26 12 2022

«Կարճ ասած»․ Իշխանության կոչը․ Նոր տարի արեք, ի՞նչ Արցախ, ի՞նչ սոված ժողովուրդ



 

Ի՞նչ են անում տարիներ շարունակ Հայաստանի այսպես բնորոշած՝ իշխող ընտանիքի անդամները՝ մարդ ու կնիկ, աներձագը, ինչպես նաև ՔՊ-ական թիմի անդամներ․ հրապարակ են նետում ամենշաբաթյա կտրվածքով թեզեր, որոնք հասարակության համար ծայրահեղ անընդունելի են, սակայն քննարկման դաշտ են բացում։ Նպատակը՝ վերջնարդյունքի իրականացումն է, սակայն դրանից առաջ այսպես ասած՝ մեծ տնային աշխատանք են կատարում։

Քաղաքագիտության մեջ դա անվանում են Օվերտոնի պատուհան, այլ կերպ՝ քննարկման պատուհան․ անգամ ամենաբարձր բարոյական չափանիշ ունեցող հասարակության մեջ հնարավոր է մտցնել ցանկացած գաղափար և այն, ինչ անհնար էր թվում, մի օր դարձնել հնարավոր, իրական։ Սկզբում հրապարակ են նետում անընդունելի գաղափարը, հետո մասնագիտական շրջանակները սկսում են քննադատել, շատ արագ համակերպվում են, որ կարող է լինել նաև այդպիսի միտք, հետո քննարկումները տեղափոխվում են լայն դաշտ, որի ընթացքում աստիճանաբար ձեռք են բերվում համախոհներ, այնուհետև սկսում են որսալ գաղափարն ընկալող և ընդունողներին։ Վերջին փուլն իրագործումն է։ Փայլուն օրինակներից մեկը Ստամբուլյան կոնվենցիան էր, որը հրապարակային դաշտ բերելու ժամանակ միայն հակառակորդներ ուներ, իսկ հիմա, երբ արդեն վավերացնելուն շատ մոտ է, բողոք չկա։

Ամենամերժելի, բայց իրականություն դարձող գաղափարը, որի շուրջ բացվեց հենց օվերտոնի պատուհանը, վերաբերում էր Արցախին։ Հանձնեցին մեր երկրի մի մասը․ հետո մեջտեղ բերեցին մարդկանց, օրինակ՝ Անտարեսի Արմեն Մարտիրոսյան, որ հայտարարեց, թե դա մերը չէր, ուրիշի հող էր, մի օր պիտի վերադարձվեր․ էն կարգի հարձակում եղավ, որ ստիպված էր մաքրվել ֆեյսբուքից։ Հետո Նիկոլը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից Շուշիի դժբախտ-դժգույն լինելու մասին․ դարձյալ քննադատություն ու հայհոյանք, բայց արդեն թեման սկսում էր շրջանառվել։ Դրանից կարճ ժամանակ անց, արդեն, նրանք վարչական ռեսուրսով հանրահավաք կազմակերպեցին Հանրապետության հրապարակում և բերեցին մարդկանց, որոնք ասում էին, թե այդ հողը Ադրբեջանին էր, մերը չէր, նախկիններն էին գրավել։ Այս քաննարկումները բերեցին նրան, որ հիմա, երբ փաստաթուղթ է հրապարակվում, որ Փաշինյանը բանակցում է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին, հանրության մեջ խոշոր հաշվով չկա ընդվզում․ քննարկումներն իրենցն արել են։ Հատուկ հակառուսականության ու պրոադրբեջանական քարոզչության համար ԱԺ բերված Վիգեն Խաչատրյանն ասում է՝ սխալ էր ասելը, որ առանց Արցախ Հայաստան չկա․ սկզբից քննադատվում է, հայհոյվում է, բայց հետո, հայտնվում են սոցցանցային ֆեյքեր, որոնք ասում են հա էլի, տեսեք, Արցախը հանձնել են, բայց Հայաստանը դեռ կա, հետո հայտնվում են էլի մարդիկ, խոսացող գլուխներ, որոնք նման բաներ են խոսում, դառնում է, որ այդ թեման էլ տաբու չէ, կարելի է նաև դա քննարկել, ի՞նչ է եղել որ։ Խաչատուր Սուքիասյանը, որպես գործիչ, բիզնեսմեն է, նա ի՞նչ է ցանկանում՝ թշնամու հետ առևտուր անել, էլի հարստանալ․ իրենից Նիկոլը ընդամենը պահանջում է բարձրաձայնել այդ մասին, ի՞նչ է եղել որ։ Սկսում են քննարկումները, մեկն ասում է դե գործարար ա, իր տեսանկյունից նորմալ ա՝ ոչինչ, հետո Քերոբյանը հիշում է, թե փոքր ժամանակ ոնց են շուկայում ադրբեջանցիներից բան առել, ու էդպես տարածվում, քննարկվում է այն, ինչը, շատ հեռուն չգնամ՝ 2020 թվականի պատերազմից ի վեր անհնար էր թվում։ Պատկերացնու՞մ եք, մենք, որ ընդամենը երկու տարի առաջ, աչքներիս առաջ տեսել ենք, ո՞նց էին Բայրաքթարներով միամիտ 18-20 տարեկան էրեխեքին հարյուրներով պայթեցնում երկնքից, ֆոսֆորային արկեր թափում խաղաղ բնակավայրերի վրա, մենք այդ օրերին կարո՞ղ էինք պատկերացնել, որ չանցած 2 տարի, Հայաստան ներկայացնողներ են լինելու, որոնք բացեիբաց ասելու են, թե այդ ամենը մերը չէր, դժգույն էր, գլխին էլ ձյուն կա, հո չենք կռվելու։ Իսկ այսօր այդ ամենը իրականություն է։

Ու ամենաանընդունելի գաղափարը սրանք բերեցին անգամ իրականացնելու փուլին հասցրին։ Այս իշխանությունը, երբ առաջ ընդդիմություն էր աշխատում՝ ստանալով աշխատավարձ, ի՞նչ էր անում։ Քանի որ ասում են ժողովրդի հիշողությունը կարճ է, բերեմ ամենաթարմ օրինակը, որը հուսամ դեռ շատերը մոռացած չեն լինի․ երբ «մերժիր Սերժին» թեմայի շրջանակում ակցիաներն էին, էսօրվա ՔՊ-ական դեպուտատ Մարիա Կարապետյանը ելույթ էր ուենում ու թիվ 1 հիմնավորումը, թե ինչու պետք է հրաժարական տա, ասում էր՝ որովհետև նա 800 հեկտար է հանձնել թշնամուն․ էն ժամանակ դա անընդունելի էր։ Իրենց ժամանակ, երբ 800 հեկտարի փոխարեն հանձնվեց 10 հազար քառակուսի կիլոմետրից ավելի, աղմուկը հիմա շատ չէ․ որովհետև նրանք լավ աշխատել էին։ Էդ ինչպե՞ս եղավ, որ ընդվզում չեղավ թշնամու՝ 130 քառակուսի կիլոմետր Հայաստան մխրճվելու շուրջ․ որովհետև սկզբում Նիկոլը հայտարարեց, թե՝ զորքերը հետ եմ քաշել, որ պատերազմ չլինի, հետո ասաց՝ Սև լճի 30 տոկոսի համար չեմ պատրաստվում կռիվ անել, հետո ասաց՝ սարի ծերին, որ ձյուն կա, ինչների՞ս ա պետք, ու աստիճանաբար անտարբերությունը սեփական հողի նկատմամբ աճեց, հասավ արդեն սովորական քաղաքացիների ուղեղներին։ Դե հա, էլի, երևի մտածեցին, ինչների՞ս է պետք։

Տարածքային վեճեր ունեն բազմաթիվ երկրներ, բայց ոչ մի երկրի ղեկավարից չես լսի, որ հրապարակային ելույթ ունենա ու հրաժարվի էդ տարածքներից կամ արդարացնի հակառակորդին ու թշնամուն․ Փաշինյանը բացառիկ է։ Որովհետև, առնվազն պարզ է, որ երբ ղեկավարը էդպես է ասում, զինվորն էլ դա է լսում, ու բանակիդ հաղթելու մոտիվացիան զրոյանում է։

Մի տեսեք, թե ի՞նչ չկոտրվող կարծրատիպեր են կոտրվել, հաղթած էինք, ամենից մարտունակը, խելացին, ուժեղը, միասնականը, հիմա պայքարելուն փոխարինել է՝ հանձնենք-պրծնենքը, պետքներս չի։ Հենց այդ քարոզչության շրջանակներում է, որ չունենք անքննարկելի ռազմական հերոս, չնչին բացառությամբ, գրեթե չունենք չհեղինակազրկված գեներալ։ Բոլորին սուտ, թալանչի հանեցին։ Պարզվեց ոչինչ էլ չենք ունեցել, հաղթանակն էլ ֆեյք էր։ Մի խոսքով՝ սաղ սխալ էր։

Մեր երկրում երեկ տեղի ունեցածը, լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Երբ Արցախում միասնության հանրահավաք էր, Հայաստանի վարչապետի կինը հակաղարաբաղյան ակցիա էր անում, գրում էր, թե՝ արցախցիներին դա տեղն է, որովհետև երբ իր ամուսինը երկիրը տարավ պարտության ու կապիտուլյացիայի, մի քանի օր հետո չթողեցին Աննա Հակոբյանը տոնածառ դնի Ստեփանակերտում, ինչ է, թե սուգ էր։ Աննա Հակոբյանը չարախնդում էր՝ մի տեսակ ուրախ լինելով, որ իր վրեժը լուծել են ադրբեջանցի էկոլոգները, և հիմա Արցախի նույն մանուկները կիսասոված են ու կոտորվելու եզրին։ Աննա Հակոբյանի արածը, անթույլատրելի է, բայց քննարկման թեմա է դարձել։ Աննա Հակոբյանի համար հայրենասիրական երգերը լալահառաչ կոնտենտ են, ու ինքը չի ընկալում, թե ինչու են Արցախում ցույց անում Ադրբեջանի դեմ, եթե իր ամուսնու բանակցած թղթով երկուսն էլ Ադրբեջան են։ Տիկինն իր գրառումների իրավունքը վաստակել է, գիտե՞ք ինչի, որովհետև կապիտուլյացիայի տանելուց հետո ինքն ու ամուսինը, այդ ամենը շարունակելու իրավունք ստացան։

Ինչո՞ւ է Աննա Հակոբյանն շարունակ ասում թողնենք սուգը, որովհետև իրենց մոտ, վստահաբար, չի էլ եղել, մի վարկյան անգամ չէն ցավել այն մայրերի համար, որոնք որդեկորույս դարձան։ Պատերազմը բոլորիս կյանքում բան փոխեց, իրենց կյանքը մնաց նույնը։ Թեև էսօր այդ տիկնոջն շատ են հայհոյում, բայց այսօր մեղավոր են նրանք, ովքեր Աննա Հակոբյանին ընդունում են, իրենց տանը տեղ են տալիս, թողնում են իրենց երեխաներին գրկի, սելֆի են անում հետն ու մասնակցում իր կազմակերպած փարթիներին։

Բացված քննարկումը երեկ շարունակեց Աննա Հակոբյանի եղբայրը՝ Նիկոլի աներձագը․ ի՞նչ է անում նա․ այն օրը երբ ամբողջ Արցախը ոտքի ելած, աշխարհին ասում է տես ես կամ, ոտքի եմ վճռական եմ, չեմ հանձնվում․ Հրաչը, հրապարակում է լուսանկար, թե որդու հետ նստած նայում է «Տանը միայնակ» ֆիլմը, որը ամանորին ամեցնացուցադրվող ֆիլմն է և երեխայի անունից ինչ-որ ֆռազ է ասում։ Ինչպես կասեր Աննա Հակոբյանը, իր եղբայր Հրաչյան թաքնվում է երեխայի թիկունքում, որովհետև էդ ամբողջ իմաստը դա չէր, այլ այն, որ ժողովուրդ, Նոր տարի է մոտենում, ի՞նչ Արցախ, ինչ ապաշրջափակում, դուրս եկեք, երեխաների հետ զբոսնեք, գնացեք կինոթատրոն, տոնածառ առեք, Նոր տարի արեք, ապրեք ձեր կյանքով։

Կարճ ասած՝ մեր ժողովուրդը տարիներ շարունակ գերի է այս պարզ տեխնոլոգիաների ձեռքին։ Ստորագրությունը, որը դրվեց նոյեմբերի 9-ի խայտառակ թղթի տակ, բանակցությունները, որ եղան դրանից հետո և սպառնում են դառնալ ևս 1 նոյեմբերի 9-ի փստաթուղթ, իրականում այդ ժամանակ չսկսվեցին, դա տարիներ շարունակ ու հատկապես 4 տարի շարունակ բացված Օվերտոնի պատուհանով ներարկածի տրամաբանական ավարտն են։ Մինչև ստորագրելը, նրանք փչացրել են ամեն ինչ։

Ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր համեմատում են և ասում, թե՝ ավելի ծանր ժամանակներ են եղել, սա էլ կհաղթահարենք։ Ոչ, չեն եղել ավելի ծանր ժամանակներ․ Հայաստանում չի եղել այսպիսի մի ժամանակ, երբ քո ղեկավարությունը քո թշնամու գիծն է առաջ տանում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ