07 02 2023

«Կարճ ասած»․ Սա էլ չաշխատեց, նոր թեմա մտածեք



 

Ազգային ժողովն այսօր քննարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։ Քննարկելու բան լիքը կա․ իսկ դուք, հարգելի ժողովուրդ, տեղյակ ե՞ք, թե ինչ են խոսել բանակի քանդված վիճակից, զորամասերի բացակայությունից, զենքի բացակայությունից, մարտական դիրքերի վատ կահավորումից, ինքնասպանություններից ու սպանություններից, հրդեհից, տեղյա՞կ եք, թե ինչ հրատապ անելիքներից են խոսել։ Տեղյա՞կ եք, թե ինչ են քննարկել այն թեմայով, որ իշխանության տեսակետը չկիսող հրամանատարներին զորացրում են։ Ոչ, տեղյակ չեք։ Որովհետև սրանք թեև անունը դրել էին հասարակական հետաքրքրություն ունեցող քննարկում, բայց նիստը փակ արեցին, որպեսզի նույն հասարակությունը ոչինչ չիմանա իրեն հետաքրքրող հարցերի մասին։ Բաց քննարկեն, որ ի՞նչ ասեն, թե ոնց բանակից մնաց «բ» տառը՞։ Հանրությունը, իրենց կարծիքով, չպետք է իմանա, թե ինչ է կատարվում բանակում իրականում, բայց․․․ հանրությանը խոսելու թեմա են տալիս, որ պարապ չմնա՝ ասում են, Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ չգործող զորամասերից մեկը վաճառվել է, գումարը փոխանցվել բյուջե, ու հիմա քրեական գործ են բացել։

Բոլոր կանխատեսումներն իրականություն դարձան այն մասին, որ իշխանությունը փորձում է Արցախում շրջափակման թեման, մեր սահմանների փոքրացման թեման, բանակի քանդման թեման, Վարդենիսում զինվորների՝ հրո ճարակ դառնալու թեման սվաղեն վաղեմության ժամկետն անցած քրեական գործով։ Ես հիմա չեմ խոսի քրեական գործից, նախ՝ որովհետև փայլուն գիտենք, թե գործ սարքելու ինչ մեծ ջանք են գործադրում այս իշխանություններն արդեն շուրջ 5 տարի։ Մեզ նաև քաջ հայտնի է այս գլխավոր դատախազի ելույթն այն մասին, որ ինքը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է քրեական գործերի մասով և ստանում է ցուցումներ։ Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է՝ կա՞ տենց դատավոր, որ իր ասածին հակառակվի․ ուրեմն արդարադատությունից խոսելն ավելորդ է։ Բայց նաև չեմ խոսելու Սեյրան Օհանյանի դեմ այս սարքած գործից այն պատճառով, որ դա չի հետաքրքրում ոչ մեկին, ոչ ժողովրդին, ոչ գործը սարքողներին։ Նրանց համար կարևոր է, որ թեման իրենց բերած աղետից շեղեն։ Եթե Սեյրան Օհանյանի դեմ բան չգտնեին, քրգործ էին բացելու, որպեսզի պարզեին՝ հայրենիքի համար որ ոտքը կորցրել է, պրոթեզը իր հաշվին է առել, թե պետության, մեկ անձից գնման ընթացակարգով, թե մրցույթով։ Սրանք մարդկային այդ տեսակն են։

ՔՊ-ական դեպուտատ Գևորգ Պապոյանը, էն որ հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամատոմսը մի տեղ պահեց ու վազավ ՔՊ, ասում է՝ պատկերացնում ե՞ք, եթե մեր օրոք հանկարծ զորամաս փակեին կամ վաճառեին, լրագրողներն ու խմբագիրները ինչ ոռնոց կբարձրացնեին։ Նախ թե ով է ոռնոց բարձրացնում, երևում է ձեր ամեն ելույթի ժամանակ, ոռնոց էլ չի, ծվծվոց է, ղզիկի ծվծվոց․ հաջորդ անգամ լրագրողներից խոսելուց չափդ ճանաչիր։ Դա մի կողմ, բայց իր այդ հայտարարությունը ուղղակի ծիծաղելի է փաստերի աղավաղման տեսանկյունից։ 2022թ․ ապրիլի 15-ին իր սիրելի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վաճառքի հանեց Երևանում և մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 70-ից ավելի անշարժ գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության նախկին հսկայական շենքը, զորամասեր, հեկտարներով հողատարածքներ, անգամ՝ օդանավակայան։ Զորամասեր են իրենք հանել վաճառքի ու հիմա ասում է՝ եթե մեր ժամանակ տենց բան արվի․․․ Բա արվում է։ Բայց գիտե՞ք ինչի ուսապարկ Գևորգը տեղյակ չէ։ Որովհետև դա արվեց գաղտնի, չզեկուցվող հարցով, որ հանրությունը չկարդա, չիմանա։ Երբ կարդացի, որ թշնամուն զորամասեր հանձնողները, իսկ չհանձնածների մի մասն էլ վաճառքի հանածները մեղադրում են Սեյրան Օհանյանին մեկ զորամասի վաճառքի մեջ, հիշեցի մի թարմ դեպք․ նախորդ տարի 79 տարեկանում մահացավ ինձ ծանոթ Գուրգեն պապին։ Ինձ ծանոթ 94-ամյա Սուսան տատին երբ լսեց Գուրգեն Պապու մահվան մասին, գլուխը տմբտմբացրեց՝ մի ասա էդքան ո՞նց ես մնացել։

ՔՊ-ական ուսապարկն ասում է՝ «Գցում են տնակի նկար, ասում են՝ ինչի՞ ա մեր զինվորը տնակի մեջ կամ վրանի մեջ։ Վրանի մեջ է, որովհետւև ծախել եք զորանոցը, կերել եք»։ Կասկածում եմ, բայց Գևորգ Պապոյանը, երևի, նկատի ուներ Նիկոլ Փաշինյանին, որովհետև դժվար թե նա չհասկանար, որ Արարատի մարզում մի չգործող զորանոց վաճառելու արդյունքում դրանից 15 տարի հետո բոլորովին այլ վայրում զինվորը չպիտի քներ խրճիթում։ Բայց Պապոյանը լավ գիտի, որ Սեյրան Օհանյանի օրոք վաճառվել է մեկ զորամաս, բայց սարքվել են, վերանորոգվել են, վերազինվել են ու զինվել են բազմաթիվները, իսկ ահա ինքն ու իր քաղաքական թիմը դրանց ճնշող մեծամասնությունը նվիրել է հանձնել է կամ իր բառերով ասած՝ ծախել է թուրքերին։ ՔՊ-ն որ եկավ իշխանության, 2 տարի անց 10 հազար քառակուսի կիլոմետր հանձնեց թշնամուն․ ու 10 հազար քառակուսի կիլոմետր հանձնողները որևէ մեկին որևէ բան ծախելու մեջ մեղադրելու իրավունք չունեն։ Ասում են էդ զորամասի շենքը, տարածքը շուկայականից էժաան գնով է վաճառել։ Եթե մոռացել են, հիշեցնեմ, հանրության մոտ չի փակվել թեման 44-օրյա պատերազմում հողերի հանձնման դիմաց 5 մլրդ դոլար ստանալու մասին։ Օդում կախված խոսակցություններ էին, որ տենց էլ մնացին ու կմնան մինչև իշխանափոխությունը, որովհետև հարցերը շատ շատ էին։ Իսկ եթե մի օր պարզվի որ հենց այդպես էլ եղել է, կհարցնենք հողատու ՔՊ-ին․ հայրենիքը 5 մլրդ դոլարով ծախելը շուկայական գնի մեջ ա ՞, թե՞ էժան ա։ Սեյրան Օհանյանի նախարարության ժամանակ վաճառած գույքի փողը մտել է բյուջե, ձե՞ր հանձնած/վաճառածը ուր ա մտել, եթե պարզվի այդպես ա։ Սեյրան Օհանյանի՝ անպիտան զորամասը վաճառելու արդյունքում զոհեր չեն եղել, ձեր ծախել-հանձնելու արդյունքում զոհվել է 5 հազարը։ Դուք գիտե՞ք, որ էսօր միայն ձեր՝ պատերազմի ժամանակ թշնամուն հանձնած զինտեխնիկայով մինչև ատամները զինվել է թշնամին, իսկ դրանք արժեն միլիարդավոր դոլարներ, տասնյակ տարիների ընթացքում ձեռքբերված։

Նիկոլ Փաշինյանը ասում է գնալու եմ ստորագրեմ Պրահայի թուղթը և Արցախը թողնեմ Ադրբեջանի կազմում։ Մարդը ասում է գնում եմ Ղարաբաղը տամ կամ ծախեմ։ Ու ամեն ինչ անում են, որպեսզի այս թեմաները դուրս մղվեն մեր օրակարգից, դառնան սովորական մի բան, որը տեղի է ունենում ոչ թե Արցախում ապրող հայերի, այլ աշխարհի հեռավոր մի երկրում ապրող անհայտ մի ազգի հետ։ Լաչինի միջանցքի փակ լինելը մեզ համար դառնա էնքան սովորական, որքան այն, որ ասենք, երկու օր առաջ Բուլղարիայում խորհրդարանն է ցրվել։ Չի ստացվում, ոնց էլ կարում եք, չի ստացվում, ոնց էլ շեղեք չի ստացվելու, դուք կոնկրետ պատասխաններ ունեք տալու հենց այս պահին՝ բանակում բարդակի, Արցախում շրջափակման մասին։ Աս պահին Արցախում 120 հազար մարդու ճակատագիր մազից է կախված, դուք ասում եք հետո ինչ, մեզ համար կարևորը մեր իշխանության գոյության մի փոքր էլ երկարացնելն է։

Էսօր Սեյրան Օհանյանի թեման փակվեց, Արմեն Չարչյանի դեմ աբսուրդ մեղադրանքի թեման կփակվի վաղը, նոր թեմա կհորինեք հանրությանը զբաղեցնելու համար, օրինակ՝ Թուրքիա փրկարարներ ուղարկելը։ Սուրմալու պայթյուն եղավ, բավարար թվով փրկարար չկար, քաղաքացիներն էին օգնում, բայց Թուրքիա ուղարկելու համար, պարզվեց, ունենք։

Կարճ ասած՝ ես չգիտեմ, թե ձեր այսօրվա կտերը քանի հոգի կերան, բայց միևնույն է՝ վստահ եմ, որ պատասխան եք տալու էն արհավիրքի համար, որ բերել եք։ Այն գրավոր ու բանավոր պայմանավորվածությունների համար, որի արդյունքում մեր երկրը այսօր մինչև կոկորդը խրված է աղետի մեջ, Լաչինի միջանցք փակելու համար, զինվորների՝ պատերազմում ու խաղաղության մեջ զոհվելու համար։ Ոչ միայն քաղաքական գնահատական եք ստանալու, ոչ միայն պատմության գնահատականն եք ստանալու, այլև կոնկրետ իրավական պատասխան, կարծես ձգտում էլ եք ինքներդ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ