Չի էլ ընկնի։ Դա էլ էր սուտ։ Նիկոլին հարցրեցինք բա էդ ո՞նց ա լինում, որ լենտերը կտրում եք, գործարանները չեն բացվում, պատասխանեց, թե ինչ իմանա, իրեն ասել են արի կտրի, գնացել է։ Այդքան բան։

Եվ այլն և այսպես լիքը ֆեյք տեղեկություններ գործարանների մասին։ Էդ կտրվածքով, պետք է հիմա Հայաստանում գործազրկություը 0 տոկոս լիներ ու ահել-ջահել՝ սաղ աշխատեին գործարաններում։

Ու հիմա էդքան ստերից հետո, Նիկոլ Փաշինյանը երեկ կանգնել է մի հատ չոլի մեջտեղ՝ Աշտարակ քաղաքին մոտ ու վիդեո է արել, թե՝ սա մեր պատկերացրած ակադեմիական քաղաքն է։ Այ էս քար ու թուփը արվեստների ավագ դպրոցն էն, էն բլուրը արվեստների համալսարանն է, էս փոսը ժամանակակից համերգասրահն է, համալսարաններն են։ Հա, չմոռանամ ասեմ՝ էն էլ սպայական ավագ դպրոցն է, համալսարան էլ կա և այլն։ Էս մեջտեղներն էլ մի հատ տրամվայ կգցենք, որ համալսարանից գնանք համերգասրահ։ Բա եթե էդ մարդիկ ուզենան ֆուտբոլ խաղա՞լ․ ի՞նչ կա դրա մեջ, մի հատ էլ միջազգային չափանիշներով ստադիոն ձեզ նվեր, դա էլ կսարքենք։ Ընդամենը էդ քար ու թուփի վրա, էդ ամայի տւարածքում Նիկոլ Փաշինյանը քիչ էր մնում արդեն կտրեր ակադեմիական քաղաքի լենտն ու ասեր՝ դե եկեք կրթվեք-ապրեք։ Որ նայում էի, հիշեցի 12 աթոռ հայտնի ֆիլմի դրվագը, թե ինչպես է Բենդերը վասյուկի փոքրիկ քաղաքի բնակիչների ականջներին լափշա կախում, թե հեսա ձեր քաղաքը դառնալու է միջգալակտիկական մայրաքաղաք՝ Նյու Վասյուկի։ Ինձ թվում է, երեկվա մեր վարչապետի լայվը, Բենդերի ու իր ընկերոջ համար մաստեր կլասս կլիներ, այ էս դեմքերով կլսեին։

Այ էդտեղ ա հասել անլրջությունը։ Ո՛չ ժամկետ, ոչ բան, ո՛չ պատասխանատվություն, ո՛չ հաշվետվողականություն․ միայն բառեր, խոսքեր, ելույթներ ու վերջ, մյուս օրն անգամ մոռանում են։ Վաղը հաստատ պատճառ կբռնեն, թե ինչու ոչ մեկն էլ չստացվեց, հեչ որ չէ՝ կասեն ընդդիմությունը քննադատեց, թշնամին հարձակվեց, որ չկարողանանք ավարտին հասցնենք, ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր․ թուրքը 100 քառակուսի կիլոմետր առաջ եկավ, Նիկոլը հայտարարեց, թե հարձակվել են, որ մեր տնտեսական աճը կոտրեն։

Ձեր կարծիքով ինչո՞ւ է ամբողջ ինտեռնետը ղժում Ավինյանի վրա, որը խոստանում է 2 տարում մետրոյի թազա կայարան սարքել։ Որովհետև իրենք էս թվարկածս բոլոր դեպքերում խաբել են, ֆեյք լուրեր են տարածել ու անիմաստ խոստումներ տվել։ Ցույց են տվել մի հատ ինչ-որ գյոլ, ասել են՝ էստեղ կոկորդիլոսներ կբերենք կբուծենք, մի հատ սահմանամերձ դաշտ են տեսել, ասել են էստեղ չոր նավահանգիստ կկառուցենք։

Բայց ռեալ կյանքում իրականությունը այն է, որ քանդում են, փչացնում են կամ պարզապես հանձնում են թշնամուն։ Կառուցած գործարաններ էլ են հանձնել թշնամուն, քաղաքներ էլ, ակադեմիա էլ, դպրոցներ էլ։ Բայց այ իրենց կառուցածը չենք տեսել։

Ու էդ մարդը, էդ մեգա նախագծերի հեղինակը, սելֆիներ է անում, թե ոնց է ամեն ինչ թողել մի կողմ, պետական ռեսուրսը, միլիոնավոր դրամներ ծախսելով հասել Դիլիջան, որ աղբ հավաքի, կինն էլ նկարի ու տարածի, թե ժողովրդական ամուսին ունեմ։ Մենակ էնքան փող, որ դուք վճարեցիք բենզինի ծախս, ախրանային վճար էդ մի սելֆիի համար, էդքան գումարը վճարեիք մարդկանց, ողջ աղբը կհավաքեին։ Վարչապետի գործը աղբ հավաքելը չէ։ Ամիսներ առաջ էլ թատերական ինստիտուտի մոտ էր աղբ հավաքում․ ու ի՞նչ․ թատերական ինստիտուտը, ըստ օդում կախված լուրերի, փակվելու է կամ միավորվելու է այլ բուհի հետ, իսկ տարածքը գնելու է որևէ նիկոլական օլիգարխ։

Կարճ ասած՝ ինչո՞ւ են այս խոստումները հեշտությամբ տալիս ու թռնում խոստացածից։ Երեկ պատասխանը տվեցին։ Ընտրություններ էին Սյունիքում ու Շիրակում։ Երկու տեղերում էլ ՔՊ թեկնածուն ընտրվեց։ Այ հենց այստեղ է խնդիրը․ իրենք կարող են խոստումներ տալ ու չկատարել, գործարաններ խոստանալ, անգամ լենտը կտրել, բայց չբացել, իրենք կարող են անգամ թշնամուն բերել-կանգնեցնել Իշխանասարի գլխին, բայց այդ գյուղում հենց իրենք վերցնեն ժողովրդի քվեն։ Որովհետև երբ իրենք կատարելագործել են ընտրական պրոցեսի ողջ ռեսուրսն ու մեխանիզմը, հանգիստ կարողանում են վերարտադրել իրենց իշխանությունը, էլ ինչի՞ իզուր չարչարվեն աշխատելու, գործարան բացելու, պետություն պահելու վրա, խոստումները կատարելու վրա։ Ձայն ա պետք՝ մի ձև կխփեն։ Նայում ու մտածում եմ, գոնե ազատ-արդար ընտրությունից մի խոսեք․ բայց դա էլ են խոսում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ