10 06 2022

«Կարճ ասած»․ Արցախի հետ կապը կտրվելու վտանգի տակ է․ Լաչինի միջանցքը հանձնում են



 

Ձերբակալվել է Բագրատ Եսայանը։ Բագրատ Եսայանը հեռուստաընկերության տնօրեն է, «Երկիր Մեդիայի» տնօրենը։ «Երկիր Մեդիան» ամեն օր ուղիղ եթերով առավոտից իրկուն հանրությանն է ներկայացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում արդեն մեկուկես ամիս, ամենօրյա բողոքի ակցիաներ, ժողովրդական զարթոնք։ Համապետական սփռում ունեցողներից այս իրադարձությանն այդքան մեծ տևողությամբ անդրադառնում է «Երկիր Մեդիան», ի տարբերություն, օրինակ, Հ1-ի, որը մեր հարկերից սնվում է, բայց լծվել է միայն իշխանության քարոզչությանը։ 40 հազար մարդ մասնակցի երթին, էնքան պրոֆեսիոնալ կնկարի իշխանական այս TV-ն, որ քեզ կթվա, թե ընդամենը փոքրիկ քննարկում է։ Բազմահազարանոց երթը չեն լուսաբանում, ասում են աշխատողները հանգստանում են, բայց որ պատահական մեկը գերու ֆեյք ծնող է ներկայանում, դա նկարում են։ Ու էս ֆոնին իշխանությանը թվում է, թե հեռուստատեսության տնօրենի ձերբակալելով կդադարե՞ն ցույցերը։ Ո՞ւր են մեր երկրում արևմտյան դեսպանները, ո՞ւր են մեր երկրում խոսքի ազատությամբ զբաղվողները, հեռուստատեսության տնօրենի են ձերբակալել։

Մեր երկրում ոչ ոք չգիտի իրեն երբ կձերբակալեն, ինչու կձերբակալեն, ձրբակալողներն էլ հիմնականում չեն իմանում ինչու են դա անում, կա հրահանգ, կատարում են, հետո մի անհեթեթություն կլրացնեն, կանցնի-գնա։ Եթե դու որևէ հանցանք չես գործել, էդքան վստահ հանկարծ չլինես, թե քո հեւտևից չեն գալու, որովհետև Հայաստանում մի իշխանություն է, որը վախենում է անգամ 15 տարեկան երեխուց, որը գոռում է «Առանց Նիկոլ Հայաստան»։ Եթե կալանավորելու որևէ առիթ չգտնեն, կասեն՝ կալանավորում ենք, որովհետև բանտում ավելի ապահով է։

Էսօր պետք է տեղի ունենար Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի քննության դատը։ Մարդուն կալանավորել են, բողոքարկվել է, բայց դատավորը, դատախազը նիստին չեն գալիս, նիստը չի կայանում։ Նրանք թքած ունեն, որ մարդ է նստած բերդում, էդպես են ուզում։ Սրանց համար գերխնդիրը անձին ազատությունից զրկելն է։

Գոնե ասեք սա բռնապետություն է, բռնապետիկներ են նստած էդ աթոռներին, ասենք հա, դե պարզ ա որ սենց էլ կլիներ։ Ասում են մենք ժողովրդավարության բաստիոն ենք, բայց բանտում մարդ է մահանում։

Մամուլը էսօր հրապարակել է, որ առողջապահության նախարարությունում միլիարդավոր դրամների չարաշահումներ են եղել՝ կորոնավիրուս համավարակի ժամանակ մահճակալային զբաղվածության, մեկ անձից գնումների, հավելավճարների, թեստավորումների ու այլ թեմաներով․ Արսեն Թորոսյանը իր համար ֆռֆռում է ու քաղաքական ստատուսներ գրում։ Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլի մոտիկն է՞։ Ջանջուղազյանն ասում է դե ընդամենը 152 մլն դրամի շեղման մասին է խոսքը․ լո՞ւրջ, 152 մլն դրամը ո՞ւմ հոր տնից էիք բերել, որ էդքան հեշտ ասում եք։ Փող էր էլի, մուկիկը տարավ։ Նիգերիայի կրթության փոխնախարարը 36 մլն դոլար է գողանում, դատական նիստի ժամանակ ասում են փողը ո՞ւր է, ասում է օձն է կուլ տվել։ Թորոսյան ջան, գնա մի արդարացում էլ դու ման արի։

Էս այլանդակությամբ, իրականում, նաև մեր ուշադրությունն են շեղում գործընթացներից, շատ կարևոր խնդրից։ Գիտե՞ք ինչ կարևոր խնդիր կա․ հայտարարվել է, որ Լաչինի միջանցքը հանձնվում է։

Փորձագետը հայտնում է, որ հուլիսի սկզբին Բերձորը հանձնվում է։ Լաչինի միջանցքը Հայաստանի իշխանությունը հանձնում է։ Հարակից գյուղերը հանձնվում են, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։ Սակայն եթե չհանձնվեն, ապրելու են Ադրբեջանի շրջափակման մեջ, ամբողջ ենթակառուցվածքները մնալու են Ադրբեջանի տիրապետության տակ։ Էս մասին իշխանությունը ծպտուն չի հանում, թեման շրջանցում է որքան կարող է, տարբեր հակաօրինական բաներով շեղում է։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի 6-րդ կետում Նիկոլը ստորագրել է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետոռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Հիմա էս պահին թուրքերը կառուցում են այդ ճանապարհը, մարդիկ ասում են ոչ մի հայ մասնագետ չկա, իրենք են կառուցում, թեք ճանապարհ է, շատ ոլորաններով, անցնելու համար ոչ պիտանի, ձմռանն էլ կտրվելու է կապը Ղարաբաղի ու Հայաստանի։ Ու էդ ճանապարհը կառուցում են էնպես, որ Բերձորը, Աղավնոն հեռու լինեն։ Ու սրան համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։ Պարտվել է, ինչ դեմ են տվել, ստորագրել է, միայն թե իրեն էդ պահին հանգիստ թողնեին։

Վարչապետ-ԱԳ նախարար ասում են թշնամին մեր երկրի մեջ խորացել է, չենք կարողանում հանել։ Հա, չես կարողանում, որովհետև հույսներդ չգիտեմ, թե ինչի վրա է, որովհետև չեք էլ փորձում հանել,  ինչ էլ կարողանում եք՝ զիջում եք։ Համարյա բոլոր մարզերում մենք արդեն ունենում ենք սահմանային խնդիր։
Էս պահին ո՞րն է ավելի ճիշտ, ժողովուրդ, հանգիստ նստենք, հետո մի երկու օր աղմկե՞նք տալու օրերին, թե՞ կոնկրետ քայլեր ձեռնարկենք։ Չսարքենք Շուռնուխը, որ կեսը տվին, աղմկեցինք, հետո համարեցինք շուռնուխցիների գործը, Փառուխը, Ներքին հանդը, մայրուղիները։ Լավ ամեն ինչի համակերպվե՞նք։

Էդ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ինչ հնարավոր էր տալու, արդեն տվել է, էս վերջին բանն էր Բերձորը, որ տալիս է, բայց ինչ պետք է ստանար, օրինակ՝ գերիներին, չի ստանում։ Հանձնում են հողերը, գյուղերը, ճանապարհները, հետո դուխով կանգնում հայտարարում են՝ ընդդիմությունը դե թող ասի որ գա ի՞նչն է չեղարկելու, ի՞նչն է հետ բերելու։ Պարզ խոստովանում են, որ դելիմիտացիա, դեմարկացիայի արդյունքում մի քանի մարզից տալու են, իշխանությունը փոխվեց, հնարավոր է հանձնումները կասեցնել, չփոխվեց, դնելու են, հանձնեն ու էլի ասեն՝ դե թող ընդդիմությունն ասի, որ գա ի՞նչն է հետ բերելու։ Վաղն էլ Մեղրին տվեք, ասեք դե ի՞նչ կանեք, մյուս օրը՝ Սևանի լիճը։ Դուք մենակ տալիս եք։

Կարճ ասած՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանման, տարածքային ամբողջականության պահպանման համար մեկ բան է անհրաժեշտ՝ այս իշխանության հեռացում։ Սրանք պատրաստ են հանձնել ամեն ինչ, երկիրն էլ, ժողովրդին էլ, առանց խնայելու, նրանք մեր երկրի ոչ մի թզի կառուցման, պաշտպանության համար ջանք չեն թափել ու ոչ մեկը պահելու ցանկություն չունեն։

Ու մենք չգիտենք, թե մեր երկրի որ մասի շուրջ ինչ պայամավորվածություն ունի Նիկոլ Փաշինյանը և՝ ում հետ։ մենք պետության բանալիները տվել ենք իր ձեռքը, ասել ենք ինչ ուզում ես արա, նա էլ միայն հանձնել գիտի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ