Երեւանում եւ մարզերում շարունակվում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։
Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման եւ ջերմաչափման, դրանց գրանցամատյանների վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման, դիմակների պատշաճ կրման կանոնները։
Դեղատներում, փակ արտադրություններում, բանկերում խախտումների առավել փոքր թիվ է նկատվում։
Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերմանը եւ մանրէազերմանը։
Ստեղծված իրավիճակում հատուկ ուշադրություն է դարձվում հյուրանոցներին եւ հյուրատներին։
Հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության ավելացումը եւ թեժ գծով ստացվող ահազանգերը` ԱԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները․ երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը