24 11 2022

«Կարճ ասած»․ Նիկոլ молодец?, թե՞



 

Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը։ Քաղաքացիների վրա այդ գագաթաժողովը երկու տեսանկյունից ազդեցություն ունեցավ․ նախ՝ այլանդակ խցանումներ էին Երևանում։ Ապա՝ տեսանք, թե ինչքան վատ այս ամենից դուրս եկավ Հայաստանի իշխանությունը։ Նիկոլենք, իհարկե, կատարվածից դասեր չքաղողի հպարտությամբ ասում են՝ տեսեք ինչ արեց, ելույթ ունեցավ, պորտները տեղը դրեց։ Իրո՞ք։ Բայց չէ՞ք ասի, հպարտանալու առիթը ո՞րն էր։ Մեր ո՞ր, հարցը լուծվեց։

Նախ ՀԱՊԿ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը ահավոր վատ տեսքի էր, մանթո էր, բայց երկար իր ելույթը կարդաց․ թեև վատ ռուսերենով․ դարձյալ արձանագրեց, որ 2021 թվականից սկսած Ադրբեջանը 3 անգամ Հայաստանից տարածքներ է խլել, օկուպացրել է շուրջ 140 քառակուսի կիլոմետր, ու մինչև հիմա մեր տարածքում է, ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել։ Ելնելով դրանից՝ ասաց, որ չի ստորագրում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթղթերը, որովհետև ամենայն հարգանքով, նշեց, բայց դրանք կիսատ են կամ նման մի բան։

Նախ՝ հետաքրքրում է՝ էդ փաստաթղթերին Նիկոլ Փաշինյանը նո՞ր էր ծանոթացել, դրել էին պապկայի մեջ ու նիստի ընթացքում տվեցի՞ն, ինքը այդ տեղ նո՞ր տեսավ, թե՞ նախապես, ժամանակ առաջ բոլորը իմացել են ինչ փաստաթղթեր են, քննարկել են, համաձայնեցրել են կամ ոչ ու նոր բերել են։ Վստահաբար՝ բազմիցս քննարկված թղթեր են․ ստացվում է՝ քննարկումների ամբողջ ընթացքում Փաշինյանը, կամ տեղում չի եղել կամ եղել է, բայց չի կարողացել իր դիրքորոշումը, օրինակ, նորմալ ռուսերենով առաջ տանել։

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին քննադատում է, չնայած Հայաստանն էր ի դեմս իրեն՝ նախագահողը․ նա հենց այն մարդն է, որ Հայաստանի անունից պետք է ներկայացնի ՀԱՊԿ-ին պահանջներ, որը հենց ինքն էլ նախագահում էր․ տարօրինակ է, այդպես չէ՞։

Մեր քաղաքացիներին, կարծում եմ, իր լացուկոցը կամ մուննաթը չպետք է բավարարի, նրանք չպետք է ականատեսը լինեն դրան ու ասեն՝ տեսեք, մեզ ՀԱՊԿ-ը չի օգնում, խեղճ հարիֆն ինչ անի, նա մեղք չունի, այ նրանք են մեղավորը։ Հակառակը, մենք պետք է մեր  հարցերը միևնույն է տանք Փաշինյանին՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չօգնեց, այն դեպքում, երբ դու նախագահող էիր, ինչո՞ւ են քո նախագահության ընթացքում այդ կառույցի անդամները Ալիևի հետ մտերմացել ավելի, քան առաջ, երբևէ։ Այդ ո՞նց է լինում, որ մի երկրին, ինչպես դու ինքդ ես նշում, լավ էլ օգնում են, իսկ մեզ, ոչ։ Կարողա՞ դու, քեզ պատշաճ չես դրսևորել, խնդիրը հենց քո անձի մեջ է։

Դեռ ավելի խորը հարց էլ կա՝ ուրեմն դու այնքան ապաշնորհ ես բանակցություններում ընդհանրապես, որ ՀԱՊԿ-ին է հասել բանը, թե չէ՝ 30 տարի գործող կառույց է, մինչև քո գալը ո՞վ գիտեր դրա տեղը, լավն է, վատն է, ու՞մ էր հետաքրքիր։ Օրինակ՝ Քոչարյանի ժամանակ առհասարակ դրա կարիքը չի եղել, Սերժի ժամանակ մի անգամ՝ 2016 թվականին ունեցել ենք լուրջ բախում, էլի բանը ՀԱՊԿ-ին չի հասել, իսկ քո ժամանակ 4 տարում 5 անգամ ՀԱՊԿ-ին եք դիմում։

Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հարցերը դնի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջ, բայց չմոռանա, որ մենք էլ հարցեր ունենք, ու դնում ենք Փաշինյանի առաջ այդ հարցերը․ իսկ դու ի՞նչ ես արել, որ ՀԱՊԿ-ում լինելով՝ Հայաստանն այս օրվան է հասել, իսկ դու ՀԱՊԿ-ի անգործության մեջ դեր ունե՞ս, թե չունես։ Ի՞նչ ես արել, որ այս օրը չընկնեինք, կամ ի՞նչ ես արել, որ այս օրին ենք։

2018 թվականի մայիսին եկել ես իշխանության, հուլիսին, այսինքն՝ քո առաջին քայլերից մեկը, եղել է այս կառույցի հեղինակություը լրջորեն վնասելը․ միջազգային ռազմական կազմակերպության ղեկավարի դեմ քրգործ ես բացել ու փորձել ես կալանավորել՝ անդամ երկրներին անգամ տեղյակ չպահելով, հաշվի չառնելով թե ով է ու ինչի կարող է բերել քո գործողությունը։ Գաղտնալսումներ կան, չէ՞, թե ոնց էիր հեռախոսով ցուցում տալիս՝ կալանք տան, թե ստորագրություն վերցնեն բաց թողնեն։ Պրոֆեսիոնալ զինվորական էր, հմուտ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ, վերջ ի վերջո՝ ՆԱՏՕ-ի մրցակից կազմակերպության հայաստանցի ղեկավարի մասին էր խոսքը։ Հայաստանի ներկայացուցչին վատով հանեցիր ու էն կարգի վատով այդ ամենը եղավ, որ հնարավորություն անգամ չունեցար փոխարենը մեկ այլ հայի դնելու, չնայած որ մեր պաշտոնավարման ժամանակն էր։ Այդ օրվանից սկսած՝ այն կարգի փչացրեցիր հարաբերությունները այդ կառույցի հետ, հետո նաև անդամ երկրների ղեկավարների հետ, որ հիմա Ալիևը հայտարարում է, որ ինքը ավելի լավ կապեր ունի։ Դու էլ ես համաձայն։

Էդ ո՞նց է լինում, որ իր ներքին խնդիրների ժամանակ Ղազախստանը կարողանում է ՀԱՊԿ-ը օգտագործել՝ քո նախագահության օրոք, բայց դու չես կարողանում։ Ես չգիտեմ, արդյո՞ք բոլոր անդամներն էլ կարող են իրենց երկրի թե՛ ներքին, թե արտաքին խնդիրներով պայմանավորված՝ օգտագործել այդ ներուժը, բայց որ ՀՀ ներկայացնող Փաշինյանին, մտածում են, որ չի էլ հասնում, երևի արդար է։

Հիմա սա էս մեծ քարը գլորել գցել է փոսը, ասում ենք ՀԱՊԿ-ը վատն է, լավ չի պահում իրեն, վատ է պահում, դուրս գանք, ասենք․ իսկ ո՞րն ա լավը․ ՀԱՊԿ-ից որ դուրս եկանք ո՞րտեղ ենք մտնելու։ ՆԱՏՕ՞։ Իրո՞ք։ Իսկ մեզ ընդունելու՞ են։ Վստա՞հ եք, որ ափալ-թափալ ընդունելու են ու բերեն էն սիրուն երոպաամերիկացի զորքերը կանգնեցնեն իրենց դաշնակից Թուրքիայի զորքերի առաջ։ Խնդալու է, չէ՞։ Իսկ մենակ կարողանալու՞ ենք, մեր հարցերը ինքներս լուծենք․ դե բերեք լուծենք, ի՞նչ ենք աքլորացել, հո ալենսիմոնյան չե՞նք ազգովի։ Իմ կարծիքով, էս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի հերթական սխալը, որը ոչինչ չի տալու։ Միգուցե հիմա ըստ քեզ ոչինչ չի տալիս, բայց դուրս գալը կլարի հարաբերությունները․ եթե անդամ որոշ երկրներ որևէ կաշկանդվածություն կամ պարտավորությունն ունեն, այդ դեպքում որևէ մեկը որևէ զսպող հանգամանք չի ունենա։

Կամ որ ՀԱՊԿ-ը վատ է աշխատել, դժգոհ ես, գլխավոր քարտուղարին առաջին աստիճանի պատվավոր կոչում ինչի՞ ես տալիս։ Դու որպես ՀԱՊԿ նախագահող երկիր ելույթ ես ունենում, Զասին մեդալ ես տալիս, քո ամենօրյա սեղանի մարդիկ, աջակիցները, հենց այդ պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու պիկետ են անում՝ ամենակոպիտ բառապաշարով․ քեզ թվում է՝ այդտեղ նստած մարդիկ դա չեն տեսնու՞մ։ Դու նույն մարդը չե՞ս, որ պահանջում էր նախկինում ՀԱՊԿ-ից դուրս գալ, ԱԺ-ում 1000 անգամ հիմնավորում էր, թե այդ կառույցն ինչու պետք է լքել։ Վարչապետ չլինեիր, Իոաննիսյանենց 30 հոգանոց միտինգին դու էլ կմասնակցեիր։ 3 տարի առաջ Պուտինը Հայաստան էր գալիս, ցուցադրաբար լայեղ չէիր անում դիմավորեիր, հիմա 4 նախագահներին թողնում ես ու վազում աէրոպորտ՝ կարմիր գորգով դիմավորելու։ Նախ էնքան չեն վստահում քեզ, քո երկրին որ իր մեքենաներով է եկել, որոշում եք մի մեքենայով շարժվել նիստի տեղը, դու լինելով հրավիրող կողմ՝ փոխանակ դու հրավիրես իրեն ուղեկցել քո մեքենայով, ինքն է քեզ ասում արի նստի տանեմ։ Մի քանի օր առաջ էլ կանգնել էիր էլի իր զոնտիկի տակ, շատ խորհրդանշական էր․ խնդում էինք, բայց լացելու բան է։ Էս ու՞ր է հասցրել մեզ, էս մեր «հպարտ» վարչապետը։ Բա էդ կարգի մարդը ընդունակ է՞ ազգային շահ առաջ տանելու։ Բա հենց այդ պատճառով էլ, ՀԱՊԿ-ը Ղազախստանին է օգնում, մեզ՝ ոչ։

Կարճ ասած՝ Իհարկե մենք կարող ենք մեղադրել ում ուզում ենք, մանավանդ հիմա ով ում ու ինչի համար ասես որ չի մեղադրում է, բայց արդյո՞ք մեր մեջ չպետք է փնտրենք սխալները։ Նույն սխալները հերիք է անենք։ Մեր աչքի գերանը չտեսնելով՝ ուրիշի աչքում փուշ ման չգանք։ Էդ ո՞նց է լինում, որ Վրաստանը օդը փակում է, զենք ու հումանիտար օգնություն չենք ստանում, Իրանը նորմալ չի օգնում, Ռուսաստանը չի օգնում, Եվրոպան լավագույն դեպքում Հայաստանի դրոշի գույներով է լուսավորում իր որևէ շենք, ՀԱՊԿ-ը չի օգնում։ Իսկ բոլորին մեղադրելու ընթացքում կարող ա՞ մեր մեղքի բաժին մեղքն էլ փնտրենք։ Վստահ եմ՝ փնտրելու կարիք չկա, էնքան ակնհայտ է։ Մեծ մեծ խոսացող, լոպազ, ապաշնորհների խմբակը՝ իրենց ղեկավարով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ