06 08 2020

Առաջարկվող փոփոխությունները կեռապատկեն Հայաստանում լիզինգի շուկայի ծավալները․ փոխնախարար

Առաջարկվող փոփոխությունները կեռապատկեն Հայաստանում լիզինգի շուկայի ծավալները․ փոխնախարար

Լիզինգի պայմաններն ու ընթացակարգերը պարզեցնելու համար փոփոխությունները կհանգեցնեն շուկայի ծավալների կրկնակի կամ նույնիսկ եռակի մեծացման: Այս մասին, օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Նա պարզաբանեց, որ այսօր վարկային ընդհանուր պորտֆելը կազմում է մոտ 4 տրիլիոն դրամ, և դրանից 200-300 միլիարդ դրամը վերցվել է գույք ձեռք բերելու նպատակով: «Սա հուշում է, որ լիզինգի իրական պահանջարկը 10 անգամ ավելին է գոյություն ունեցողից: Նախաձեռնված փոփոխությունները ուղղված են խոչընդոտների վերացմանը, ինչը շատ կարևոր է ոլորտի զարգացման համար: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում լիզինգի տրամադրման պայմանների փոփոխությունները հանգեցրել են նրան, որ այս տարի արդեն իսկ 56 գործարք է կնքվել՝ անցյալ տարվա 33 գործարքների դիմաց»,- ասաց պաշտոնյան:

Ձեռնարկատիրության աջակցության գրասենյակի խորհրդատու Իզաբելլա Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը ենթադրում է Քաղաքացիական և Հարկային օրենսգրքերի փոփոխություններ, որոնց արդյունքում կկարգավորվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են գույքահարկի վճարումները, ավելացված արժեքի հարկի վճարումները, երթևեկության կանոնների խախտման համար տուգանքները և այլն: «Բացի այդ, էական է գույքահարկի փոփոխությունը, որը կթեթևացնի ֆինանսական բեռը լիզինգի տրամադրման դեպքում, ինչպես նաև հավասարաչափ կբաշխի միջոցները Հայաստանի բոլոր մարզերում: Լիզինգի սխեման, որը նման է գույքադրմամբ կամ հիփոթեքային վարկով ապահովված վարկի տրամադրմանը, նախատեսված է ոչ թե Կենտրոնական բանկի նորմատիվ փաստաթղթերում, այլ օրենքում: Փոփոխությունները թույլ են տալիս իրականացնել երկրորդային և կրկնակի լիզինգի գործարքներ: Դա կհանգեցնի նրան, որ բանկերը և ֆինանսական հաստատությունները կկարողանան լիզինգով կրկնակի հանձնել, օրինակ, գյուղտեխնիկա: Լիզինգային գույք ձեռք բերելու դեպքում ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվելու, և դրա օգտագործման ժամանակահատվածի համար գույքահարկը կամ, օրինակ, տուգանքները վճարելու է լիզինգ ստացողը, քանի որ նա կհամարվի պատասխանատու: Այս ամենը կբարձրացնի հաճախորդների համար լիզինգի գրավչությունը և բանկերի հետաքրքրությունը ոչ միայն առաջարկելու վարկեր, ինչպես դա հաճախ է պատահում այսօր, այլև այս ֆինանսական գործիքը»,- ընդգծեց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ բիզնեսի համար ֆինանսների հասանելիության սահմանափակումը ակնհայտ է դարձել արդեն 2015-ին, երբ բանկերը հիմնականում սկսեցին միայն վարկեր առաջարկել: «Այսօր 17 բանկերից և 32 վարկային կազմակերպություններից միայն 8 ֆինանսական կառույցներ են լիզինգ տրամադրում: Լիզինգի շուկայում ինքնին կա երեք խոշոր խաղացող, որոնցից մեկը վերահսկում է շուկայի 79%-ը, երկրորդը՝ 16%-ը, իսկ երրորդը՝ 3%-ը: Միասին վերցված մյուս հինգ ֆինանսական կառույցները ներկայացված են 3%-ի մակարդակում: Փոփոխությունները թույլ կտան փոխել առկա պատկերը և խթան հանդիսանալ Հայաստանում այս ֆինանսական գործիքի զարգացման համար»,- եզրափակեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ