25 09 2020

Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը. Թադևոս Ավետիսյան

Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը. Թադևոս Ավետիսյան

Օրվա իշխանությունը 2050 թվականի համար «ամենայն լրջությամբ» խոստացել է՝ միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 20-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը 10 տոկոսին մոտ աճի ապահովման խոստում: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն.

2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս: 2020թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,4 տոկոսով՝ 0,7 տոկոսային կետով ավել, քան հունվար-հուլիսին:

Նման տեմպերի պարագայում 2020թ. կունենանք տնտեսական ակտիվության ցուցանիշի 10 տոկոսին մոտ անկում, որը գրեթե կչեզոքացնի 2018-2019թթ. այս ցուցանիշի հավաքական աճը:

Սպառման ծավալների կրճատման տեմպը շարունակում է աճել: 2020թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առեւտրի շրջանառությունը կրճատվել է 11,5 տոկոսով, աճը 0,5 տոկոսային կետ: Այս նույն ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է 11 տոկոս: Իսկ ծառայությունների ծավալը կրճատվել է 10,8 տոկոսով, աճը հունվար-հուլիսի նկատմամբ 1,5 տոկոսային կետ:

Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ պարզվում է նաեւ, որ 2020թ. հունվար-օգոստոսին առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում ինտենսիվ աճել են աշխատողների թվաքանակն ու միջին ամսական աշխատավարձը՝ չնայած շրջանառության ծավալների էական կրճատումներին:

Օրերս էլ հայտարարվեց, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով:

Պարզ է՝ վիճակագրական այս ակնհայտ հակասությունը թվանկարչության հետեւանք է:

Նախորդ տարվա համեմատ 2020թ. հունվար-օգոստոսի արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի ցուցանիշը կրճատվել է 0,4 տոկոսային կետով՝ ի համեմատ հունվար-հուլիսին գրանցված միեւնույն ցուցանիշի: Ընդ որում, այս ոլորտում որոշակի աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների եւ տնտեսության կառուցվածքում դրա տեսակարար կշռի առաջանցիկ աճով:

Դրականն էլ այն է, որ ճանապարհաշինության ծավալների կտրուկ աճի արդյունքում 2020թ. օգոստոսին՝ նախորդ ամսվա համեմատ շուրջ 30 տոկոսով ավելացել է շինարարության ծավալը: Կրճատման տեմպերի որոշակի նվազում է արձանագրվել արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում:

Տնտեսական անկման այս ցուցանիշների ֆոնին հատկանշական է նաեւ, որ 2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը՝ նաեւ բարձրաստիճանների խնդրահարույց պարգեւատրումների հաշվին: Ընդ որում, պետական հատվածում միջին աշխատավարձը կրկնակի անգամ ավելի արագ է աճել, քան մասնավոր հատվածում՝ ի հակառակ օրվա իշխանությունների տված խոստումների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ