07 03 2023

«Կարճ ասած»․ Ձեր զավակներին պինդ պահեք, «ոչ բռնի, թավշյա» խուժանությանը նոր զոհեր են պետք



2020 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին, աշնանային շատ մռայլ մի օր, երևանյան հիվանդանոցում մահանում էր 19-ամյա Հայկը։ Վիրավորվել էր՝ մարտի դաշտ դեռ չմտած։ Շուրջբոլորը հարազատներն էին, դրսում՝ ընկերները։ Բժիշկները հույս չէին տվել։ Հայկի գիտակցությունը տեղն էր, ուղղակի ներարկումներ էին անում, որ ցավը տանելի լինի։ Ծանր վիճակը հիվանդանոց էր բերել բոլոր հարազատներին, անգամ նրանց, ում հետ ընտանիքը ժամանակին խռով էր 2018 թվականից ի վեր տարաձայնությունների պատճառով։ 2018-ը շատ գերդաստանների բաժանեց՝ սև ու սպիտակի շրջանակներում։

Հայկը դժվարությամբ էր խոսում, մերթընդմերթ բացվող ու փակվող աչքերից արցունքներ էին գնում։ Ամեն արցունքի հետ հոսում էին նաև հարազատների աչքերից։ Հայրը մի ձեռքով բռնել էր տղայի ձեռքը, մյուսով՝ իր գլուխը։ Մայրը կողքին չէր, որդու վիրավորվելու լուրից ինֆարկտ էր ստացել ու հիվանդանոցում էր․ նրան աչքաթող էին արել․ իր կյանքն արդեն լավից-վատից ապրել էր։ Նա այդպես էլ չհաղթահարեց որդու կորուստը։

Հայկը, այդ ամբողջ ընթացքում մի քանի անգամ հորը հարցրեց՝ պապ, չեմ ուզում, ինչի՞ սենց եղավ։ Հերն էլ հեկեկում էր՝ ես եմ մեղավոր։ Արդեն երեկոյան կողմ շատ խորքից վա՜ա՜ա՜ա՜խ արեց ու գնաց… Բոլորը հսկացան, որ ազատվեց ցավերից ու լուռ սենյակից դուրս եկան, մնաց հայրը՝ վշտի մեջ։ 5 օրում սպիտակել էր։ Անընդհատ կրկնում էր՝ ես եմ մեղավոր։

Հայկը 17 տարեկան էր, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը։ Ընկերների հետ ինչ-որ պահից գալիս էր հրապարակ, մասնակցում ակցիաներին։ Քաղաքականությունից բան չէր հասկանում, կառավարության գործունեությանը չէր հետևում, հայրն ակտիվ մասնակցում էր ակցիաներին, ասում էր՝ պետք ա փոխենք, Հայկն էլ ընկերների հետ, շատ բան չհասկանալով, փողոցներ էր փակում․ ավելի շատ նորաձև մի բան էր, դեռահասների համար։ Այնպես չէ, թե հայրը բան էր հասկանում քաղաքականությունից, ուղղակի ամեն օր ասում էին թալանել են, պատերազմ են պարտվել, 800 հեկտար հանձնել են, դղյակներ-բան, իրենց աղքատության պատճառն է, կարմիր գծեր, տեսախցիկներ, վարկերի տոկոսներ, մի խոսքով՝ թալանը կբաժանեն ժողովրդին․․․ Ծանր աշխատանքներից հոգնած մարդ էր, ուզում էր մի քիչ էլ ինքը վայելի։ Փրկիչ էր պաատկերացնում, որը եկել է ու բոլորի համար կյանքը դրել գրավ, պատրաստ է մեռնելու հանուն ժողովրդի, մենակ թե իրենք լավ ապրեն, անվտագ լինեն։ Գործով էլ մի թեթև ապացուցել էր, փշալարերի վրա էր ընկել, ձեռքը քերծվել էր եղել, բինտով փաթաթել էր, ու արյունը սրտի ձև ուներ, դա էլ Աստծո տված նշաններից էր։ Անկեղծ էր ժողովրդի հետ երևում, իրենց հետ խոսում էր, իր ազնիվ նպատակների մասին էր խոսում ու հանուն այդ նպատակների պատրաստ էր ինքնազոհողության։ Հավատաց ու գնաց հետևից։ Ով էլ չէր հավատում, բորբոքվում էր, անգամ թշնամանում էր։

Մի երկու տարի հետո, արդեն, տարբեր իրադարձություններ հավաքվեցին, վերլուծեց մի քիչ ու աստիճանաբար փոխվեց, հատկապես նրանից, որ տեսավ՝ այդպես էլ հեղափոխության արդյունքում իր ընտանեկան դրամագլուխը չմեծացավ, լսում էր, որ ինչ-որ թալան են հետ բերում, ինչ են անում, բայց ոչ մի բանից օգուտ չուներ, էլի ցեխ էր կրում, իր տղան արդեն բանակում էր, ֆինանսապես տխուր վիճակում էին։ Երբ պատերազմը սկսեց, արդեն լրիվ հակաիշխանական էր, պատերազմի ժամանակ էլ տղայից ու մարտադաշտում գտնվող այլ ծանոթ-բարեկամներից շատ էր լսում անտեր վիճակի մասին, արդեն մտածում էր, որ դավադրություն կա։

Հայկի զոհվելուց հետո հայրն արդեն բավականին հասունացած էր վերլուծություն անում։ Հասկացավ, որ հեղափոխության արդյունքում ինքը ունեցավ շատ ավելի մեծ կորուստներ, քան իր ընտանիքը կարող էր տանել։ Ու հիմա տեսնելով իր աչքի առաջ իր տղայի մահը, տեսնելով, որ 5 հազար ուրիշների զոհվելը դաս չեղավ, կիսվում էր ինձ հետ, խնդրում իրենց ցավը բարձրաձայնեմ։ Ուզում է իր օրինակով բացել իր պես հարյուր հազարավոր մոլորված աչքերը։ Հասկացել է, որ ավտոբուսների դեմը փակելը, խաչմերուկներ փակելը, կարգախոսները, ձեռքի բինտը, ամեն օր նույն զինվորական շապիկով ման գալը և մնացած բաները տեխնոլոգիաներ էին, ինքն էլ, որպես միամիտ քաղաքացի, այդ տեխնոլոգիայի կուտ կերած մասն էր։ Ու հիշում է, թե որքան է չարչարվել ոչ միայն հեղափոխության, նաև դրանից հետո այսպես ասած՝ պահպանման համար։ Օգոստոսի 17-ին արի հրապարակ, որ հեղափոխություն պահես, հոկտեմբերի 2-ին արի ԱԺ դիմաց, որ հեղափոխություն պահես, գնա դատարանի դուռ շրջափակի, որ հեղափոխություն պահես, կքվեարկես սահմանադրական բարեփոխումներին, որ հեղափոխությոն պահես։ Մի անգամ հեղափոխություն արեց, 10 անգամ վազեց պահելու, բայց իրեն, իր հեղափոխական տղուն պահող չեղավ։ Հեղափոխության արդյունքում իշխանության եկածները, իր հետ փողոց փակողները հանգիստ տարան իր տղայի զոհվելը։

Իսկ ո՞վ ասաց, թե հեղափոխությունը առանց արյունի է եղել։ Կարո՞ղ եք ասել աշխարհի մի երկիր, որտեղ հեղափոխության արդյունքում 5 հազար զոհ լինի, 10-15 հազար վիրավոր։ Հեղափոխություն ու իշխանափոխություն լիքը երկրներում եղել են, լիքը երկրներում իշխանության են եկել պոպուլիստներ, երկրները գրանցել են աքատության խորացում, իրենք թալանել են, հարստացել են, դղյակներ են սարքել, շատ հեղափոխությունների է բնորոշ։ Բայց կարո՞ղ եք ասել երկիր, որտեղ հեղափոխության արդյունքը լինի այսքան զոհը։ Ոնցոր պատրաստ էր սաղի համար մեռնելու, փշալարերը ծածկելու իր մարմնով․ բա էդ ո՞նց եղավ, որ ինքը ամեն կերպ իրեն պահպանում է, բայց իր կոչով 5 հազարը ու ավելին զոհվեցին, որովհետև չէր ուզում որ իրեն ասեն դավաճան։

Հայկը մեր նահատակ հերոսն է։ Հայկը նաև մեր առասպելական կերպարն է, որը հաղթեց Բելին։ Բայց մեր իրական պատմության մեջ, ինչպես մի նիկոլական քանդող ճարտարապետ էր ասում, «Հայկը պարտվեց ոսոխ Բելին»։ Ո՞վ էր այդ Բելը, Ալիևն է՞ր, Նիկո՞լն էր, Հայիկի հա՞յրն էր, որ աէրոպորտի խաչմերուկ էր փակում կամ այլ փողոց, թե Հայկն ինքն էր, որ առանց գիտակցելու օգնեց իր մահախոսականը գրեն 2018 թվականի հեղափոխական հարթակներում։

Ասեմ, որ եթե ձեզ հետաքրքրի, թե Հայկը ով էր և ուզենաք փնտրել նրա հորը, հոգեբանական ծանր վիճակում հայտնված այդ ընտանիքը, այդ փնտրտուքի ժամանակ կգտնենք լիքը նման ճակատագրեր, 5 հազար և ավելի։

Ծանր է, բայց նրանց համար, ովքեր պատկերացնում են, թե ինչ է կատարվում ու ինչ է սպասվում։  Ծանր է նրանց համար, ովքեր չեն տեղավորվում «հերիք ա սուգ անեք, հելեք ուրախացեք» կոչերի մեջ։ Հարց եմ ուզում տալ՝ ժողովուրդը արդյո՞ք ջոկում է, հասկանում է, թե ինչի մեջ ենք ու ինչ է մեզ սպասում։ Ամեն օր մի թեմա տալիս են ուշադրության կենտրոնում մնալու համար, ծիծաղելու համար, ձեռք առնելու համար ու անցնում-գնում են օրերն ու մենք։ Ամբողջությամբ ախտահարված է մեր միջավայրը, երևի մի հազար տոննա քլոր է պետք ախտահանելու համար։

Կարճ ասած՝ այս ամենը պատմում եմ առաջին անգամ, պատմում եմ Հայկի հոր խնդրանքով։ Ինչո՞ւ եմ պատմում․ հեղափոխությունը, հեղափոխական իշխանությունը պահպանելու համար դեռ շատ զոհեր են պետք։ Հարգելի ծնողներ, պինդ պահեք ձեր զավակներին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ