06 04 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ ապացուցեց հանրահավաքը ու ի՞նչ կլինի հետո



 

Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակիցների թիվը տպավորիչ էր ու տպավորիչ էր նաև կազմը։ Պատահական մարդ հնարավոր է, որ կար, բայց հիմնականում եկել էին մտահոգված մարդիկ, արժանապատվություն ունեցող մարդիկ։ Ամեն մեկը էնտեղ գալու իր պատճառն ուներ։ Մի քանի հազարը եկել էին, որովհետև արցախի հայաթափմանն են դեմ, հասկանում են դրա վտանգը, մի քանի հազարը դեմ են Հայաստանի թրքացմանը ու սահմանների նեղացմանը, մի քանի հազարը եկել էին, որովհետև ատում են այս իշխանությանը․ վստահաբար՝ մարդիկ կային, որոնք եկել էին ընդդեմ գնաճի, ընդդեմ ցածր թոշակի, վստահաբար՝ մարդիկ կային, որ եկել էին հանրահավաքը հրավիրող թիմերի համար։ Բայց ընդհանուր առմամբ՝ ստացված հանրահավաք էր։ Ակնհայտ էր մի բան՝ մարդիկ հրապարակ հանրահավաքի չէին եկել ինչ-որ մեկի համար, մարդիկ եկել էին ինչ-որ մեկից ազատվելու համար, ու դա շատ լավ է։   

Նրանց զոռով չէին բերել, ինչպես անում են ՔՊ-ի միտինգներին, մարզպետներն ու քաղաքապետերը, պատգամավորները չէին քաշել-բերել։ Դա ևս շատ լավ է։ Կարևորը, որ մեկ գաղափարի՝ իշխանությունից ազատվելու գաղափարի շուրջ հավաքվել էին բազմահազար մարդիկ։ Շատ ավելի շատ մարդիկ, որոնք չէին եկել, ինտեռնետով նայում ու աջակցող գրառումներ էին անում։

Այս հանրահավաքը Արցախի մասին էր, Հայաստանի մասին էր, վտանգների ու փրկվելու մասին էր, վերնագիրն էր՝ պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Կոչն էր՝ ոտքի, ժողովուրդ։ Երեկվա հանրահավաքն այն մասին էր, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին, մեր շահերը։ Նա իրավունք չունի հայրենիքի սահմաններ գծելու։ Նիկոլ Փաշինյանի հետ հատկապես անվտանգության, պետության ապագայի հարցերով կոմպրոմիս չկա։ Մեր անունից չի կարող բանակցել կապիտուլացված մարդը։ Ասում էին՝ ընդդիմություն, Նիկոլին հայհոյելու փոխարեն իր հետ փակ քննարկում արեք, թող պարզաբանի ինչ է կատարվում։ Աբսուրդ է, չէ՞, պատերազմի ժամանակ փակ քննարկումներ արել էին, բայց պարզվում է՝ դա փակ էր ընդդիմության համար, իսկ Նիկոլը երբ ինչ հարց ուզում էր, փակագծերը բացում էր՝ իրականությունը աղավաղելով։ Ի՞նչ քննարկել մարդու հետ, որը թողել է մեր տարածք մտնի թշնամու զորքը ու հիմա ասում է եկեք հայելային հետ քաշենք, հա՛մ դուք մեր տարածքից գնացեք, հա՛մ մենք մեր տարածքից հետ գնանք։

Նիկոլ Փաշինյանը գնացել է բանակցելու մարդու հետ, որը ամեն օր իրեն նվաստացրել է, ու մարդիկ, բնականաբար, ոչ մի լավ սպասելիք չունեն նրանից։ Նա կարող է միանգամից ստորագրել ինչ-որ խաղաղության պայմանագիր, նա կարող է ոչինչ չստորագրել՝ Հայաստանում ընդվզման վախից ելնելով, բայց հասկացնի Ալիևին, որ դրա փոխարեն, կարող է ամեն անգամ մի բան զիջի, ոնց որ Սյունիքում զիջեցին, Վարդենիսում զիջեցին։ Սրանք նահանջող, հանձնվող կերպարներ են, ամեն ինչ է սպասելի, ի՞նչ խոսես իր հետ։

Շատ ցավալի է, բայց էնպիսի իշխանություն ունենք, որի պարագայում ձեռքբերում համարվեց Երևանի հրապարակում Արցախի դրոշ դնելը։ Մարդիկ կային, անգամ աչքները լցրեցին, հուզվել էին։ Պատկերացնու՞մ եք։ Ընդդիմության հանրահավաքը հերթական դեղին քարտն էր իշխանությանը ու վստահ եմ, որ դա փոխվելու է կարմիր քարտի։

Ի՞նչ վերաբերմունք ցուցաբերեց իշխանությունը հանրահավաքին․ ցույց տվեցին, որ չեն հասկանում ինչ է կատարվում։ Ժողովուրդը պահանջում է, որ Արցախը մնա անկախ, Ադրբեջանի անուն չտան, սրանք՝ «Դոկտոր մահ» անունը ստացած Արսեն Թորոսյանի, ՀՀԿ-ից թռած Գևորգ Պապոյանի և մյուսների բերանով ասում են, թե ընդդիմությունը բանակցություններից առաջ հարվածում է Հայաստանին։ Ի՞սկ կարող ա՞ Ադրբեջանին, երկրների անունները խառնում եք։ Այսինքն, Նիկոլը գնացել է բանակցելու, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։ Ընդդիմությունն ասում է՝ պետք է Հայաստանն Արցախից չկտրել, իշխանությունը այսօր կտրում է՝ չկան այցելություններ Արցախ, Ադրբեջանը գազն անջատում է, սրանք ասում են խաղաղապահների գործն է, լույսն անջատում են՝ խաղաղապահների գործն է, կրակում են՝ նրանց գործն է, Հայաստանը ձեռքերը լվացել է, ու վտանգ կա, որ միտումնավոր են կտրվում Արցախից։ Ընդդիմությունն ասում է՝ պետք է վերջ տալ դրան, իշխանությունն ասում է՝ դուք խոսում եք Հայաստանի դեմ։ Հիմա ո՞վ է խոսում ու աշխատում Հայաստանի դեմ։ Իշխանությունը անլուրջ է մոտենում ժողովրդկան ընդվզմանը, հանրահավաքներին, ակցիաներին, անգամ թվաքանակն է ծաղրում, հրապարակում են հրապարակի կադրեր՝ միտինգից ժամեր առաջվա, թե քիչ մարդ կա։ Մի խոսքով, նույն մանիպուլատիվ ու իրականությունից կտրված մեթոդները։ Այդ ամենը նրանից է որ իշխանությունը շուտվանից արդեն կտրվել է իրականությունից, նրանք վստահ էին, որ Արցախը, Հայաստանը, հայրենիքը հայերի համար արժեք չեն, ոչ ոք դրա համար պայքարի դուրս չի գա, այնինչ հակառակը, Հայաստանում իշխանություն փոփոխվել է հենց այդ գաղափարների բախումից, ու մշտապես հաղթել է ազգային շահը։ Իհարկե՝ իրենց «հեղափոխությունը» չհաշված։ Ժամանակը գա՝ կիմանանք ովքեր էին կանգնած դրա հետևում, ու ինչ նպատակով։

Արդյունքների մասին․ Քաղաքացիներն ասում էին, որ էլի կգան, ու պատրաստ են այնքնան կանգնել, մինչև վերջնական հաղթանակ, այն է՝ սրանց հեռացում։ Հասկանում են, որ միանգամից չի լինելու, որովհետև քաղցկեղի պես տարածվել են բոլոր ոլորտներ ու քարուքանդ արել՝ բանակ, տնտեսություն, կրթություն, բիզնես, ամենուր սողոսկել են ու մետաստազներ գցել, ու մարդիկ հասկանում են, որ այդ ամենը համբերատար պետք է մաքրել։ Ոչ ոք չէր սպասում, որ միտինգի հաջորդ օրը արդեն իշխանափոխություն եղած կլինի, ուրեմն մարդիկ սթափվել են, նախկինի ռադիկալ «հենց հիմա»-ն չկար, սակայն կար վստահություն, ցանկացած ձևաչափով պայքարի պատրաստակամություն։ Անկեղծ լինենք, ընդդիմության վստահությունը ևս այս ընթացքում պակասել էր, բայց դա վերականգնվող է, անվերականգնելին իշխանության վստահությունն է։ Մի քանի ակցիա, ու մարդկանց ոգևորությունը կվերագտնի, բայց իշխանությունը ինչ քայլ էլ անի, բացի ինքնասպանությունից, չի վերականգնի առաջվա հեղինակությունը։ Չնայած՝ ինքնասպանությունն էլ խայտառակությունից չի փրկի։

Կարճ ասած՝ ապրիլի 5-ի հանրահավաքը ցույց տվեց, որ ժողովուրդն անտարբեր չէ, պատրաստ է փողոցային պայքարով վերադարձնել իր իշխանությունը իրեն։ Եթե մենք ունենք ինքնապահպանման բնազդ, արժանապատվություն, ուրեմն այդ իշխանափոխությունը կլինի։ Իսկ դա անհրաժեշտ է, որովհետև, ինչ էլ լինի, սրանից վատ չի լինելու։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ