29 09 2022

«Կարճ ասած»․ Նիկոլ Փաշինյանը թշնամուն բաց ասում է՝ Հայաստանը զենք չունի՞



 

Հայաստանի այսօրվա իշխանության ողջ գործունեությունը միտված է եղել տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի դերը ուժեղացնելուն։ Դա եղել է քաղաքական ու կառավարման անգրագիտությա՞ն պատճառվ, կոնկրետ դավաճանությակա՞ն պատճառով, թե ինչ, հետագա համալիր քննությունը ցույց կտա։ Բայց փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ու Ալիևին խոստումներ տալուց հետո, ինչը բացահայտվեց 2020թ․ պատերազմի նախօրեին, Ադրբեջանը կտրուկ ուժեղացրել է իր դիրքերը։

ՔՊ-ն իշխանությունը վերցնելիս ներկայացրել է նախընտրական խոստումներ՝ երկու անգամ, ներկայացրել է կառավարության ծրագիր՝ երեք անգամ, ներկայացրել են կառավարության 5-ամյա ծրագիր՝ երեք անգամ, ներկայացրել են զարգացման ռազմավարություն, հռչակել են ռեֆորմներ և այլն և այլն։ Գրել են դրանց մեջ անվտանգության մասին, բանակի մասին, արտաքին կապերի մասին։ Բացարձակ ոչինչ չեն արել, ու էսօր ասում են՝ փաստի առաջ ենք։ 2021 թվականին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, սյունեցի ՔՊ-ական դեպուտատները չասեմ մարմնի որ մասերն էին ճղում, ասում էին Սյունիքն անվտանգ է, ինչո՞ւ են լրագրողներն ու ընդդիմությունը բորբոքում։ Էսօր խոստովանում են, որ մեր տարածք են մտել ու մեզ մեր տարածքում սպանում են։ Բա որ մտել է մեր տարածք՝ դեռ 2021 թվականի մայիսից, ինչի՞ դուրս չես շպրտել․ ասեմ, որովհետև իշխանական մտածելակերպ էր՝ Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չեմ անի, սարերի համար կռիվ չեմ անի, Ջերմուկում մի երկու հյուրանոցի համար կռիվ չեմ անի, ոչինչ չեմ անի, չեմ պաշտպանի։ Բայց չունեցավ նաև էնքան կշիռ արտաքին քաղաքականության իմաստով, որ պարտադրեր դուրս գալ։

Ինչո՞ւ է Ալիևը ասում՝ Նիկոլ, ինչ ուզում ես արա, ում ուզում ես զանգի, չի օգնելու, որովհետև ինքը հո գիտի՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը էն կշիռը չունի, որ որևէ գործընթացի վրա ազդի։ Մենք սա արձանագրում ենք խորը ցավով, հասկանալով, թե ինչից ինչ ենք դարձել։ Պատերազմ է լինում, Ալիևը իր բանակին հրամաններ է տալիս, իսկ ի՞նչ է անում Նիկոլը, մտնում է բունկեր, հեռախոսն առնում ձեռքը ու զանգում՝ Պուտին, Մակրոն, Բլինքեն, Փելոսի, վերջում էլ Թվիթերում գրառում անում, թե դեմոկրատիան վտանգված է։ Այ սենց խուճուճ զանգեր, քննարկումներ, հիմարություններ ու նույն պահին սահմանին ունենում ենք զոհեր։

Երեկ հրադադարի խախտում էր, երեք զոհ ունեցանք, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը երկու անչափահասներին թողեց բախտի քմահաճույքին ու զոհվեց հանուն Նիկոլի կեղծ խաղաղության դարաշրջանի, ի՞նչ էր անում էդ ժամանակ Նիկոլը։ Մտել էր թվիթեր ու անգլերենով գրում էր հայկական դեմոկրատիայի մասին։ Ո՞նց կարող ես պատերազմի ժամանակ խոսել դեմոկրատիայից։ Մեր երկրում պատերազմ է, Նիկոլը ԱՄՆ-ում է ու Ֆրանսիայում, ԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում է, Պաշտպանության նախարարը կորած է, չկա․ էդքան որ գնացիք, ի՞նչ օգուտ ենք ստացել․ ասում էիք՝ ահա Փելոսին եկավ, Ադրբեջանը մղկտալու է։ Հիմա ի՞նչ, երեկվա երեք զոհի համար հիմա էլ կսկսեք Ամերիկայի՞ն մեղադրել։ Թե բա՝ Մակրոնը պահանջել է զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից։ Չհասկացա՞ք, որ հայտարարությունները զրոյական էֆեկտ ունեն։ Այսօր ՀՀ իշխանությունը աշխատում է ֆեյքերի, Արծրունի, Պերֆեկտ ՏՎ-ի տրամաբանությամբ, մարդկանց մեջ հույսեր է արթնացնում, թե ահա դրսի իմպռտնի պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքում փրկված ենք։ Բայց մենք ամեն օր կիլոմետրեր ենք զիջում։ Էնտեղ կրակում են, էստեղ իշխանության բուծածները գրում են՝ թշնամին դուրս է եկել Իշխանասարից, Ջերմուկից նահանջում է։ Էդմոնը լրիվ ֆեյքերի ՊՈԱԿ արեց, ասում է՝ Ալիևը կզանգի ԱՄՆ ու կաղաչի, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն։ Ալիևի վերջը վատ է լինելու։ Այսօր Ադրբեջանը Ամերիկայում ունի լիքը դաշնակիցներ, դու քիչ ունես, որովհետև ոչինչ չես անում էդ ուղղությամբ։ Ստեղից պաշտոնյաներ են գնում Ամերիկա ու հանդիպում են միայն այն անձանց, ովքեր ավանդաբար ունեն պրոհայկական դիրքորոշում։ Արա գնացեք ներգրավեք նոր մարդկանց, նոր շրջանակների, ազդեցիկ դեմքերի, դուրս եկեք էդ ֆեյսբուքներից, հերի՛ք ա, վարի տվիք էս երկիրը։

Ո՞նց կարող է սահմանին կրակեն, զոհեր ունենաս, բայց պաշտպանության նախարարդ լինի միջազգային ճամփորդության մեջ, իսկ գենշտաբիդ պետն էլ անունն անգամ չիմանաս։

Մենք բազմիցս անդրադարձել ենք այն դատապարտելի, կասեի՝ հանցագործ փաստին, երբ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտնում է մեր ռազմավարական օբյեկտների գտնվելու վայրը, սննդի պաշարները, զանգում է սահմանում գտնվող զինվորին, համարել ենք, որ դա թշնամուն օգնել է։ Բայց հիմա ավելի հեռուն է գնացել՝ ի լուր աշխարհի, այդ թվում Ադրբեջանին ասում է՝ մեզ զենք չեն տալիս։ Էսօր կառավարության նիստում ասում է, որ ես փողը տվել եմ՝ միլիոնավոր դոլարներ, բայց զենքը չեն տալիս։ Ասում է՝ Ադրբեջանը էնքան ուժեղ է, իսկ ես էնքան թույլ եմ, որ ինքը կարողացել է իմ դաշնակիցների վրա ազդի, որ ինձ զենք չտան։ Նախ եթե կարողանում է ինքը քո դաշնակիցների վրա ազդել էդքան, ուրեմն դու էդքան անբաշար ես, որ դաշնակից չունես։ Բա էդ ո՞նց եղավ, որ մինչև հիմա չէր ազդում, հենց դու եկար ազդեց։ Էդ առաջ Ադրբեջանը չէր փորձո՞ւմ ազդել Հայաստանի դաշնակիցների վրա, վստահ կարող ենք լինել փորձել են, էլ ինչ ասես չեն արել, բայց, ըստ ամենայնի, չեն կարողացել։ Որովհետև ժողովուրդ ջան, չես կարող ունենալ Արարատ Միրզոյան ԱԳ նախարար ու ունենաս նորմալ դիվանագիտություն, դիդջեյը լինի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ու ունենաս նորմալ դիվանագիտությո՞ւն, ունենաս Պապիկյանի ու Անդրանիկ Քոչարյանի նման անվտանգության ու պաշտպանության պատասխանատուներ, ու ունենաս անվտանգություն։ Ժողովուրդ ջան, չի լինում էդպես, սա է իրականությունը։ Առաջ ո՞նց էին զենք ձեռք բերում հազար ու մի տեղից։ Որովհետև աշխատում էին։ Ուժեղ էինք, որովհետև պատասխանատու պաշտոնյաներն իրենց տեղերում էին, իսկ մանր բանսարկուները՝ իրենց։ Ասում են՝ խեղճ հարիֆն ի՞նչ անի, որ խաբել են։ Խաբե՞լ են, թե՞ ինքն է խաբել, ֆռռացրել, իսկ եթե խաբում են որովհետև խեղճ հարիֆ է, բա մեր երկիրը, մեր տղերքին, մենք մեզ ու՞ր ենք վստահել էս խեղճ հարիֆին։

Ասում են՝ խեղճ հարիֆը ո՞նց հաղթեր, եթե 10 երկրի դեմ էր կռվում՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել, Սիրիայից եկած ահաբեկիչներ։ Ժողովուրդ, էդ ուզում եք ասել Թուրքիան կամ Պակիստանը նոր ե՞ն առաջացել, թե՞ նոր են աջակցում Ադրբեջանին։ Բա էն ժամանակ ինչի՞ չէին հարձակվում։ Որովհետև էն ժամանակ Նիկոլի որակի մարդկանց հեռու էին պահում պետությունից, իշխանությունից։

Կարճ ասած՝ կարծում եմ ակնհայտ է երկու տարբերակ․ տարբերակներից մեկը առաջարկում է Փաշինյանը, իրեն կարծես միացած Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պետք է հանձվել։ Առաջին նախագահն առաջարկում է հանձնվել միանգամից, Նիկոլը երևի մտածում է հանձնվել, բայց Ադրբեջանի հարձակման արդյունքում, որ իրեն չասեն դավաճան։ Տարբերակներից երկրորդը առաջարկում է ընդդիմությունը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի։ Ասում է՝ պետք է փոխել Նիկոլին և պայքարել, ստանալով հաջողության հասնելու շանս։ Կարծում եմ, արժանապատիվն ու իրագործելին երկրորդն է, ուղղակի պետք է աշխատել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ