07 07 2022

«Կարճ ասած»․ Հայաստանը միլիարդավոր դոլարների կորուստ կարող է ունենալ



 

Հայաստանի այս կառավարությունը շատ թանկ է նստում բոլորի վրա՝ ժողովրդի վրա, մեր գրպանի վրա, պետության վրա և ամեն ինչի վրա։ Այս կառավարությունը տեղով անարդյունավետ ծախս է։ Տեսեք, այսօր գաղտագողի որոշում կայացրեցին պետբյուջեից 10 մլն դոլարից ավելի գումար հատկացնել որպես պետական տուրք մի հիմնարկի համար, որին պարտվել են դատարանում։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Ֆինանսների նախարարը որոշում է փակել «Շանգրի լա» խաղատունը։ Խաղատան սեփականատերերը, իսկ խաղատունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, դիմում է դատարան և կարճ ժամանակ անց՝ երեք ամսում, շահում է դատը։ Կառավարությունը չի համաձայնում դատարանի որոշմանը ու բողոքարկում է։ 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2022 թվականի մայիսի 22-ը դատական քաշքշուկներ են տեղի ունենում ու այդ ընթացքում կուտակվում է պետական տուրք խաղատան համար՝ 4 մլրդ, 163 մլն դրամ։ Բոլոր ատյաններում ֆինանսների նախարարությունը պարտվում է։ Ու այսօր կառավարությունը որոշում կայացրեց 10 մլն 200 հազար դոլարի կարգի գումար վճարել խաղատան փոխարեն, որպեսզի հանկարծ խաղատան տերերը փոխհատուցում չպահանջեն։ Որովհետև եթե հանկարծ պահանջեն փոխհատուցում, հարյուր միլիոնավոր դոլարներ են լինելու։ Ու այս ամենը արեց թաքուն, չզեկուցվող հարցով, սղացրին գնաց։ Գուցե ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին խաղատունը փակելու որոշումը հրահանգվել էր որպես քաղաքական լուծում, մանավանդ որ դա կապիտուլյաիայից օրեր անց էր և Գագիկ Ծառուկյանի թիմն էլ, եթե չեմ սխալվում, այդ օրերին պահանջում էր իշխանության հրաժարականը։ Միգուցե Ջանջուղազյանը ենթադրել է, որ պետբյուջեի վրա լրացուցիչ ծախս ու չստացված եկամուտ է սա դառնալու, չի բացառվում, որ հայտնել է այդ դիրքորոշումը։ Բայց փաստացի, գործը հասել է այստեղ։ Ընդ որում, եթե առաջին ատյանում պարտտվելուց հետո կառավարությունը ոտքը գազից հաներ ու հակառակը՝ զադնի դներ, այդ տուրքը 10 մլն դոլարի փոխարեն տասնապատիկ քիչ կլիներ։ Շեշտում եմ՝ «Շանգրի Լա»-ն եղել է Հայաստանի խոշոր հարկատու, և նրա չաշխատելով՝ մեծ թվով մարդիկ զրկվել են աշխատանքից, պետությունը զրկվել է եկամտից, որոշ ծախսեր չի արել, խնայել է։

Որպեսզի որևէ մեկը չասի, թե՝ դե լավ էդ մի խպաղատնով բյուջե չէր փրկվելու, ասեմ, որ խոսքը լիքը այդպիսի բիզնեսների մասին է, հլա էս պարագայում 10 մլն դոլար տվեցին ու պրծան։ Միայն դրսի ներդրողների կողմից ավելի քան 1,5 մլրդ դոլարի հայց կա Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային դատարան։

Միայն 1 մլրդ դոլարի հայց Լիդիանն ունի։ Ներդրում են արել, հանք են ձեռք բերել, որ շահագործեն, այս իշխանությունը եկավ ու ինչ-որ խաղեր սկսեց տալ, թե՝ ապօրինի է, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը սխալ է գնահատված և այլն, չթողեց աշխատեն, փաստացի՝ բարենպաստ միջավայր չստեղծեց ներդրման համար։ Անգամ դատարանի որոշում կար, որ չկատարվեց։ Լիդիանը ստիպված դիմեց միջազգային արբիտրաժային դատարան։ Կամ Սանիտեկի դեպքը, ձեռքներից վերցրին բիզնեսը։ Ընկերությունը դիմել է միջազգային հայցով, ու գերազանցում է 25 մլն դոլարը։ Հյուսիս-հարավ ծրագրի մասնակից կազմակերպությունն է դիմել միջազգային արբիտրաժ, էլի հսկայական գումարներ են։ Ընդ որում, այս վերջին դեպքուվ միայն 2 մլն դոլարի կարգի արդեն կառավարությունը ծախսել է դատական գործընթացներում։ Միայն այս տարվա հունվարի 27-ին կառավարությունը պահուստային ֆոնդից 4 մլն դոլար հատկացրեց, որ «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում ՀՀ շահերը պաշտպանեն։ Այստեղ կայացնում են որոշումներ, ու պետբուջեն ընկնում է էլ չասեմ ինչի մեջ։

Բայց այս դուրս գրվելիք գումարը ոչինչ է այն ներդրումային վնասի համար, գործարար ֆոնի տապալման համար, որ ստեղծվել է։ Հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, աղբահանության ու մի շարք այլ ոլորտներում հստակ կառավարությունն ապացուցել է, որ անհուսալի գործընկեր է, կարող է խաբել, կարող է «քցել», կարող է խլել։ Ձեր կարծիքով ինչո՞ւ Հայաստան բավարար չափով ներդրում չի գալիս։ Հենց այս պատճառով։ Էն որ ասում էին պատճառը արտահերթ ընտրություններն են, ՍԴ-ն է, ընդդիմության ցույցերն են, հավատում էի՞ք։ Պատճառն այն է, որ գործ ունենք ղեկավարման տաղանդ չունեցող մարդկանց հետ, որոնց միակ բան ու գործը ոջ ու ձախ նեղացնելն է։ Ցանկացած բնագավառում ներդրում անող ունի իր աչքի առաջ վատ օրինակ։ Ուզում է առողջապահության ոլորտում գումար դնել, պարզվում է, որ արտոնություն ունի առողջապահության նախարարի ընտանիքի անդամին փոխկապակցված ընկերությունը, ուզում է ճանապարհաշինության ոլորտում ներդրում անի, տեղեկանում է, որ այստեղ խոշոր խաղացողը ԱԺ նախագահի եղբայրն է ու այսպես շարունակ։ Օրերս էլ պարզվեց, որ մինչև անգամ արտադրական կանեփին էլ ձեռք են գցել։ Պետությունը արդարացի ու հավասար վերաբերմունք չունի բոլոր ներդրողների նկատմամբ։ Մեր երկրում մասնավոր սեփականությունը պաշտպանված չէ, ներդրողները պաշտպանված չեն ազդեցություններից, իշխանության հասցրած ռիսկերից։

Հիմա Հայաստանից ոչ միայն ձեռք են քաշում ներդրողները, այլև խիստ վտանգ կա, որ միլիարդավոր դոլարների վնաս ենք կրելու դատարաններով։ Ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում ծայրահեղ ցածր է՝ 15 տոկոսի կարգի։ Պետությունը ճկվում է, բյուջե փող չի մտնում, թոշակ ու աշխատավարձ չեն բարձրանում, բազմաթիվ ծախսեր չեն կատարվում։ բա որ նախընտրական խոստումները տապալել են, պատճառը ո՞րն է, կառավարումից չհասկանալը։

Էս բոլոր խնդիրները ստեղծվեցին էն պատճառով, որ Նիկոլը որոշել էր լայքեր հավաքել, ցույց տալ, թե նախկինում ինչ ներդրում արել են, բոլորը եղել է կոռուպցիայի արդյունք և այլն։ Բոլորին նեղացրեց, բյուջեի հերն էլ անիծեց։ Ներդրումն ու հեղափոխությունը, ներդրումն ու պատին ծեփելը, բինզնեսը խուզարկել-փակելը, դատարաններ քարշ տալը հակադիր են։ Ու բիզնեսը արտագաղթում է։ Ընդ որում, կառավարության՝ թվարկածս գործողությունները որևէ պարագայում չեն բխել հանրային շահից։ Էլ չասեմ, որ մեր երկրում նաև բիզնեսն է վերաբաշխվում, որոշումներ են կայացվում կասկածելի պայմաններում, կասկածելի պայմաններում բիզնեսի տերեր են փոխվում։

Հայաստանի կառավարությունը ներդրողին չի կարողանում բարենպաստ, արդար միջավայր տրամադրել։ Խոսքով ինչ ասես ասում են, բայց կոնկրետ գործով չկա դա։ Հիմա հարց է՝ չկա, որովհետև չե՞ն ուզում, թե՞ չկա, որովհետև չեն կարողանում։ Ենթադրում եմ՝ երկրորդն է։ Ներդրում անող ցանկացած անձ եթե իմանա, որ քո էկոնոմիկայի նախարարը բիզնեսներ է սննկացրել, կասի հաջող։ Նույն ինչպես մարդիկ պատկերացնում են ինչ վիճակ է բանակում, երբ «գերագույն գլխավորը» բանակից խուսափել է։

 

Կարճ ասած՝ այս կառավարությունը Հայաստանի համար ամենավնասատուն է։ Նրանց երեսից Հայաստանը տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ է կորցնում։ Իսկ այդ գումարները մեր երկիրը ոտի կանգնելու համար կարող էին ծառայել։ Բյուջե փող չի մտնում, իսկ եղածն էլ գնում է դատական ծախսերի, տույժեր, հատուցումների վրա։ Ինչո՞ւ դու լավ չես ապրում, հարգելի քաղաքացի, նաև այս պատճառով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ