Մի քանի օր առաջ Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչները բողոքի ցույց էին անում քաղաքապետարանի դիմաց, ասում էին, թե հողի խնդիր ունեն․ իրենց սեփականության իավունքը կառավարությունը խախտել է։ Զարմանալի չէ։ Այս կառավարությունը խախտել է այլ պետության՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների սեփականության իրավունքը, մարդկանց իրենց տնից վտարել է և շարունակում է տեղահանել, ո՛չ տուն է տալիս, ո՛չ ապրելու տեղ։ Այնպես որ զարմանալի չէ։ Բայց զարմանալին գիտե՞ք որն է։ Այդ բողոքի ակցիայի մասնակիցների դեռ ապրող միամտությունը։ Ասում են՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ հրավիրեցինք Հրաչյա Հակոբյանին, քանի որ իրեն 2018 թվականին ընտրել էինք դեպուտատ։ Ասում են՝ չեկավ, ասաց դուք եկեք, ինձ մոտ ավելի հարմար է։ Գնացինք, ասաց կլուծենք ձեր խնդիրը։ Սկի չի էլ գնում ժողովրդի հետ հանդիպման, ասում է` դուք եկեք։ Հրաչյան ասում է` ձեր հարցը կլուծենք, բայց հիմա չենք հասցնի, արտահերթ ընտրություններ են, եկեք դրանից հետո լուծենք։ Ասում են՝ մենք էլ գնացինք, ասացինք, ժողովուրդ, եկեք ընտրենք ՔՊ-ին, որ մեր հողերի հարցը լուծի։ 65 տոկոս ձայն է տանում Հաղթանակ թաղամասից ՔՊ-ն, հետո գնում են նույն Հրաչյայի մոտ, գնում-գալիս են ու այ քեզ բան, պարզվում է` մարդկանց ափաշքյարա խաբեցին։
Իհարկե՝ ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, որ իրենց խնդիրը չի լուծվել, որ այս իշխանությունը իրենց խաբել է։ Էս մարդիկ տեսել են, որ իշխանությունը հող ա հանձնել, 100 հազար հոգու սեփականության իրավունքը խախտել է, բայց ընտրել են էդ հողեր հանձնած իշխանությանը, որ իրենց հողերը իրենց տա։ Ախր, այ ժողովուրդ ջան, ձեր աչքերով տեսաք, որ նա թշնամուն է հող տալիս, ոչ թե իր ժողովրդին։ Ձեր աչքով, ձեր մաշկի վրա, տեսել ու զգացել եք՝ 2018-ին իշխանության գալուց ինչե՞ր էին ասում, ինչե՞ր պետք է անեին, ո՞ր մեկն արեցին, արագաչափեր հանել, կարմիր գծեր, էլ եսիմինչ, բյուջեն եռապատկենք, թալանած փողերը հետ կբերենք, սաղդ լավ կապրեք, ո՞ր մեկն արեցին, էդ ամբողջ պատերազմի ընթացքում ասին հաղթում ենք, պարտության տարան, ինչ ասին, հակառակը եղավ, էդքանից հետո էլի գնացիք Հրաչի մոտ, էլի հավատալով ընտրեցիք, բնական է խաբվեցիք ու հիմա նոր ասում եք՝ այլևս ոչինչ չենք հավատում, ինչ ասես՝ սպասելի է։
Հարցում ենք անում, մի կին ասում է՝ ունի 8 երեխա, որոնց հետ Արցախից է փախել, քանի որ իր երկու տները, անասուններին, հողերը Փաշինյանը նվիրել է թշնամուն։ Հիմա ապրելու տեղ չունի, միջոց չունի, սոված են ու հավելում է՝ հավատացինք Նիկոլին, ազգանունն էլ թուրքական ձև է հարմարացնում, ու ասում է՝ էլի խաբեց։ Նա փախել եկել է, բայց դրանից հետո հավատացել է ու գնացել-ընտրել է։ Ու սրանից հետո զարմանում ենք, որ էս վիճակին ենք, մեղադրում ենք ընդդիմությանը, արևմուտքին, ռուսին, վրացուն, որ էս վիճակո՞ւմ ենք։
Բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս անգամ էլ հավատացինք «Ապագա կա» կարգախոսին, բայց խաբվեցինք, էդ Ապագա կա, կա Ապագա գոռացողը գիտե՞ք ինչ է մտածում՝ է, չխաբվեիք, այ քեզ բան։ Որ ձեզ բերեցին-ներկայացրեցին աներձագ Հրաչին՝ որպես դեպուտատի թեկնածու, որևէ մեկդ մտածե՞ց՝ էս ում եմ ձեն տալիս, որ հիմա էլ ասում եմ՝ խաբեցին։ Եթե էդ մարդուն միշտ տեսել էիք սերիալի մեջ երրորդական դեր խաղալուց, բերեցիք առաջին պլան որ ի՞նչ արեր։ Փաստորեն, էն, որ ուրիշները մնացել են անտուն, ուրիշների հայրերը, զավակները, եղբայրները զոհվել են, անհետ կորել են, գերի են ընկել, Հաղթանակ թաղամասի այդ բնակիչների համար հեչ, իրենք դրանից հետո 65 տոկոս ձայն են տվել իշխանությանը և միայն այն ժամանակ, երբ իրենց պրոբլեմը չլուծվեց, հասկանում են, որ խաբվել են։
Խաղողագործները սպառնում են մի քանի օրից ճանապարհ փակել։ Ասում են՝ մթերումը սկսում է, բայց պայմանագիր չունենք, աճեցրել ենք, չգիտենք ինչ է լինելու ու լուծումը ճանապարհ փակելն է, մի քանի օրից Արմավիրի, Արարատի մայրուղիներ կփակեն։ Ասում են՝ հավատացինք, որ ապագա կա, ընտրեցինք։ Այս իշխանության օրոք ամեն տարի խաղողագործները ճանապարհ են փակում, ամեն տարի, մյուս գյուղմթերք արտադրողները ևս, իհարկե։ Իրենց գյուղերում էլի մեծ տոկոսներով ձայն են տվել Նիկոլին, երկու անգամ։ Բերքը վարի է գնացել իշխանության պատճառով, իրենք ձայն են տվել նույն իշխանությանը։ 3 տարի շարունակ իրենց քրտինքը գնացել-կորել է, ստիպված խաղողը քաշած արաղ են դարձրել, բայց գնացել-ընտրել են իրենց իրականում կեղեքած իշխանությանն ու ասում են՝ խաբվեցինք։ Խաղողը չասեք իշխանության ու ընտրության հետ կապ չունի։ Հենց ձեր ընտրած իշխանությունը կազմակերպել չի կարողանում, որպես կառավարություն՝ ահավոր կազմակերպիչ է։ Ձեր կարծիքով ինչի՞ Քոչարյանի ժամանակ խաղողագործները փողոց չէին փակում, թե՞ էն ժամանակ խաղող չէր աճում։ Կազմակերպում էին մթերումը, սպառումը, որ գալիս-խոստում էին տալիս, անմիջապես անում էին, նաև իրենց մասին էին մտածում, որ լավ լինի ամեն ինչ, բողոքի ցույց չանեք։ Սրանք ասում են՝ թքած, հեչ էլ չեն բողոքում, ոստիկանների փողերը բա խի՞ ենք ավելացնում, կճնշեն։ Հիմա ցույցերը կճնշեն, վաղն էլ կգնանք թազա բան կխաբենք էլի ձայն կտանենք։
Ես եղբայրաբար եմ ընդունում խաղողագործներին էլ, Հաղթանակ թաղամասի բնակիչներին էլ, տունը լքած և բռնի տեղահանված արցախցիներին էլ․ եղբայրաբար եմ ընդունում, քանի որ տեսնում եմ՝ գիտակցել են իրենց սխալը։ Եվ ասում եմ, որ ձեր խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ հենց իրենք հեռանան իշխանությունից։ Չասեք՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, խաբար չենք․ ձեր հարցի չլուծումը հենց իշխանության քաղքականությունն է։
Ժողովուրդն ասում է՝ մենք այս իշխանությունից լավ բան չենք սպասում, սպասում ենք ամեն վատին, ոչ մի վատ բան անակնկալ չէ։
Մի քանի օր առաջ մեր երկրում տեղի ունեցավ խոշոր պայթյուն՝ Սուրմալուի պայթյունը, որի մասին կարծես մոռացանք։ Ինչո՞ւ 16 զոհ եղավ, բայց էդքան անտարբեր անցանք։ Այլ պարագայում հակաիշխանական ցույցեր կսկսեին։ Բայց մարդիկ ծանր չտարան․ որովհետև պետություն կործանած, հողեր հանձնած, 5 հազար տղու գերեզման դրած իշխանության պարագայում սովորական է դարձել ամեն կորուստ։ Մեր երկրում քաղաքացիների խնդիրների չլուծվելու, անտարբերության, այս մթնոլորտի պատճառը այն է, որ պատերազմից հետո իշխանությունը մնաց նույնը․ եթե լիներ այլ իշխանություն, հանգիստ կպահանջեին թաղամասի բնակիչները հողերի սեփականաշնորհում, մուսները կպահանջեին չհանձնել Աղավնոն, երրորդները կպահանջեին մթերումների հարց լուծել։ Սրանց պարագայում կա բողոք, բայց չկա հույս, որ խնդիրը կլուծվի։
Կարճ ասած՝ քաղաքապետարանի առաջ բողոքի ցույց անող քաղաքացիները հարցնում են՝ մենք ընտրել ենք «ապագա կա»-ն։ Ո՞ւր է այդ ապագան։ Ո՞նց, չե՞ք տեսնում, ժողովուրդ։ Էս ա էդ ապագան։ Հարգելի քաղաքացի, իմ խաբված ժողովուրդ, ապագան այսօրն է։ Առանց հողերի իրավունքի Հայաստան, առանց մեր տղերքի Հայաստան, ամեն օր սահմանները փոքրացող Հայաստան, կես տարում 40 հազար արտագաղթող Հայաստան, սննդամթերքի երկնիշ տոկոսանոց աճ ունեցող Հայաստան, իր հողը սեփականացնել չկարողացող ժողովուրդ, բողոքող ժողովուրդ։ Սա այդ ապագան է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը