Բրյուսելում հանդիպել են Նիկոլն ու Ալիևը՝ ԵՄ ղեկավարի միջնորդությամբ ու մասնակցությամբ։ Չգիտենք, թե կոնկրետ ինչ են քննարկել ու ինչ արդյունքի են եկել, բայց պարզ է՝ ոչինչ չեն ստորագրել։ Դատելով Շարլ Միշելի և երկու կողմերի հաղորդագրություններից՝ քննարկել են ձերբակալվածների (գերիներ էլ չէ, ձերբակալվածների) հարցը, անհետ կորածների հարցը, ականազերծումը, մի քանի օրից էլ սահմանազատումների հանձնաժողովի նիստը տեղի կունենա։ Սա պաշտոնականն է։
Նիկոլ Փաշինյանի կեցվածքը շատ անընդունելի է։ Հայաստանն ունի գերիներ Ադրբեջանում, ունի անհետ կորածներ, բայց դրա փոխարեն գնում-նստում ու քննարկում է բեռնափոխադրումների հարցը, քնարկում է ականապատումից ազատելու հարցը, որ ադրբեջանցի զինվորներ հանկարծ չվնասվեն։ Ու չի դնում նախապայման, որ՝ քանի դեռ չես տվել իմ գերիներին, ոչինչ չեմ քննարկելու։ Ես այստեղ դիմում եմ գերիների հարազատներին, որոնք ընկել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ջրերը ու նրա բարեկամների հետ մայրուղի էին ելել, թե՝ ընդդիմությունն է խանգարում, որ գերիներին բերեն։ Գերիների հարազատներ, Նիկոլը քա՞նի գերի բերեց Բրյուսելում հանդիպումից հետո։ Չի բերել, չի էլ բերի։
Բրյուսելում քննարկվել է Արցախի ճակատագիրը։ Ասում են՝ քննարկվել է Ղարաբաղի էթնիկ հայ ժողովրդի անվտանգության հարցը։ Արդեն կարգավիճակ չկա, արդեն միայն անվտանգության հարցն են քննարկում։ Նիկոլն ասում է, որ կարևոր չէ, թե ում կազմում, կարևորը, որ արցախցիներն ապրեն անվտանգ, ու տեսական հնարավորություն մտքում անգամ չկա, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա Փաշինյանի բռնած խայտառակ ուղին է, որ պետք է կասեցնել։ Կասեցման մեկնարկը տրված է․ Հայաստանում ու Սփյուռքում մեկնարկած բողոքի ակցիաները, դիմադրության հանրահավաքները, երթերը շատ բան են փոխել։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, ոչ մեկ անգամ ասել է, թե սահմանագծում-սահմանազատումը պետք է տեղի ունենա օր առաջ, եղած փաստաթղթերը լրիվ բխում են մեր շահերից, ստորագրելու եմ։ Բայց ո՞րն է պատճառը, որ 3 անգամ արդեն հանդիպում են ու ոչինչ չեն ստորագրում։ Վստահ եմ՝ պատճառը, հանրային տրամադրություններն են, այսօր, արդեն, ակտիվ փողոցն է, ազգային զարթոնքն է։ Վախենում է։
Էն որ Թուրքիայի արտգործնախարարն ասում է՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, դրսից Սփյուռքն է ճնշում, ներսից ընդդիմությունը, ճիշտ է ասում․ այս հարցում Ալիևի ու Էրդողանի աջակցությունը Նիկոլին ակնհայտ է, բայց չի օգնում, որովհետև ժողովրդի վրդովմունքը ու ցասումն էլ ավելի վտանգավոր է։ Ես սա համարում եմ փողոց դուրս եկած ժողովրդի հաղթանակը։ Այն հազարավոր մարդիկ, տարբեր թվեր են շրջանառում՝ 40 հազար, 50 հազար, իսկ պոտենցիալը շատ ավելի շատ է այսօր, վստահ եմ` իշխանությունը ավելի լավ գիտի այդ թիվը, բայց միայն այդ 40-50 հազար հոգին, որոնք արդեն 1 ամիս է` գրեթե չեն դադարում իրենց կամքը ցուցադրել, խափանել են ոչ միայն ՔՊ-ան և Նիկոլական խաղը, այլ նաև այդ գեոպոլիտիկ խաղը։ Իրականում զայրացած ու դիամդրող ժողովուրդը շատ ավելի շատ է, այդ 50 հազարը չեն, ում մենք տեսնում ենք էկրաններից այն կողմ, շատ շատերը միանում են մեքենաների ազդանշաններով, հազարավոր մարդիկ իրենց պատշգամբերից են ողջունում, ուղիղ եթերների տակ հազարավոր մարդկանց դրական գրառումներ են, ու դա այնպիսի ահռելի ուժ է, որից վախենում են արդեն և ճիշտ են անում։
Ի՞նչ կատարվեց Հոլանդիայում Փաշինյանի հետ․ խայտառակվեց, ուր գնում էր, բացականչում էին «Նիկոլ դավաճան»․ ի՞նչ կատարվեց Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում․ նույնը։ Ի՞նչ կատարվեց այստեղ՝ Երևանում, երբ Նիկոլը հրավիրված էր ֆորումի՝ ետնամուտքով մտավ, ոստիկաններով շրջափակված մի ամբողջ թաղամասում, դավաճան վանկարկումների տակ։ Բայց, միաժամանակ, սա Փաշինյանի համար ստեղծել է փակուղային իրավիճակ։ Նա արդեն անպիտան է դառնում նաև դրսից իրեն պահողների ու աջակցողների համար։ Շատ վերլուծաբաններ էին հուշում, որ պատերազմից հետո, Նիկոլը մնացել է, որ իրեն պարտադրված այսպես կոչված՝ խաղաղությունը, իսկ իրականում՝ Ադրբեջանի պայմանները կատարելը ավարտին հասցնի, ինչ որ կա, դա էլ հանձնի, ընդունի, ստորագրի ու նոր գնա․ մնացել է, պահում են, որովհետև պետք է։ Բայց պարզվում է, որ չէ, ժողովրդի աջակցությունը չունենալով՝ ոչինչ էլ չի կարողանում անել։ Մինչ այս, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այդ փաստաթղթերը շատ կարևոր են՝ սահմանագծումը, սահմանազատումը, սահմանների բացումը, բխում են մեր շահերից 100 տոկոսով, պատրաստ է ստորագրելու, բայց արդեն 3 անգամ իրար հետևից հանդիպում է ու ոչինչ։ Բա, ինչու՞։ Ալիևը արագացնում է, ասում է շուտ արեք, էս աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ, բոլորը արագացնում են, դե ՔՊ-ն դեմ չէ, այդ մասին հայտարարում է, բայց ոչինչ, միայն հանդիպում և այլն։ Դե հասկանալի է, Ալիևը քանի կարողանում է՝ ուզում է պոկել իր ուզածը, քանի երկրում հանկարծ իշխանափոխություն չի եղել։ Որովհետև իրենք էլ են հասկանում, որ Նիկոլից հետո հաստատվելու է Հայաստանում այլ որակի իշխանություն, որը չի ասի՝ եթե սարերի վրա ձյուն կա, մեզ պետք չէ կամ «Սև լճի» համար հո կռիվ չենք տա և այլն։ Բայց Փաշինյանի վրա էլ անգամ իրեն ընտրած ժողովրդի ճնշումն այնպիսինն է, որ չի կարող այս անգամ էլ սպասարկել մեր թշնամիներին։ Եվ ուրեմն, իրեն հիմնական պահող Արևմուտքի համար էլ տարակուսելի է՝ եթե մնում ես ու ոչինչ չես կարողանում անել, քո մնալը քա՞նի կոպեկ արժե։ Ալիևը ու Էրդողանը ինչո՞ւ են սիրաշահում Նիկոլին, ինչո՞ւ են քննադատում Հայաստանի ընդդիմությանը, հենց նրա համար, որ Նիկոլը գոնե մի որոշ ժամանակ էլ մնա, մինչև ինչ ուզում են՝ վերցնեն-պրծնեն։ Ու էստեղ էլ, եթե Նիկոլն արդեն այդ գործի համար անպիտան է, էլ իր մնալը ո՞ւմ է պետք։
Հո Նիկոլը չի՞ կարող Ալիևին 2018 թվականի պես ասել՝ ինձ հանգիստ թող, մինչև երկրի ներսում հարցերս կարգավորեմ։ Ալիևը, հասկանում է՝ ինչ է կատարվում ու հասկանում է, որ Նիկոլը ներսում հարցերը այլևս չի կարող կարգավորել, իշխանությունը տակից փախչում է, պետք է հեռանա, տեղը գա այլ մարդ։
Կարճ ասած՝ ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը պետք էր հայտնի ուժերին սկսածը ավարտելու համար։ Ավարտին հասցնել չի կարող, ուրեմն նա այլևս ոչ մեկին պետք չէ։ Ռուսներին պետք չէ, արևմուտքին պետք չէ, որովհետև հույսերը տապալում է, մեր թշնամիներին պետք չէ։ Մեզ՝ ժողովրդիս, պարզ է՝ հաստատ պետք չէ։ Ուրեմն, սա հենց կոնսենսում մինուս մեկն է, պետք է հեռանա, այլ տարբերա ուղղակի չունի։ Դա կանի փողո՞ցը, ժողովո՞ւրդը, թե քաղաքական բանակցությունը, ցույց կտա ժամանակը։ Բայց չնայած ամենին, քանի չի գնացել, պետք է ժողովուրդը կրկնապատկի փողոցում իր թիվը։ Ու որքան շուտ ժողովուրդը հեռացնի Փաշինյանին, այնքան շատ ժամանակ կունենանք երկիրը ոտքի կանգնեցնելու և իրական խաղաղություն բերելու համար։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը