21 12 2022

«Կարճ ասած»․ Պարտություն՝ կապիտուլյացիայից հետո



 

Ես ծնվել-մեծացել եմ գյուղում։ Ամեն տարի՝ գարնանից մինչև աշնան վերջ, գյուղացիների մեջ տեղի էր ունենում կռիվ, լինում էին բախումներ․ ամեն տեղում էր այդպես ու հիմա էլ է նույնը․ հողի հարևանը սխալ էր չափում և մի քանի մետր մտնում էր հարևանի արտ, քաղում էր խոտը կամ մշակում էր․ պատերազմ էր՝ դու ո՞վ եղար, որ մտնես իմ հողի մեջ։ Մեկը առանց ասելու մյուսի հողը մշակեր, մի հատված վերցներ, կռիվ էր․ էդ 10 մետրով իրենք չհարստացան, միլիոնատեր չդարձան, չդարձան Գռզոյի, Գագիկի, Գուգոյի, Ալենի կամ աներձագի պես հարուստ, բայց հողի համար կռիվ տալը պատվի հարց էր․ հողը ուրիշ բան ա։ Հողը թանկ ա։ Ու հիմա էնքան զարմանալի է ինձ համար, երբ նույն մարդիկ շատ հանդուրժող են, որ մեր երկրից 130 քառակուսի կիլոմետր հենց էնպես մտել-վերցրել կամ հանձնվել է հարևան երկրին։ Առաջ Արցախի որ գյուղում լավ մշակած հող կար, ասում էին Արայիկ Հարությունյանինն ա, հիմա նույն Արայիկ Հարությունյանը էնքան հանգիստ է վերաբերում, որ հողերն հանձնել ա թշնամուն, որ ուրիշ բան ես մտածում։ Հողի համար, հարևանի փորը թափել պատրաստ էինք, թշնամուն հանդուրժում ենք։ Տարօրինակ է, չէ՞։ Բա ջրի կռիվը․ ես առաջինը ջրեմ, իմ այգին 15 օր չի ջրվել, ինչի՞ նա իմ փոխարեն ջրեց և այլն․ թուրքերին հանձնել են բազմաթիվ առուներ, որոնցով հնարավոր էր ջրել հարյուր հազարավոր հեկտարներ, ու հաշտ ենք դրա հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր հայրենի, պետական, պատմական, հազարամյա հողին չենք վերաբերվում տիրոջ պես․ էդ վերաբերմունքը, ընդ որում, մեր մեջից քաշեցին-հանեցին ընդամենը մի քանի տարում։ 25 տարի այդպես չէր, էդ ո՞նց էր։ Մեր տղերքը վայենկոմատների դիմաց հերթ էին կանգնում, որ գնային-պաշտպանեին հայրենի հողը․ բայց էդ հողը հանձնողներին հանդուրժեցին։ Ու հանդուրժում են մինչև հիմա։ Նիկոլ Փաշինյանն անձամբ անգնահատելի դեր ունի Արցախը հանձնելու մեջ, անգնահատելի մեծ դեր ունի, Արցախում ու Հայաստանում նա հայհոյանքների թիվ մեկ թեման է, նաև անեծքների․ Արցախից գալիս են Հայաստան ակցիա են անում, ասում են՝ Հայաստանի իշխանությունից խնդիր չունենք, պահանջ չունենք։ Այսինքն՝ Արցախի պաշտոնյաները էդ հողը իրենցը չե՞ն համարում, Նիկոլը ճի՞շտ ա։

Երբ ասում ենք, օրինակ, բյուջեն համարի քո սեփական գրպանը, դա հենց էդ գիտակցման մասին է խոսքը, ինչը շատ կարևոր է․ բայց երբ տեսնում ես, որ ինչ-որ մարդիկ մտնում են քո գրպանը, որովհետև իշխանություն են, քո ծակ գրպանից հանում են ինչքան փող կար ու իրենց գնում են ավտոմեքենաներ, տուրիստական ուղեգրեր, տներ, արդեն բյուջեն քեզ համար դառնում է ատելության առարկա։ Հողն էլ էր քոնը, դարձրին սակարկության առարկա։ Երբ որ հանգիստ ասում են սա զիջենք, սրա համար կռիվ չտանք, էն սարի գլխին ձյուն կա, ինչների՞ս ա պետք, նույնը սերմանվում է նաև ժողովրդի մեջ և արժեզրկվում։ Երբ գեներալ-լեյտենանտն ասում է պետք է մեր հողերի համար, ուշադրություն! ռուսը շանսատակ անի ադրբեջանցուն, ուրեմն նրա ուսադիրները պետք է նույն պահին պոկել։ Կրկնում եմ, եթե մեր երկիրը, հողը մերը համարեինք, մենք կկարողանայինք ամեն մետրի համար ափսոսալ, կռիվ տալ։

90-ականներին Ադրբեջանը ջախջախվեց, խայտառակ պարտություն կրեց, բայց ի՞նչ տեղի ունեցավ Ադրբեջանում դրանից հետո․ հավաքվեցին, փորձեցին հասկանալ ինչումն էր իրենց պարտության խնդիրը, փախչող, հանձնող, դավաճան զինվոր-սպայի խնդիրը, պարտությունը ո՞րտեղ էր։ Նրանք վերլուծեցին, որ պարտությունը այնտեղ էր, որ զինվորը, ադրբեջանցին Արցախի հողը չի համարում իրենը․ որ չի համարում, դրա համար կռիվ չի տալիս, համարում է, որ ուրիշի հող է մտել։ Ադրբեջանում միանգամից փոխվեց պետական քաղաքականությունը․ սկսեցին մանկապարտեզից սկսած դաստիարակել, գրքեր գրել, դասագրքերում մտցնել, բեմադրություններ անել, խաղեր սարքել, թե Ստեփանակերտը իրենցն է, Շուշին իրենցն է, Երևանը իրենցն է, Սևանը ու ամեն Ադրբեջանցի դրանից հետո մեծացել է էն համոզմամբ, որ Ղարաբաղը իրենց պապենական հողն է, Հայաստանն էլ, էն Տրոյական պատերազմից սկսած, չնայած որ իրենք ունեն ընդամենը 100 տարվա պատմություն։ Հայաստանում նման կարգի ագրեսիվ քարոզչություն չկար, որովհետև ո՞վ չգիտեր, որ Ղարաբաղը մեր մի քանի հազարամյա հայրենիքն է։ Իսկ դրանից հետո, պարտությունից հետո ի՞նչ քարոզչություն է գնում մեզ մոտ․ լրիվ հակառակը՝ այդ հողերը մերը չէին։ Նենց տպավորություն է, որ այդ տեքստերը գրվել են ադրբեջանական հատուկ ծառայություններում։

Իսկ իրականությունը այն է, որ պարտությունից հետո ամեն օր պետք է քարոզվեր մեր դպրոցներում, ամենուր, որ մեր հողերը խլել են, պետք է վերադառնանք, վերադարձնենք, դա մեր տունն է․ սրանք, ընդհակառակը, ասում են՝ ոչ մի ազգային կրթություն, ազգային դաստիարակություն, դժբախտ էր, դժգույն էր, մերը չէր։ Ամեն օր մեզ քարոզում են, որ մենք թույլ ենք, չունենք հնարավորություն, չունենք նավթ, չունենք գազ, չունենք միջուկային զենք, մենք խեղճ ենք, թշվառ, այնպիսին ինչպիսին Արայիկն է ու Նիկոլը։ Բայց հարց է առաջանում՝ է էդ նավթն ու միջուկային զենքը առաջ էլ չունեինք, բայց էս վիճակում էի՞նք, էն ժամանակ քո իշխանությունն ուժեղ էր, քեզ ազգային կրթություն էր տալիս, սրանք՝ ապազգային կրթություն ու դաստիարակություն։

Ամիսներ շարունակ ասում էինք՝ Սյունիքը վտանգի տակ է, ՔՊ-ական պաշտոնյաները, սյունեցի ՔՊ-ական դեպուտատ-մարզպետ-փոխմարզպետներն ասում էին սուտ են ասում, անվտանգ ա․ իրենք եթե սիրեին այդ հողը, էդպես չէին ասի, ու եկավ բանը հասավ նրան, որ արդեն Ջերմուկում խրամատ են փորում։ Ընդ որում, չեն փորում նրա համար, որ չհանձնեն․ քաղաքապետն ասում է՝ եթե իրենց ուզածն Ամուլսարն ա, ի՞նչ ասեմ, թող վերցնեն։ Եթե նրանք համարեին Սյունիքը իրենցը, Վայոց ձորը իրենցը, կխաբեի՞ն։ Եթե Արծրունը Հայաստանն ու Ղարաբաղը իրենը համարեր, 44 օր կխաբե՞ր։ Եթե ՔՊ-ականները երկիրը համարեին իրենցը կդավաճանեին, հետո կմնային, որ մինչև վերջ կործանե՞ն, հանձնեն-պրծնե՞ն։

Եվ քանի որ դու էդքան թույլի, խեղճի հոգեբանությամբ ես, ուրեմն բնական է, որ պետք է հույսդ դնես միջազգային անիմաստ կառույցների վրա, գլխավորապես՝ ՄԱԿ-ի վրա ու պետք է ՄԱԿ-ի դիմաց գաս ցույցի, ոչ թե ՀՀ կառավարության ու Արցախի նախագահականի, որոնք այդ հանձնումի կատարողներն են։

Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ նիստ․ լավն էր, ապրի Նիդերլանդների ներկայացուցիչը, Իռլանդիայի ներկայացուցիը, ԱՄՆ,  Ֆրանսիա և այլն, լավ խոսեցին, այ ռուսը, ասում են, էդքան էլ լավ չխոսեց։ Ո՞ւ․․․ Մեր հույսը նրանց խոսելն է։ Մենք՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը տեսնողներս ու քննադատաբար վերաբերվողներս, սրանով չենք կարող հպարտանալ, որովհետև Հայաստանը ՄԱԿ-ում ելույթ էր մուրում, ընդամենը ելույթ։ Մենք սովոր ենք եղել, որ 25 տարի Ադրբեջանը ՄԱԿ-ից բանաձև մուրա, մենք շան տեղ չդնենք, հիմա մենք ենք մուրում ու չենք հասկանում՝ հետևանքը որն է։ ՔՊ-ականները երկու բան են շեշտում․ 1․ ՄԱԿ-ի ԱԽ նիստը մեր դիվանագիտության հաղթանակն էր, 2․ Սա չի  նշանակում, որ Լաչինի միջանցքը կբացվի։ Պատժամիջոց չկա, պարտադրող բան չկա։ Բա էլ դրա հաղթանակը ո՞րն է։ Ո՞նց կարելի է հաղթանակ որակել, որ դատապարտում են կամ կոչ են անում Ադրբեջանին, բայց դրա հետ միասին ալյանս են ստեղծում Ադրբեջանի հետ։ Հայկական դիվանագիտության հաղթանակ կլիներ, եթե Ղարաբաղի հարցը բարձրացվեր ՄԱԿ-ում՝ Արցախը ճանաչելու համար, ու ճանաչվեր, ոչ թե Ճանապարհը բացելու համար կոչեր լինեն, որ սովից չկոտորվենք։ Վերջում էլ ասում եք՝ սա դեռ չի նշանակում, որ ճանապարհը կբացվի, դա միայն կոչ է։

Կարճ ասած՝ մեզ կոտրել են ֆիզիկապես, մեզ կոտրում են բարոյական ու հոգեբանական առումով, դա անում է ոչ թե թշնամին, որ հասկանալի լինի, դա անում է ՀՀ իշխանություն կոչվածը։ Մեր իշխանությունը, պետական քաղաքականությունն ու քարոզչությունը աշխատում է մեր թշնամիների օգտին։ Սրանք ոչ թե վերականգնելու կոչ են անում, ոչ թե մեջքն ուղղելու կոչ են անում, այլ հանձնվելու և կզած մնալու։ Որ թշնամին մեր երկրի ղեկավարների մեջ գործակալներ ունենար, կարծում եմ, հենց սա էլ անելու էին, կոնկրետ սա՛։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ