Այսօր 1999 թվականին կատարված արյունալի ահաբեկչության 23-ամյա տարելիցն է։ Ահաբեկիչները կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներխուժեցին Ազգային ժողով, և այդ ոճրագործության արդյունքում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 2003 թվականի դեկտեմբերին հրապարակվեց ահաբեկիչների մեղադրական վճիռը, նրանք դատապարտվեցին ցմահ, նրանցից մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Հոկտեմբերի 27-ը մեր պետության ողնաշարը կոտրելու փորձ էր։ Ու չնայած այդ ամենին, հոկտեմբերի 27-ը մեր պետության մեջ 23 տարի ամենաշահարկված թեման մնաց մինչ այսօր։
Այսօրվա իշխանության այն քիչ թեզերից մեկը, որին ինքս համաձայն եմ, հնչեցվում է այսօր․ այն է՝ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, չէր լինի 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Հնարվոր է մի փոքր միստիկ է հնչում, բայց կատարյալ է։ Թվերի այդ կապը բացահայտելը, կարծում եմ շատ կարևոր է։ Ամենակարևորը դերակատարներն են, եկեք նայենք թե՛ հոկտեմբերի 27-ի, թե՛ սեպտեմբերի 27-ի գործող անձանց։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ գնդակահարվել էր 8 պաշտոնյա, այդ թվում՝ վարչապետն ու ԱԺ նախագահը, երբ ահաբեկիչները դեռ խորհրդարանում էին, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնացել էր ԱԺ, տեղում կառավարելու պատանդների ազատման և հանցագործների վնասազերծման օպերացիան, հենց այդ ընթացքում, նրան փոխանցվում է մի ցուցակ, որով մարդիկ պահանջում էին պետության ամենաբարձր պաշտոնները, որպեսզի դրանից հետո չտարածեն լուրեր, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Նախագահ Քոչարյանն ամենակոպիտ վիրավորանքներով վռնդում է այդ ցուցակը ներկայացնողներին, թե՝ էս պահին էս ի՞նչ բազառ եք անում, դիակները դեռ չսառած, եկել եք նրանց պաշտոնների հետևի՞ց․ այդ քայլը մեղմ ասած՝ որակում է սրիկայություն և անբարոյականություն։ Այդ ցուցակը կա, իրենց իսկ ձեռագրով գրված, հրապարակվել է մամուլում դեռ վաղուց։ Ահա, սա է։ Ի՞նչ անուններ են այդ ցուցակում, որը որպես ուլտիմատում ներկայացվել էր հանրապետության նախագահին, էդ նեղ մաջալին․ ՀՀ վարչապետ` Վահան Շիրխանյան, որն այդ ժամանակ գործող նախարար էր, և որը, տարօրինակ, կերպով բացակայում էր հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճից, հարց ու պատասխանի ժամանակ։ Մյուսը՝ պահանջում էին ՀՀ Գլխավոր դատախազ նշանակել ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանին, Ազգային անվտանգության նախարար` Վյաչեսլավ Հարությունյանին, այդ ժամանակ ՊՆ նախարար աշխատող Վաղարշակ Հարությունյանի եղբորը․ Ներքին գործերի նախարար պետք է նշանակվերեր Մուրադ Կիրակոսյանը, դե իսկ համակարգող նախարար, նույնպես ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը․ որն, այդ ժամանակ Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր։ Պատկերացնու՞մ եք, իր ղեկավարի դին ԱԺ-ում՝ նա պաշտոնի հետևից էր եկել։
Հիշեցի՞ք այդ օրով պաշտոն տենչող անձանց։ Լավ, դե հիմա նայենք, ո՞ւր էին նրանք արդեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ու հիմա։ Վաղարշակ Հարությունյանը, որ էդ ահաբեկչության ժամանակ ՊՆ նախարար էր աշխատում, ու եղբոր համար պաշտոն էր պահանջում, ի՞նչ եղավ նրա հետ։ Ասեմ․ 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանով աստիճանազրկված այդ ռեստորանային գեներալին պատերազմից 1 տարի առաջ առոք փառոք վերադարձնում են պագոնները՝ Արմեն Սարգսյանի հրամանով, իսկ պատերազմից ուղիղ 40 օր առաջ նշանակվում է վարչապետ Փաշինյանի գլխավոր խորհրդական․ դե երևի գիտեին որ պատերազմ է սպասվում, և նրա խորհուրդների կարիքն էր զգացվելու, որը կբերեր նրան, ինչին բերեցին Նիկոլ Փաշինյանը և ընկերները։ Դրանից հետո կատարվեց հաջորդ «երազանքը»՝ պագոնների վերադարձից հետո, դարձյալ դարձավ պաշտպանության նախարար ու գիտե՞ք առաջին հրամաններից մեկը որն էր․ 2020թ․ դեկտեմբերի 17-ին գնաց Սյունիք ու դիրքերը պահող տղերքին ասաց՝ մինչև վաղը ժամը 5-ը հետ քաշվեք։ Պատկերացնու՞մ եք սա ով է, անունը գեներալ է, որը պետք է հրաման տա դիրք պահել, գնում ասում է՝ հետ քաշվեք։ Հետ քաշվեցին, ու թշնամին 41 կիլոմետր խորացավ մեր երկրի տարածք։ Հիմա էլ նա դեսպան է Ռուսաստանում ու տեսնում ենք ոնց են քանդում այդ երկրի հետ կապերը՝ անցանկալի անձ հայտարարելով բացառիկ հայամետ մարդու և այլն և այլն։
Հոկտեմբերի 27-ի ու սեպտեմբերի 27-ի միջև կապ փնտրող մեր բոլոր հայրենակիցներին կարդամ ևս մեկ անուն հայտնի ցուցակից․ Անդրանիկ Քոչարյան, որը պահանջում էր համակարգող նախարարի պաշտոնը։ Անդրանիկ Քոչարյանը 2018 թվականից ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ է, նրա ղեկավարած ապրիլյան հանձնաժողովը, որը պետք է իբր թե ապացուցեր, թե մենք ապրիլյան քառօրյա պատերազմում պարտվել ենք, ամբողջ ընթացքում զբաղված էր բանակը վարկաբեկելով, հրամանատարությանը քլնգելով։ Այդ ընթացքում իր հանձնաժողովը ստացավ կարևոր ու հույժ գաղտնի զեկույցներ, փաստաթղթեր, մարտական պլաններ, ու տեսնում էինք, թե ինչպես էին այդ իբր թե գաղտնի նիստերից, զեկույցներից հատվածներ հրապարակում համացանցում։ Արդյո՞ք այդ գաղտնի զեկույցները չհասան թշնամիների ձեռքը։ Անդրանիկ Քոչարյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոն էր ուզում, 2020-ի սեպտեմբերի 27-ին արդեն ուներ, իսկ պատերազմից կարճ ժամանակ առաջ էլ հասցրել էր որդուն բանակից ազատել։
Հաջորդ անունը կարդամ, որ հոկտեմբերի 27-ին գլխավոր դատախազի պաշտոն էր ուզում․ Գագիկ Ջհանգիրյան։ Այս մարդը, որ պարտված պատերազմից հետո ափալ-թափալ նշանակվեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար ու ինչպես հետո կպարզվեր իր իսկ խոսքերից՝ եկել է դատական համակարգը ռուլիտ անելու, որ հանկարծ․․․այստեղ ուշադրություն՝ Ռոբերտ Քոչարյանը իշխանության չգա։ Նույն Ջհանգիրյանը հետաքրքիր պատահականությամբ, 2011 թվականին, երբ 9 տարի բանտարկվելուց հետո ազատ արձակվեց Թուրքիայի օգտին լրտեսության համար դատապարտված Մուրադ Բոջոլյանը, Ջհանգիրյանը գովաբանական խոսքերով անձամբ էր դիմավորում, գլուխ էր գովում, թե մի կամերում ենք նստել։
Էս ի՞նչ զուգադիպություններ են։ Վազգենին, Դեմիրճյանին խփում են, Ջհանգիրյանն ու ընկերները ուզում են իշխանությունը վերցնել Քոչարյանի ձեռքից, որ չի ստացվում, մարտի 1 են անում, չի ստացվում, գնում-նստում են շպիոնության համար դատապարտվածի հետ մի կամեռում, իբր հայրենասեր են, բայց հենց դրա հետ ընկերանում են, հեղափոխությունից հետո հանձնաժողով են ղեկավարում, փաստաթղթեր սլիվ անում, պատերազմի ժամանակ դերակատարում են ունենում տարբեր ռանգերում, հետո էլ էլի նշանակվում են պաշտոնների, որ հետ քաշվելու հրամաններ տան, ու ամենակարևորը՝ Քոչարյանը հանկարծ վլաստի չգա։
Հիմա նստած մտածում եմ, այո, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, ըստ ամենայնի՝ չէր լինի 20 թվականի սեպտեմբերի 27-ը։ 20 տարուց ավել է, ասում են՝ հոկտեմբերի 27-ի հետևում երևում են թուրքական հատուկ ծառայությունների ականջները։ Իսկ սեպտեմբերի 27-ը և դրա հետևանք պարտությունը, արդյո՞ք թուրքական ծրագիր չէր։ Ձեռագիրը նույնն էր, գործող անձինք նույնն էին, ուղղակի մի դեպքում գլխատված իշխանությունն էին ուզում, մյուս դեպքում արդեն ունեին։ Գիտե՞ք, որ հետ ես նայում, տպավորություն է, որ ահաբեկիչների պահանջն էր, ոճրագործության արդյունքում հենց էդ մարդկանց պաշտոն ստանալը։ Ասում են՝ չլիներ հոկտեմբերի 27-ը, չէր լինի մարտի 1-ը։ Այո, ճիշտ են ասում, բայց շատ տարօրինակ զուգադիպությամբ, մարտի 1-ին էլ էին նույն գործող անձինք։ Մարտի 1-ից հետո Անդրանիկ Քոչարյանի կազմած զեկույցները հիմք դարձան 2018-ից սկսած բանակը քանդելու համար։ Եվ ընդամենը 2 տարի անց արդեն քայքայված բանակով գնացին պատերազմի։
Այս իշխանությունը ասում էր հոկտեմբերի 27-ի բացահայտումը երկու րոպեի բան է, եկան, վերաբացեցին գործը, 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ ասում էր՝ ձեն տվեք, բացահայտենք։ 2 րոպեում բացահայտողներ, 4 տարի ինչի՞ չեք բացահայտում։ Մեր ՔԿՀ-ների ամենաշատ այցելված բանտարկյալը էս վերջին 4 տարիներին ո՞վ է, գիտե՞ք։ Նաիրի Հունանյանը․ էլ ով ասես, որ չգնաց ցուցմունք վերցնելու։ Ասում են, չի բացահայտվում, բայց կարա բացահայտվի։ Կարող ա՞ տերերը նույնն են, շահառուները նույնն են, ձեռք չի տալիս։
Նիկոլն ասում է՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և անկախության դեմ։ Այո, ուղղակի հոկտեմբերի 27-ից, հետո, մարտի 1-ից հետո Հայաստանին հաջողվեց պահել ինքնիշխանությունն ու անկախությունը, այ դուք որ եկաք, էդ երկուսն էլ հարցականի տակ դրեցիք։ Լավ հիշեք ժողովուրդ, մեր պետության մեջ Նիկոլ Փաշինյանը եղել է առաջին մարդը, որը խոսել է 44-օրյա պատերազմում պարտությունից․ դա ասել է հենց պատերազմի առաջին օրը։
Կարճ ասած՝ իշխանությունը ճիշտ գծի վրա է, չլիներ հոկտեմբերի 27-ը 99 թվի, չէր լինի սեպտեմբերի 27-ը 2020 թվին։ Երկու դեպքում էլ կան գործող անձինք, որոնք նույնն են։ Թուրքերը, այո, սիրում են սիմվոլիկա, մենք տեսնում ենք, որ կարևոր բաները անում են սիմվոլիկ օրերի ու սիմվոլիկ հանգամանքներում։ Ոնց գնդակահարվեց անզեն Աժ-ն, անզեն վարչապետին, այ նույն կերպ վարչապետի սկիզբ դրած բանակի զինվորներին գնդակահարեցին անզեն։ Վազգեն Սարգսյանին գնդակահարեցին, բայց ծրագիը չկարողացան ավարտել, հետո աշխատեցվեցին ներքին ցանցեր, ու ևս մեկ փորձ արվեց, ինչը տապալվեց 2008 թվականի մարտի 1-ին։ Ստացվեց 2018 թվականին, բայց արդեն խաղադրույքը մեծ էր։ 1999 թվականին ունեցանք 8 զոհ, 2008 թվականին 10 զոհ, 2020 թվականին, արդեն, 5 հազար։ Այն ինչ չհաջողեց ավարտել հոկտեմբերի 27-ին, ավարտեցին սեպտեբերի 27-ին ու նոյեմբերի 9-ին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը