09 05 2022

«Կարճ ասած»․ Հերոսի ֆեյք պապիկ, գերու ֆեյք մամա․ Փաշինյանի հույսը մնացել է կեղծիքը



Ամեն տարի այս օրը մենք նշում էինք եռատոն. հայրենական պատերազմում հաղթանակի հետ միասին, նշում էինք նաև Շուշիի ազատագրումը և Արցախի կանոնավոր բանակի կազմավորումը։ Արդեն 3 տարի է՝ այս տոները նշելու սիրտ չկա։ Վերջին երկու տարին՝ նրա համար, որ Շուշին նվիրել են թուրքերին, դրանից առաջ էլ նրա համար, որ Շուշին ազատագրողներին դատում էին ու անգամ ազատագրման օրը դատական նիստ էին նշանակել։ Նրանք, ով ազատագրել են Շուշին, ի՞նչ են զգում, երբ տեսնում են, որ իրենց ազատագրած հայրենիքը՝ այսօր հռչակել են Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ։ Շուշիի զարդի՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրայից հանել են գմբեթը, սվաղ են անում ու պատրաստում մզկիթի։ 4 տարի առաջ այս օրը Նիկոլը արդեն մեկ օրական վարչապետ էր, ու մեր երկրում տեղի էին ունենում գործընթացներ, որ բերելու էին էս աղետին անխուսափելիորեն։ Իհարկե` արժե նորից հիշել գեներալների վարկաբեկումը, պայքարի վարկաբեկումը, Ղարաբաղում հաղթանակն ու Երևանի կենտրոնում խորոված անելը համադրելը, բանակի բարոյալքումը, դրանք պետք է հիշեցնել, հիշել՝ դասեր քաղելու համար։

Այս օրերին բազմաթիվ ակցիաներ են անում պատերազմում զոհերի, անհետ կորածների հարազատները, պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Առաջին պատերազմից հետո զոհերի հարազատները փողոց դուրս չեկան։ Ինչո՞ւ։ Որովհետև պայքարը հաղթանակով էր ավարտվել, որովհետև էն ժամանակվա իշխանությունը որոշել էր հայրենիքը ամեն գնով ազատագրել, ոչ թե ամեն գնով ազատվել հայրենիքից, չէին ասում՝ զոհերը ոչնչի համար են, լենինն էլ ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, չէին ասում՝ կարող էինք դադարեցնել, բայց չդադարեցրինք, որ զոհվեն մեր տղերքը, որ մեզ չասեն դավաճան։ Էսօր էլ, եթե հաղթած լինեինք, եթե իշխանությունը այսքան իրարամերժ, մարդկանց սադրող, հակամարդկային հայտարարություններ և որոշումներ չաներ, դուրս չէին գա։ Շուշիի ազատագրման օրը մենք փաստում ենք, որ այս անցած 30 տարում, մենք ունեցանք հաղթանակ, ազատագրված հայրենիք, իսկ 4 տարի առաջ սկսվեց այն ընթացքը, որից ունեցանք պարտություն, կորցրած հայրենիք, հազարավոր զոհեր ու բազմաթիվ գերիներ, անհետ կորածներ։

Այս իրականության մեջ, հերիք չէ թվարկածս, նաև ունենք դեռ շարունակվող վատ թատրոն, որի մեջ խաղում էին Նիկոլի իշխանությունը, գերիների հարազատներ ու փողով կամ այլ շահագրգռությամբ գերու հարազատ խաղացող անձինք։ Շրջիկ ցուցարարներ, որոնք կարող են ներկայանալ գերիների հարազատ, պատկերացնու՞մ եք, գերիների իսկական հարազատների համար, ինչ ամոթալի էր։

Այս իշխանությունը պատմության մեջ կմնա որպես կեղծիքի և ֆեյք իշխանություն, նաև՝ ֆեյքերի հաշվին գոյատևող իշխանություն, ֆեյք բուծող իշխանություն։ Սրանք իշխանության եկան հերոսի կեղծ պապիկ բեմադրելով, պատահական ինչ-որ մեկին բերեցին հանեցին բեմ, որը ներկայացավ հերոս Աբաջյանի պապիկ՝ առանց ամոթի՝ այդ պահին մոլորված ժողովրդից հերթական էմոցիան գողանլով։ Երեկ էլ մի կին, որին ամբողջ Շիրակի մարզում ճանաչում են որպես բնորդուհի, որը կյանքում երեխա չի ունեցել, բերել էին, որ գերու հարազատ խաղա, պատկերացնու՞մ եք։ Էս է մակարդակը, հերոսի ֆեյք պապիկով եկան իշխանության, գերու ֆեյք ծնողով ուզում են պահել իրենց աթոռը։ Իրոք ցավալի է, թե ում հույսին է մնացել Նիկոլ Փաշինյանի չեղած թիմը։ Նայեք՝  ովքեր են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու ովքեր են սատարում նրան, մարդկային որակը, տեսակը նայեք, ու ամեն ինչ պարզ կլինի ձեզ համար։

Գիտե՞ք բոլոր երկրներում էլ կան այդ՝ ցածր պատասխանատվությամբ մարդիկ, բոլոր երկրներում կան, բայց և ոչ մի երկրում, բացի Հայաստանից, իշխանությունը նրանց վրա խաղադրույք չի անում, ես այդպիսի բան չեմ հիշում։ 4 տարի է՝ այդ ֆեյքերն են Նիկոլի իշխանությունը պահում ու տպավորություն ստեղծում, թե ամեն ինչ կարգին է։

Դիմադրության շարժման առաջ Շիրակում ճանապարհը մի որոշ ժամանկ փակողների մեջ կային նաև գերու իրական հարազատներ ու անընդհատ մունաթ էին գալիս, կրկնում, թե՝ ես գերու ծնող եմ, ինձ պտի լսեք, դուք՝ ընդդիմությունը, չի թողում, որ Նիկոլը բերի մեր գերիներին։ Հիմա խոսքս ուղղում եմ գերիների այն հարազատներին, որոնք իրենց տղերքի չգալու համար մեղադրում են ընդդիմությանը, դիմում եմ անհետ կորածների էն հարազատներին, որոնք մտածում են, որ ընդդիոմւթյունն է խանգարում իրենց հարազատներին գտել ու դիմում եմ զոհերի հարազատներին, որոնք սատարում են իշխանությանն ու մեղադրում ընդդիոմւթյանը։ Գիտե՞ք, ձեր էդ վիճակի համար մեղավորը դուք եք, ձեր տղերքի հետ չբերելու համար մեղավորը էլի դուք եք, դուք իմ կարծիքով, կամա թե ակամա դավաճանել եք ձեր զավակներին։ Դուք փոխանակ գնաք իշխանության վզից բռնեք բերեք հրապարակի շատրվանների մեջտեղը ու էդտեղ պահեք մինչև ձեր էրեխեքով զբաղվի, գնացել-նրանց ճամփեն եք փակում, ովքեր ուզում են իրոք հարցը լուծել։ 1 տարի 8 ամիս է՝ գերի ունենք, կրկնում եմ, մեկ տարի՝ ութ ամիս, քա՞նի անգամ Նիկոլից իրականում պահանջեցիք զբաղվել էդ խնդրով։ Մի քանի անգամ եկել եք, խաբել է, գնացել եք։ Ձեզանից ո՞վ չգիտի, որ գերին ընդդիմությոuնը չի բերում, իշխանությունն  է բերում ու ընդդիմություը չի կարող խանգարել բերելուն, հակառակը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը նույն կերպ պետք է ճնշի, որ իշխանությունը իր գործառույթներն անի։ Այդ գործն անելու համար, ընդամենը պետք է իշխանական լծակ ունենալ ու՝ որ այդ իշխանության ղեկավարը իմանա ինչ է անում, ինչից հետո։ Ոչ թե պետք է ընդդիմությունը ձեր տղերքին բերեր, այլ՝ Արարատ Միրզոյանը, որը գնացել էր Չավուշօղլուի հետ հանդիպան ու էնպես էր ժպտում, որ 32 ատամն էլ երևում էր։ Բա գնայիք ուզեիք, պահանջեիք։ Ձեզ մինչև մատերի վրա ֆռացնում են, դուք էլ հաճույքով ֆռում եք, ձեր տղերքին ճնշում ու տանջում են Բաքվում, տանջում են, դատապարտում են մինչև 20 տարվա ազատազրկման, ու էլի եմ ասում, իմ կարծիքով՝ հենց ձեր պատճառով։ Չեմ ասում միտումնավոր եք անում, բայց առնվազն միամիտ եք, ձեզ հեսա արդեն 2 տարի է՝ նույն մարդիկ նույն հիմար թեզերով խաբում ու ֆռռացում են։ Մի հատ լսեք, էլի, ասում են՝ մեր խնդիրները լուծեք, նոր եկեք իշխանության․․ ․էդքան դժվար է՞ հասկանալը, որ ընդդիմությունը լծակ չունի լուծելու էն խնդիրները, որոնք լուծելու համար դու ընտրում ես իշխանություն։ Նիկոլն է ասել՝ ձեր տղերքին բերելու ենք դատենք, Ալենն է ասել՝ գերիները մեզ համար չկան, Նիկոլն է ասել՝ կարող էին ձեր տղերքը չզոհվել, գերի չընկնել, բայց ասացի՝ դե լավ, հլը փորձեմ, ու դուք գնացել եք Նիկոլ ե՞ք սատարում, քննադատում ընդդիմությա՞նը։ Կրկնում եմ, բոլոր նրանք, ովքեր ունեցել են զոհեր, վիրավորներ, գերիներ ու սատարում են Նիկոլին, կներեք, այլ բան չեմ կարող ասել։

Քանի մեր երկրում կան էդ բոյի միամտության տեր մարդիկ, քանի մեր երկրում կան մարդիկ, որոնք ասում են, թե «Նիկոլը պետք է հայ ժողովրդի հախից գա», քանի դեռ մեր երկրում կան մարդիկ, ովքեր խուլիգան են համարում թուրքի ձեռքն ընկած տարածքում մեր եկեղեցին փրկող հոգևորականին, քանի մեր երկրում կա նման զանգված, ուրեմն լինելու են նաև նրանց վրա հենվելով՝ իշխանության եկողներ և պահողներ։ Նրանց վրա հենվելու է Նիկոլական իշխանությունը և ասի՝ ընդդիմությունը խանգարում է աշխատենք, գերի բերենք, անհետ կորած ման գանք, ընդդիմության պատճառով պատերազմ կսկսի և կպարտվի և այլն և այլն։ Իմացեք, քանի Նիկոլն է, պատրաստվեք նոր պատերազմի, նոր պարտությունների, նոր դավաճանությունների, ստերի, կեղծիքի․․․ Խաղաղությու՞ն, լու՞րջ եք ասում։ Հի՛շեք, Նիկոլն է ասել՝ մենք հպարտանում ենք մեր պարտությամբ, մենք մեր պարտությունը պետք է համարենք հաղթանակ, մենք մեզ պարտված չենք համարելու։ Ի՞նչ ցավալի է, որ հենց ինքն է հաղաթանակի օրը նշողը, առավոտ ժամը 6-ին է գաղտագողի գնում Եռաբլուր, բոլոր կողմերից փակում են, որ բան ասող չլինի, 100 ոստիկանական ավտոմեքենաներով, հարյուրավոր ախռանիկներով էլ գնում է Հայրենական պատերազմի տոնակատարությանը։ Քեզ առաջնորդողը վախենում է ամեն ինչից։ Դու մտածիր, թե քեզ համար, հարգելի քաղաքացի, դա որքան ամոթ է։

Կարճ ասած՝ մեր տոները կառուցված էին մեր հաղթանակների վրա։ Ընդամենը մեկ պարտությամբ՝ Նիկոլը ոտնատակ տվեց մեր բոլոր հաղթանակները, օրացույցի բոլոր տոնական օրերը։ Մենք պետք է վերականգնենք մեր մեջքը, արժանապատվությունը։ Նիկոլով դա չենք կարող։ Հայաստանը ինչո՞ւ 90-ականների պատերազմից հետո զարգացավ, որովհետև ղեկավարեցին մարդիկ, որոնք հաղթել էին, հաղթանակի գին գիտեին, առաջնորդ էին։ Գերմանիան ինչո՞ւ պատերազմի պարտությունից հետո զարգացավ, որովհետև պարտվածը ինքնասպան եղավ։ Ինչո՞ւ պատերազմի տակից Հայաստանը դուրս չի գալիս, որովհետև պարտվածը շարունակում է ղեկավարել։ Ահա այսպիսի պարզ ճշմարտություններ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ