Շատերիս է հետաքրքրում՝ կա՞ն Հայաստանում մարդիկ և շա՞տ է նրանց թիվը, որոնք պետության ապագայի նկատմամբ իրենց հույսը կապում են այս իշխանության հետ։ Կա՞ն տենց մարդիկ, որոնց հետաքրքրում է այս իշխանության արձագանքը կոնկրետ գործընթացի շուրջ, թե ոչ։ Ես օրինակ տեսնում եմ, որ թե սահմանային վիճակի, կրակոցների, երկրի ներսում իրավիճակի, տնտեսական վիճակի, սոցիալական խնդիրների, Հայաստան-Թուրքիա, Ադրբեջան, արտաքին ճակատում ավելի շատ սպասելիք ունեն ընդդիմությունից, քան իշխանությունից։ Ասում են ո՞ւր ա ընդդիմոթունը, բայց չեն ասում ուր է իշխանությունը։ Դա անհնարին վիճակ է, սխալ է, իհարկե, բայց որ իշխանությանը նայում ես, ասում ես՝ սրանց հետ ի՞նչ հույս կապեն։ Հաճախ եմ լսում, թե Քոչարյանը ինչ է մտածում սահմանի էս վիճակի մասին, չի՞ ուզում մի բան անել և այլն, բայց չեն ասում՝ ինչ է մտածում Նիկոլը։ Չկա սպասելիք։ Սահմանների հարցով սպասելիք չկա, տնտեսության հարցով չկա, ոչ մի բանի հետ չեն կապում հույս։ Ու դա ունի պատճառներ։
9 ամիս է արդեն, որ մեր երկրում տեղի են ունեցել ընտրություններ, ոչ կուրս է փոխվել, ոչ նոր թիմ է եկել, մնացել է նույն իշխանությունը, նույն ապիկարները, որը պետք է սկսածը շարունակեր։ Նրանք նախընտրական խոստումեր են տվել։ Նոր խոստումներ է տվել։ Որքան էլ ասեն, թե Նիկոլը չագուչը գլխից վերև պտտեցնելով ձայներ հավաքեց, բայց մեկ է՝ մարդիկ խոստումներ էին տվել, որոնց կատարմանը սպասողներ կան։
Ի՞նչ խոստում են կատարել, ի՞նչ հարց են լուծել։ Ամենաառաջնային խոստումներից մեկը բանակի բարեփոխումն էր։ Ի՞նչ են արել․ Օրինակ՝ քա՞նի տեսակի զենք են առել, հակաօդային պաշտպանության ինչ միջձոցներ են առել, Սու 30-ների հրթիռները բերե՞լ են, թե չեն բերել։ Ասում են դե Ադրբեջանը հաղթել է, բայց, նա՛ նույն ինտենսիվությամբ շարունակում է զինվել, այսինքն էլի պտրաստվում է, նրանք գնում են թանկ զինտեխնիկաներ, իսկ մե՞նք, կհարցնեք․․․ դե մենք գնում ենք թանկ ավտո ԱԺ նախագահի համար։ Մենք բազմաթիվ դիրքեր ենք կորցրել, զորամասեր ենք կորցրել, ի՞նր նոր զորամաս է կառուցվել, ի՞նչ նոր դիրք է կահավորվել էս վերջի մի տարի 4 ամսում։ Չկա։ Առաջ՝ Սերժի ժամանակ, հազար անգամ կազմակերպվել են ավտոբուսներով զինծառայողների ծնողների այց իրենց զավակներին, ասում էին եկեք ու տեսեք, թե ձեր զավակները ինչ պայմաններում են ծառայում։ Բա մի անգամ կազմակերպեք։ Ծնողները Վարդենիսի, Գորիիսի սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին ուղարկում են ապրելու համար անհրաժեշտ բաներ՝ պետության փոխարեն։ Գիտե՞ք ինչքան շատ էն այն մարդկանց թիվը, որ Նիկոլին աջակցում էին մինչև էն պահը, երբ իրենց որդին դարձավ զինվոր։ Ուրիշների տղերքը որ զոհվել էին, էդ ժամանակ նրանք մնացին նիկոլական, հենց իրենց տղերքը գնացին ծառայելու, արդեն Նիկոլ են հայհոյում, որովհետև արդեն տեսնում են բանակում ինչ է կատարվում։
Բանակի բարեփոխումները սահմանափակվել է այնքանով, որ Սուրեն Պապիկյանը դարձել է պաշտպանության նախարար, ո՛չ ռազմական դեմք է, ո՛չ նորմալ քաղաքական դեմք։ Մի ամիս է՝ բանակը ռազմական ղեկավար չունի փաստացի։ 9 ամիս առաջ եկել են իշխանության խաղաղության օրակարգով, որևէ մեկը կասի, որ հիմա խաղաղ է՞։ Կա՞ մարդ, որը հույս է կապում, որ Նիկոլը խաղաղություն է բերում։ Ավելի շուտ ասում են՝ բա Քոչարյանը Պուտինի ընկերն է, ինչի՞ են խաղաղապահները իրենց վատ պահում։ Նիկոլից մենք չենք տեսնում լուրջ քայլեր, բայց ինչքան արդեն ծայրահեղ անլուրջ բան կա, սպասում ենք իրենցից։ Մեզ խոստացել են բարեփոխումներ բոլոր ոլորտներում։ Մի քանի բան էլ արել են, ասել են՝ էս ա։
Ասում են, խի՞ եք ասում բարեփոխում չենք անում․․․ ասեմ, բարեփոխումներից մեկը տոպրակների արգելումն էր։ Վերջի ընտրությունից հետո, էս բարեփոխումը առաջինը արեցին։ Առաջ մտնում էիր խանութ, առնում էիր որևէ բան, դնում էին տոպրակի մեջ, տալիս էին, էդ տոպրակը ասացին՝ արգելում ենք, որովհետև բնությունը վտանգում է։ Արդյունքում տոպրակը ոչ միայն չարգելվեց, այլև դարձավ 50-75 դրամ։ Մի քիչ հաստացրել են, որ բնությունը լրիվ աղտոտվի։ Հիմա դա բարեփոխում է՞, թե նոր մուտք քաղաքացու գրպան։ Տոպրակների արգելքի որոշումից մեզ ու՞մ, ի՞նչ օգուտ։
Տարբեր տեղերից մարդիկ են հավաքել, հիմնականում՝ բարձրագույն կրթություն չունեցող, բերել-սարքել են պարեկային ծառայություն, լրիվ նոր ավտոմեքենա են դրել տակները, բարձր աշխատավարձ են տալիս, կպցրել են հանրության ջանին, թե՝ ինչի համար կուզեք՝ տուգանեք, բերման ենթարկեք, ձերբակալեք, որ բարձր աշխատավարձ ստանաք։ Նիկոլը թվեր է կարդում, որ պարեկների շնորհիվ տուգանվողների թիվն աճել է միչև 850 տոկոսով՝ մի քանի ամսում։ Հիմա էլ պայքար է մտել պետական աշխատողների մեջ, որովհետև ուսուցչին նորմալ փող չեն տալիս, փրկարարին փող չեն տալիս նորմալ, անգամ էն բերետները, որ մեռան մարդկանց ծեծելով, թև կոտրելով, էդքան փող չեն տալիս, պարեկներին տալիս են, ու Նիկոլը կառավարության նիստում գլուխ է գովում, թե ուսուցիչը գործից դուրս է եկել, դարձել է պարեկ։ Հիմա ուզում եմ իմանալ՝ քաղաքացիներին պարեկային ծառայությունից ի՞նչ օգուտ։ Որ իմանամ մինչ դրա, երթևեկությունը մի ահավոր վիճակում էր, մահեր ու վրաերթեր էին, ասեմ՝ հա, կամ հիմա վերացել է, ասեմ՝ հա, բայց տենց չի՛ չէ՞, նույն բանն է, ընդամենը տուգանքները ավելի ինտենսիվ են քերում վարորդներից, հենա Նիկոլի ասածով 850 տոկոսով ավել։ Դե մալադեց, երևի ժողովուրդը դրա համար էր ձեզ ձայն տալիս ընտրություններում։
Նիկոլն ասում է՝ բա չգիտեք, ձեր կյանքը բարեփոխում ենք, այլևս փակ տարածքներում չեն ծխելու։ Առաջ գնում էիր սրճարան, կար ծխողների ու չծխողների առանձնացված տեղեր, ուր ուզում էիր՝ նստեիր։ Հիմա մեր երկրի թիվ մեկ պրոբլեմը սարքեցին ծուխը և արգելեցին, չենթարկվողներին էլ, ի՞նչ, իհարկե՝ տուգանք։ Ուզում եմ իմանալ էդ որոշումից քաղաքացու օգուտը ո՞րն էր, անգամ չծխող քաղաքացու օգուտը ո՞րն էր։ Բայց տուժում է բիզնեսը, ներդրողը, աշխատողը, մարդիկ սկսել են ավելի քիչ մտնել ռեստորան, մնում են իրենց տներում են ճաշում, ընթրիքի նստում, որովհետև ուտել ու հատկապես խմելուց հետո ուզում են ծխել, մարդիկ այդպես են պատկերացնում իրենց հաճույքը։ Ես ինքս ծխող չեմ, ինձ այդ թեման անձնապես չի հետաքրքրում, բայց ես տեսնում եմ ռեստորան, սրճարաններում դատարկ վիճակ, ու հասկանում եմ թե ինչի առաջ է կանգնել այն ներդրում արած գործարարը, որը վարկ է վերցրել, սաղ սարգել է ու հիմա ստիպված օրական 50 սեղանի փոխարեն, սպասարկել 5, 7 սեղան, 100-ի փոխարեն՝ 15։ Ավելի քիչ եկամուտ կունենա, ավելի քիչ հարկ կվճարի, քիչ աշխատող կպահի և այդպես։
Երկար-բարակ քննարկեցին աղի ու աղամանի հարցը․ դրա՞ ժամանակն էր․ կարո՞ղ եք ասել, թե սեղանին աղի օգտագործումը ըստ հաճախորդի պահանջի սարքելը ո՞ւմ էր օգուտ կամ վնաս, դա ի՞նչ բարեփոխում էր։ Բարեփոխում եք անում, մարդկանց ճիշտ քարոզչություն արեք, թող աղը քիչ օգտագործեն, ծխախոտ քիչ ծխեն, թե չէ արգելում եք, հետևից չեք մտածում թե ու՞մ ինչ վնաս եք հասցնում։
Ամենից հետաքրքիրն էլ գիտե՞ք որն է, այս որոշումները սարքեցին օրակարգային հարց, այնին ուղղակի կարելի էր կայացնել անցնել առաջ։ Կառավարության նիստում որոշում են 100 մլն դոլարի վարկ վերցնել, դա անում են չզեկուցվող հարց, սղցնում-գնում է, իսկ աղամանի անկապ թեման սարքում են հայոց հարց, ժամերով քննարկում են։
Այս իշխանության բոլոր որոշումները, որ իբր բարեփոխումներ են, տուգանք են ենթադրում, ծխեցիր տուգանք է, աղի համար տուգանք է, տոպրակների համար տուգանք է, պարեկները քայլող տուգանք հավաքող են։ Քեզ տուգանում են, էդ փողերով իրենց գնում են շքեղ ավտոմեքենա ու պարգևավճար են տալիս։ Հիմա էս կառավարությունը օգո՞ւտ է ժողովրդին, թե վնաս։ Սա անլրջություն է, ժողվուրդ, ու սրա համար է, որ իշխանությունից մարդիկ ոչ մի լավ սպասելիք չունեն։
Սահմանին կրակում են, զոհ ունենք, տարածք ենք կորցրել, գյուղ են վերցրել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, երկուսն էլ՝ առանց կրակոցի, ժողովուրդն ասում է՝ ռուսներն ի՞նչ են անում, ինչո՞ւ են միայն Ուկրաինայով զբաղված, ընդդիմությունն ի՞նչ ա անում, Քոչարյանն ուր է․ չեն ասում՝ Նիկոլ, դու թուղթ ես ստորագրել, դու բան ես պայմանավորվել, դու պատասխանատուն ես էս ամենի, դու եկել ես անվտանգություն երաշխավորելու։ Բայց քեզնից մարդիկ ակնկալիք չունեն, թե կրակոց ես դադարեցնելու, դեմն առնելու ես։ Պաշտպանությանդ նախարարը գյուղերում բուկլետ է բաժանում քարոզչական, հետո զանգում է Շոյգուին ասում է՝ բա կրակում են սահմանին, կառավարության անդամները թատերական փառատոնի են մասնակցում, վարչապետը անարժեք քննարկումների մեջ է հակառուսների հետ, կարծես ինադու անի։
Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը մեզ սովորեցրել է, որ իրենից սպասենք միայն անլուրջ որոշումներ, ԱԺ-ում ոչինչ չասող ելույթներ, սկանդալներ, քեֆեր, խնջույքներ, անիմաստ ծախսեր, բայց երբեք ոչ լուրջ քայլեր, խնդիրների լուծումներ։ Սահմանին կրակոցների դեպքում սպասելիք ունենանք Ռուսաստանից, թանկացումների դեպքում միջազգային շուկայից ու էսպես շարունակ։ Մեզ սովորեցրել են, որ ընդդիմությունից ավելի շատ պահանջենք, քան իշխանությունից։ Իրենք չկան, իրենց համար փող են դիզում։ Խոպան է Հայաստանը իրենց համար։ Որևէ երկիր արտագնա աշխատանքի մեկնողը միայն մտածում է փող աշխատելու մասին, այնպես էլ էս մարդիկ Հայաստան արտագնա աշխատանքի են եկել կարծես ու մտածում են ամեն տեղից փող քերելու մասին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը