09 02 2021

Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել․ ՊԵԿ

Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել․ ՊԵԿ

Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով և փոխադրողի միջոցով: 2020թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Օգոստոսից մինչև տարեվերջ այս հնարավորությունից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի: Միայն 2021թ. հունվարին դեղ պարունակող 150 ծանրոց է ստացվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախկինում դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ տեղափոխել միայն ուղեկցող ուղեբեռով: Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանի գնահատմամբ` նոր հնարավորությունը մի քանի խնդիր լուծեց. «Փոփոխությունը ճիշտ ժամանակին կատարվեց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ճանապարհները փակ էին, և ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան այլընտրանքային ճանապարհով ստանալու դեղորայք` սահմանված չափաքանակներով։ Բացի այդ, հնարավոր դարձավ ձեռք բերել Հայաստանում դեռ չգրանցված դեղերը»:

Օրացուցային տարվա ընթացքում թույլատրվում է ներմուծել մինչև 5 անվանում դեղ, յուրաքանչյուրից 3 սպառողական փաթեթ: Արտոնությունից կրկին օգտվելու համար կամ սահմանված քանակը գերազանցելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն:

Քաղաքացու և ներմուծված դեղորայքի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, ինչը թույլ է տալիս կանխել անձնական օգտագործման փոխարեն առևտրային նպատակով դեղերի ներմուծումը։ Քաղաքացին նաև ծանուցում է ստանում, որ տվյալ օրացուցային տարվա ընթացքում այլևս չի կարող օգտվել արտոնությունից։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ փոստային առաքանիով հոգեմետ նյութեր պարունակող դեղեր ներմուծելն արգելված է: Նախորդ տարի օրենքի պահանջը խախտելու և փոստային առաքանիներով Հայաստան թմրամիջոց ու հոգեմետ նյութ տեղափոխելու 240 դեպք է բացահայտվել, ինչը թմրամիջոցների տեղափոխման ընդհանուր դեպքերի 82%-ն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ