21 09 2020

Բաժակաճառերը բավարար չեն տնտեսական գնահատական տալու համար․ Թադևոս Ավետիսյան

Բաժակաճառերը բավարար չեն տնտեսական գնահատական տալու համար․ Թադևոս Ավետիսյան

Բաժակաճառերը բավարար չեն տնտեսական գնահատական տալու համար։ Կոնկրետ ծրագիր է պետք։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության տեսլականին, ըստ որի՝ պետք է ստեղծվի 1 500 000 նոր աշխատատեղ, հաղթահարվի աղքատությունը աշխատանքով, 20 անգամ ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ն, 7 անգամ բարձրացվի միջին աշխատավարձը։

Տնտեսագետի խոսքով սրանք պարզապես լավ ցանկություններ են, որոնք կարող են անգամ ավել թվերով հնչել, օրինակ՝ ՀՆԱ-ն ոչ թե քսանապատկվի այլ երեսունապատկվի․ «Սակայն երկու կարևոր հանգամանք կա, նախ՝ գործողությունների ծրագիր՝ շատ հստակ, որը պետք է դրվի  այս նպատակադրումների հիմքում, որպեսզի գործ չունենանք բարի ցանկությունների հետ և երկրորդը՝ պետք է լինի հստակ ֆինանսական գնահատական, պետք է լինի գործողությունների ծրագիր, այստեղ նաև կարևոր են պետական կոնկրետ միջոցառումները և նաև որպեսզի ռեալ լինի նաև դրա աղբյուրները, այսինքն՝ ֆինանսավորման աղբյուրները։ Հիմա պետական աջակցությունը կոնկրետ նշանակում է բյուջեից վճարում, իսկ դա անելու համար հստակ անհրաժեշտ է նաև պետական բյուջեի եկամուտների համալրում։ Նպատակադրումների հիմքում պետք է լինի ծրագիր, որ ամբողջական  գնահատական հնարավոր լինի տալ։ Քանի դեռ չկա այդ ծրագիրը, սա շատ հավաքական  բնույթ ունի և որևէ կերպ գնահատելու հնարավորություն չկա»։

Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ վերոնշյալ նպատակադրումները հնարավոր է իրականություն դարձնել, սակայն դրանց համար հիմքեր են անհրաժեշտ։

«Յոթնապատկման համար առնվազն օրվա կառավարությունը իր գործունեության ժամանակահատվածում՝ մինչև 2023 թվականը պետք է ցույց տա թե որ մասն  է հասցնելու անել, ինչ հիմքեր  են դրվելու և այդ ցուցանիշներից ինչպիսի արդյունքեր ենք ունենալու, իրականը դա կլիներ, սակայն երբ նայում ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը մինչև 2023 թվականը այսինքն կենսաթշակների բարձրացում չկա, զբաղվածության պետական ծրագրերի հատկացնող միջոցները նախատեսվում է կրճատել, նվազագույն աշխատավարձի հստակ բարձրացման  չափ չենք տեսնում։ Այսպիսի պարագայում կարելի է կարծել, որ ավելի շատ հույսը ապագա կառավարությունների վրա է, որ իրականություն դարձնեն այսօրվա երկարաժամկետ նպատակները»,- ընդգծեց տնտեսագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ