12 01 2023

«Կարճ ասած»․ Ինչքան Ուկրաինային օգուտ տվեցին, էնքան էլ ձեզ կտան, երկիրը ավերակ, ժողովուրդը՝ փախստական



 

Արցախի շրջափակումը տևում է արդեն մեկ ամսից ավելի։ Ամեն առավոտ մենք օրացույցը թերթում ենք, արձանագրում նույն վիճակը ու անցնում առաջ։ Մենքը բոլորս ենք, բացի նրանցից, ովքեր ապրում են այդ աղետի մեջ։ Սնունդը խիստ պակասել է, դեղորայքը պակաս է, հոսանքը արդեն հովհարային անջատումներով են, գազը երբ թշնամին ուզում՝ անջատում է։ Այսօր կառավարության նիստ էր, վարողը մի երկու րոպե ընթերցեց ոչինչ չասող ինչ-որ հայտարարություն, հետո անցան իրենց հարազատ օրակարգերի հարցերին՝ գումարի դուրսգրում, պետգույքի վաճառք, նոր վարկ։ Ճանապարհը չի բացվում, որովհետև այն բացողները զբաղվում են ամեն ինչով, բացի այդ ճգնաժամից։ Հայաստանի իշխանությունը ասում է՝ Ադրբեջանը ուզում է պատերազմի գնալ, մենք էլ պետք է քայլեր չանենք, որ հանկարծ պատերազմ չլինի․ այսինքն՝ պետք է ոչինչ չանենք, գլուխներս մտցնենք ավազի մեջ ու հաշտվենք Արցախը կորցնելուն։ Հայաստանի իշխանությունն արդեն անբարոյական ընտրության առաջ է կանգնեցնում՝ ո՞րն է ավելի լավ Արցա՞խը կորցնենք, թե՝ Հայաստանը, ոնց որ ասես` տան ո?ր երեխան է ավելի կարևոր՝ աղջիկս, թե՞ տղաս ու ընտրությունը կատարես որևէ մեկի օգտին` մյուսին մատաղի տալով։

Մյուս կողմից էլ, կարծես, ամեն ինչ անում են Արցախը շուտափույթ կորցնելու համար։ Իրենք ոչինչ չանելով, մեղադրում, քարկոծում են այս պահին Արցախը պահողներին՝ խաղաղապահներին, անդադար խոսում են նրանց դուրս բերելու մասին՝ Արցախից, խոսում են Թուրքիայի հետ բարեկամություն անելու մասին։ Եվ անհասցե հաղորդագրություն ու հայտարարություններ են ուղղում ամորֆ միջազգային հանրությանը։ Երբ սահմանը փակվեց, մատ էին թափ տալիս, թե ռուսներ, եթե բան չեք անում, տեսեք հիմա միջազգային հանրությունը ինչ կանի, պաշտոնյաներն էլ մտան թվիթեր ու սկսեցին էդտեղով իրենց հաղորդագրությունները գրել։ Մինչև հիմա գրում են, օր ու մեջ թարմացնում, բայց ոչինչ չփոխվեց։ Որովհետև գրելով չէր լուծվելու։

Լավ, եկեք հասկանանք, նրանք, որ մեկ կոչում ենք միացյալ արևմուտք, մեկ՝ քաղաքակիրթ աշխարհ, մեկ՝ միջազգային հանրություն, ինչ են անում, արյո՞ք նրանց դիմելը իմաստ ունի, արդյո՞ք ճիշտ տեղից ենք բռնել։ Ո՞րն է պատճառը, որ նրանք, որ հազար ու մի պատժիչ փաթեթ են ընդունել Ռուսաստանի դեմ՝ հանուն իրենց շահերի, Լաչինի նեղլիկ միջանցքի հարցով բան չեն անում՝ շահեր չունեն։ Բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանին կսթափեցնեն պատժամիջոցները, իսկ ինչո՞ւ դրանք չկան։ Պարզ պատճառ կա` որովհետև իրենք իրենց շահերն են հետապնդում, թքած խղճի, հումանիզմի, փոքրիկ հայ ժողովրդի ցեղասպանության սպառնալիքի վրա։ Մենք քայլեր, արդար վերաբերմունք ու դիրքորոշում ենք պահանջում մի միջազգային հանրությունից, որը Ղրիմի կամրջի պայթեցումը համարում է շատ կարևոր ու գովելի փաստ, իսկ Կիևում պայթյունը համարում է միջազգային դատարան դիմելու առիթ, իսկ այ Արցախի վրա ֆոսֆորային արկեր նետելը, ոչինչ, կդիմանանք։ Իրենց շահը պահանջում է, որ Ռուսաստանին ծնկի բերեն, դրա համար հիմա բոլորը լծված են Ուկրաինային սատարելուն։ Պատրաստ են իրենց քաղաքացիներին նեղություն տալ Ռուսաստանի դեմ պայքարելու համար, բայց պատրաստ չեն մի քաղաքական որոշման գնալ, որ Լաչինի միջանցք բացվի ու այդ 120000 հայը շնչելու հնարավորություն ստանա։ Ուղղակի նայեք ինչ է կատարվում․ եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելը ասում է՝ հաշվեք դիետա եք պահում․ եվրոպացիներն անտառները կտրում են, որ փայտ վառեն, գազը խնայեն, որովհետև պատերազմը բերել է էներգեիտիկ խորը ճգնաժամի հենց իրենց երկրներում։ Գերմանիայի կառավարությունը պարտադրում է իր քաղաքացիներին միաժամանակ չջեռուցել տները, Մեծ Բրիտանիայում հացը խնայում են, որովհետև ցորենի ահռելի գնաճ է, ֆրանսիացիներին կոչ են անում մեքենա քիչ քշել, որ բենզին խնայեն՝ ի նշան ՌԴ դեմ բողոքի, Սերբիայի նախագահը իր օֆիսի սառնարանն է անջատել, էն մի երկրի ղեկավարը փողկապը չէր արդուկել, որ հոսանք խնայի, ֆրանսիայում տուգանում են այն խանութներին, որոնք օդորոկիչները միացնում են ու դռները բացում, Հունաստանում մի շարք մթերք տալոնով են, Իսպանիայում՝ ձեթը, Շվեյցարիայում որոշել են տուգանել բոլոր նրանց, ովքեր ձմռանը տան ջերմաստիճանը +19-ից բարձր կանեն: Այսինքն՝ հանուն նրա, որ Ռուսաստանին ծնկի բերեն, ամբողջ միջազգային հանրություն կոչվածն իրեն նեղում է, բայց Լաչինի միջանցքը, որի բացումը ոչ մեկից թվում է, թե նեղություն չի պահանջում, ոչինչ չեն անում, միայն կոչեր։ Իհարկե՝ հասարակ գերմանացու համար անհասկանալի է, թե ինչու պետք է ինքը միս քիչ ուտի, որ պայքարեն Ռուսաստանի դեմ․ այդ խաղերը նա չի հասկանում այնքանով, որքանով հայ ժողովուրդը չի հասկանում, թե այդ ինչպես է 100 ադրբեջանցի մահվան տանում 120 հազար արցախցու՝ բոլորի աչքի առաջ ու բոլորի լուռ համաձայությամբ, այդ թվում՝ Հայաստանի իշխանության։ Նույն միջազգային հանրությունը որ այսօր ոչինչ չի անում այդ կոտորածը կանխելու համար, վաղը, երբ ցեղասպանությունը դառնա իրողություն, ընդամենը կդատապարտի․ որովհետև դատապարտելը ջանք չի պահանջում, իրական գործ անելն է պահանջում։

Կարող է մոռացած լինեք, վերջերս Հայաստան էր եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը․ ոգևորվել էինք․ նրա գալուց մեզ մնաց դիվանագիտական սկանդալը Իրանի հետ, բայց իրական հողի վրա ոչինչ չստացանք․ ընդհակառակը, նույն ԱՄՆ-ն փող տվեց Ադրբեջանին, որ զենք առնի, իսկ Հայաստանին փող տվեց, որ ժողովրդավարություն ամրապնդենք։ Աբսուրդ է, չէ՞։ Դե Ադրբեջանին զենք է պետք, պատերազմ է ուզում, իսկ մեզ պետք չէ, մենք խաղաղության ենք պատրաստվում։

Իսկ ինչ եք կարծում, արդյո՞ք Արցախի շուրջ կատարվողը չի տեղավորվում այդ «հումանիստ» Արևմուտքի՝ ՌԴ դեմ պայքարի շրջանակներում։ Արևմուտքին խաղաղություն ինչի՞ն է պետք այստեղ, իսկ պատերազմ․ կարող է պատերազմ է պետք, ի՞նչ իմանաս։ Հայաստանի պաշտոնյաները մեռան դրսի դռները չափչփելով, ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը դրսից տուն չէին գալիս․ բոլորովին կասկած չունեմ, որ խոստումներ են տրվել սրանց, ռուսներին մեղադրեք, ռազմաբազան հանեք, Իրանի օգնությունը մի վերցրեք, մի բան կանենք։ Բայց այդ նույն շրջանակները, ըստ երևույթիn, Ուկրաինային էլ խոստումներ տվեցին, հակառուսական կողմնորոշում որդեգրեց, հետո գնաց արկածախնդրության, սաղ երկիրը դարձել է ավերակ՝ աղետի գոտի, 8 միլիոն ժողովուրդ էլ դարձել է փախստական, ծայրը չի երևում։ Միջազգային հանրության օգնությունն էն եղավ, որ ընդունում է իր փախստական դարձած ուկրաինացիներին․ բայց այստեղ, որ աղետ լինի, Հայաստանից կամ Արցախից քա՞նի փախստական կընդունեն։ Խաղաղասեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում է՝ խաղաղության ամենակարճ ճանապարգհը Ուկրաինային զենք ուղարկելն է։ Բանակցությո՞ւն, ոչ մի պարագայում, զենք, պետք է կռվել, զոհվել, որ խաղաղություն լինի։ Նիկոլն էլ էր ասում՝ Ղարաբաղի պատերազմը խաղաղության համար էր։ Մտածելակերպը նույնն է, դրա համար էլ խաղաղությունը հեռու է, չնայած որ, դրանից են միայն խոսում։

Նույն այդ միջազգային հանրության օգնության շրջանակներում Հայաստանում հնչում են Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու մտքեր։ Լավ եք անում․ բայց հարց՝ ՄԱԿ-ը պատրա՞ստ է խաղաղապահ ուղարկել։ Կա՞ մի երկիր որ պատրաստ է խաղաղապահ ուղարկել։ Ձեզ թվում է հերթ են կանգնե՞լ, թե որ մեկը ավելի շուտ խաղաղապահ զորք կուղարկի իր հաշվին։ Իսկ այդ թեմայով որևէ մեկի հետ աշխատել ե՞ն, որևէ կառույցի հետ աշխատել ե՞ն։ Իսկ արդյո՞ք Հայաստանը բավարար չափով աշխատել է, որ կարողանա միջազգային արենայում ձեռք բերել դաշնակիցներ, ընկերներ, գործընկերներ, բարեկամներ։

Կարճ ասած՝ այսօր գործում է միայն փոխադարձ շահերի սկզբունքը․ նորմալ ղեկավարները էնպես են աշխատում, որ իրենց երկրների շահերն առաջ տանեն։ Մեր ղեկավարությունը մեր երկրի շահերը չգիտի անգամ որոնք են։ Մեզ էնպիսի ղեկավարություն է բաժին հասել, որ ազգի, պետության շահերը ոչ մի երկրի հետ չի համընկեցրել, իսկ իրենց անձնական շահերը համընկեցրել են մեր թշնամի պետությունների հետ։ Հայաստանի ղեկավարության՝ Թուրքիային գովերգելու, Ռուսաստանին փնովելու, միջազգային հանրության հետ ոչ պատշաճ աշխատելու կուլիսներում, չի բացառվում, կան պայմանավորվածություններ։ Ոչինչ, ի վերջո, թաքուն չի մնում։

Այնպես որ, դադարեցրեք սին հույսեր կապել այլ երկրների հետ․ մեր խնդիրը, վստահ եմ, ոչ մի միջազգային հանրություն, ոչ մի դաշնակից պետություն չի լուծելու։ Մեր խնդիրը մենք ենք լուծելու, իսկ մեր խնդրի անունը առաջին հերթին Հայաստանի իշխանություն է։ Բոլոր հարցերը կունենան շանս լուծվելու, երբ Հայաստանի  իշխանությունը կլինի ազգային, պետական և առհասարակ իրական որակի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ