Քաղաքացիները անընդհատ խնդրում-պահանջում են անդրադառնալ իրենց սոցիալականին, ասել, թե ինչ է լինելու վերջը, ե՞րբ են քիչ թե շատ լավ ապրելու։ Ժողովուրդ, չեք կարող գտնել մեկին, որ ասի, թե վերջն ինչ է լինելու, էս կառավարությունը ղեկը կոտրած ու մեծ արագությամբ ընթացող լիքը ուղևորով գազելի է նման, վարորդն էլ հարբած է, որ պահին որտեղ խփեց՝ խփեց։
Հենց երեկ քաղաքացիներից մեկը նկարել էր իր ծախսերը և ֆեյսբուքով ուղարկել ինձ։ 44 հազար դրամ թոշակ է ստացել, 31 հազար էլ կինն է ստացել ու թղթի վրա 100 անգամ գրել-ջնջելով, ի վերջո, բաշխել էին ծախսերը։ Հուլիս ամսվա անհրաժեշտ ծախսերը կազմել են 114 հազար դրամ՝ սպասվող գնաճը չհաշված, բայց իրենց ունեցածը՝ 75 հազար դրամ։ Սկսել են կրճատել։ Կոմունալին ձեռք չեն տվել, դա պարտադիր ծախսն է, դեղերին ձեռք չեն տվել։ Մնացածը կրճատել են, կրճատել են ու թողել են մեկ ամսվա համար ընդամենը 17 հաց՝ բուխանկա, 400 գրամ պանիր, 5 կիլո կարտոֆիլ, մակարոնեղեն և այլն։ Ինտերնետն էլ անջատել են, ու հարևանը Wi-Fi է տալիս, որ նորությունների ծանոթանան, որովհետև Հ1-ին չեն վստահում։ Ու ինձ հարցնում են՝ մեր վերջը ի՞նչ պիտի լինի։ Ես այդ տարեցներին ուղարկեցի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի բջջայինի համարը, խնդրեցի զանգել-ներկայացնել։ 1,5 մլն դրամ ստացող նախարարը գուցե կհասկանա՞ 44 և 31 հազար դրամ թոշակ ստացող երկու անձի վիճակը։ Հենց երեկ էդ տղեն ճեպազրույց էր տալիս ու ասում էր, որ պարգևավճար տալն ավելի ձեռնտու է, քան թոշակ բարձրացնելը։ Հարցնում էին՝ ոտքը կորցրած տղուն ինչո՞ւ եք զրկել հաշմանդամության նպաստից, ասում էր՝ ուրախացեք, որ առողջական վիճակը․ լավացել է։ Ի՞նչն է լավացել, ո՞տք է աճել։
Մեկ շաբաթ առաջ քաղաքացիներից մեկը Ֆրանսիայի հրապարակում մոտեցավ ու ասաց, որ միակ եկամուտը փոքր խանութից էր, դա էլ փակել է, քանի որ վարձը բարձրացվել էր, մարդկանց գնողունակությունը ընկել ու վնասով էր աշխատում։ Ի՞նչ անեմ, ասում էր, բացատրի էկոնոմիկայի նախարարին, որ իրենց քաղքականությունը մեզ տանում է սննկացման։ Ասացի արխային, Քերոբյանենց քաղաքականությունը հազարավոր հիմնարկներ է սննկացման տարել, սկի իր աշխատած բիզնեսն է սննկացրել։ Մի անգամ էլ կոշիկի արտադրամաս ունեցող քաղաքացիներից մեկը, որը փակել էր բիզնեսը ու բողոքում էր հարկային քաղաքականությունից, բիզնեսին աջակցության բացակայոթյունից ու խորհուրդ էր հարցնում, էլի տվեցի Քերոբյանի համարը։ Իհարկե՝ ասացի, հույս չունենաս, թե կվերաբացվի բիզնեսդ, ամենամեծ ակնկալիքն այն ունեցիր, որ վիճակագրական թվեր կբերի, թե որքան շատ ներդրում կա երկրում, մի կոշիկի բիզնես ավել-պակաս, հեչ։ Վերջին շրջանում ինձ մոտ ով բողոքում է որևէ ոլորտից, պատասխանատուի համարն եմ տալիս։ Ասում են չեն վերցնում հեռախոս։ Դե էլ ի՞նչ ասեմ, բա հո խելքները հացի հետ չեն կերել, որ ժողովրդի զանգերին պատասխանեն։ Քա՜նի հոգու եմ տվել Գեղամ Գևորգյանի համարը, որ գնաճի համար բողոքեն։ Քա՜նի-քանի զինվոի ծնողի եմ փոխանցել Սուրեն Պապիկյանի հեռախոսի համարը, որ զանգեն ու պարզաբանում պահանջեն, թե ինչու են իրենք տասնյակ հազարավոր դրամներ ծախսում բանակում իրենց զավակին պահելու համար, եթե էդ պահելը պետության պարտավորությունն է։
Վահան Քերոբյանը ոգևորվել է 10,2 տոկոս ինչ-որ տնտեսական աճից, ասում է՝ ամբողջ աշխարհում ամենաբարձրն է, ու անմիջապես հավելում է՝ բայց դե աղքատությունն աճելու է, որովհետև ամեն ինչ ավելի է թանկացել։ Բա էլ քո ընտեսական աճը ո՞ւմ ինչին է պետք։ Ի դեպ, մոռանում է ասել, որ տնտեսական աճի հսկայական մասը օնլայն կազինոների շնորհիվ է։
Իսկ ո՞րն է պատճառը, որ մյուս երկրներում, որ ավելի շատ է գնաճն ու ավելի քիչ է տնտեսական աճը, մարդիկ այդքան ծանր չեն տանում գնաճը։ Պատճառն այն է, որ կառավարություններն աշխատում են։ Նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ բերել եմ կոնկրետ երկրների օրինակներ, որոնցում բարձրացրել են թոշակ, աշխատավարձ, զսպել են գնաճը։ Մեզ մոտ ասում են՝ ավելի լավ է 71 պատգամավորի, նախարարների, ոստիկանների պարգևավճար տանք, քան ժողովրդի աշխատավարձը բարձրացնենք։ Ռուսաստանում բարձրացնում ենթոշակ ու աշխատավարձ, Վրաստանում բարձրացնում են, Ուզբեկստանում բարձրացնում են։ Անգլիայում ընդհանրապես փող են տալիս քաղաքացուն հենց էնպես, ասում են առ, որ ծախսերդ փակես։ Հայաստանի օրին, որ պետությունը ոչինչ չի անում, մեկ էլ Շրի Լանկան է, էնտեղ էլ ժողովուրդը ոտքի կանգնեց, ու պետության ղեկավարը փախավ երկրից։
Էս մեր հարգարժաններն ասում են՝ համաշխարհային տնտեսությունն է մեղավոր ու քաշվում են մի կողմ․ մեկը հարց չի տալիս, այ տղա, համաշխարհային տնտեսությունն ի՞նչ կապ ունի էստեղ քո աճեցրած քյալամի ու կարտոշկայի գնի հետ։ Դու թանկացրել ես լույսը, ջուրը, գազը, էն ամենը, որի արտադրության համար պահանջվում էր լույս ջուր ու գազ, թանկացել է հենց քո պատճառով, գյուղմթերքը թանկացել է կառավարության անգործության արդյունքում, հիմա ի՞նչ միջազգային շուկա։ Ասում է գնաճը ֆանտաստիկ դրական է՝ 8,5 տոկոս։ Նախ հունիս ամսին արդեն 10,5 տոկոս է գնաճը։ Բայց էստեղ էլ են ժողովրդին մոլորեցնում։ Սրանք վերցնում են 400-ից ավելի ապրանքատեսակի գներ ու հաշվում։ Հացը թանկացել է 20 տոկոսով, մակարոնը՝ 30, դիզվառելիքը շուրջ 50 տոկոս, բանջարեղենը՝ 46 տոկոս և այսպես շարունակ։ Բայց, օրինակ, դուբլ մեխը էժանացել է 50 տոկոսով․ սրանք դնում գումարում հանում են ասում են գնաճը 8․5 տոկոս է։ Բայց քաղաքացու վրա դուբլ մեխի էժանանալը ազդեցություն չի թողնում, որովհետև դրանից ուտելու սովորություն չունի, իսկ կաթնամթերքի էժանանալը իր աչքին արդեն ոչ թե 8,5 տոկոս է այլ 30։ Ու ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե էդ ինչ աճպարարության շնորհիվ է, որ ապրանքը թանկանում է հա՛մ դոլարի թանկացման և՛ արժեզրկման ժամանակ ու երկու դեպքում էլ ասում են, թե բա՝ դոլարը․․․ Սերժի վախտ էդպես չէր, որ մի բան թանկանար ու ժողովրդն կարողանային համոզել, թե ամբողջ աշխարհում է էդպես, որովհետև մարդիկ հասկանում էին, որ Վարդենիկում աճեցրած քյալամի գնի հետ աշխարհը կապ չունի։ Մարդ ստանում է 30 հազար դրամ նպաստ, բայց սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 80 հազար դրամ է։ Միջազգային շուկան ի՞նչ կապ ունի, որ դուք մարդուն չեք տալիս գոնե 80 հազար դրամ, որ մի ամիս ապրի։
Էս ամենից հարուստը քիչ է տուժում, տուժում է աղքատը, որը դառնում է ծայրահեղ աղքատ և միջին խացը, որ դառնում է աղքատ։ Սոցապնախարարն ասում է՝ գնաճ այս տարի էլ է լինելու, հաջորդ տարի էլ, բայց կարող ա մինչև 6 հազար դրամով էլ թոշակ բարձրանա՝ նայած ումը։ Այսինքն ամսական կարող է 50 հազար դրամով թանկացած լինի կյանքը, բայց 1000-6000 դրամով բարձրանա թոշակ։ Վերջին 10 տարում կրկնակի թանկացել է ամեն ինչ, թոշակն ու աշխատավարձը կրկնակի բարձրացե՞լ է։ Ոչ։ 150 տոկոսով բարձրացել է միայն պաշտոնյաների շխատավարձը։
Ու դու էսպես երբեք աղքատությունը չես հաղթահարի, որովհետև սրանք ոչ թե պայքարում են, որ դու աղքատ չդառնաս, այլ ասում են՝ մենք մեզ կդզնեք, դու էլ ատի աղքատությունը։ Մարդիկ իրոք ատում են աղքատությունը, բայց նաև ատում են իրենց աղքատության մեջ գցողներին ու էդտեղ պինդ պահողներին։ Նիկոլը տարիներ շարունակ փառաբանում էր աղքատությունն ու ատելություն դեպի հարուստները, ինքը էդ քննադատությամբ հարստանում էր ու կարիերա անում։ Մի բան միանշանակ է՝ ունեցար նորմալ ղեկավարություն, գնաճը կզսպի կամ դրան համապատասխան կավելացվի աշխատողների եկամուտները, ունենաս ոչ պիտանի ղեկավար, ամեն ինչի մեղավորը կդառնան մյուսները, իսկ ինքն իր թիմով կհարստանան քո աղքատանալու ֆոնին։
Կարճ ասած՝ ժողովուրդ, ի՞նչ եք կարծում, այն, ինչ Հայաստանի հետ կատարում է այս իշխանությունը, դիտմա՞մբ է, թե՞ անկարողության արդյունք։ Գիտե՞ք, եթե մի 10 բան լավ անեն, մի 5 բան վատ անեն, կասես դե ոչինչ, լավն էլ կա, վատն էլ․ բայց երբ ամեն-ամեն ինչ անում են վատ, եթե դրական տեղաշարժ ոչ մի տեղ չկա, եթե գնաճը ահավոր է, ոլորտները քանդվում են, գործազրկությունը շատանում է, աղքատությունը մեծանում է, երկիրը պարտվում ու հանձնում են, դա, արդեն, դիտավորության տպավորություն է թողնում։ Մտածում ես, որ ամեն ինչ որոշված է ու անում են հենց այն, ինչի համար եկել են։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը