ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երբ ժամանակ առ ժամանակ սրվում են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանում և Սփյուռքում կրկինի վերսկսում են թուրքական ապրանքներից և ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, կոչերը։ Ինչպես ցույց է տալիս վերջին տասնամյակների փորձը, այս ուղղությամբ գործնականում որևէ քայլ չի արվում։ Առհասարակ, տնտեսական զարգացման և անվանգության տեսանկյունից առաջնահերթ է համարվում, որ երկիրը ավելի շատ արտահանի, քան ներմուծի։ Հայաստանի պարագայում մոտ 2 անգամից ավելի ներկրում ենք ապրանքներ, քան արտահանում։
Իրավիճակն ավելի մտահոգիչ է Թուրքիայի հետ արտաքին առևտրաշրջանառության դեպքում, մասնավորապես՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 մլն ԱՄՆ դոլար արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել՝ ընդամենը 2,22 մլն դոլարի արտադրանք (ոսկերչական իրեր, անմշակ մորթիներ, մարդատար ավտոմեքենաներ և այլն), այսինքն՝ շուրջ 120 անգամից ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան արտահանում։ Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայից ներկրման ծավալները տարեցտարի ավելանում են․դիցուկ՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրումը ավելացել է 6,1 տոկոսով, իսկ դեպի Թուրքիա արտահանումը նվազել է 12,3 տոկոսով։ Միանշանակ է, որ Թուրքիայից ներկրման ծավալների աճի վրա էականորեն ազդել է նաև մաքսային վարչարարության բարելավումը, ինչի արդյունքում՝ համեմատաբար կրճատվել է Թուրքիայի հետ ստվերային առևտրաշրջանառությունը։ Թուրքիան իր ներքին շուկայի պաշտպանության համար շատ լայն գործիքակազմ ունի, օրինակ՝ թուրքական պետական բանկը տրամադրում է արտահանման վարկեր, երկրի թույլ զարգացած շրջաններում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի սպառումը, ԱՀԿ-ին իր անդամակցության պայմանների համաձայն՝ Թուրքիան կարող է ներկրվող ապրանքախմբերի կեսի համար նախատեսել մինչև 48 տոկոս մաքսատուրք, ինչը բնականաբար լուրջ խոչընդոտներ է ստեղծում դեպի Թուրքիա արտահանման համար։ Բացի այդ, Թուրքիան սահմանափակում է ներկրումները տարբեր քաղաքական շարժառիթներից ելնելով, օրինակ՝ տարիներ առաջ Թուրքիայի մաքսային ծառայությունն արգելել էր հայկական «Արարատ» կոնյակի ներմուծումը՝ պատճառաբանելով, որ «Արարատ» անվանումը կարող է թյուրիմացության մեջ գցել թուրք սպառողին։ Վերջին տարիների ընթացքում Թուրքիայից արտահանմանը մեծապես նպաստեց նաև թուրքական լիրայի կրտուկ արժեզրկումը, ինչի արդյունքում՝ թուրքական ապրանքները դարձան ավելի մատչելի։
Չնայած փակ սահմաններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ հայ-թուրքական գործարար կապերը բավականին ակտիվ են եղել, ինչպես նաև Հայաստանից հազարավոր հայեր աշխատում են Թուրքիայում, հիմնականում՝ առևտրի և սպասարկման ոլորտներում։ Թուրքիայի հետ արտաքին առևտրի հարցում ճիշտ և համալիր լուծումներ գտնելու համար հարկավոր է նաև հաշվի առնել, որ 1000-ավոր փոքր և միջին առևտրականներ, արտադրողներ իրենց ապրանքները, հումքը, նյութերը ներկրում են Թուրքիայից, և թուրքական ընկերությունների հետ արդեն ստեղծվել են փոխշահավետ կապեր։
Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ երբեք պատշաճ ուշադրություն չի դարձվել ներմուծման փոխարինման (Import-substitution) ծրագրերին: Ակնհայտ է, որ մենք միանգամից և ամբողջությամբ չենք կարող հրաժարվել թուրքական ապրանքներից, սակայն կարող ենք և պետք է ուսումնասիրենք փոխադարձ առևտրաշրջառանությունը, նախանշենք այն ապրանքների շրջանակը, որոնք հնարավոր են արտադրել Հայաստանում։ Մասնավորապես՝ Թուրքիայից Հայաստան հիմնականում ներկրվում են ավտոմեքենաների յուղեր, հագուստ, ցիտրուսներ, կտոր, սարքավորումներ և այլն։ Անշուշտ, Հայաստանում ցիտրուսներ չենք կարող արտադրել, սակայն պետական աջակցության ծրագրերի և ներկրման սահմանափակումների միջոցով հնարավորություն ունենք խրախուսել ավտոմեքենաների տեղական յուղերի, հագուստի և կտորի արտադրությունները։ Թուրքական ապրանքների փոխարինման քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է դիտարկել ԵԱՏՄ երկրներից նույնանման ապրանքների ներմուծման հնարավորությունները, որը կխորացնի նաև Հայաստանի ինտեգրացիոն կապերը։ Տնտեսական հեղափոխությունը նման ծրագրերով են իրականացվում։ Սա իշխանության կամ ընդդիմության հարց չէ․ այս ծրագրերը ի վիճակի կլինենք կյանքի կոչել՝ միայն համահայկական ներուժը ներդնելու միջոցով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը