16 09 2022

«Կարճ ասած»․ 4 տարում երկու պատերազմ, երեք լայնածավալ հարձակում․ Աշխարհի ամենավատ իշխանությունը



 

Ադրբեջանը մի քանի օր շարունակ հայտարարում էր, թե Հայաստանը հրադադարը խախտում է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի կողմից։ Հայաստանը հերքում էր, ու հասկանալի էր, որ այդ հայտարարություններով թշնամին հարձակման է պատրաստվում։ Այժմ Հայաստանը հայտնում է, որ թշնամին զորք ու տեխնիկա է կուտակել Երասխի կողմում և պատրաստվում է գործողությունների։ Միաժամանակ, Ադրբեջանը հիմա էլ լուրեր է տարածում, թե հայկական կողմը հրադադարը խախտում է Տավուշի ուղղությամբ։ Այստեղից պարզ երևում են հաջորդ թիրախները։ Հիմա դրել քննարկում ենք՝ Հնդկաստանը, Չինաստանը իրենց որքան լավ են պահել ՄԱԿ անվտանգության խորհրդում։ Բայց պարզ է, որ այդ դատապարտումներից ոչ մի գործնական բան չի բխում։ Ոգևորվել ենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին է գալիս Հայաստան․ կոգևորվենք, բայց մեկ է՝ Ամերիկան չի դադարի ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին։

Գիտե՞ք, Հայաստանը նախկինում համարվում էր աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը․ դա ուղղակի խոսքեր չեն, դա միջազգային զեկույցներում է արտահայտված։ Այսօր Հայաստանի գրեթե բոլոր կողմերից առաջ է գալիս թշնամին։ Ցանկացած երկրի իշխանության ամենակարևոր պարտականությունը, թիվ 1-ը, երկրի անվտանգության ապահովումն է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Մենք հարկեր են տալիս, որ կառավարությունը աշխատավարձ ստանա, պարգևավճար ստանա, կարծես համաձայն ենք, որ զուգահեռ թալանի մեզ ու պետության բյուջեն, բայց մի պարագայում՝ անվտանգության մեջ պահի։ Սրանք մեր երկիրը դարձրել են աղետի գոտի։ Որովհետև չեն հասկանում ինչ են անում։

Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ասում է՝ Ադրբեջանցիները տկլորացրել են, մասնատել են կին զինծառայողին։ Էն ժամանակ, երբ այդ վայրագությունն էին անում, այստեղ Նիկոլը հայտարարում էր՝ այս ամենը ոչ մի կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը։ Օլիգարխ դեպուտատ Գուրգեն Արսենյանն ասում էր՝ մենք քաղաքակիրթ ժամանակներում ենք ապրում, ոչ թե մարդակերների և վայրենիների, որ փոխադարձ ագրեսիան նախընտրելի դարձնենք խաղաղությունից։ Պատկերացնու՞մ եք անադեկվատության աստիճանը։

Դու փոխանակ զինես բանակը, անվտանգ պահես երկիրը, գնում ես՝ բանակ չունենամ, որ անվտանգ ապրեմ անկապ բանաձևով։ Ու ստանում ես սա։ Առողջարանային Ջերմուկն արդեն Ադրբեջանի ափի մեջ է, Գեղարքունիքի Մարտունի քաղաքը թիրախում է։ Ջերմուկը 12 կիլոմետ էր հեռու թշնամուց, հիմա 4 կիլոմետր է հեռու։ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Բարձունքը խլել հնարավոր էր միայն այն բանակից, որտեղ կատարյալ բարդակ է տիրում»: Այսինքն, այսօր կատարյալ բարդակ է մեր երկրում, Նիկոլ ու դուք դեռ խոսում եք խաղաղությունի՞ց։

Դա նրանով է ապացուցվում, որ 200 միլիոն տալիս եք տոնածառի փարթիի համար, բայց ոչ մի կոպեկ չեք տալիս օդը փակելու համար․ որովհետև փող չեն տալիս դիրք կահավորելու համար, 45 հազար դոլար տալիս են կուսակցությունների աուդիտ անելու համար։ Զինվորի բանտինկայի համար փող չունես, բայց փող ունես գինու փառատոնի համար։ Որովհետև քեզ շոու է պետք, դա ես անում։

Հայաստանի անվտանգությունը ամենախայտառակ վիճակում է ու բոլոր առումներով, բոլոր ուղղություններով։ Ո՛չ արտաքին անվտանգություն ունենք, ո՛չ ներքին․ դիլետանտների, կառավարման համար ոչ պիտանի անձանց՝ պետության ղեկին հայտնվելը բերել է ամեն ոլորտում բարդակի ու անվտանգության խախտման։ Երկրի ներսում քայլելը անվտանգ չէ, ամեն օր իմանում ենք՝ մարդիկ զենքով իրար հարցեր են լուծում, ու սա դեռ քիչ էր, հիմա էլ ազատորեն զենք ձեռք բերելու օրենք եք ընդունում։ Մարդ կարող է իր համար առևտուր անի ու շենքը փլվի գլխին, որովհետև անվտանգության կանոնները խախտված են։ 16 քաղաքացի զոհ գնաց Սուրմալուի պայթյունին։ Որովհետև քաղաքի կենտրոնում պայթուցիկների պահեստ կա, ու անվտանգային միջոցառումներ չեն արել՝ նախապես իմանալով, որ խախտումներ կան։ Ամեն օր երթևեկության կանոների խախտման պատճառով զոհվում են քաղաքացիներ, որովհետև մեր ոստիկանությունը ոչ թե կանխարգելելու, այլ տուգանելու ֆունկցիա է կատարում։ Ոստիկանները լցվել են կառավարության շենքն են պաշտպանում 6 շարքով, նույն ժամանակ Երևանին մոտ գյուղերից մեկում մի մարդ աջ ու ձախ սպանում է ու չեն կարողանում բռնել։ Մենք տեսնում ենք, որ մեր երկրում վխտում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Նիկոլ Փաշինյանն ինքը ասում է, որ մեր երկրում լիքը գործակալներ են եղել ու կան․ առնվազն նրա կառավարության բարձր պաշտոնյայի մասին են ասում, որ թուրքի գործակալ է։ Ամեն քաղաքացի սրտի տրոփով սպասում է, որ թշնամին վաղը իր տանն է մոտենալու։ Ամեն օր մեր երկրում հնչում են ահազանգեր այսինչ շենքում ռումբի մասին, կես տարում 70 անգամ եղել է։ Մեր երկրում թուրքերն ու ադրբեջանցիները անշարժ գույք են առնում ու բիզնես են հիմնում, քաղաքացիները պատահական են իմանում, որ տենց բաներ կան։ Մեր երկրում այլ երկրի սահմանապահները կանգնել ու մեզանից փաստաթուղթ են պահանջում մի քաղաքից մյուսը գնալու համար։ Մեղրիից Ագարակ գնալու համար անցակետով ես անցնում։ Էլ չասեմ, որ մեր երկրի ճանապարհները վերահսկողության տակ են։ Հայաստանում ոչ ոք չի կարողանում ապագայի պլաններ կազմել, որովհետև ոչ ոք համոզված չէ, որ մինչև ամսվա վերջ Հայաստան պետություն կունենանք։ Այս երկրի հետ մարդիկ հույս ու ապագա չեն կապում։ Կրկնում եմ, որովհետև առաջին հերթին անվտանգությունը խախտված է։ Ասում ենք՝ մարդիկ անտարբեր են դարձել կորուստների նկատմամբ․ որովհետև այս իշխանության պատճառով ոչ ոք վաղվա խաղաղ օրվա գարանտիա չունի ու ամեն օր ապրում է էնպես, կարծես վերջին օրը լինի։

Հասկանում ե՞ք, սրանք չգիտեն երկիրը անվտանգ պահելու ձևը․ իրենք էն լավ ժամանակներում ընդիմություն էին աշխատում ու չէին էլ պատկերացնում՝ էդ անվտանգություն պահելը ինչ բարդ է․ եկան-վերցրին ու գցեցին ոտքերին։ Բոլոր անվտանգային համակարգերը քանդել են։ Թուրքերը գալիս են Վեդիի մեջտեղում հրահրում բախում, զանգում ես մարզպետ Թևոնյանին, ասում է՝ տեղյակ չեմ։ Մարզպետ է, պետք է տեղյակ լինի, թե իր մարզում քամին որ թուփը որ ուղղությամբ թեքեց։ Նորմալ երկրում նրան ռադ կանեին գործից, իսկ մեզ մոտ բոլոր թերացողները արժանանում ենբարձր գնահատականի, Նիկոլն ասում է՝ ես չեմ թողել հրաժարական տա։

Մենք ամեն օր հարկ ենք վճարում առաջին հերթին անվտանգ ապրելու համար։ Բա էս ի՞նչ է մեր վիճակը։

Կարճ ասած՝ Հայաստանը դարձնում են Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի պես, մեզ սովորեցնում են, որ միշտ նման կերպ ապրենք, կրակոցներ, պայթյուններ, սպանություններ, զոհեր․ նորմալ ա՝ հարմարվենք էդ վիճակին։ Այս իշխանության օրոք 4 տարվա ընթացքում ունեցել ենք 2 պատերազմ, 3 լայնածավալ հարձակում ու սպասում ենք նորերին։ Մեկ իշխանության օրոք այսքան աղետ։ Սրանք Հայաստանի գլխին սև թուղթ են։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ