Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նվաճեց Եռաբլուրը։ Շատերը ասում են, պղծեց Եռաբլուրը՝ իր այցելությամբ։ 44-օրյա պատերազմում զոհերի հարազատները գիշերվանից հավաքվել էին Եռաբլուրում՝ թույլ չտալու ՔՊ-ական իշխանությանը այցելել իրենց զավակների շիրիմներին։ Վաղ առավոտյան հարյուրավոր ոստիկաններ՝ սև, կարմիր բերետներ ու զանազան ջոկատներ լցվեցին Եռաբլուր ու գազանաբար հոշոտեցին ծնողներին, փռեցին ասֆալտին զոհերի մայրերին ու հայրերին, տատիկներին, քույրերին։ Ոստիկանները բառի բուն իմաստով, մաքրեցին Եռաբլուրի տարածքը սգավոր ծնողներից, էս պահին մեր երկրի տարածքում թշնամիներ կան, բայց ոստիկանությունը փոխանակ գնա պաշտպանելու սահմանը, այդ բիլակավոր բերետներին ուղարկում է սգավոր մորը ասֆալտին փռելու։ Ասում էին՝ դուք մի մտեք Եռաբլուր, որ Նիկոլը գա ծաղիկ դնի քո տղու շիրիմին, որին ինքն է իր կոչով տարել մահվան։ Որովհետև նրանց կյանքի հաշվին իրեն, մտածում էր, չեն ասելու դավաճան։ Բայց ասում են։ Ողջ ու առողջ տղուն տարել են բանակ, երկու ոսկոր բերել-տվել են մոր ձեռքը, ասել են քո տղեն ա, տար թաղի, անունն էլ չեն ասի, որ ոչ մեկ չիմանա։
ՔՊ-ն սկզբից արդարանում էր, հետո մեղադրում այլոց, հիմա, ըստ երևույթին, ընդունում է, որ այդ տղերքի դահիճն է։ Հանցագործը միշտ վերադառնում է դեպքի վայր՝ գոնե տեսնելու, թե ինչ են խոսում։ Իմացաք, տեսաք։ Հետո էս ծեծուջարդը կազմակերպած Նիկոլի դասընկեր ոստիկանապետը գնաց ու հանգիստ խղճով կանգնեց Եռաբլուրում, ծաղիկ խոնարհեց էն տղերքի իբր հիշատակին, ում մորը րոպեներ առաջ քաշքշում էին իր հրամանով։ Դրանից առաջ 9 միլիարդ դրամի պարգևավճար էին բաժանել, ամենից շատն էին վճարել, որ ոստիկանները ծեծեն բողոքող մարդկանց, ու, փաստորեն, այնքան էին վճարել, որ անգամ չէին նայելու ում են ծեծում, ինչու են ծեծում։ Ու այդ ամենը, մի նպատակով, որ մի քանի հոգի կարողանան գնան կանգնեն Եռաբլուրում։ Գոնե մի քիչ մարդ որ լինեիք, բաց ճակատով կգնայիք, ոչ թե քաղաքացիներին ու հատկապես ծնողներին ջարդելով։ Բնավ դատապարտելու չէ այն ծնողների քայլը, որոնք վարչապետի, ԱԺ նախագահի ու ՀՀ նախագահի դրած պսակները դեն նետեցին ու կոտրեցին։ Իրենք համարում են, որ պղծում է նրանց կողմից ծաղկեպսակ դնելը։ Կարծում եմ, տրամաբանական է, այսքանից հետո, էլ ի՞նչ ծաղիկ, ի՞նչ խոնահում, հարգանք։
Մի քանի րոպե Նիկոլը մնաց Եռաբլուրում, արագորեն հետ գնաց, չտեսավ կամ չտեսնելու տվեց այն նոր 200 փոսերը, որ փորվել են՝ ադրբեջանի հետ իր արած ախպերության զոհերի համար։ Այս իշխանության գոյության ամեն օրը մեզ 4 զոհ է արժենում։ 2018 թվականի մայիսի 8-ից ստանձնել են իշխանությունը և օրը 4 զինվորի դրել են հողի տակ։ Եռաբլուրում ամեն օր փորում են ու փորում։ Ոչ մի սխալ չեն ընդունում, ոնցոր ասեն՝ Փորելու ենք էնքան, քանի դեռ ունենք այս իշխանությունը մեր երկրում։
Այսօր անկախության տոնն է, անկախության ու առավելևս՝ տոնի շունչ չկա, անգամ դրոշներ չեն դրվել փողոցներում, Հայաստանի նախագահական նստավայրի ու ԱԺ-ի փողոցներում Ամերիկայի դրոշն է դեռ ծածանվում։ Հայաստանի անկախության տոնին ծածանվում է Ամերիկայի դրոշը։ Ու սրանք խոսում են ինքնիշխանությունից, անկախությունից։ Այսօր՝ իրենց օրոք, Հայաստանի ներսում տամոժնյա է դրել թշնամին, Հայաստանի սահմանները պահում են մեծամասամբ օտար զինվորները, Հայաստանի սահմանից ներս ամեն օր կրակոցներ են, զոհեր ու վիրավորներ, մեր հայրենիքը Ադրբեջանի վերահսկողության տակ է։ 31 ամյա անկախ Հայաստանի իշխանությունը տեղահան է անում իր ժողովրդին։ Հայաստանում թուրքերն ու ադրբեջանցիները սեփականություն են ձեռք բերում։ Ու սրանք խոսում են ինքնիշխանությունից։ Հայաստանում ոչ մի քաղաքացի անվտանգ չէ, ապահով չէ։ Հայաստանն անկախ չէ, Հայաստանն ազատ չէ, Հայաստանն ինքնիշխան չէ, Հայաստանը իրավական պետություն չէ, ՀՀ քաղաքացին բարեկեցիկ չէ ու այս ամենը ձեր օրոք է, մինչ այդ նորմալ էր։
Անկախության տոնին ընդառաջ երկրի ղեկավարը հայտարարում է՝ ես էնքան չկամ, որ ինձ զենք վաճառեն, ինձ զենք չեն վաճառում, որ անկախություն պաշտպանեմ։ Բա հարց է առաջանում, բա էլ ու՞մ եք պետք, եթե չեք կարողանում այդ ամենը պաշտպանել, եթե անգամ զենք չեք կարողանում գնել, Եռաբլուր անգամ էս օրով չեք կարողանում գնալ, մարդամեջ դուրս գալ, որովհետև շուրջբոլորը հայհոյում են, բա մնում եք ի՞նչ անեք, հեռացեք, գանցեք, բոլորը գիտեն, դուք էլ ընդունեք որ վարի տվեցիք անվտանգ, ապահով ու անկախ երկիրը։ Ուրեմն գնացեք, թող գան նրանք, ովքեր կարող են զենք ձեռք բերել և ձեռք են բերել, էն ժամանակ, երբ դու քննադատում էիր, անուն էիր կպցնում ամեն մանրուքին։ Ինչի եմ ասում մանրուք, որովհետև այն վատը ինչ եղել է ձեզանից առաջ, իրոք մանրուք էր, ձեր բերած աղետի համեմատ։ Մարդիկ երազում են նախկին տարիները վերադառնան, ձեր օրոք, ամեն տարի ավելի վատն է քան նախորդը, վախենում եմ մտածեմ վաղը, մեկ ամիս հետո, մեկ տարի հետո ինչ է լինելու։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ ՀՀ տարածքը 29․800 քառակուսի կիոլմետր էր, որքա՞ն է պակասել, հաշվելե՞ք, ու դեռ խոսու՞մ եք։ Կրճատվում է ու կրճատվում։ Դուք իրականում պայքարել ու պայքարում եք Հայաստանի անվտանգության ու անկախության դեմ, ոչ թե համար։
Հայաստանի անկախությունը վտանգի տակ դրվեց հենց էն ժամանակ, երբ Թուրքիայում կասկածելի կրթություն ստացածները, ադրբեջանցիների հետ Նովրուզ տոնողները Հայաստանում իշխանության եկան, իշխանությունը վերցրին թուրքերի ընկերները, օտարերկրյա պետությունների գրանտակերները։ Ժողովուրդը, չկողմնորոշվելով, ամեն ինչով նրանց օգնեց, թողեց աշխատեն։
Առաջին օրից, երբ Նիկոլը կատարեց կադրային առաջին նշանակումը, երբ առաջին չմասնագետ քայլիստին նշանակեց բարձր պաշտոնի՝ ԱԽ քարտուղարից մինչև ՊՎԾ ղեկավար ու կրթության նախարար, հասկանալի էր, որ էդ կադրերով երկիրն են կործանելու։ Խոսեցինք, ասացին՝ դե թողեք աշխատեն, օր օրի պրավալ տվեցին, խոսեցինք, ասացին՝ դե թողեք թող աշխատեն, կորոնավիրուսի փողերը կերան, զոհեր բերեցին, ասում էիք՝ թողեք աշխատեն, գաղտնի որոշմամբ իրենց կրկնակի աշխատավարձ ու պարգևավճար տվեցին, ասացիք, դե թող ստանան, որ աշխատեն։ Դատարանների հերն անիծեցին, ասացիք թողեք աշխատեն, պատերազմ բերեցին մեր գլխին, 5 հազար զոհ տվեցին, 40 հազար փախստական, ասացիք թողեք աշխատեն, հիմա էլ էլի 200 զոհ են տվել, էլի գերիներ, 41 կիլոմետր ուղիղ գծով հանձնել են․․․ Հերիք չէ՞ թողնենք աշխատեն։ Զարմանում եմ, չեք տեսնու՞մ էս մարդիկ ոնց են աշխատում։ Ձեր աշխատանքի արդյունքում մահեր են, խայտառակություն, հատակին տված պատիվ, հարգանք, արժանապատվություն, ի՞նչ անկախություն, տոն, երկիր չի մնում։ Հերիք ա, էլ մի աշխատեք։ Ձեր աշխատանքի շնորհիվ Ադրբեջանը մեզանից տարածքներ է նվեր ստացել և հիմնել Գեյչա-Զանգեզուրի Հանրապետություն։ Ձեր հանձնած տարածքների վրա է աչքը։
Մի քանի ամիս առաջ ընդդիմությունը պահանջում էր օրենք ընդունել, որով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ խոսողները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ ՔՊ-ն մերժեց։ Դրանից հետո շարունակեցին խոսել անկլավներից, իսկ այսօր ևս 10 կիլոմետր խորացել է թշնամին մեր երկիր։ Բա հիմա ես ի՞նչ մտածեմ, ուրեմն նախապես գիտեին, որ հանձնելու են, դրա համար դեմ քվեարկեցին։
Կարճ ասած՝ Հայաստանի անկախության ու պետականությանը շատ լուրջ վտանգի տակ է․ շատերի կարծիքով, հեռու չէ այն օրը, երբ արդեն նմանվենք այն ազգերին, որոնք կորցրել են իրենց պետականությունն էլ, պետությունն էլ, հողերն էլ ու թափառականի պես ցրված են տարբեր երկրներում՝ առանց Մայր հայրենիքի։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ոնց ենք գնում այդ ուղղությամբ։ Հետևում ենք ուղիղ եթերով։ Այսօր տոն է, պետական տոն, այն այսօր չի նշվում, միայն կեղծ շնորհավորանքների շարք, ոչ մեկ չի հավատում այդ անկախություն ասվածին, կեղծ կենացների պես։
Հերիք է աշխատեք, վերադարձրեք մեզ մեր տոները։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը